ԱԺ-ում քննիչ հանձնաժողով ստեղծվեց. նախաձեռնողը ընդդիմադիր ՀՀԿ-ն է

սեպտեմբերի 13, 2018

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության նախաձեռնությամբ և իրավունքի ուժով առաջին անգամ Ազգային ժողովում ստեղծվել է քննիչ հանձնաժողով: ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն` քննիչ հանձնաժողովը ստեղծվում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով՝ ԱԺ-ի իրավասության մեջ մտնող և հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերին վերաբերող փաստերը պարզելու և դրանք Ազգային ժողովին ներկայացնելու համար: Քննիչ հանձնաժողով ստեղծելու առիթը նախօրեին համացանցում տարածված ԱԱԾ և ՀՔԾ պետերի գաղտնալսված հեռախոսազրույցն էր:

Հանձնաժողովը զբաղվելու է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու, արդար դատաքննության իրավունքի եւ հեռախոսային խոսակցությունների գաղտնիությունը խախտելու փաստերի ուսումնասիրմամբ: Սեպտեմեբերի 13-ին պատգամավորների նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները քննարկեցին հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին նախագիծը: Կողմ քվեարկեց 47, դեմ՝ 14 պատգամավոր։ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն կողմ էին, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները՝ դեմ։

Քննիչ հանձնաժողովում ՀՀԿ-ն կունենա 5, «Ծառուկյան» խմբակցությունը՝ 3, «Ելք»-ը՝ 2, ՀՅԴ-ն՝ 1 անդամ։ Հանձնաժողովը գործելու է 2 ամիս։

ՀՀԿ-ն շրջանցեց ԱԺ կանոնակարգը

Քննիչ հանձնաժողովին վերաբերող նախագիծը ներկայացնելիս ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտարարեց, որ ստեղծման հիմքում դրվել է ոչ թե կոնկրետ ուժային կառույցների ղեկավարների հեռախոսազրույցը, այլ հաշվի են առել գաղտնալսումների խնդիրը Հայաստանում:

«Գաղտնալսված հեռախոսազրույցի հանգամանքը յուրաքանչյուրիս համար հիմնավոր կասկածներ է ստեղծում առ այն, որ եթե ԱԱԾ տնօրենին ու ՀՔԾ պետի խոսակցությունները ձայնագրվում են, ապա դա նշանակում է, որ սահմանադրությամբ և Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված յուրաքանչյուր անձի հեռախոսային խոսակցությունների ու հաղորդումների գաղտնիության սկզբունքը առնվազն վտանգված է», -հայտարարեց Կոստանյանը։

Ասաց, որ քննիչ հանձնաժողովը չի անդրադառնալու գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործի հանգամանքներին և ՀՔԾ պետի ու ԱԱԾ տնօրենի հեռախոսային խոսակցության բովանդակությանը։

«Մենք խնդիրը դնում ենք գլոբալ, որովհետև յուրաքանչյուր նման քննարկում ու դրա արդյունքում կատարված ուսումնասիրություն, վստահ եմ, կբարձրացնի մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը», տեղեկացրեց Կոստանյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանն ու Ալեն Սիմոնյանը հայտարարեցին, որ ՀՀԿ-ն, քննիչ հանձնաժողով ստեղծելով, հակաօրինական քայլ է կատարում,քանի որ գաղտնալսման փաստի կապակցությամբ արդեն իսկ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովն ունի գործունեության սահմանափակումներ՝ հանձնաժողովի քննության առարկա չեն կարող հանդիսանալ նախնական քննության կամ դատավարության որևէ այլ փուլում գտնվող հարցերը, ինչպես նաև այն հարցերը, որոնք հաստատվել կամ հերքվել են օրինական ուժի մեջ մտած դատական ակտով: Կոստանյանն ասաց, թե եթե որոշման վերնագրում կա տարընթերցում, կարող են փոխել, հատկապես որ հանձնաժողովը մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված գլոբալ հարցեր է քննարկելու։

Ալեն Սիմոնյանին չգոհացրեց Կոստանյանի բացատրությունը. «Պարոն Կոստանյան, Դուք իրավաբանականում դաս եք տալիս, որ Ձեր ուսանողը էսպես պատասխաներ, Դուք նրանք 2 կդնեիք ու կուղարկեիք տուն։ Պարոն Կոստանյան, ուզում եք անունը դնեք տանձ, ուզում եք անունը դրեք խնձոր, նույն հարցն է քննարկվելու, որի հետ կապված երկու քրեական գործ է հարուցված»։

Խորհդարանը «կիսվեց»

ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանը վստահեցրեց, որ քննիչ հանձնաժողովի գործունեությունը չի լինելու քաղաքական: Ասաց՝ պետք չէ վախենալ անուններից ու հարցաքննության կանչել բոլոր նրանց, ում անհրաժեշտ է՝ Նիկոլ Փաշինյանից սկսած ավարտած Յուրի Խաչատուրովով։ «Դուք պետք է գտնեք ճշմարտությունը որքան էլ ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի և հասարակության համար», -հայտարարեց նա։

Նախագծին կողմ էր նաև ՀՅԴ-ն. խմբակցության քարտուղարը նույնիսկ վրդովվեց. «Մենք կարծես բանավիճում ենք՝ ՀՀԿ-ի առաջարկներն են հաղթելո՞ւ թե՞ «Ելք»-ի։ Եկեք մտածենք՝ ի՞նչ ենք անելու, որ մեր պետականությունը ամրապնդվի, ի՞նչ ենք անելու, որ մենք պետությանը վնաս չտանք։ Մենք պետականաշինությամբ ենք զբաղվելո՞ւ, թե՞ այս կամ այն կուսակցության հաղթանակն ենք ամրագրելու»։ Նա առաջարկեց հետևել՝ եթե հանձնաժողովը իր երկամսյա գործունեության ընթացքում կառնչվի գաղտնալսման փաստի առթիվ հարուցված քրեական գործին, անդամները թող բարձրաձայնեն այդ մասին։

«Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը ասաց, որ դեմ են որոշմանը, քանի որ կարծում են՝ նոր ստեղծվող հանձնաժողովը կխանգարի հարուցված քրեական գործին։ «Օրենք մի՛ խախտեք։ Օսկանյան-Զուրաբյան խոսակցությունը ևս գաղտնազերծվել էր, էն ժամանակ ինչո՞ւ քննիչ հանձնաժողով չստեղծվեց», -հայտարարեց պատգամավորը։ Սակայն գործընկերները հուշեցին, որ քննիչ հանձնաժողով ստեղծելու իրավասություն նախորդ խորհրդարանը չի ունեցել և խորհրդարանական այս գործիքն ավելացել է սահմանադրական փոփոխություններից հետո միայն։

Ալեն Սիմոնյանի կանխատեսմամբ՝ անպտուղ, անգործության մատնված հանձնաժողով է լինելու, և իրենք հանձնաժողովի կազմում չեն լինելու: