ԱԺ հատուկ նիստ-2․ արտակարգ դրությունը կշարունակվի

ապրիլի 13, 2020

Ապրիլի 13-ին, դարձյալ կառավարության օրակարգով, Ազգային ժողովում երկու նիստ գումարվեց՝ հատուկ և արտահերթ: Երկուսի առիթն էլ կորոնավիրուսի համաճարակն էր: Կառավարությունը առաջարկում էր մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամկետը և ընդլայնել կորոնավիրուսով վարակված անձանց բուժսպասարկման հնարավորությունները:

Պատրաստվում են վատթարագույնին

Արտահերթ նիստում 24 ժամվա ռեժիմով քննարկվեց և ընդունվեց երկու օրինագիծ` «Դեղերի մասին» և «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ու «Լիցենզավորման մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերը:

«Դեղերի մասին» օրենքում փոփոխությունների նախագծով կառավարությունն առաջարկում էր 4 ամսով երկարաձգել դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը և ապրիլի 15-ից տեղափոխել օգոստոսի 15-ը` հաշվի առնելով կորոնավիրուսային հիվանդության հետևանքով տնտեսվարող սուբյեկտների համար առաջացած դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման գործընթացի կազմակերպման գործնական անհնարինությունը:

Մյուս երկու նախագծերի փաթեթով գործադիրն առաջարկում էր կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնություն մատուցելու հնարավորություն տալ նաև այն բժշկական կենտրոններին, որոնց տրված լիցենզիաներով նախատեսված չէ նման բուժսպասարկում իրականացնելը, ինչպես նաև, նույն՝ կորոնավիրուսի խնդրով պայմանավորված՝ վերապատրաստվելու հնարավորություն տալ այլ ուղղվածությությամբ մասնագիտացած բուժաաշխատողների և կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողներին:

Այս երկրորդ նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը հարցրեց, թե կառավարությունը նման հնարավորություն է ստեղծում, քանի որ ցանկանում է հետագա զարգացումների՞ն պատրաստ լինել, թե՞ իրավիճակն արդեն այնքան բարդ է, որ եղած հնարավորությունները չեն բավարարում: Նախագծերը ներկայացնող առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանեց, որ իրենք պատրաստվում են հնարավոր վատթարագույն սցենարին:

Երկու նախագծերն էլ ընդունվեցին միաձայն

Եվս 1 ամիս արտակարգ ռեժիմով

Արտահերթ նիստի առաջին և երկրորդ ընթերցումների արանքում գումարված հատուկ նիստում խորհրդարանը քննարկեց կառավարության որոշումը՝ հանրապետությունում արտակարգ դրությունը ևս 1 ամսով՝ մինչև մայիսի 14-ը երկարեցնելու մասին: Որոշումըը ներկայացնելու համար խորհրդարան էր եկել պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով՝ կառավարությունը որոշել է երկարեցնել արտակարգ դրությունը, քանի որ չեն վերացել դրա հիմնական պատճառները: Հայաստանում կան կորոնավիրուսի նկատմամբ խոցելի հարյուր հազարավոր. անկախ առողջական վիճակից՝ միայն տարիքային առումով ՀՀ մշտական բնակչության ավելի քան 12 տոկոսը կամ 352 հազար մարդ: Ինչ վերաբերում է առողջական վիճակով պայմանավորված ռիսկային խմբերին, պարետի ներկայացրածի համաձայն՝ երկրորդ տիպի շաքարային դիաբետ ունի 77.418 մարդ, սրտի իշեմիկ հիվանդություն` 71.025, հիպերտենզիա`145.408:

Տիգրանը Ավինյանն ասաց, որ սկզբում վարակի տարածման արագությունը գնահատվել է 2,4. այսինքն, 1 վարակակիրը կարող էր վարակել այդքան մարդու: Եվ եթե կառավարությունը արտակարգ դրություն չհայտարարեր ու ոչինչ չձեռնարկեր, ապա վիրուսի տարածման բարձրագույն կետը վրա կհասներ վարակի առաջին դեպքից 75-85 օր հետո: Հիմա 50 օրվա միջակայքում ենք: Միաժամանակ, վարակված կլիներ բնակչության 89 տոկոսը, իսկ հոսպիտալացման ենթակա ծանր դեպքերի թիվը կլիներ 8200: Նման վիճակում, Տիգրան վինյանի խոսքով, մեր առողջապահական համակարգն ի զորու չէր լինի արձագանքելու նույնիսկ ընթացիկ դեպքերին, և այսօր կունենայինք 30 հազար վարակված անձ և հարյուրավոր մահեր:

Արդեն իրականացրած միջոցառումներով կառավարությունը նպատակ է ունեցել հնարավորինս հարթեցնել վիրուսի տարածման դինամիկան` մարումն ապահովելով առանց անկառավարելի պիկերի: Այդ միջոցառումների ու սահմանափակումների արդյունքում վարակվածության մակարդակը նվազել է: «Այս խիստ սահմանափակումների արդյունքում մենք ունեցել ենք մի պատկեր, որը մեզ ապացուցել է, որ սահմանափակումները էֆեկտիվ են: Վարակի տարածման ինտենսիվության գործակիցը եթե մարտի 23-ի շրջանում կազմել է 1,2-1,3, ապա մարտի 23-ից կիրառված սահմանափակումներից հետո` մարտի 31-ին կազմել է 0,8 -09 մարդ»,- ասաց պարետ Ավինյանը:

Նա նաև տեղեկացրեց, որ հեռախոսազանգերը ֆիքսելու միջոցով կոնտակտավորներին տեղորոշելու մասին օրենքի ընդունումից հետո ավտոմատացված համակարգով վերլուծվել է 315 հիվանդի կոնտակտ և վեր է հանվել նաև 3029 կոնտակտավոր: «Բոլորի հետ կապ է հաստատվել, քաղաքացիների մի մասը ինքնամեկուսացվել է»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Ըստ պարետի՝ այս պահին անկառավարելի իրավիճակ չկա, և կա 1700 վիրուսակիր հիվանդի սպասարկելու հնարավորություն: Նա հույս հայտնեց, որ ապրիլի 20-ից հետո վիրուսի տարածումը կարող է նվազել, թեև չբացառեց, որ նոր բռնկումներ կլինեն:

Արտակարգ դրության երկարացման առաջարկության հետ միասին կառավարությունն առաջարկում էր չեղյալ համարել լրատվամիջոցների նկատմամբ կիրառված սահմանափակումները, քանի որ այս ընթացքում մոնիթորինգ անելով` պարզել են, որ խուճապ առաջացնող հարապարակումների թիվը մեծ չի եղել:

«Լուսավոր Հայաստանն» առաջարկում էր մեղմել սահմանափակումները

ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, թե պարետն այս ընթացքում ընդունել է նորմատիվ իրավական ակտեր և լրացուցիչ սահմանափակումներ է կիրառել, ինչի իրավունքը արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքը նրան չի տալիս: Այնուհետև ներկայացրեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված որոշակի միջոցառումների իրականացումը չեղյալ հայտարարելու մասին» ԱԺ որոշման իրենց նախագիծը :

Նախագծով ԼՀ-ն ԱԺ-ին ու կառավարությանն առաջարկում էր սանիտարահամաճարակային կանոնների խստիվ պահպանման և վերահսկողության պայմաններում թույլ տալ աշխատել Երևանի մետրոպոլիտենին և ավտոբուսային պարկին: Էդմոն Մարուքյանը տարակուսած էր՝ եթե պարետը գյուղատնտեսական, շինարարական աշխատանքները թույլ է տալիս, ապա աշխատողներն ինչպե՞ս պետք է հասնեն աշխատավայր, ի վերջո, ոչ բոլոր գործատուները նրանց տրանսպորտով ապահովելու հնարավորություն կունենան:

ԼՀ-ն նաև առաջարկում էր թույլատրել արհեստագործական նշանակության օբյեկտների, կահույքագործների, տնտեսական, շինարարական և սպորտային բնույթի ապրանքների վաճառքով զբաղվող առևտրային կետերի, ավտոմեքենաների տեխսպասարկման ծառայությունների, Ոստիկանության հաշվառման, ինչպես նաև պրոթեզավորման կենտրոնների աշխատանքը:

Ազգային ժողովը չընդունեց ԼՀ-ի այս նախագիծը, կողմ էր միայն ներկայացնող խմբակցությունը: «Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց, «Բարգավաճ Հայաստանը»` ձեռնպահ: