Սահմանադրական փոփոխությունների շուրջ կոնսենսուսն անհրաժեշտ է. Լենա Նազարյան

սեպտեմբերի 20, 2018

Հարցազրույց «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանի հետ:

-«Ելք» խմբակցությունը, հանձին Ձեզ, ունի նոր ղեկավար: Ինչպե՞ս որոշվեց, որ Դուք եք ղեկավարելու խմբակցությունը։

-Իսկապես, քննարկումները, թե ով պետք է ղեկավարի խմբակցությունը, երկար տևեցին: Բացի ինձանից, կար նաև պարոն Մարուքյանի թեկնածություն: Որոշ քաղաքական հանգամանքներ հաշվի առնելով՝ կոնսեսուսով հաստատվեց իմ թեկնածությունը: Ինձ համար խմբակցությունը ղեկավարելը պատասխանատվություն է թիմը որոշակի օրակարգի շուրջ համախմբելու, սպասարկելու համար, որպեսզի կարողանանք լավ աշխատել, հասնել նպատակներին։

-Տիկին Նազարյան, ի՞նչ եղավ «Ելք»-ի հետ։ Շատ է խոսվում դաշինքի պառակտման մասին, բայց դրա անդամները, կարծես, ուժ չունեն ասելու՝ այո, այդպես է։

-«Ելք» քաղաքական դաշինք, ըստ էության, չկա, որովհետև մենք, գոնե Երևանի ավագանու ընտրություններին, մասնակցում ենք առանձին։ Կա խմբակցություն Ազգային ժողովում, և խմբակցության բոլոր կուսակցությունները սատարում են հեղափոխությանը, ուզում են, որ լինեն նոր արտահերթ ընտրություններ։ Այդ առումով մենք համերաշխ ենք և կնպաստենք, որ անցկացվեն նոր ընտրություններ։ Մենք ունեինք հուշագիր, որի կետերից մեկն էլ միասնական կուսակցության ստեղծումն էր՝ 2017թ.խորհրդարանական ընտրություններից հետո: Բայց մեր համագործակցությունը ցույց տվեց, որ դաշինքի անդամ կուսակցությունների միջև կան տարբերություններ՝ փոփոխությունների, պատկերացումների, մեթոդի: Մենք գնացինք հեղափոխության, իսկ դաշինքի մյուս կուսակցությունները նման ծրագիր չունեին, և այդտեղից էլ սկսվեց տարբերությունը։ Համագործակցությունը չստացվեց, ու կարծում եմ, բնականոն հանգրվանի հասանք։

-Չնայած Ձեր խմբակցությունը դեմ էր, ՀՀԿ-ի նախաձեռնությամբ խորհրդարանում քննիչ հանձնաժողով ստեղծվեց: Մասնակցելո՞ւ եք հանձնաժողովի աշխատանքներին:

-Քանի որ հանձնաժողովն արդեն ստեղծվել է օրենքի ուժով, և մենք ունենք երկու տեղ, կմասնակցենք հանձնաժողովի աշխատանքներին, նախ՝ որպեսզի իսկապես կանոնադրության խախտում չլինի, և հետո մեզ էլ է հետաքրքիր։ Բացի այդ, շատ հնարավոր է, որ զեկույցը քաղաքական նպատակներով օգտագործվի, ու այդ պատճառով շատ կարևոր է, որ մենք ունենանք ազդեցություն։

-Սահմանադրական փոփոխությունների հանրաքվե անցկացնելու գործընթացը ո՞ր փուլում է:

-Տեղեկություն չունեմ, որովհետև կառավարությունից պետք է գա այդ նախաձեռնությունը։ Մենք իրականում սյուռեալիստական ժամանակներում ենք ապրում, որովհետև ինչ է ստացվում՝ ԱԱԾ-ին գաղտնալսում են, ԱԺ-ում մեծամասնության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյան ԵԽԽՎ-ում երկիրը ներկայացնում է որպես բռնապետություն, և մյուս աբսուրդ իրավիճակը՝ կառավարությունը, որը ձևավորվում է ԱԺ-ի կողմից, պետք է մտածի ձև՝ ԱԺ-ն լուծարելու։ Բարդություններն ակնհայտ են, և չեմ կարծում, որ պարզապես նախագիծը կբերվի Ազգային ժողով ու կքննարկվի այլ հարցերի նման։ Դրան անպայման պետք է նախորդի քաղաքական պրոցես։ Պետք է քննարկումներ լինեն և Ազգային ժողով պետք է հասնի այն նախագիծը, որը ընդունվելու է։ Իսկ այդ քննարկումների հետ կապված կառավարության կողմից պետք է բանակցություններ վարվեն ԱԺ պատգամավորների հետ։ Ես, իհարկե, չեմ կարծում, որ ՀՀԿ-ն ի վիճակի է միասնական գործել։ Կարծում եմ, որ մասնատված է մի քանի մասի։

-Ի՞նչ նկատի ունեք, գործարար և քաղաքակա՞ն թևերը։

-Այո, բայց կարծում եմ, որ էլի մի քանի թևեր կան: Այդ թևերի հետ պետք է բանակցել և այս հնարավորությունը ԱԺ-ում պետք է օգտագործել որպես հենարան՝ Սահմանադրական փոփոխությունները անցկացնելու համար։

-ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ-ում Հայաստանի հարցն է բարձրացրել՝ նշելով, որ այստեղ խոսքի ազատության դեմ բռնաճնշումներ են իրականացվում։ Կարծում եք՝ կա՞ նման բան։

-Ես չեմ պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, որովհետև այս ընթացքում որևէ լրատվամիջոց չի փակվել, որևէ լրագրողի հանդեպ բռնություն չի կիրառվել, սպառնալիք չի հնչել։ Ավելին, գիտենք, որ Ռոբերտ Քոչարյանի թիմը ձեռք է բերում լրատվամիջոցներ ու ազատ գործում է այդ ուղղությամբ։ Միջազգային հանրության առաջ մենք պետք է բաց գործենք: Եթե ցանկանում են մոնիտորինգ անել Հայաստանում, պետք է թույլ տանք, որ անեն այդ մոնիտորինգը, բայց համաձայն չեմ, թե Ձեր նշած խնդիրը մոնիտորինգի հիմնավոր առիթ է:

-Վարչապետի հայտարարությունը, թե «մտածեք, հետո միայն խոսեք, հակառակ դեպքում ԱԱԾ-ն կզբաղվի ձեզանով» չեք համարո՞ւմ խոսքի ազատության սահմանափակմանն ուղղված քայլ։

-Ես չեմ հիշում, որ վարչապետը այդ կոնտեքստում է ասել։ Հիմա այնպիսի իրավիճակ է, որ ...հենց այդ գաղտնալսված ձայնագրության մեջ էլ կան այնպիսի արտահայտություններ, որ ականջ են ծակում։ Ինձ էլ դուր չեն գալիս, որ արվում են այնպիսի արտահայտություններ, որոնք այս իրավիճակում կարող են մեկնաբանվել որպես գործի ու խոսքի տարբերություն: Մեր խնդիրը հենց դա է, որ կոնտեքստը ճիշտ հասկանանք։ Մարդիկ կառչում են ինչ-որ հայտարարություններից ու դա դարձնում են դրոշակ՝ բացարձակ անտեսելով, որ վարչապետը հենց իր ընտրության օրը, հենց իր ծրագրային ելույթում, ասուլիսներում, ուղիղ եթերներում մշտապես ասում է բաներ, որոնք հենց այն են, ինչ նկատի ունի, այն են, ինչ անում է։

-Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում ասել էր, որ Նիկոլ Փաշինյանը շատ կզղջա իր հետ գլուխ դնելու համար: Դուք դա սպառնալիք ընկալո՞ւմ եք Փաշինյանի հասցեին։

-Քոչարյանի ժամանակը Հայաստանում վաղուց անցած է։ Ես զարմանում եմ, որ մարդիկ չեն հասկանում, որ եթե անգամ այլ կառավարություն լինի, միևնույն է, դա չի լինելու անցածը։ Չի կարող վերադառնալ մեկը, ում թիկնապահը զուգարանում մարդ է սպանում, ում ընտանիքը Հայաստանում խոշոր բիզնեսի սեփականատերն է, ով մարդկանց դուրս է շպրտում Հյուսիսային պողոտայից, ով բանակ է բերում քաղաքացիների դեմ։ Կարող է ուրիշ կառավարություն լինել, կարող է ուրիշ իշխանություն լինել, բայց ոչ ինքը։ Իսկ այն, որ նա Նիկոլ Փաշինյանին բռնապետ է անվանում, ինձ թվում է՝ ինքը փորձում է իր համար շատ անսովոր ու անհարմար ընդդիմության դերում հանդես գալ։