Բանակի գեներալները, սպաները, զինվորները պիտի խոսեն. Հայկ Մամիջանյան

մարտի 22, 2023

Հարցազրույց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում հայտարարեց, թե 44–օրյա պատերազմում պարտության պատճառը բանակում 5-րդ շարասյան առկայություն էր։ Չե՞ք կարծում, որ նրա խոսքում կա ճշմարտություն, քանի որ դավաճանությունների վերաբերյալ խոսակցությունները շատ էին անգամ պատերազմի օրերին։

- Ես ՔՊ-ից չեմ և չեմ կարող մեկնաբանել ժողովրդի մեջ եղած խոսակցությունները։ Ինչ վերաբերում է Փաշինյանի այդ հայտարարությանը, գուցե եղել են որոշ ամոթալի դավաճանության դեպքեր։

- Ավելի քան 50 հոգու նկատմամբ դավաճանության մեղադրանքով քրեական գործեր են հարուցված։

- Այո, և նախանձելի պարբերականությամբ։ Որոշ փորձագետներ ասում են, թե ամիսը մեկ հրապարակվում են պետական դավաճանության կամ լրտեսության վերաբերյալ նյութեր, բայց, ցավոք, դրանց հետագա ճակատագիրը հայտնի չի դառնում՝ արդյո՞ք ավելի ուշ դատական գործեր են դարձել։ Ինչ վերաբերում է 5-րդ շարասյան գաղափարին, ապա Ն․Փաշինյանն ասուլիսում ընդամենը հետագայում իրենց կողմից բեմադրվող կինոնկարի անոնսը տվեց, թե ինքը մեղք չուներ, այդ շարասյուն է մեղավոր պարտության համար։ Եթե ուշադիր եղաք, հաջորդ օրն այդ միտքը շարունակեց պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը։ Ես կարծում եմ, որ կա ընդամենը մեկ լուծում՝ հայոց բանակի գեներալները, սպաները, զինվորները պիտի խոսեն, թե պատերազմի ժամանակ ինչ հրամաններ են ստացել, ինչպիսին են եղել մատակարարումները, պատերազմի կազմակերպումը։ 30 տարի նրանք են մեզ պաշտպանել, հիմա ես իմ համեստ ուժերի ներածի չափով պատրաստ եմ իրավական, տեղեկատվական և այլ պաշպանություն տրամադրել այն մարդկանց, որոնք կխոսեն ու կպատմեն ճշմարտությունը, թե ինչ է եղել պատերազմի ժամանակ, կամ այսպես կոչված՝ գերագույն գլխավոր հրամանատարն ինչպես է ձախողել կազմակերպումը։

- Իսկ 5-րդ շարասյուն ասելով՝ արդյո՞ք նա նկատի ուներ քաղաքական դաշտում, պետական կառավարման համակագրում, նաև բանակում ՌԴ-ի ազդեցությունը կրող մարդկանց։ Հատկապես որ պատերազմի օրերին շատ էին հայտարարությունները, թե ՌԴ-ն թույլ չի տալիս օգտագործել հակաօդային պաշտպանության համակարգերը։

- Ես վաղուց ձեռք եմ քաշել Նիկոլ Փաշինյանի ասածները տրամաբանական ծիրում մեկնաբանելու փորձերից։

- Այնուամենայնիվ, տարբեր ոլորտներում, հատկապես ուժային կառույցներում ՌԴ-ի ազդեցությունը կրող գործիչներ շատ կան, որոնք միգուցե փորձում են որոշակի ազդեցություն ունենալ գործընթացների վրա։

- Ես համարում եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքական գործիչ և պետական ծառայող իրավունք ունի լինել բացառապես հայամետ։ Ու ամեն մեկը թող իր խղճին ու իր զավակների աչքերին նայելով պատասխան տա՝ այդպիսին է եղել, թե ոչ։

- Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի հանձնարարությունն ԱԳՆ-ին, որ դիմի ՄԱԿ` Արցախում ցեղասպանության կանխարգելման միջոցներ ձեռնարկելու համար։

- Իսկ ինչո՞ւ ենք մենք հասել այս վիճակին։ Եթե ՀՀ ԱԳՆ-ն աշխատեր արդյունավետ, ապա շատ ու շատ առումներով մենք այս իրավիճակներում չէինք լինի։ Ինչ վերաբերում է հարցին, այո, պարտավոր են անել այն ամենը, ինչ կարող են։ Նույնը անում ենք նաև մենք։

- Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, թե նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ՌԴ-ն է Արցախի անվտանգության երաշխավորը։ ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովան պատասխանել էր, թե «պետք չէ երևակայել, արզապես պետք է բացել այդ փաստաթուղթը եւ տեսնել, թե ինչ պարտավորություններ է կրում մեր կողմը, եւ ինչ պարտավորություններ՝ ոչ»։ Չե՞ք կարծում է, որ գոյություն ունեցող փաստաթղթերով, իսկապես, հենց ՌԴ-ն պետք է երաշխավորի ԼՂ անվտանգությունը։

- Մինչ նոյեմբերի 9-ի հայտարարությունը կարդալը ես գիտեմ, որ պաշտոնապես, օրենսդրական մակարդակում ՀՀ-ն է ԱՀ-ի անվտանգության երաշխավորը։ Երկրորդը՝ դա գրված է Փաշինյանի նախընտրական ծրագրում և կառավարության ծրագրում։ Ուստի, եթե ինքն իր բերանով ընդունում է, որ ՀՀ-ն այլևս չի արող լինել ԼՂ անվտանգության երաշխավորը, ուրեմն, թող բարի լինի ասել, որ ձախողել են իրենց ծրագրերի կարևորագույն կետերից մեկը։ Անդրադառնալով Փաշինյանի և Զախարովայի միջև եղած փոխադարձ մեկնաբանություններին՝ պիտի խորը ցավով վերահաստատեմ, որ այս իշխանությունների աշխատանքի արդյունքում ՀՀ-ի և իր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի հարաբերությունները գտնվում են պատմական մինիմումի վրա։ Ես երկար կարող եմ պատասխանել հարցին, թե որն է Արցախում ռուս խաղաղապահների գործառույթը, բայց առաջին հերթին այն հանդիսանում է ԱՀ քաղաքացիների ֆիզիկական անվտանգության ապահովումը։ Կարծում եմ՝ ոչ մեկը չի կարող կասկածի տակ դնել հարցը, որ այս պահին խաղաղապահ առաքելությունը միակ գրավականն է, որ այնտեղ ցեղասպանություն տեղի չի ունենում։

- Չե՞ք կարծում, որ Հայաստանը ճիշտ վարվեց, որ հրաժարվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի քվոտայից, ավելի վաղ՝ մեր երկրում ՀԱՊԿ զորավարժություններ անցկացնելուց։

- Դա ևս մեկ դրսևորում է, որ Փաշինյանի կառավարությունը փորձում է ՀԱՊԿ-ի նկատմամբ տարանջատման քաղաքականություն վարել, ինչն իմ համար անընկալելի է։ Այստեղ պետք է վերլուծել իրադարձությունների շարքը՝ ՀԱՊԿ-ի փոխօգնության ծրագրից հրաժարում, քվոտավորված պաշտոնից հրաժարում, 2018թ․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար գեներալ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քաղաքական-քրեական հետապնդման իրականացում՝ առանց հետկանչի ինստիտուտի կիրարկման։ Երբ դիտարկում ես այս ամենը, ակնհայտ է դառնում ՀԱՊԿ-ից տարանջատման քաղաքականությունը։

- Նիկոլ Փաշինյանի տպավորությամբ՝ ՀԱՊԿ-ն է Հայաստանից դուրս գալիս, քանի որ, նրա խոսքերով, անցած երկու տարիներին բոլոր հնարավոր հոդվածներով այդ կառույցին դիմել ենք, բայց չի օգնել։

- Պատմության մեջ առաջին անգա՞մն է, որ Փաշինյանը ստում է։

- Իշխանություններն ասում են, որ փորձում են Հայաստանի համար բազմաբևեռ անվտանգային համակարգ ձևավորել։ Իսկ նախկին իշխանությունները տարիներ շարունակ միայն ՌԴ-ին ապահվինելով՝ մեր երկրին թողել են խարխուլ անվտանգային համակարգ, ինչն ի հայտ եկավ հեղափոխությունից հետո։

- Ուժային տարբեր կենտրոններին միմյանց դեմ հանելու, միմյանցից բողոքելու, լացելու և խաբելու գործելաոճը բազմաբևեռ արտաքին քաղաքականության հետ որևէ աղերս չունի։ Բազմաբևեռ արտաքին քաղաքականություն է ՀԱՊԿ-ի անվտանգային ճարտարապետությունը, ԵԱՏՄ անդամ դառնալն ու միաժամանակ ԵՄ-ի հետ «Համապարփակ և ընդլայնված գործունեության համաձայնագրի» ստորագրումը։

- Ադրբեջանի կողմից լայնածավալ էսկալացիայի վտանգը որքա՞ն է։

- Աշխարհաքաղաքական իմ համեստ դիտարկումներն ասում են, որ, այո, Ադրբեջանի կողմից ռազմական էսկալացիայի հավանականությունը թե՛ Արցախի ուղղությամբ, թե՛ ՀՀ–ի նկատմամբ չափազանց բարձր է։ Բայց Փաշինյանի իշխանության օրոք իրավիճակն այնպիսին է, որ այդ վերլուծություններն ավելորդ են, որովհետև Ադրբեջանը վարում է ինչ ուզեմ, որքան ուզեմ և երբ ուզեմ քաղաքականությունը։

- Իսկ ինչպե՞ս եք մեկնաբանում քաղաքապետի պաշտոնից Հրաչյա Սարգսյանի հրաժարականը։

- Չունեմ մեկնաբանություն։ ՀՀ-ում չկան տարբեր պաշտոնյաներ, ՔՊ թիմում բոլոր որոշումները կայացնում է մեկ մարդ՝ Նիկոլ Փաշինյանը։ Սկսած ռազմական հարուստ անցյալ և մեծ պոտենցյալ ունեցող գեներալ Գրիգորի Խաչատուրովին ազատազրկելուց մինչև քաղաքապետարանի այս կամ այն հարցերը։ Վերջին ասուլիսի ժամանակ էլ Փաշինյանը Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավին վերաբերող հարցը բավականին անարգալից մեկնաբանեց՝ ասելով, թե նրա հետ կապ չունի, դա իր քարոզարշավն է։

- ՀՀԿ-ի իշխանության ժամանակ Սերժ Սարգսյանը միանձնյա չէ՞ր որոշումներ ընդունում։

- ՀՀԿ-ում յուրաքանչյուրն ուներ իր դերակատարումը, և կառավարումը յուրաքանչյուր օղակում իրականացվում էր ըստ դրա ղեկավարի որոշման։ Բնականաբար գլոբալ հարցերի համար պատասխանատվությունը կրում էր մեր քաղաքական ուժը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ։ Եվ առհասարակ, ես անընդունելի եմ համարում նախագահ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հետագծերի համեմատությունը ցանկացած տիրույթում։

- Դատախազությունը պահանջում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանից բռնագանձել 59 անշարժ գույք, 20 ընկերություններում ունեցած բաժնեմասերը և այլ միջոցներ, որոնք ապօրինի ծագում ունեն։ Հ․Աբրահայանն այդ միջոցների մեծ մասը ձեռք է բերել նաև Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

- Հովիկ Աբրահամյանը հիմա ՀՀԿ-ի հետ կապ չունի, և ես չեմ ցանկանում մեկնաբանել այդ հարցը։

- Դա չի՞ նշանակում, որ Հովիկ Աբրահամյանն այդ ապօրինությունները կատարել է Սերժ Սարգսյանի գիտությամբ։

- Նախագահ Սարգսյանի գիտությամբ բացառվում է նմանօրինակ որևէ դրսևորում։

- Ուրեմն, Սերժ Սարգսյանը չէ՞ր տիրապետում իրավիճակին, որ Հովիկ Աբրահամյանը հասցրել էր այդպես հարստանալ՝ օգտագործելով նրա նախագահության շրջանում իր մի քանի բարձր պաշտոնները։

- Եթե մեկ նախադասությամբ Ձեր հարցին արդեն պատասխանել եմ, հաջորդող բոլոր ճշգրտող հարցերին չեմ պատասխանի։