Ամբիոնից հնչել է անարգանք ԱԺ-ի հասցեին․Լիլիթ Մակունց

հունվարի 21, 2020

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։

-ԲՀԿ-ական 4 պատգամավոր ԱԺ նախագահի պահանջով հեռացվեցին նիստերի դահլիճից: Պատճառը քրեական ենթամշակույթին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանի ելույթն էր ու դրան հետևած քաշքշոցը: Պետրոսյանը ասել էր. «Այդ գողական բառերի հետ էլի երեք տառից բաղկացած բառ կա, լավ կլինի դրա դեմ էլ պայքարեք»: Հնարավո՞ր է՝ հեռացված պատգամավորների վարքագիծը քննելու համար էթիկայի հանձնաժողով ստեղծեք:

-Այդ միջադեպը ևս մեկ անգամ բոլորիս ցույց տվեց, որ քաղաքակրթական որոշ հարցերի շուրջ մենք շատ անելիք ունենք: Եվ երկրորդը` այո, մեզ պետք է մշտական գործող էթիկայի հանձնաժողով։ Շուրջ մեկ շաբաթ առաջ ասել եմ, որ հանդես եմ գալիս մշտական էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, բայց հիմա գործընթացը հնարավորինս կարագացվի։ Կլինի օրենսդրական փոփոխություն, կքննարկենք, թե որ տարբերակով գնանք, որ սահմանադրական խնդիր չի առաջանա։ Պետք է ունենանք մշտական գործող էթիկայի հանձնաժողով, դա անքննելի է։ Ավելին, նախկինում պատգամավորների համար եղել է էթիկայի կանոնակարգ։ Երկրորդ հարցով պետք է վերանայել այդ կանոնակարգը։

-Բայց Գևորգ Պետրոսյանը դահլիճում ստեղծված միջադեպից հետո հայտարարեց, թե ինքը ներողություն չի խնդրի, որովհետև որևէ մեկին անձնական վիրավորանք չի հասցրել, և ինչ գիտեք, թե այդ երեք տառով բառը որ բառ է:

-Իսկ ով գիտի, թե այդ երեք տառով բառն ով ինչպես կմեկնաբանի։ Ակնհայտ էր, որ այն իր մեջ ներառում էր թաքնված հայհոյանք, եկենք ֆիքսենք դա։ Եվ ԱԺ պատգամավորների մեծամասնությունը չի կարող դա ընկալել այլ կերպ, քան ասվեց։ Հատկապես այն տոնայնությամբ ու այն համատեքստով, ինչպես ձևակերպվեց։ Դեռ չգիտեմ, թե հանրության արձագանքն ինչպես է լինելու, բայց պատգամավորները հստակ հասկացան թաքնված հայհոյանքի ուղերձը։ Սա անարգանք է ԱԺ ինստիտուտի, ԱԺ պատգամավորի՝ որպես ինստիտուտի նկատմամբ, և անթույլատրելի է: Այդ պատճառով էլ հնչեցին համապատասխան հակադարձումներ։

-ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը նույնպես հայտարարեց, թե ներողություն չեն խնդրելու, քանի որ Գևորգ Պետրոսյանի ասածի մեջ վիրավորանք չկար, իսկ Արման Բաբաջանյանի` ներողություն խնդրելու պահանջը սադրանք էր։

-Եթե Գևորգ Պետրոսյանից հետո Արման Բաբաջանյանը ելույթ չունենար, նույն կերպ կարձագանքեին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները։ ԲՀԿ-ին ներողության կոնտեքստ պարունակող հայտարարությամբ հանդես գալու պահանջ էր ներկայացվելու։ Այն, որ մեր խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ներողություն խնդրեց, շատ տրամաբանական էր, որովհետև ԱԺ ամբիոնից հնչել է հայհոյանք: Այն թեկուզ թաքնված տեքստով արտահայտություն էր, բայց հարիր չէ այդ ամբիոնին։ Այո, մենք նույնպես պետք է ներողություն խնդրենք, եթե անգամ ԲՀԿ-ն դա չի ընդունում։

-Մյուս կողմից՝ Գևորգ Պետրոսյանի խոսքը, կարծեք թե, ձեզ էր ուղղված, քանի որ այն հնչեց քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ստեղծումը քրեականացնող նախագծի քննարկման ժամանակ:

-Մենք շատ երևույթների դեմ պայքարում ենք և շարունակելու ենք պայքարել։ Օրինակ, պայքարում ենք կոռուպցիայի դեմ, անհանդուրժող ենք և շարունակելու ենք այդպիսին լինել։ Պայքարում ենք քրեական ենթամշակույթի դեմ, անհանդուրժող ենք և շարունակելու ենք այդպիսին լինել։ Մենք պայքարում ենք իշխանությունների հավասարակշռման համար և այդպես էլ շարունակելու ենք՝ անկախ հանգամանքից, թե ինչպիսի ուղերձներով հանդես կգանք, և ինչքանով դա իրենց համար ընդունելի կլինի։

-Անցած տարեվերջին նույն օրինագծի առաջին ընթերցման քննարկման օրերին հրպարակումներ եղան, որ ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանը սպառնացել է այդ օրինագծի համազեկուցող` ձեր խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանին։ Դրան անդրադարձավ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այսինքն, ԲՀԿ-ն պաշտպանո՞ւմ է քրեական ենթամշակույթը։

-Այդ փաստերն ավելի խոսուն են, քան մենք կներկայացնենք մեր անձնական տեսակետը։ Եվ այդ խոսուն փաստերի վերաբերյալ հետևություններ ու ենթադրություններ պետք է անեն բոլոր այն քաղաքացիները, որոնք հետևում են ԱԺ նիստերին ուղիղ եթերով և հետո, երբ լսում են պատգամավորների հնչեցրած մեկնաբանությունները։

-Արման Բաբաջանյանն իր նույն ելույթում մեղադրում էր ձեզ, որ երկչոտ ոստիկանության հետ չի կարելի պայքարել քրեական աշխարհի դեմ, որ իրավապահ համակարգին պետք է նոր գործիքակազմով զինել, իսկ դատական համակարգում իրականացնել խոստացած վեթինգը:

-Նման երևույթների դեմ պայքարելու համար մենք ստեղծում ենք տարբեր մեխանիզմներ։ Առաջինը հակակոռուպցիոն մարմինն է, որը պետք է ուշադրության կենտրոնում պահի այդպիսի դրսևորումները։ Եթե խոսքը դատական համակարգին է վերաբերում, ապա բարձրագույն դատական խորհուրդը պետք է իր լիազորությունները լիարժեք իրականացնի։ Ի վերջո, ստեղծվելիք էթիկայի հանձնաժողովը ԱԺ-ում հնարավորություն կտա այս հարցերն ինստիտուցիոնալ մակարդակում բարձրացնել ու լուծումներ առաջարկել։