Պայմանագրի ստորագրումը կախված է Ադրբեջանի դիրքորոշումից ու ցանկությունից․ Սարգիս Խանդանյան

Հարցազրույց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանի հետ։
–Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Վաշինգտոնում բանակցությունների հերթական փուլը հետաձգվում է ադրբեջանական կողմի խնդրանքով: Ո՞րն է այս հետաձգման բուն պատճառը, կարո՞ղ եք փակագծեր բացել:
–Փակագծեր բացելու սուբյեկտը ադրբեջանական կողմն է, քանի որ հայկական կողմը պատրաստ էր այս շաբաթ մեկնել Վաշինգտոն՝ բանակցությունների: Մեկնաբանությունն այնպիսին է, որ պատճառը տեխնիկական է, և ադրբեջանական կողմը շահագրգիռ է մոտ ապագայում մասնակցել բանակցություններին, բայց այդ նախաձեռնությունն արդեն այն կողմից պետք է գա: Ես հույս ունեմ, որ այդ հետաձգումը շատ երկար չի տևի:
–ԱՄՆ-ն հայտարարել է, որ անհամբերությամբ սպասում է այդ հանդիպումը կազմակերպելուն: Ի՞նչ կարող ենք ընդհանրապես ակնկալել այդ հանդիպումից:
–Ըստ էության՝ խոսակցությունը կրկին շարունակվելու է խաղաղության պայմանագրի նախագծի շուջ, և մենք ակնկալում ենք, որ մեր և ադրբեջանական կողմի դիրքորոշումները մոտ լինեն, որպեսզի հնարավոր լինի խաղաղության պայմանագիրն ստորագրել: Մեր ակնկալիքն այն է, որ այն սկզբունքային հարցերը, որոնք ունենք, դրանք տեղ գտնեն խաղաղության համաձայնագրում, և հնարավոր լինի այդ համաձայնագրով ապահովել երկարատև խաղաղություն ու կայունություն տրածշրջանում:
–Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան կրկին անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի շուրջ արևմտյան աշխուժությանը և կասկածի տակ է դրել դրա անկեղծությունը: Սա խանդի արտահայտոթյո՞ւն է:
–Խանդ, բնականաբար, պետք է լինի, որովհետև ծայրաստիճան լարված են Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները, և յուրաքանչյուր գործողություն, որ այս կամ այն կողմում տեղի է ունենում, որոշակի խանդ է առաջացնում: Բայց այստեղ կարևոր են հայկական կողմի դիրքորոշումները, և ցանկացած հարթակում մեր դիրքորոշումները նույնն են: Մեզ համար կարևոր է, որ միջնորդ կամ հյուրընկալող կողմը, ինչպիսին ԱՄՆ-ն է, կարողանա պայմանավորվածությունները կյանքի կոչել կամ ապահովել դրանց կյանքի կոչումը: Մենք պատրաստ ենք ցանկացած հարթակում առաջ մղել մեր դիրքորոշումները, մեզ համար սկզբունքային հարցերը: Մենք տարբերություն չենք դրել հարթակների միջև, բայց այստեղ շատ առանցքային է, որ այն միջնորդները կամ կողմերը, որոնք ներգրավված են բանակցություններում, կարողանան ապահովել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
–Նախորդ տարի իշխանությունը հայտարարում էր, որ խաղաղության պայմանագիրը կստորագրվի մինչև տարեվերջ, հիմա էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ նշում են այս տարեվերջը: Սրանք ցանկություններն են, թե՞ կա հստակ ժամանակացույց:
–Հստակ ժամանակացույց չկա, սա ընդամենը դիրքորոշում է: Եթե հնարավոր լիներ վաղը կամ մյուս օրը դա անել, իհարկե, շատ լավ կլիներ, բայց պետք է նաև որոշակի ողջամտության սահմաններում այդ ժամկետները ֆիքսել: Մեր կարծիքով մինչև տարեվերջ հնարավոր կլինի հասնել որոշակի համաձայնության: Նախորդ տարվա վերջն էլ էր նույն տրամաբանությամբ ողջամիտ, ուղղակի այստեղ պետք է հաշվի առնել, որ Հայաստանը միակ կողմը չէ, և, ցավոք սրտի, Ադրբեջանը այս ողջ ընթացքում կառուցողական չի եղել: Եթե Ադրբեջանը լիներ կառուցողական, հնարավոր կլիներ համաձայնությունն ավելի վաղ ձեռք բերել:
–Ինչպե՞ս եք գնահատում Նիկոլ Փաշինյանի ներկայությունը Էրդողանի երդմնակալության արարողությանը և դրան հաջորդած լուսանկարների հրապարակումը: Մեզ ի՞նչ տվեց այդ քայլը, և արդյո՞ք արժեր ներկա գտնվել այդ արարողությանը, երբ, օրինակ, առանցքային գերտերությունների ներկայացուցիչներ ներկա չէին:
–Երբ Հայաստանը հայտարարում է, որ ուզում է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, իրականում անկեղծ է: Սա պարզապես կոչ կամ ցանկություն չէ, սա, իսկապես, հանձնառություն է, որը Հայաստանը ցանկանում է կյանքի կոչել: Այդ անկեղծությունը պետք է նաև որոշ քայլերով զուգորդվի: Ես կարծում եմ, որ վարչապետի այս քայլը, ինչպես նաև՝ դրան նախորդած ԱԳ նախարարի հեռախոսազրույցը՝ թուրք գործընկերոջ հետ, այդ քայլերից են: Ես կարծում եմ՝ Հայաստանն արդեն բավականաչափ քայլեր կատարել է այս ուղղությամբ՝ ցույց տալու մեր անկեղծությունը և հանձնառությունը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում: Պետք է ակնկալել, որ Թուրքիան ևս, ի վերջո, ավելի արագ ու հասցեական կլինի այս հարցում և կսկսի պատասխան գործողություններով հանդես գալ, որովհետև ես, իսկապես, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացում խոչընդոտ Հայաստանի կողմից՝ չեմ տեսնում։ Հայաստանը չունի նախապայմաններ, և միայն թուրքական կողմի քաղաքական կամքից է կախված այս գործընթացն ավարտին հասցնելը:
–Նիկոլ Փաշինյանի այս քայլն ինչ-որ կերպ կնպաստի՞ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, եթե հաշվի առնենք, որ Թուրքիայում նաև կառավարություն է փոխվել:
–Թուրքիայում ընտրությունների ցանկացած արդյունքի և կառավարության ցանկացած կազմի դեպքում Հայաստանի դիրքորոշումները հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում նույնն են: Թե ինչպիսին կլինի Թուրքիայի նոր կառավարությունը, և այն առանցքային դերակատարները, որոնք զբաղվելու են այս խնդրի կարգավորմամբ, ժամանակը ցույց կտա: Մեր ակնկալիքն այն է, որ նոր կառավարությունը նոր թափով ու էներգիայով մոտենա հարցին, և հնարավոր կլինի կարգավորել այս խնդիրը: Բայց կրկնում եմ՝ արդյունքներն են ցույց տալու, թե նոր կառավարությունն ինչպիսի է՝ ավելի լավ էր, որ փոխվե՞ր կառավարության կազմը, թե՞ ոչ: Ի վերջո, սա Թուրքիայի ներքին հարցն է: Մեր խնդիրն է կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, և մենք անկեղծ ենք այս հարցում:
–Արամ Ա կաթողիկոսը Կանադայի վարչապետի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող լինել: Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունը և ինչո՞ւ՝ հենց այդ հանդիպումից հետո:
–Կդժվարանամ ասել, թե ինչու հատկապես այդ այցից ու հանդիպումից հետո այսպիսի հայտարարություն եղավ, բայց ցանկացած հայ մարդ սփյուռքի տարբեր համայնքներում, բնականաբար, կարող է ունենալ դիրքորոշում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ: Ես կարող եմ ասել, որ նման հայտարարությունները՝ հատկապես Արցախի ինքնորոշման իրավունքի և դրա շուրջ սակարկությունների մասին, հաճախ ուշացած են, որովհետև այդ սակարկություններն սկսվել են շատ ավելի վաղ: Ցավոք սրտի, բանակցային ողջ բովանդակության մեջ այդ իրավունքը վաղուց է սակարկվել, և դրա պատճառով է, որ մենք այս իրավիճակում ենք հայտնվել: Ինչ վերաբերում է ԼՂ բոլոր իրավունքների պաշտպանությանը, դրանք սակարկության առարկա չեն կարող լինել: Դա մեր ցանկությունն ու պահանջն է, որ ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը ապահովվեն և երաշխավորվեն, և դրա շուրջ է բանակցում Հայաստանը: Մենք ցանկանում ենք, որ ԼՂ ներկայացուցիչները բանակցեն իրենց իրավունքների ու անվտանգության համար:
–Դա հնարավո՞ր է, եթե նկատի ունենանք, որ մինչ այս մի քանի հանդիպում է եղել Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև:
–Կարծում եմ, որ մեր այս դիրքորոշումը ընկալելի և ընդունելի է մեր միջազգային գործընկերների, բանակցության մասնակցող կողմերի համար: Այստեղ կարևոր է, որ այդ շփումները տեղի ունենան միջազգային հանրության ներկայությամբ, այսինքն, ԼՂ-ի մեր հայրենակիցները միայնակ չմնան Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, այլ նույն սենյակում լինի միջազգային հանրության ներկայությունը: Թե ինչ բանաձևով կամ ֆորմատով, դա արդեն քննարկման հարց է: Բայց կարևոր է, որ այդ խոսակցությունը տեղի ունենա:
–Կարո՞ղ ենք ասել, որ ռուս խաղաղապահները, ըստ էության, չկարողացան ԼՂ հայության անվտանգության ապահովման երաշխավորը լինել:
–Իհարկե, այս ընթացքում ռուս խաղաղապահները կարևոր գործ են արել՝ պաշտպանելով ԼՂ անվտանգությունը, բայց կան հարցեր, որոնք մտահոգիչ են, և այդ հարցերից գլխավորը Լաչինի միջանցքի շարունակաբար փակ մնալն է, և անթույլատրելի է այդ անցակետի տեղադրումը․ դրա շուրջ միջազգային հանրության իրավական և քաղաքական գնահատականը միանշանակ է: Ռուս խաղաղապահներն ունեին շատ մեծ անելիք, բայց, ցավոք սրտի, մենք չենք տեսել դրա կիրառումը: Դրա համար է, որ կարծում ենք՝ ԼՂ-ում ևս պետք է ավելի ուժեղ մանդատ ունեցող միջազգային ներկայություն լինի, որպեսզի ապահովի ԼՂ հայության իրավունքները, մինչև որ բանակցություններում կհստակեցվի, թե ինչպես են ապահովվելու ԼՂ հայության իրավունքներն ու անվտանգությունը:
–Դուք նույնպե՞ս կարծում եք, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
–Մեր դիրքորոշումը և ցանկությունը դա է, բայց այստեղ շատ բան կախած է նաև Ադրբեջանի ցանկությունից և դիրքորոշումից: