Վարչապետի հայտարարությանը պետք է հետևեն հրաժարականներ

դեկտեմբերի 22, 2019

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ

-Նստաշրջանի ավարտին խորհրդարանական մեծամասնությունը քննարկման առարկա դարձրեց ատելության խոսքի դեմ պայքարելու հարցը: Ձեր կարծիքով՝ ինչի՞ց սկսվեց ատելության խոսքը Հայաստանում:

-Դժվար է ասել, թե ինչից սկսվեց, սակայն մեկ բան ակնհայտ է՝ սիրո և հանդուրժողականության հեղափոխությունից հետո տոտալ անհանդուժողականության, բովանդակային քննադատության դիմաց անձնական վիրավորանքների տեղատարափի առկայությունն օրինաչափ է դարձել: Այս համատեքստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների՝ ատելության խոսքի դեմ պայքարի համար աշխատանքային խումբ ձևավորելու նախաձեռնությունը պետք է դրական գնահատվեր, սակայն տարօրինակ էր գործընկերներիս համառ դիմադրությունը, որ դիտարկվեն ատելության խոսքի դեպքերը բոլոր խմբերի նկատմամբ: Նրանք հետևողականորեն պնդում էին, որ պետք է քննության առարկա դարձնել միայն առանձին խմբերի նկատմամբ կիրառվող ատելության խոսքը: Ես բացարձակ համաձայն չեմ: Բնականաբար, քաղաքական գործիչներին չենք կարող խոցելի խումբ համարել, բայց այսօր հենց նրանք են առավելապես ատելության խոսքի սահմռկեցուցիչ մեծ չափաբաժնի արժանանում, երբեմն նույնիսկ անձնական հաշվեհարդարի սպառնալիք է հնչում: Հիմա այս աշխատանքային խումբը պե՞տք է դա քննության առարկա դարձնի, թե՞ ոչ: Իմ համոզմամբ` պետք է դարձնի, սակայն այս կարծիքս իշխանական գործընկերները, կարծես, չեն կիսում: Բարի ցանկություններ կարող են շատերն ունենալ, սակայն կարևոր են այդ ցանկությունների կենսագործման մեխանիզմները, որոնք, կասկածում եմ, որ կգտնվեն: Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը փորձում է սահմանել այդ մեխանիզները, բայց ապարդյուն: Եվ ամենակարևորը՝ ոչ մի դեպքում դա չպետք է արվի խոսքի ազատության հաշվին:

-Ձեր նշած տոտալ անհանդուրժողականության մեջ կա՞ իշխանության մեղքի բաժինը:

-Իհարկե: Երբ իշխանության ամենաբարձր օղակից հնչում է ասֆալտին փռելու, պատերին ծեփելու, թաթիկները կտրելու և նման այլ ձևակերպումներ՝ հասարակ մահկանացուներն ու ֆեյք օգտատերերը կարծում են, որ դա նորմալ է և պետք է առաջնորդվել այդ սկզբունքով: Գեներացված ատելության այս մթնոլորտը լավ բանի չի հանգեցնելու: Պետք է ձերբազատվել հեղափոխության սինդրոմից, դադարեցնել դոնկիխոտյան հողմաղացների դեմ պայքարը և կառուցողական դաշտ տեղափոխվել:

-Իսկ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում ատելության խոսքի դեմ պայքարը, եթե աշխարհում էլ զսպման անհրաժեշտ մեխանիզմները գտնված չեն:

-Այո, անգամ ԵԽԽՎ-ում շուրջ երկու տարի է` փորձում են ատելության խոսքը մեդիայում կարգավորելու միջոցներ գտնել, սակայն չեն գտնում ճիշտ բանաձևը, որը հիմք կդառնա օրենսդրական նախաձեռնության և չի վնասի խոսքի ազատությունը: Նախ մենք՝ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներս ենք շահագրգռված, որ ատելության խոսքը սահմանափակվի, բացառվի, որովհետև պետական ֆինանսավորմամբ տարբեր ՊՈԱԿ-ների ֆեյքերը հնարավոր ու անհնար վիրավորանքն ու սպառնալիքը հենց մեզ են ուղղում, բայց կրկնեմ, որ զսպող մեխանիզմների կիրառման հնարավորությունը խիստ մշուշոտ է:

-Խորհրդարանում ստեղծվել է քննիչ հանձնաժողով Երևանի քաղաքապետարանում «կամազային» սկանդալը քննելու համար: Ձեր խմբակցությունը դեմ չէր: Ի՞նչ սպասումներ ունեք այդ հանձնաժողովից:

-Ակնկալում ենք համապարփակ ուսումնասիրություն, չարաբաստիկ շինթույլտվությունների ու «Կամազների» նվիրատվության ժամանակագրային վերլուծություն: Այստեղ բազմաթիվ հարցականներ կան, որոնց պետք է պատասխաններ տրվեն: Նախ մտահոգիչ է այդ գործընթացների գաղտնիությունը: Եթե նվիրատվության մասին տեղեկատվությունը հասանելի լիներ, գուցե չբարձրանար այս աղմուկը և չառաջանար կասկածի այս մթնոլորտը:

-Խորհրդարանական մեծամասնությունը դեմ չէր այդ հանձնաժողովի ստեղծմանը, ԱԺ նախագահն էլ հայտարարեց, որ կմասնակցեն հանձնաժողովի աշխատանքին՝ ցուցաբերելով քաղաքական կամք: Անսպասելի չէ՞ր:

-Երկու ընդդիմադիր խմբակցությունները հավաքել էին այդ հանձնաժողովը ստեղծելու համար անհրաժեշտ ստորագրությունները, եթե քաղաքական մեծամասնությունը դեմ արտահայտվեր, արդյո՞ք չէր խորացնելու եղած կասկածները: Միանգամայն տրամաբանական եմ համարում քաղաքական մեծամասնության այս դիրքորոշումը:

-Ձեր կարծիքով՝ Երևանի քաղաքապետարանում իսկապե՞ս կոռուպցիոն գործարք է կայացել:

-Հարցի պատասխանը հանձնաժողովը պիտի տա: Ինձ համար տարօրինակ էր նվիրատվությունների ծածուկ բնույթը: Ինչ վերաբերում է կոռուպցիոն ռիսկերին, ես որևէ բան չեմ բացառում, մանավանդ որ նոր Հայաստանում վերջին ամիսներին մի քանի կոռուպցիոն բացահայտումներ եղան նաև փոխնախարարների մասնակցությամբ: Կապրենք, կտեսնենք:

-Իշխանությունը հայտարարում է, թե կոռուպցիոն բուրգը փլվել է, չկա համակարգային կոռուիպցիա: Ձեզ վստահություն ներշնչո՞ւմ են այս հայտարարությունները:

-Ուտոպիստական գնահատականներ են: Քանի դեռ կոռուպցիայի մեջ մեղադրվող փոխնախարար է ձերբակալվում, չենք կարող խոսել համակարգային կոռուպցիայի բացակայությունից: Չեմ բացառում, որ կան առանձին պաշտոնյաներ, որոնք կաշառք չեն վերցնում: Համակարգային կոռուպցիայի բացակայության մասին հավաստիացումները խիստ կասկածելի են, երբ տեսնում ենք, որ որոշ պաշտոնյաների կյանքի որակը հետհեղափոխական Հայաստանում բարելավվում է երկրաչափական պրոգրեսիայով:

-Կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, թե պետական համակարգում դիմակայություն կա հեղափոխության նկատմամաբ: Դուք տեսնո՞ւմ եք նման բան:

-Ես տեսնում եմ, որ պետական համակարգում կա կադրային լուրջ ճգնաժամ, և այս մասին ամիսներ առաջ խոսել է Գագիկ Ծառուկյանը: Կան պատասխանատուներ, որոնք չեն տիրապետում իրենց ենթակայության տակ գործող տարբեր ոլորտներին: Ես այնքան լավատես չեմ, որ մտածեմ, թե կառավարությում կամ պետական կառավարման համակարգում կան վունդերկինդ, ունիվերսալ նախարարներ, որոնք հավասարապես տիրապետում են տարբեր ոլորտների: Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, ապա տրամաբանորեն դրան պետք է պետական պաշտոնյաների բազմաթիվ հրաժարականներ հաջորդեին, որ հասարակությունը տեսներ, թե հատկապես ովքեր են դիմադրում հեղափոխությանը: Սակայն, որքան ես տեղյակ եմ, հրաժարականների կամ աշխատանքից ազատումների շքերթ դեռ չկա:

-Փորձագետներն ասում են, որ պետական կառավարման համակարգը պետք է թարմացնել:

-Ես վստահ եմ, որ պետք է սկսել աշխատել կառուցողական դաշտում: Սա վերաբերում է թե՛ գործադիր, թե՛ օրենսդիր իշխանությանը: Ամպագոռգոռ հայտարարություններից առավել բնակչությանը իր կենսամակարդակի բարելավումն է հուզում, իսկ դրան հասնելու համար պետք է համակարգված ու միասնական աշխատանք՝ անկախ քաղաքական հայացքներից, անձնական ամբիցիաներից: Բոլորիս նպատակը մեկն է՝բնակչությունն ունենա արժանապատիվ աշխատանք, վարձատրություն, բարեկեցիկ կյանք: Դրա համար պետք է վեր կանգնել անձնական շահերից: