Քրեական ենթամշակույթը խորհրդարանում

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի մուտքն ԱԺ նիստերի դահլիճ հունվարի 21-ին արգելվել էր. խորհրդարանի անվտանգության ծառայության աշխատակիցները նրան և ԲՀԿ-ից ևս 3 պատգամավորի թույլ չէին տալիս ներս մտնել՝ ապահովելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կայացրած որոշման կատարումը:
«Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ պատգամավորներ Ջանիբեկ Հայրապետյանի, Արթուր Դալլաքյանի, Արայիկ Աղաբաբյանի և Գևորգ Պետրոսյանի նկատմամբ կիրառվում են կարգապահական պատասխանատվության միջոցներ։ Նրանք հեռացվում են մինչև այսօրվա ավարտը կայանալիք նիստերից` զրկվելով այդ ընթացքում դահլիճում ներկա լինելու իրավունքից»,-նիստին հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը և կարգադրիչներին խնդրեց ապահովել դրա կատարումը:
Ամեն ինչ սկսվեց Քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունների երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ: Նախագծերը վերաբերում են քրեական ենթամշակույթ կրող անձանց կամ «գողական աշխարհի» ներկայացուցիչների դեմ պայքարին:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը նախագծին դեմ է։ Խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը ելույթում ևս մեկ անգամ տարակուսեց, թե ինչու է կառավարությունը գերակայություն հռչակել օրենքով գողերի դեմ պայքարը:
«Սա ոչ թե հանցավորության, այլ ինչ-որ անորոշ երևույթի դեմ պայքար է: Մարդուն պետք է դատել կատարած հանցանքի համար: Պարոն նախարար (նկատի ուներ արդարադատության նախարար, օրինագծերի հիմնական զեկուցող Ռուստամ Բադասյանին-խմբ.), դուք ասում եք՝ «գողական աշխարհ», դա ի՞նչ է, ո՞վ կարող է դրա սահմանը գծել: Լավ եք անում, որ պայքարում եք հանցավորության դեմ, սակայն մի հուշում անեմ՝ գողականի հետ երեք տառից բաղկացած հասկացություն կա, լավ կլինի նաև դրա դեմ պայքարել», -հայտարարեց Պետրոսյանը:
Ամբիոնին մոտեցած ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանը կոչ արեց ներողություն խնդրել իր պատգամավորի նման պահվածքի համար. «Ես հույս ունեմ՝ «Բարգավաճ Հայաստանի» անունից ինչ-որ մեկն այստեղ ներողություն կխնդրի իրենց գործընկերոջ խայտառակ պահվածքի համար, և Ազգային ժողովի նախագահին կոչ եմ անում անպայման արձագանքել այս անթույլատրելի պահվածքին»:
Բաբաջանյանի խոսքը ծափերով ընդունեցին «Իմ քայլի» պատգամավորները, փոխարենը նյարդայնացան ԲՀԿ-ականները: Նրանց շարքերից սաստող կոչեր հնչեցին՝ «ձենդ կտրի», «սուս մնա» և այլն:
«Վախվորած ոստիկանությունով մենք չենք կարող պայքարել քրեական և հանցավոր աշխարհի դեմ: Մենք պիտի արմատախիլ անենք այսպիսի կեցվածքն ու դիրքորոշումը մեզանում, պետք է արագ կյանքի կոչել վեթինգը: Այսպիսի դատական համակարգով չենք կարող պայքարել հանցավորության դեմ», - շարունակեց Բաբաջանյանը:
Երբ պատգամավորը ելույթից հետո զբաղեցրեց իր տեղը, վեճն ավելի բորբոքվեց: ԲՀԿ-ականների շարքերից լսվեց. «Հըլը արի ստեղ, խոսենք»: Բաբաջանյանի արձագանքը, որը չէր լսվում, շարունակեց բորբոքել կրքերը, «մարտի նետվեց» ԲՀԿ-ական Ջանիբեկ Հայրապետյանը՝ արագ փորձելով նստարանների միջով մոտենալ Բաբաջանյանին: ԲՀԿ-ական պատգամավորների և Բաբաջանյանի միջև վեճը կվերածվեր ձեռնամարտի, եթե նրանց չբաժանեին «Իմ քայլի» և «Բարգավաճ Հայաստանի» պատգամավորները:
«Պատգամավորներն այստեղ խոսում են միայն մի ձևով՝ հերթագրվում են ու ելույթ ունենում: Նրանք չեն կարող հետապնդվել իրենց ելույթների համար: Ով այս նորմերը չի գիտակցում, թող հրաժարվի պատգամավորական մանդատից, հայաթում բիսեդկեն լռվի», - ԱԺ ամբիոնից պատգամավորներին լռեցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Լարվածությունը, սակայն, չթուլացավ.Գևորգ Պետրոսյանը մոտեցավ Արման Բաբաջանյանին, ԱԺ նախագահը բարձրախոսով հետաքրքրվեց. «Պարոն Պետրոսյան, ռազբորկա եք ուզում անե՞լ»: Մի քանի անգամ հնչած հարցին Պետրոսյանը բացասական պատասխան տվեց, ինչից հետո Միրզոյանը ստիպված եղավ հնչեցնել իր կարգադրությունը՝ չորս պատգամավորներին նիստերից հեռացնելու մասին:
Ազգային ժողո՞վ , թե՞ ազգային քուչա
Քրեական և քրեական դատավարության մասին օրենսգրքերում նախատեսվող փոփոխությունները քննարկվում էին երկրորդ ընթերցմամբ։ Կառավարությունը առաջարկում է քրեական պատասխանատվության ենթարկել սահմանել այն արարքների համար, որոնք կատարվում են այնպիսի անձանց կամ խմբերի կողմից, որոնց համար հանցագործություն կատարելը արհեստ է: Ըստ կառավարության՝ քրեական ենթամշակույթ կրողները նպաստում են մեր երկրում հանցագործությունների աճին, հանցագործությունների մեջ ներգրավում են անչափահասների: Նախարարն ասաց, որ հատկապես քրեակատարողական հիմնարկներում մոլախաղերի միջոցով դրամական միջոցների հավաքագրումը, քրեական տարրերի միջոցով այդ գումարների տնօրինումը պատժելի է, այն կալանավորներին վատ վիճակի մեջ է դնում:
Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով՝գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Ըստ նախագծի՝ այն արարքը, որը կատարվել է` քրեակատարողական հիմնարկում պահվող կամ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից, պատժվում է ազատազրկմամբ՝ ութից տասներկու տարի ժամկետով։
«Իմ քայլի» պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նորմալ համարեց ԱԺ-ում կատարվածը՝ ներկայացուցչական ժողովրդավարության տեսանկյունից: «Ներկայացուցչական ժողովրդավարությունը ենթադրում է, որ հասարակության բոլոր սեգմենտները ներկայացված լինեն ԱԺ-ում: Սա քաղաքակրթական հարց է», -նշեց Ենգիբարյանը:
ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Անի Սամսոնյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը անվտանգության խնդիր է առաջացնում: «Ես շատ մարտահրավերներ եմ տեսնում այս օրենքի հետ կապված: Քրեակատարողական բարեփոխված համակարգ չունենք, և այս առումով տեսնում եմ բազմաթիվ ռիսկեր», -ասաց Սամսոնյանը: Նրան լրացրեց Էդմոն Մարուքյանը. «Հանցավոր ենթամշակույթի դեմ այս օրենքը անզոր է պայքարել, որովհետև այն պրոբլեմներ է առաջացնելու իրավական կիրառական պրակտիկայում: Հանցավոր ենթամշակույթի դեմ հնարավոր է պայքարել` իրավապահ մարմիններն ուժեղացնելով: Մի հատ նայեք՝ ինչ աշխատավարձեր են ստանում, մի հատ նայեք՝ արդյոք գրավիչ է այսօր ոստիկան դառնալը»:
Օրենքի նախագծի այսօրվա քննարկումը «Իմ քայլի» պատգամավոր Հայկ Կոնջորյանը «շրիշակից ներքև» համարեց և հարցեր բարձրացրեց. «Սա Ազգային ժողո՞վ է, թե՞ ազգային քուչա: Էդ ի՞նչ շնորհք ա, մարդիկ մինչև ամբիոնին մոտենալը ռազբորկաներ են սկսում կամ ամբիոնից խոսում ես, մեկ էլ ինչ-որ մեկը սկսում ա մուննաթով արձագանքել: Էդ ձեր ջղային դեմքի արտահայտության տակ մենք ձեր վախերը տեսնում ենք ախր»:
Նա հորդորեց խոսել չիմացողներին գոնե լռել ու Ազգային ժողովի դահլիճը չվերածել «քուչայի»:
Եզրափակիչ ելույթում արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը արձագանքեց Անի Սամսոնյանին՝ հորդորելով չանհանգստանալ. «Պետությունն այնքան հզոր ա այս պահին, և թող որևէ մեկը համարձակվի անկարգություններով մեզ սպառնալ: Մենք ունենք ներքին զորքեր, մենք ունենք քրեակատարողական հիմնարկներում արտակարգ իրավիճակ հայտարարելու հնարավորություն ու իրավական հիմք։ Ու թող որևէ մեկը փորձի պետության հետ սպառնալիքի լեզվով խոսել»: