Առանց թուրքական ապրանքերի․ինչպիսի՞ն կլինեն հետևանքները

Հարցազրույց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ
-Նոյեմբերի 2-ից խորհրդարանական հանձնաժողովներում սկսվում են 2021թ. բյուջեի նախագծի քննարկումները: Հասցրե՞լ եք ծանոթանալ, ինչպիսի՞ն է լինելու եկող տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը:
-Դեռ ամբողջապես չեմ ծանոթացել նախագծին, քանի որ պատերազմով պայմանավորված՝ այլ զբաղվածություն եմ ունեցել։ Գնահատականներս ծանոթանալուց հետո կտամ:
-Բայց կարելի չէ՞ պատկերացնել, որ համաճարակը և պատերազմը մեծապես ազդած պետք է լինեն Բյուջեի նախագծի բովանդակության վրա:
-Հիմա այնպիսի տեմպ է հավաքել կորոնավիրուսը, որ, ուզենք-չուզենք, եկող տարվա սկզբին ավարտվելու է, որովհետև որոշակի ցիկլից հետո վարակը մարում է։ Մեզ հայտնի է գրանցված վարակակիրների թիվը, բայց նաև պետք է հաշվի առնել, որ կարող են լինել ասիմպտոմ վարակակիրներ, վարակված մարդկանց թիվը կարող է շատ ավելի մեծ լինել, քան գրանցվածներինը: Կարծում եմ՝ եկող տարի կորոնավիրուսային ճգնաժամ ներսում չենք ունենա, այսինքն, ներքին լուրջ սահմանափակումներ չեն լինի։ Իսկ պատերազմի մասով հավատացած եմ, որ շուտով ավարտվելու է, որովհետև նկատած էլ կլինեք, որ ադրբեջանական տեսանելի հաջողություններ վերջին օրերին չկան։ Արդեն եկել է ժամանակը. այս ամեն ինչը կամ պետք է ավարտվի, կամ պետք է հակահարված տալ։
-Դուք բավականին լավատես եք:
-Պետք է լինել լավատես՝ մտքում ունենալով վատ տարբերակներ ու դրանց դեմ գործողություններ մշակել։ Կորոնավիրուսի մասով ներքին խնդիրներ երկիրը չի ունենա, կլինեն արտաքին գործոններով պայմանավորված սահմանափակումներ, օրինակ՝ որոշ ծառայությունների գծով արտաքին պահանջարկի նվազում, ասենք, զբոսաշրջության ոլորտում։ Զբոսաշրջության ոլորտին, բացի կորոնավիրուսից, սպառնալիք է նաև պատերազմը։ Արցախում պատերազմի մասին լուրերը դրական չեն կարող ազդել, քանի որ մարդիկ պատկերացնում են, թե հենց Հայաստանն է պատերազմական գոտի։ Այսուհանդերձ, 2021-ին կարծում եմ կունենանք տնտեսական որոշակի աճ, բայց չեմ կարող ասել՝ կհասնե՞նք նախկին մակարդակին, թե՞ ոչ։
-Իսկ պատերազմի հետևանքները վերացնելու գործո՞նը։
-Պատերազմը, այո, վատ հետևանքներ է թողնում, բայց հիմնական վնասները պատճառվել են Արցախի Հանրապետությանը, և դրանք մեր ՀՆԱ-ի մեջ չընդգրկված ցուցանիշներ են։ Ակնհայտ է, որ որոշ ռազմական ծախսերի մասով միջոցների վերականգնման խնդիր ենք ունենալու, այդ ծախսերը կարող էին ուղղվել այլ ոլորտների։ Ակնհայտ է, որ ազդեցություններ կլինեն, բայց դրան զուգահեռ մենք պետք է հասկանանք, որ պատերազմի ու համաճարակի հետևանքներն այս տարում են, ու հույս ունեմ՝ կմնան այս տարվա մեջ։ Եկող տարին մենք պետք է համարենք վերականգնման ու զարգացման մեկնարկի տարի։ Պետք է մաքսիմալ ջանքերով աշխատենք, որովհետև կյանքը ցույց է տալիս, որ ստանդարտ զարգացումները Հայաստանի համար բավարար չեն։
-Դեկտեմբերի 31-ից գործելու է թուրքական ապրաքների ներմուծման արգելքը։ Որքա՞ն վնաս դա կարող է պատճառել տնտեսությանը։
-Ես այս խնդիրը կդիտարկեմ կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով։ Կարճաժամկետի դեպքում սա քաղաքական դիրքորոշում է և ոչ տնտեսագիտական։ Այսինքն, ստացվող տնտեսական վնասները ակնհայտորեն ավելի մեծ են լինելու, քան օգուտները։ Հասկանալի է՝ աշխատատեղերի կրճատման խնդիր է առաջանալու, բիզեսներ են փակվելու, հարկեր չեն վճարվելու և այլն։ Բայց եթե մենք այդ հարցը դիտարկենք երկարաժամկետ ռազմավարական կտրվածքում, ապա այն դառնում է առաջին հերթին տնտեսագիտական և հետո միայն քաղաքական հարց։ Այսօր կան մի շարք ոլորտներ, որոնցում հնարավոր է տեղական արտադրությամբ ամեն ինչ փոխել։ Մենք նստած ենք եղել հեշտ աշխատվող փողի վրա, չենք մտածել տեղական արտադրության մասին։ Օրինակ՝ կենցաղային քիմիայի արտադրանքը՝ լվացքի փոշի, օճառ, հեղուկներ տարատեսակ։ Դա այսօր Հայաստանում էլ կա, և երբ այդ ճանապարհը փակվի, վստահ եմ, այդ ոլորտում ներդրումներ են կատարվելու։
-Շատերն ասում են՝ որակի խնդիր կա, թուրքական ապրանքը համարում են որակյալ։
-Հայտնի էր, որ թուրքական ապրանքը մրցունակ էր՝ գին-որակ հարաբերակցության առումով։ Շուկայից դուրս է գալիս մի մրցունակ ապրանք, հետևաբար հնարավորություն է ստեղծվում մյուսների համար, որոնք պակաս մրցունակ էին, ինքնադրսևորվելու։ Իհարկե, կպահանջվեն նոր ներդրումներ։ Մեկ օրում տեղի ունենալ չի կարող, երկար տարիների աշխատանք է սպասվում։ Բայց մենք պետք է վերջ ի վերջո այդ քաղաքականությունը սկսեինք վարել ու զարգացնել տեղական արտադրությունը։ Նույնը հագուստի, տեքստիլ արդյունաբերության ոլորտում։
-Ո՞ր շուկաները կարող են փոխարինել թուրքական շուկային։
-Ռուսական, արևելաեվրոպական, հարավարևելյան Ասիայի, նաև՝ չինական շուկաները կարող են փոխարինել թուրքական շուկային։ Նրանք էլ արտադրում են նման որակով ու նման գնային դիապազոնի ապրանքներ։ Սովորույթի ուժ կա. երբ տարիներով գնացել ես Թուրքիա ու ապրանք բերել, այդ ճանապարհին, կոպիտ ասած, սովորել ես։ Սովորության ուժով էլ այս տարիների ընթացքում այդ ապրանքը ներկրվել է։ Կարծում եմ՝ բացառությամբ առանձին բիզնեսների, ողբերգական չի լինի թուրքական ապրանքի բացակայությունը։
-Իսկ կա՞ հաշվարկ, թե որքան բիզնեսներ կփակվեն այս որոշման հետևանքով։
-Ես նման հաշվարկ չունեմ, չեմ տեսել, բայց ակնհայտ է, որ աշխատատեղեր կկրճատվեն։ Կան հարցեր, որ թվային գումարում-հանումներից ավելին են, և այս իրավիճակում, երբ մեր երիտասարդները զոհվում են թուրքական արտադրանքի հարվածներից, ժամանակն է, որ այս հարցում էլ վերարժևորում անենք, փորձենք ոչ ստանդարտ լուծումներ գտնել։
-Հասարակության շրջանում կա՞ ընկալում, մարդիկ չե՞ն ընդդիմանում այդ որոշմանը։
-Կարծում եմ՝ հասարակությունը ընկալում է խնդրի էությունը և հանդուրժող է լինելու այս որոշման հարցում: Մի գործարար ինձ ասում էր, թե բիզնեսի 50 տոկոսը ուղղակիորեն կապված է Թուրքիայի հետ, բայց կողմ է այդ որոշմանը: Մեր գործարարները հայրենասեր մարդիկ են և ըմբռնումով են մոտենում։ Վստահ եմ՝ կկարողանան շատ արագ արձագանքել և ընթացքում փոխել շուկաների ուղղությունները։ Իհարկե, գիտեմ, որ կկրեն վնասներ, ցավոք, պատերազմ է, մենք շատ չենք կարող աջակցել իրենց, բացի խորհուրդներ տալուց, վարչարարություն կրճատելուց։ Իրանք էլ մեծ սպասումներ չունեն։ Կփորձենք սահմանափակ ռեսուրսներով, գործիքներով օգնել, որպեսզի անցումը հեշտ լինի։