Պատմական ռեկորդները՝ ցածր տրամադրությամբ․ խորհրդարանում քննարկվում է 2022թ․ բյուջեի կատարողականը

«Առնվազն հասկանալի չեն Ադրբեջանի նախագահի երեկ արած մի շարք հայտարարությունները։ Ես կարծում, որ այստեղ և՛ Ադրբեջանը, և՛ միջազգային գործընկերները պետք է պարզաբանեն, թե արդյո՞ք դա նշանակում է հրաժարում Բրյուսելում ձեռք բերված պայմանավորվածություններից»,-մայիսի 29-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նախօրեին Իլհամ Ալիևի մի քանի հայտարարություններին։
Ալիևը նախօրեին այցելել է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Բերձոր և ասել, թե Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելուց հետո խաղաղության պայմանագրի համար որևէ լուրջ խոչընդոտ չի մնացել։ Նա նաև նշել է, որ «պետք է բացվի Նախիջևան տանող ճանապարհը, հայկական զորքը պետք է դուրս գա Արցախից, Արցախի խորհրդարանը պետք է ցրվի» և այլն։
Դիմելով արտգործնախարար Արարատ Միրզոյանին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե գործընկերները պետք է պարզաբանում տան։ «Պետք է լրացուցիչ ճշգրտումներ մտցնել, որպեսզի մեր հետագա գործողությունները պլանավորենք», - հավելեց նա։
Անդրադարձավ նաև հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք հնգակողմ հանդիպմանը և խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորությանը։ Նա ասաց, որ Ադրբեջանից դեռ չենք ստացել Վաշինգտոնից առաջ նրանց փոխանցված առաջարկությունների պատասխանը։ «Մեր չորրորդ խմբագրումը փոխանցել ենք ադրբեջանական կողմին, այս պահի դրությամբ դրանց մեկնաբանությունները դեռևս չենք ստացել: Այս պահի դրությամբ չկա համաձայնեցված նախագիծ, որը հնարավոր կլիներ ստորագրել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Կառավարության ղեկավարը նաև հույս հայտնեց, թե Թուրքիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո կկարողանանք այդ երկրի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը բնականոն կերպով շարունակել, և որ դա նույնպես մեր օրակարգի կարևորագույն հարցերից է:
Աճերը նորից աննախադեպ են
Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում մասնակցում էր 2022թ․ պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը։ Նա հանդես եկավ անցած տարվա տնտեսական ցուցանիշների ծավալուն ներկայացմամբ ու հայտարարեց, որ «2022թ․ արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ, որը վերջին 15 տարիների համար աննախադեպ բարձր ցուցանիշ է։ «2022թ․ պետական բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրլն 926 մլրդ դրամ, որն ի սկզբանե պլանավորվածի համեմատ ավելին է շուրջ 82 մլրդ դրամով կամ 4 տոկոսով։ Ուզում եմ ընդգծել, որ 2022թ․ հարկային եկամուտները 2021-ի նկատմամբ ավելացել է 399 մլրդ դրամով կամ 21,4 տոկոսով, իսկ 2018-ի նկատմամբ՝ 670 մլրդ դրամով կամ 53 տոկոսով»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը և հավելեց, որ բյուջեի եկամուտների աճը հնարավոր է եղել տնտեսականն աճի, ստվերի կրճատման ու կառավարության իրականացրած բարեփոխումների շնորհիվ:
Կառավարության ղեկավարն առանձնացրեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը 2022թ․ վճարել է 145,6 մլրդ դրամ, ինչը 7 մլրդ դրամով ավել է 2012-2017 թվականներին վճարած ողջ հարկերից։
Շարունակելով թվարկել իր իսկ ներկայացմամբ՝ «պատմական ռեկորդները»՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դեկտեմբերին գրանցվել է 704 հազար աշխատատեղ, ինչը շուրջ 160 հազարով ավելին է նախահեղափոխական շրջանի համեմատ։ Գործազրկությունը հասել է 13 տոկոսի՝ 2018-ի 19 տոկոսի փոխարեն, միջին անվանական աշխատավարձը աճել է 15,5 տոկոսով, բարձրացրել են կենսաթոշակները, կբարձրացնեն նաև հուլիսի 1-ից։
Վարչապետը հայտարարեց, որ իր պատկերացմամբ Հայաստանում սոցիալական խնդիրների հաղթահարման միակ ճանապարհը պետք է լինի աշխատանքը, և պետք է ձերբազատվել նպաստ ստանալու հոգեբանությունից։ Նրա խոսքերով, մեր երկրում նպաստ են ստանում նաև այնպիսի ընտանիքներ, որոնք Երևանում՝ Մաշտոցի պողոտայում, ունեն 300-500 հազար դոլար արժողությամբ բնակարաններ կամ ի վիճակի են ամիսը 200-300 հազար դրամ վարկային վճարումներ կատարել։ Ինչ վերաբերում է աշխատանքին, ասաց, որ հատկապես շինարարության ոլորտում մասնագետների պակաս կա։ Մասնավոր հատվածը մեծ թափով բնակարանաշինություն է իրականացնում, պետությունը՝ ճանապարհաշինություն, նաև ընթանում է կառավարության՝ 500 մանկապարտեզ և 300 դպրոց կառուցելու, վերանորոգել ծրագիրը։
Նիկոլ Փաշինյանը հատուկ ընդգծեց, որ մեծ ներդրումներ են արել և շարունակելու են անել մարդկային կապիտալի զարգացման մեջ՝ բարձրացրել են ու բարձրացնելու են գիտաշխատողների, գիտնականների, ուսուցիչների աշխատավարձերը։ Բարձրացրել և բարձրացնելու են իրավապահ համակարգի աշխատավարձերը։ Եվ, վարչապետի համոզմամբ, անցած տարվա տնտեսական աճը եղել է նաև իրավապահ համակարգում կատարած բարեփոխումների շնորհիվ։
Վարչապետը, սակայն, մեր տնտեսության ամենամեծ խնդիրը համարեց գյուղատնտեսությունը, որը ոչ միայն չի աճում, այլ անկում է ունենում։ Ոլորտում աճ ունենալու միակ տարբերակը, ըստ նրա, ոչ թե ավանդական, այլ ինտենսիվ գյուղատնտեսություն զարգացնելն է։
Նա հիշարժան համարեց, որ մեր երկիրն արդեն տիեզերքում արբանյակ ունի, և հիմա աշխատում են արտերկրից Հայաստան տեղափոխել համապատասխան ենթակառուցվածքները։ Կարևոր համարեց էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացումը, պետական պարտքի նվազումը՝ մինչև ՀՆԱ-ի 47 տոկոսը։ Պետական պարտքը կազմում է 4 տրլն 186 մլրդ դրամ կամ 10 մլրդ 637 մլն դոլար։
Վարչապետն իր ելույթն ավարտեց դեմոգրաֆիկ տվյալներով․ «2023թ․ առաջին չորս ամիսներին Հայաստանում ծնվել է 11 հազար 926 երեխա, ինչը 1401-ով ավելին է 2022-ի համեմատ։ Մեր պարտքն է պատշաճ ապահովել այս երեխաների անվտանգությունը, բարեկեցությունը և երջանկությունը ՀՀ-ում»:
Նիկոլ Փաշինյանը, սակայն, աճի այս ցուցանիշները ներկայացնում էր ակնհայտ անտրամադիր տոնայնությամբ։
Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն էլ տեղեկացրեց, որ անցած տարի Հայաստանը միջազգային կազմակերպություններից ստացել է 165 մլրդ դրամի վարկեր, զուգահեռաբար Արցախին է տրամադրել 176 մլրդ դրամի վարկեր։
Գլխավոր թեման թմրանյութն է
ԱԺ մշտական հանձնաժողովներում 2022թ․ բյուջեի կատարողականի քննարկմանը գերատեսչություններից առաջինը ներկայացել էր Ներքին գործերի նախարարությունը, որը հունվարի 1-ից մեկտեղում է նախկին Ոստիկանության և Արտակարգ իրավիճակների նախարարությանը։ Ֆինանսական ցուցանիշների փոխարեն, սակայն, պատգամավորներին ավելի շատ հետաքրքրեց թմրամիջոցների ներկրման ու լայն շրջանառման խնդիրը։ Նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ այդ առումով իրավիճակը մտահոգիչ է, Հայաստանում թմրամիջոցներ շատ կան։
Պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հետաքրքրվեց, թե ինչ է արվում, որպեսզի կոկայինի բացահայտումների համատեքստում կասկածվող բանան ներմուծող «Մրգենի» ընկերության սեփականատեր, ՀՀԿ-ի նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանին Ռուսաստանից Հայաստան բերեն:
«Ես ողջունում եմ ոստիկանության գործողությունները, բայց չեմ ողջունում, որ մաքսատան կանաչ գոտով այդ ապրանքը հասել է պահեստ: Մեր օպետարիվ ծառայությունները մինչև պահեստ հասնելն ի վիճակի՞ էին կանխել դա, խնդիր չե՞ք տեսնում այստեղ: Այդ բացահայտումն արեց Միհրան Պողոսյանը, որը հետախուզման մեջ է: Իրենք տարածում են նաև կադրեր, թե ինչպես են լավ հարաբերություններ ստեղծում ՌԴ ФСБ-ի պաշտոնյաների հետ, որը տանիք է կոչվում: Մասնակցում են կնունքների, ծնունդների։ Այդ միջավայրից ես գիտեմ մեկ-երկու հոգու՝ նախկին գլխավոր դատախազ, որ նստած քեֆ են անում: Ձեր ռուս գործընկերոջ մոտ այս հարցը բարձրացնո՞ւմ եք»,- ՆԳ նախարար Վահե Ղազարյանին հարցրեց Քոչարյանը:
Նախարարը պատասխանեց, թե նախաքննության գաղտնիությունից ելնելով՝ շատ բան չի կարող ասել, բայց հավաստիացրեց, որ այդ ուղղությամբ մեծ աշխատանքներ են տարվում: Տեղեկացրեց, որ օրեր առաջ ՌԴ ՆԳ նախարարի առաջին տեղակալի հետ այդ հարցով երկար զրույց է ունեցել: «Քննարկումների դրական արդյունքների մասին մոտ ժամանակներս կիրազեկենք»,- խոստացավ նախարարը:
Անդրադառնալով պարեկների աշխատանքին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց որ միտումնավոր փորձել է խախտումով վարել մեքենան, մարզում չեն խոչընդոտել, Երևանում թույլ չեն տվել։ Ցանկանում է խրախուսել Երևանի այդ պարեկին։
«Երբեք չէի պատկերացնի, որ ոստիկանների աշխատանքը ստուգելու համար կարելի է օրենք խախտել։ Այսպես որ գնա, կարող է՝ պլան բաժանեք, տեսնելու համար ոստիկանները կբռնե՞ն, թե՞ չէ։ Տպավորություն է, որ միայն պարեկների անվան ՆԳՆ է, բայց կան զոհվածների ծնողներին, տևական ժամանակ է, ընդդիմադիր գործիչներին, անգամ պատգամավորներին բռնության ենթարկող կարմիր բերետավորներ։ Ջոմարդյան Հայկազը դարձել է անօրինականության մարմնացում»,- «Հայաստան» խմբակցությունից արձագանքեց Գեղամ Մանուկյանը։
Իսկ բյուջեի կատարողականը ԱԺ մշտական հանձնաժողովում կքննարկվի մինչև հունիսի 6-ը։