Պատգամավորի էթիկան՝ առանց էթիկայի հանձնաժողովի

հուլիսի 14, 2020

«Իմ քայլը» կարգավորումներ է մշակում  

7-րդ գումարման Ազգային ժողովի աշնանային նստաշրջանում գրանցվեց պատգամավորի էթիկայի կանոնների խախտման մի քանի աղմկտ դեպք, բայց դրանցից ոչ մեկի առիթով խորհրդարանում էթիկայի ժամանակավոր հանձնաժողով չստեղծվեց: Խորհրդարանական մեծամասնությունը լավատեսորեն կարծում է, որ եկող՝ 5-րդ նստաշրջանի ընթացքում կստեղծեն մշտական հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով:

Գործող Սահմանադրությունը տալիս է միայն ժամանակավոր, կոնկրետ գործի քննության նպատակով էթիկայի հանձնաժողով ստեղծելու հնարավորություն: Առաջիկայում նախատեսվող Սահմանադրության բարեփոխումների միջոցով այս սահմանափակումը կվերանա, և էթիկայի հանձնաժողովին կտրվի մշտականի կարգավիճակ: Բայց մինչ սա՝ իշխող խմբակցությունը փորձում է գտնել մի այնպիսի կարգավորում, որը թույլ կտա աշնանը, հանդարտ միջավայրում ստեղծել մի այնպիսի էթիկայի հանձնաժողով, որը կկարողանա քննել էթիկային առնչվող բոլոր դեպքերը: Այս մասին Parliamentmonitoring-ի հետ զրույցում ասում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։

«Իմ քայլը» խմբակցությունում հենց նրան է վստահված նոր հանձնաժողով ստեղծելու հարցի ուսումնասիրությունը, և հենց ինքն էլ նկատում է, որ գործընթացը դանդաղում է: Դրա համար, ասում է, կան օբյեկտիվ պատճառներ. «Թվում է, թե գործընթաց դանդաղ է ընթանում, բայց երբ սկսում ես զբաղվել գաղափարի իրագործմամբ, ի հայտ են գալիս նոր խնդիրներ։ Էթիկայի հանձնաժողովի պարագայում այդ խնդիրը էթիկայի համապարփակ կանոնագրքի բացակայությունն է և բարեվարքության ողջ համակարգի հատվածական լինելը»:

«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքը սահմանում է պատգամավորի վարքականոն, որը խախտելու համար ԱԺ նախագահը կամ նիստը նախագահողը կարող է կիրառել հետևյալ կարգապահական միջոցները՝ նախազգուշացում, խոսափողի անջատում, մեկ նիստում խոսափողից հանդես գալու իրավունքից զրկում, հեռացում դահլիճից և դահլիճում ներկա լինելու իրավունքից մինչև յոթ օրով զրկում:

Այս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ նախագահողի օրինական պահանջը չի կատարվում, քննարկվող հարցից ելույթում պատգամավորը շեղվում է, վիրավորական արտահայտություն է անում, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվում կամ քվեարկում է, խոչընդոտում է պատգամավորի քվեարկությանը, ԱԺ նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն է կատարում։

Վկայակոչելով «Պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» ՀՀ օրենքը՝ Մարիա Կարապետյանն ասում է, որ այն թվարկում է պատգամավորական էթիկայի ընդհանուր բնույթի 8 կանոն, սակայն չի նշում, թե ինչ կարգապահական միջոցներ կարելի է կիրառել սրանց խախտման դեպքում։

Հանձնաժողովի ստեղծման ճանապարհի մյուս խնդրահարույց դրվագը, ըստ Մարիա Կարապետյանի, վերաբերում է պատգամավորական մանդատի անհամատեղելիությանը, շահերի բախմանն ու հայտարարագրերին. այստեղ հատվում է էթիկայի հանձնաժողովի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթները, և պետք է գտնել համագործակցության օրենսդրական հիմքեր:

«Հանրային ծառայության մասին» օրենքը ասում է, որ շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելը կամ որոշում ընդունելը պետք է առաջացնի կարգապահական պատասխանատվություն, սակայն նույն օրենքը սահմանում է նաև, որ կարգապահական պատասխանատվության վերաբերյալ դրույթները կիրառելի չեն քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց նկատմամբ, մինչդեռ հայտնի է, որ պատգամավորի պաշտոնը քաղաքական պաշտոն է։

Պատգամավորի բարեվարքության ընդհանուր համակարգը կարգի բերելու համար, Մարիա Կարապետյանն ասում է՝ կօգտագործեն ամռան ամիսները, հատկապես որ մինչ սա միջազգային գործընկերների համագործակցությամբ փորձել են քարտեզագրել այդ համակարգի բացերը:

Մինչ «Իմ քայլում» նոր հիմունքներով գործող էթիկայի հանձնաժողով ձևավորելու ճանապարհներ են մշակում, ընդդիմադիր խմբակցությունները թերահավատորեն կանխատեսում են՝ հանձնաժողովը չի կարողանա արդյունավետ գործել:

ԼՀԿ-ն և ԲՀԿ-ն թերահավատ են

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Parliamentmonitoring-ին ասել է, որ իշխող մեծմասնությունը իրենց ընդամենը տեղեկացրել է նախագիծ պատրաստելու մասին: Ասել են, որ էթիկայի հանձնաժողովը, նախորդ գումարման նման, գործելու է մշտական հիմունքներով, բայց որևէ նախագիծ ԼՀ-ին չի ներկայացվել:

Հարցին՝ կնպաստի՞ էթիկայի հանձնաժողովի կարգավիճակի փոփոխությունը հանձնաժողովի նկատմամբ վստահելիության բարձրացմանը և խորհրդարանում էթիկայի խախտման դեպքերի նվազմանը, Էդմոն Մարուքյանը պատասխանել է. «Իրավիճակը կփոխվի, եթե «Իմ քայլի» պատգամավորները չզրպարտեն, չկոպտեն և իրենց վիրավորանքներով պատասխան վիրավորանքների առիթ չտան։ Միայն այդ դեպքում։ Ամեն բան կախված է քաղաքական մեծամասնությունից»։ Առայժմ, ըստ ընդդիմադիր պատգամավորի, խորհրդարանում էթիկայի բոլոր խախտումները թույլ է տալիս «Իմ քայլը» դաշինքը։

Ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ եթե այնպիսի լուրջ խախտում լիներ, որի հարցով արժեր հանդես գալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, ԲՀԿ խմբակցությունը կքննարկեր և գուցե կաջակցեր դրա ձևավորմանը։ «Ես, որպես անհատ պատգամավոր, գուցե, տեսել եմ դրա անհրաժեշտությունը, բայց էստեղ կարևոր է խմբակցության միասնական դիրքորոշումը»,- Parliamentmonitoring-ին ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Նա դժվարանում է ասել՝ Էթիկայի հանձնաժողովի մշտական կարգավիճակը կբարձրացնի՞ վստահելիությունը հանձնաժողովի նկատմամբ, թե՞ ոչ։ Նա կարևորում է պատասխանատվությունը պատգամավորի, պաշտոնյայի վարքականոնի հանդեպ։

«Չեմ կարծում, որ պրեսինգի, ճնշման գործիքը լավագույն միջոցն է։ Մեզանից յուրաքանչյուրը ներքին էթիկայի կոդեքս պետք է ունենա՝ հասկանալու համար, որ չի կարելի հայհոյել, չի կարելի վիրավորել, չի կարելի բանավեճը իջեցնել անձնական «ռազբորկայի» հարթություն։ Եթե այս գիտակցումը լինի, որևէ էթիկայի հանձնաժողովի կարիք չի լինի։ Նաիրա Զոհրաբյանը վստահ չէ, թե էթիկայի հանձնաժողովի կարգավիճակի փոփոխությունը կփոխի դրա բովանդակությունը: