2020թ․բյուջեն ընդունվեց

Ազգային ժողովը դեկտեմբերի 6-ին ձայների 79 կողմ 37 դեմ հարաբերակցությամբ ընդունեց 2020թ․ բյուջեի նախագիծը։ Կողմ քվեարկեց միայն խորհրդարանական մեծամասնությունը, ընդդիմադիր խմբակցությունները դեմ էին։
Կառավարությունը 2020թ․ բյուջեի նախագիծը խորհրդարան է վերադարձրել էական փոփոխություններով․ սկզբնական տարբերակի համեմատ ծախսերը կրճատվել են մոտ 24,5 մլրդ դրամով՝ 1 տրլն 880 մլրդ դրամից հասնելով 1 տրլն 855,7 մլրդ դրամի։ Սովորաբար կառավարությունը բյուջեի նախագիծն ԱԺ էր վերադարձնում՝ ծախսերն ավելացրած, ինչը հիմնականում տեղի էր ունենում պատգամավորների առաջարկություններն ընդունելու արդյունքում։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կրճատումը պայմանավորեց կապիտալ ծախսերի և դեֆիցիտի նվազեցմամբ։
Բյուջեի նախագծի նախնական տարբերակով 2020թ․ կապիտալ ծախսերի համար նախատեսված էր 357,8 մլրդ դրամ։ Ֆինանսների նախարարի ներկայացմամբ՝ ծախսերը կրճատվել են շուրջ 70 մլրդ դրամով, և այդ գումարի մի մասն ուղղվել է ընթացիկ ծախսերին։ Կապիտալ ծախսերի կրճատումը Ատոմ Ջանջուղազյանը բացատրել է դրանք «իրացնելու կարողություններով»։ «Այնուամենայնիվ, կապիտալ ծախսերը շարունակում են մնալ կառավարության առաջնահերթությունների ցանկում, և լրացուցիչ եկամուտները հենց այս առաջնահերթությունների համար են»,- հավելեց նա։
Ջանջուղազյանը նշեց, որ պարտքի բեռի նվազեցումը նույնպես կառավարության առաջնահերթություններից է։ Կառավարությունը 2020թ․ բյուջեի նախագծի նախնական տարբերակում դեֆիցիտի համար նախատեսել էր շուրջ 182, իսկ փոփոխված տարբերակով՝160,7 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 2,26 տոկոսը։ Դեֆիցիտը կֆինանսավորվի միայն ներքին աղբյուրներից։ Ջանջուղազյանը հայտարարեց, որ ՀՀ-ն դեֆիցիտն այլևս բյուջետային աջակցության վարկերով չի ֆինանսավորելու։ «Մենք կարծում ենք, որ այդ փուլն այլևս մեր երկրի համար ավարտված է»,- եզրափակեց նախարարը։
2020թ․ պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կլինի 48,2 տոկոս, ինչը 10 տոկոսով ցածր է 2018թ․համեմատ։
Դեմ են, քանի որ ներդրումները քիչ են, իրենց առաջարկներն էլ չեն ընդունվել
ԲՀԿ-ն դեռևս երեք շաբաթ առաջ էր հայտարարել, որ դեմ է քվեարկելու 2020թ․ բյուջեի նախագծին։ Քվեարկությունից առաջ պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, թե 2019թ․ հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով՝ օտարերկրյա ներդրումները զուտ հոսքերի առումով կազմել են 32 մլրդ դրամ՝ յուրաքանչյուր ամիս 3,5 մլրդ դրամ կամ 7 մլն դոլար։ «Այս թվերը չեն կարող սպասարկել այն նպատակները, որոնք դրված են բյուջեում, և այն նպատակները, որոնք հեղափոխությունից հետո են հռչակվել։ Մեր քաղաքական ուժի մոտեցումները ձեր քաղաքական ուժի կողմից իրականացվող քաղաքականությունից էապես տարբեր են։ Եվ այն, ինչ արվում է, հեռու է բավարար լինելուց, ներդրողների ուղղությամբ կատարված աշխատանքը նույնպես հեռու է բավարար լինելուց։ ԲՀԿ-ն վերահաստատել է, որ այս մոտեցումներով պետության և ժողովրդի վիճակի բարելավում չի կարող լինել, և մենք ասել ենք՝ դեմ ենք քվեարկելու բյուջեին»,- ասաց նա։
ԼՀ-ից Մանե Թանդիլյանն էլ հայտարարեց, որ իրենց 151 առաջարկից ոչ մեկը չի ընդունվել, և իրենք չեն կարող կողմ քվեարկել բյուջեի նախագծին։ Բացի դրանից՝ կառավարությունը չի շտկել «Բյուջեի մասին օրենքի» հետ հակասությունն ու չի ավելացրել բնապահպանական ծախսերը։ «Բազմաթիվ արժեքավոր առաջարկներ կային, որոնք մանրամասնեցինք, թե ինչ կարևոր են և ո՛չ գումարային առումով, ո՛չ ծրագրային առումով պակաս առաջնահերթություն չեն ։ Մեր մատնանշած խնդիրները ոչ միայն չեն լուծվել բյուջեի լրամշակված տարբերակում, այլ մի բան էլ փաստացի խորացել են։ Հետևաբար, մեզ այլ բան չի մնում, քան դեմ քվեարկելը»,- ասաց Մանե Թանդիլյանը։
ԱԺ երեք խմբակցությունները կառավարությանը ներկայացրել էին 225 առաջարկ։ ԼՀ-ն ներկայացրել էր 226,4 մլրդ դրամ պահանջող 151 առաջարկ, ԲՀԿ-ն 94,9 մլրդ դրամի 46 առաջարկ, իսկ «Իմ քայլի» 28 առաջարկների համար պահանջվում էր ընդամենը 8,4 մլրդ դրամ։
Միևնույնն է, բյուջեն հեղափոխական է
«Հաջորդ տարի բյուջեի եկամուտները 200 մլրդ դրամով ավելի են լինելու։ Եթե սա համարում եք սովորական, շարքային աճ, ուրեմն մենք այդ առումով ընդհանրապես խնդիր չունենք։ Մեր քննարկումների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր, երբ մենք կառավարության հետ ավելի խիստ անհամաձայնության ենք եղել, քան դուք։ Դուք մեկ-մեկ այնպիսի մուննաթով եք խոսում, որ մեզ թվում է՝ եղած խնդիրների պատճառը մենք ենք։ Եթե մեղադրելու լինենք, գործող կառավարությունն ամենաքիչն է մեղավոր, որովհետև այդ խնդիրները մենք ժառանգել ենք»,- ընդդիմադիրներին հակադարձեց «Իմ քալի» պատգամավոր Բաբկեն Թունյանը և նրանց խորհուրդ տվեց «ժպտալով դեմ քվեարկել բյուջեին»։
Իր եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես պնդեց, որ 2020թ․ բյուջեն հեղափոխական է։ Վարչապետի օրինակներից մեկը վերաբերում էր աղետի գոտու համար արված հատկացումներին։ «Աննախադեպ մեծ թիվ է հատկացվել աղետի գոտու խնդիրներին՝ 3 մլրդ դրամ։ Տեսանելի ժամանակներում երբեք նման գումար չի տրվել, և սրանով ուզում եմ ասել, որ լուծում ենք բոլոր այն քաղաքացիների խնդիրները, որոնց նկատմամբ ՀՀ ունեցած պարտավորությունն արձանագրված է։ Գյումրին պետք է ազատվի տնակներից»,- հայտարարեց վարչապետը։
Բյուջեի եկամուտները, ըստ վարչապետի, ավելացել են հեղափոխական ծավալներով ։ «Մենք էլ գոհ չենք սրանից: Բայց կա մի տրամաբանություն. մենք բարձրանում ենք սանդուղք, որն ունի 100 աստիճան, որպեսզի մենք 100-րդ աստիճանին հասնենք, պետք է անպայման անցնենք 1,2,3, 4,5,6, 7…։ Լավ, կարող ենք լոնքերով՝ երկու-երկու, երեք- երեք բարձրանանք, հիմա մենք չորս ենք բարձրանում: Մեր ընդդիմադիրներն ասում են՝ չէ, ոնց չորս, 12 թռեք միանգամից: Չի կարող լինել այդպիսի բան: Չնայած, անկեղծ ասեմ, մեզ դուր է գալիս, որ դուք մեզ ասում եք՝ 12 թռեք, 24 թռեք: Այդպես դուխ տվեք մեզ, և մենք կթռնենք անպայման»,- հայտարարեց վարչապետը: