Հայտնի է ՍԴ դատավորի երկրորդ թեկնածուի անունը

օգոստոսի 1, 2020

Հունիսի 22-ի սահմանադրական փոփոխություններից հետո թափուր մնացած ՍԴ դատավորի երեք պաշտոնների համար առաջադրված թեկնածուներից երկուսն արդեն հայտնի են։ Թեկնածու ներկայացնելու հարցում առայժմ չի շտապում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

ՍԴ դատավորի կառավարության թեկնածուի մասին Parliamentmonitoring.am-ն արդեն գրել է նա իրավաբանական գիտությունների դոկտոր Վահրամ Ավետիսյանն է, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախկին նախագահ Դավիթ Ավետիսյանի որդին, ինչի պատճառով էլ հայտնվել է իրավապաշտպան կազմակերպությունների քննադատության թիրախում։

Հուլիս 31-ին հայտնի դարձավ ՍԴ դատավորի երկրորդ թեկնածուի անունը։ Սահմանադրությամբ թեկնածու առաջադրելու իրավունք կառավարության և հանրապետության նախագահի հետ ունի Դատավորների ընդհանուր ժողովը։

Դատավորները որոշել են ՍԴ գործուղել Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Տասը ժամից ավելի տևած դռնփակ նիստին մասնակցած 180 դատավորները (դատավորների ընդհանուր թիվը 236 է) 145 ձայնով ՍԴ դատավորի թեկնածու են ընտրել Երվանդ Խունդկարյանին։ Մյուս թեկնածուն՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արման Կուրեխյանը, բավարար ձայներ չի ստացել։

Դատավորների ընդհանուր ժողովը նաև Բարձրագույն դատական խորհրդի անդամի պաշտոնում ընտրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ստեփան Միքայելյանին՝ 97 ձայնով։

Երվանդ Խունդկարյանը Ազգային ժողովի կողմից Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվել է 2018-ի քաղաքական իրադարձություններից հետո՝ սեպտեմբերի 13-ին։ Մինչ այդ զբաղեցնում էր Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի նախագահի պաշտոնը։

Մամուլը գրում է, որ Երվանդ Խունդկարյանն էլ հենց Սահմանադրական դատարանի նախագահի ամենահավանական թեկնածուն է։ Ինքը՝ թեկնածուն, ընտրությունից հետո լրագրողների հետ չշփվեց և այդպես էլ անհասկանալի մնաց՝ ինչու է որոշել թողնել Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը և գնալ Սահմանադրական դատարան։

Նույն նիստում Դատավորների ընդհանուր ժողովը ընտրել է դատավորների բարեվարքությունը ստուգող մարմինների՝ Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի, Դատավորների գործունեության գնահատման հանձնաժողովի անդամներ։

ՀՀ նախագահը՝ չկողմնորոշված

ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար երրորդ թեկնածուին պետք է առաջադրի հանրապետության նախագահը։ Արմեն Սարգսյանի աշխատակազմն առայժմ որևէ տեղեկություն չի հաղորդել, փոխարենը որոշ մանրամասներ է ներկայացրել նույն պաշտոնում որպես թեկնածու Արմեն Սարգսյանի կողմից արդեն մեկ անգամ առաջադրված Գոռ Հովհաննիսյանը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայում։ Նա News.am-ին ասել է, որ ՀՀ նախագահականից կապվել են իր հետ և հետաքրքրվել՝ կցանականա՞ր դարձյալ առաջադրվել ՍԴ դատավորի պաշտոնում։ Հովհաննիսյանը նշել է, որ մերժել է առաջարկը, քանի որ Սահմանադրական դատարանում և դրա շուրջ այժմ ընթացող գործողությունները հակասահմանադրական է համարում։

ՍԴ դատավորի 3 պաշտոնները թափուր են հունիսի 22-ի սահմանադրական փոփոխություններից հետո, որոնցով 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ անդամների լիազորությունների ժամկետը համարվեց ավարտված։ Փոփոխությունը վերաբերում էր Ալվինա Գյուլումյանին, Ֆելիքս Թոխյանին և Հրանտ Նազարյանին։ ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը շարունակելու է պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր։