Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանը միտված գործադիրի քայլերից ընդդիմությունը գոհ չէ

ապրիլի 6, 2020

Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքների չեզոքացաման ինը ծրագիր է հաստատել: Դրանցից մի քանիսի հարցում խորհրդարանական ընդդիմությունը վերապահումներ ունի։

Առաջին քայլը մարտի 26-ի նիստում ընդունված համաճարակի հետևանքների հակազդման համապարփակ ծրագիրն էր՝ տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումներով։ Ընդհանուր առմամբ այդ միջոցառումները ինն են, որոնք ունեն տնտեսական ու սոցիալական բաղադրիչներ։

Մասնավորապես, կառավարության միջոցառումների տնտեսական բաղադրիչը ենթադրում է նպատակային վարկերի համաֆինանսավորման, վերաֆինանսավորման և տոկոսադրույքի սուբսիդավորման ձևերով օժանդակել Հայաստանում գործունեություն ծավալող առանձին տնտեսվարողներին։ «Այս միջոցառման ամենամեծ ու կարևոր տրամաբանությունը սա է՝ մենք ուզում ենք, որ տնտեսության արյունատար համակարգը սկսի աշխատել, և ինչքան հնարավոր է, ծավալով աշխատի», -կառավարության նիստում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ավելին, նա ընդգծել էր, որ այս ծրագիրն ըստ էության ունի սոցիալական բաղադրիչ, քանի որ արտոնյալ վարկերը տրամադրվում են աշխատողներին աշխատավարձ տալու համար։ Համաճարակի հետևանքների չեզոքացման ծրագրերի շրջանակում մեծ տեղ է հատկացվում գյուղատնտեսությանը, իսկ սոցիալական աջակցության ծրագրի շրջանակում իրականացվող միջոցառումների թիրախում տարբեր սոցիալական խմբեր են՝ աշխատանք կորցրած մարդիկ, այդ թվում՝ հղիներ ու բազմազավակ ընտանիքներ, նպաստառուներ։ Նրանք ստանալու են միանվագ աջակցություն կառավարության կողմից։ Մինչև ապրիլի 10-ը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կընդունի աջակցության բաշխման մասին համապատասխան կարգը, և ապրիլի 10-ից աջակցության ծրագիրը կգտնի իր շահառումներին:

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, բնականաբար, աջակցեց կառավարությանը. տնտեսական բլոկի պատգամավորները բոլոր հնարավոր հարթակներով տարածում էին կառավարության միջոցառումների ծրագրերը, իրազեկում հանրությանը և հայտարարում՝ ստեղծված իրավիճակում արված քայլը համարժեք արձագանք է խնդրին։ Ավելին, Ազգային ժողովը աջակցություն հայտնեց կառավարությանը՝ պատրաստակամություն հայտնելով իր տարեկան բյուջեից 500 մլն դրամ հետ ուղարկել պետական բյուջե՝ համաճարակի կանխարգելման, վերահսկման և բուժման շրջանակներում արվող միջոցառումներին հատկացնելու նպատակով։

«Վերադարձվող ֆինանսական միջոցները ներառում են ամբողջ տարվա համար նախատեսված, սակայն դեռ չկնքված տարբեր պայմանագրերի ֆինանսավորման նպատակով հատկացված միջոցները, գործուղումների գծով 1-ին եռամսյակի համար նախատեսված, բայց փաստացի չծախսված և 2-րդ եռամսյակի համար նախատեսված ֆինանսական միջոցները, 2-րդ եռամսյակի համար նախատեսված ԱԺ շուրջ 700 աշխատակիցների և պատգամավորների պարգևատրման ողջ ֆոնդը, ինչպես նաև ներկայացուցչական ծախսերի, էներգետիկ ծառայությունների և այլ բյուջետային տողերով նախատեսված միջոցներ», -հայտարարել էր ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։

Ըստ «Լուսավոր Հայաստանի»՝ աջակցությունը բավարար չէ

«Լուսավոր Հայաստանի» համար տարօրինակ էր՝ ինչո՞ւ են բանկերն առաջնային դիրքեր բերվում, և կորոնավիրուսի հետևանքները չեզոքացնելու համար բիզնեսներին անհատույց փոխհատուցում տրամադրելու փոխարեն պետությունը կրկին վարկ է առաջարկում՝ թեկուզ անտոկոս, և ավելացնում մարդկանց պարտքերը: Քննադատելով կառավարության այդ մոտեցումը՝ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը պնդում էր՝ պետությունը պետք է անհատույց փոխհատուցումներ տրամադրի բիզնեսին, որպեսզի նրանք կարողանան չաշխատելու ընթացքում վճարել իրենց աշխատողներին։ Այսպես, ըստ պատգամավորի, պետությունը կարող էր աջակցել բազմաթիվ քաղաքացիների:

«Մենք առաջարկում ենք վնաս կրած սեկտորին ուղղակի անհատույց ֆինանսական աջակցություն ցույց տալ», -ասում էր Մարուքյանը՝ ընդգծելով, որ պետությունն ունի պահեստավորած հնարավորություններ նման օգնություն ցուցաբերելու համար։ Մարուքյանն առանձնացնում էր սոցիալական տարբեր խմբեր՝ օրավարձով աշխատողներ, վարձով ապրող քաղաքացիներ, որոնց յուրաքանչյուր քաղաքում պետք է նույնականացնել ու աջակցել։ Ի տարբերություն կառավարության միջոցառումների ծրագրի տնտեսական բաղադրիչի, Մարուքյանը ողջունում էր կորոնավիրուսի հետևանքների չեզոքացմանն ուղղված սոցիալական ծրագրերը։ «Ողջունում եմ կառավարության սոցիալական ծրագիրը և ուրախ եմ, որ գործադիրը ականջալուր եղավ, ինչի արդյունքում օրավարձով, չգրանցված, խոցելի խմբերում ընդգրկված քաղաքացիները աջակցություն կստանան», -իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր Մարուքյանը։

7 առաջարկ՝ «Բարգավաճ Հայաստանից»

Հայաստանում բազմաթիվ բիզնեսներ ունեցող Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ևս անբավարար համարեց տնտեսական ծանր հետևանքները հարթելուն ուղղված կառավարության քայլերը։ ԲՀԿ-ականները կառավարությանը 7 կետանոց առաջարկությունների փաթեթ ներկայացրին։ Նրանք առաջարկում էին 1 միլիոնից ավելի վարկառուների մեծ մասի համար իրականացնել վարկային տոկոսների համաներում՝ պետության սուբսիդավորմամբ։ «Մենք ասում ենք, որ պետական բյուջեն պետք է այս պահին սուբսիդավորի, և բանկերն էլ պիտի իմաստավորեն իրենց շահույթների չափը։ Այս քայլը չի բերի որևէ ինֆլյացիայի, քանի որ մեր պահուստները 2,8 միլիարդ են», -հայտարարել էր ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Առաջարկում էր նաև շուրջ 200 հազար օրավարձով աշխատող քաղաքացիների ընտանիքներին ամսական հատկացնել 70 000 դրամ։ Այդ գումարները տրամադրել պետական բյուջեի հաշվից՝ ըստ Կառավարության կողմից նախատեսված հակաճգնաժամային ծրագրի։ Հարկային արձակուրդը ևս ԲՀԿ-ականների առաջարկների մեջ էր մտնում։ Ըստ ԲՀԿ-ականների՝ տնտեսության այն ոլորտները, որոնք ամենամեծ հարվածն են ստացել և չեն գործում՝ պայմանավորված  արտակարգ դրությամբ, պետք է ստանան հարկային արձակուրդ։ «Սա նաև ձեռնարկություններն ու աշխատատեղերը փրկելու միջոց է։ Հարկային արձակուրդի շրջանակը և իրականացման ձևերը պետք է համակողմանի քննարկել», -ընդգծել էր Մելքումյանը։