Հայաստանում ռազմական դրություն է

սեպտեմբերի 27, 2020

Սեպտեմբերի 27-ին, առավոտյան ժամը 07։15-ի սահմաններում Ադրբեջանի զինված ստորաբաժանումները լայնածավալ հարձակում են նախաձեռնել Արցախի ուղղությամբ՝ կիրառելով հրետանային, օդուժ, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), զրահատեխնիկա, կենդանի ուժ և այլ ստորաբաժանումներ։

Ադրբեջանական հարձակման թիրախում են եղել խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը։

Հարձակման հետևանքով Մարտունիում զոհվել են տատիկն ու իր 9-ամյա թոռնիկը, Ստեփանակերտում գրանցվել են տասնյակ վիրավորներ, տուժել են քաղաքացիական ենթակառուցվածքներ։

Արցախում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Ժամերի տարբերությամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ, որին հաջորդեց Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման ստորագրումը։

«Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորն է։ Հայաստանի Հանրապետությունը իր բնակչության և պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Գործադրելու ենք ամեն հնարավոր ջանք մեր հայրենիքի սահմանները անառիկ պահելու, ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար», -ժողովրդին ուղղված տեսաուղերձում հայտարարեց վարչապետը։

ԱԺ հատուկ նիստ՝ իրավունքի ուժով

Սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվեց Ազգային ժողովի հատուկ նիստ, որի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց արցախաադրբեջանական սահմանում տիրող իրավիճակը։ Նա տեղեկացրեց, որ գործնականում հարձակման թիրախ են դարձել Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի բոլոր դիրքերը շփման գծի ողջ երկայնքով։

«Սա Ադրբեջանի փորձն է Արցախի հարցը լուծել ռազմական ճանապարհով և ԼՂ-ն օկուպացնել։ Հաշվի առնելով, որ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակում նաև կա Հայաստանի Հանրապետության վրա հարձակման սպառնալիք, ՀՀ կառավարությունը հայտարարել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք», -հայտարարեց վարչապետը։

Նա տեղեկացրեց, որ հայկական կողմը զոհեր ունի ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական անձանց շրջանում։ Ավելի ուշ Արցախի պաշտպանության նախարարի տեղակալը հստակեցրեց՝ հայկական կողմը ունի 16 զոհ, 100-ից ավելի վիրավոր։

«Այս պահին մենք ֆիքսված իրավիճակ չունենք, այն գտնվում է զարգացման մեջ։ Մեր զինվորականները ասում են՝ լարված է իրավիճակը, բայց առայժմ ամբողջական գնահատական տալու համար վաղ է։ Տեղի ունեցածի մեջ ռազմավարական առումով անսպասելի որևէ բան չկա: Կոնտեքստը հետևյալն է՝ մեր ժողովրդի առաջ խնդիր էր դրվում ու շարունակվում է դրվել, ըստ էության, հրաժարվել Արցախի ժողովրդի իրավունքներից կամ ստանալ պատերազմ։ Ուզում եմ հստակ արձանագրենք՝ ողջ ընթացքում Ադրբեջանի դիրքորոշումը եղել է այսպիսին, և բանակցային գործընթացում Ադրբեջանը երկար տարիներ հետևողականորեն զարգացրել է այս գիծը՝ կամ մենք հրաժարվում ենք Արցախի հայության իրավունքներից կամ ստանում ենք պատերազմ», - խորհրդարանում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

«Այսօր ես չեմ եկել ասելու, թե ինչի են պատրաստ մեր զինվորները, մեր գեներալները։ Այսօր ես եկել եմ ասելու, թե ինչի եմ պատրաստ ես։ Ես պատրաստ եմ զոհվելու հանուն մեր հայրենիքի։ Հայ ժողովուրդը ծնկած չի եղել և չի լինի երբեք։ Հայ ժողովուրդը ամուր ողնաշարով, պարզ մտքով պետք է կանգնի այս հողի վրա։ Եվ երբ ասում ենք՝ բոլորս զինվոր ենք, մենք ասում ենք մի բան՝ ծեր, թե երիտասարդ, կին, թե տղամարդ, պաշտոնյա, թե գործազուրկ այսօր միայն մի ուղերձ ունենք աշխարհին՝ մենք պետք է հայտարարենք, որ մենք պատրաստ ենք զոհվելու հանուն մեր հայրենիքի, մեր հայրենիքը ոչ մի միլիմետր չենք զիջի, մեր իրավունքը ոչ մի միլիմետր չենք զիջի։

Մենք պետք է հաղթենք, որովհետև մենք պարտվելու տարբերակ չունենք։ ՀՀ ժողովուրդը պետք է գոյություն ունենա հավիտյան, Արցախը պետք է ապրի, Արցախը պետք է լինի հզոր, ինքնորոշված, ինքնուրույն, անկախ։ Այսօրվա մեր նիստը միասնության, հաղթանակի մասին է։ Պատրաստեք Ձեզ հաղթանակի, պատրաստեք Ձեզ նվիրումի, պատրաստեք Ձեզ զոհողության, որովհետև սա վճռական ժամանակ է։ Մենք միասնական ենք, քան երբևէ»,- իր ելույթը եզրափակեց վարչապետը:

Արցախի հետ Հայաստանի ռազմաքաղաքական դաշինք կնքելու և Արցախի անկախությունը ճանաչելու հարցը բարձրացրեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։ Ի պատասխան Փաշինյանն ասաց, որ Հայաստանի իշխանությունների օրակարգում կա Արցախի անկախությունը ճանաչելու հարցը, սակայն թերևս եկել է ժամանակը օրակարգային հարցը դարձնել ակտիվ քննարկման առարկա։

«Շատ լրջորեն պետք է այդ հարցը քննարկենք՝ գնո՞ւմ ենք այդ քայլին, թե՞ ոչ։ Գուցե այս հարցուպատասխանից հետո հանրային քննարկում էլ սկսի, բայց մենք քննարկում ենք բոլոր հնարավորությունները, իրադարձությունների զարգացման բոլոր սցենարները։ Այո, այդ հարցը մեր օրակարգում եղել է ու հիմա օրակարգից տեղափոխվի քննարկման սեղան։ Պետք է նստենք՝ մեր գործողությունները հասկանանք՝ անում ենք դա, թե ոչ։ Պետք է սկսել քննարկումները», -հայտարարեց Փաշինյանը։

«Ես հպարտ եմ, խորհրդարանը միասնական է»

Ադրբեջանի սանձազերծած զինված հարձակումը միասնական էր դարձրել խորհրդարանական ուժերին. նրանք իրենց ելույթներում ու հարցերում խոսում էին միասնական լինելու անհրաժեշտությունից։

«Չեմ ուզում, որ այս պատերազմի համատեքստում մենք ապագայում ունենանք խոսակցություններ, թե՝ մենք սպասում էինք հրամանի և այլն։ Պարոն վարչապե՛տ, այսօր ռազմական դրության ուժի մեջ մտնելուց հետո Դուք ստանձնել եք գերագույն-գլխավոր հրամանատարի առաքելությունը, հետևաբար տվե՛ք ամբողջական հրամաններ, տվեք առաջ գնալու հրամաններ, շարժվել առաջ և բոլորով գնանք առաջ։ Որովհետև եթե մենք էս պատմությունը թողեցինք կիսատ, մենք շարունակելու ենք արնաքամ լինել, իսկ մենք արնաքամ ենք լինում արդեն 25-ից ավելի տարի՝ ամենօրյա ռեժիմով, ավելի լավ է՝ մի անգամ արնքամ լինենք, բայց վերջնական լուծենք էս խնդիրը», -դիմելով վարչապետին հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

«13 տարի մենք մեզ ասել ենք՝ եկեք չքննարկենք Արցախի ճանաչման հարցը, որովհետև դա կարող է առավել սրել իրավիճակը։ Մենք չգիտենք՝ ինչ է լինելու վաղը։ Ադրբեջանը թքել է միջազգային բոլոր պայմանագրերի վրա՝ չհարձակվելու քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա։ Առաջարկում եմ համարել մեկնարկած Արցախի ճանաչման գործընթացը։ Սա միջազգային հանրության դեմ ուղղված չէ, խաղաղ բանակցային գործընթացին ուղղված չէ։ Գործ ունենք մի թշմնամու հետ, որի հետ խաղաղության լեզվով խոսել հնարավոր չէ», -«Բարգավաճ Հայաստան» խմբակցության անունից հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իր ելույթով դիմեց հայ կանանց և մայրերին. «Անհրաժեշտության դեպքում լինելու ենք մեր զինվորների կողքին՝ առաջնագծում։ Մի անգամ չէ, որ պատմության ընթացքում ցույց ենք տվել, որ տոկուն ենք մեր հայրենիքն անառիկ պահելու և հաղթանակներ գրանցելու հարցում»: «… Ուզում եմ իմ հպարտությունը հայտնել այսօր մեր ունեցած այս իրավիճակում, որովհետև Ազգային ժողովի խմբակցությունները լրացրեցին ասելիքը, և այս իրավիճակը բացառիկ է նրանով, որ եզրափակիչ ելույթում շատ ասելու բան չկա», -իր եզրափակիչ ելույթում հայտարարեց Փաշինյանը։

Նա վստահեցրեց, որ բոլոր անհրաժեշտ հրահանգները տրված են և հորդորեց չկասկածել այդ հարցում։

Ռազմական դրությունը և դրանից բխող սահմանափակումները

Ռազմական դրություն հայտարարվում է միայն այն հանգամանքների գոյության դեպքում, որոնք անմիջականորեն սպառնում են երկրի ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված` քաղաքացիների կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու: Դրանցից են, օրինակ՝ այլ պետության զինված ուժերի կողմից ՀՀ տարածք ներխուժելու անմիջական վտանգի առկայությունը, ռմբակոծումը, ՀՀ զինված ուժերի կամ այլ զորքերի վրա հարձակումը՝ անկախ վերջիններիս տեղակայման վայրից, այլ պետության գործողությունները, որոնք թույլ են տալիս երրորդ պետությանը իր տարածքն օգտագործել ՀՀ նկատմամբ զինված հարձակում իրականացնելու համար և այլն:

Ռազմական դրություն հայտարարելու մասին  կառավարության որոշմանը կից հավելվածով սահմանվում են կիրառվող միջոցառումները և  սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները:

Մասնավորապես, սահմանվում է, որ ՀՀ ողջ տարածքում հայտարարվում է ընդհանուր զորահավաք, ՀՀ զինված ուժերը,  քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր մարմնի ուժերը փոխադրվում են պատերազմական ժամանակաշրջանի կազմի ու կառուցվածքի։

Հայտարարվում է  սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների ղորահավաքային զորակոչ։

Ըստ որոշման՝ ՀՀ ամբողջ տարածքում արգելվում է հավաքների և գործադուլների կազմակերպումը, անցկացումը և դրանց մասնակցելը։

Հայաստանում եւ Արցախում տեղի ունեցող մարտական գործողությունների, պատճառված վնասների եւ կորուստների վերաբերյալ հրապարակումներ անելիս, տեղեկատվական նյութեր, հարցազրույցներ տարածելիս պարտադիր է համարվում պետական մարմինների տրամադրած պաշտոնական տեղեկատվության վրա հիմնվելը։