Ինչպես ընդունվեց «1000 դրամների» օրենքը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, որն այսօր սահմանը պաշտպանող զինվորի կյանքի միակ ապահովագիրն է, ձևավորվել է 2017թ.: Դրա ստեղծմանը նախորդած օրենսդրական ընթացքը հարթ չի եղել: Հիմնադրամն ստեղծվել է՝ համաձայն «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի, որի ընդունմանը ընդդիմությունն ու քաղհասարակությունը դեմ էին: Պատճառը պարզ էր. նախագիծը ներկայացրած կառավարությունը վստահություն չէր վայելում։
«1000 դրամների» օրենքը
Չորս տարի առաջ՝ 2016թ.-ին, կառավարությունը, որպես անհետաձգելի հարց, խորհրդարան ներկայացրեց «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքը, որը հանրությանը հայտնի է որպես «1000 դրամների» օրենք: Հիմնական զեկուցողը 2016-ին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն էր։ Այս նախագիծը նրա կողմից շրջանառության մեջ դրված «ազգ-բանակ» հայեցակարգի բաղադրիչներից էր: 2017թ. երկրում խորհրդարանական ընտրություններ էին սպասվում, և նախարարը հատուկ շեշտեց, որ քաղաքական դիվիդենտներ չի փորձում ստանալ: Նախընտրական շրջանում հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի համամասնական ցուցակը գլխավորելու է հենց Վիգեն Սարգսյանը:
«Համակարգը պետք է լինի առավելագույնս թափանցիկ թե՛ հավաքագրման, թե՛ կառավարման և թե՛ վճարումների մասով, որպեսզի այն ձեռք բերի հեղինակություն և վստահություն հասարակության կողմից», -ԱԺ ամբիոնից հայտարարել էր նախարարը։ Հիմնադրամը պետք է միավորեր պետությունից և հասարակությունից ստացվող դրամական միջոցները, ապահովեր դրանց կառավարումը և հատուցեր զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասները:
Օրինագծով հատուցման գումարներ էին նախատեսվում ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ հաշմանդամ դարձած զինծառայողներին:
Զինծառայողի մահվան դեպքում հատուցման գումարը վճարվում է նրա ծնողին, ամուսնուն, զավակին, զինծառայողի խնամքի տակ գտնվող անձին:
Հիմնադրամի կողմից հատուցումներ վճարելու համար անհրաժեշտ դրամական միջոցները կառավարությունն առաջարկում էր ձևավորվել յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ գումարի չափով վճարվող դրոշմանիշային վճարումից, հատուկ այդ նպատակով թողարկվող արժեթղթերի վաճառքից, հատուկ այդ նպատակով ստացված դրամաշնորհներից, նվիրաբերություններից և նվիրատվություններից:
Նախագծի քննարկումը 5-րդ գումարման ԱԺ-ում
2016թ.-ին Հայաստանի խորհրդարանում ներկայացված էր 6 քաղաքական ուժ՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, ՕԵԿ և «Ժառանգությունը»
Ընդդիմությունը օրինագծի քննարկման ժամանակ հիշել է «բանակը թալանած գեներալներին», որոնք դղյակներ են կառուցել, հարստացել բանակի հաշվին: Գաղափարին կողմ լինելով՝ ընդդիմադիրները, չվստահելով կառավարությանը, քննադատել են նախագիծը:
«Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը ՊՆ-ի նախաձեռնությունը համարել է քաղաքացու «գրպանը մտնելու» փորձ. «Այդ նախագծով այս ապօրինի իշխանությունը մտնելու է մեր գրպանները և այս անգամ մեզանից օտարելու է 1000 դրամ։ Կարծես թե 1000 դրամը մեծ փող չէ, բայց իրականում, երբ 35% բնակչությունը գտնվում է աղքատության մեջ, ապա այդ 1000 դրամը, իրոք, գումար է յուրաքանչյուր ընտանիքի համար…: Առաջին հերթին այդ հիմնադրամում պետք է հարուստները մուտք անեն գումարներ։ Ասեմ անուններ՝ Սերժ Սարգսյանն իր ողջ ընտանիքով։ Առաջին հերթին նրանցից պետք է այդ գումարները գանձել հիմնադրամի համար, հետո պահանջել մեր հասարակությունից գումարներ», -հայտարարել է Զարուհի Փոստանջյանը։ Նա մեկն է այն եզակի պատգամավորներից, որը դեմ է եղել օրենքի բոլոր երեք ընթերցումներին:
ԲՀԿ-ից Նաիրա Զոհրաբյանը իշխանությունից իրենց անվստահությունը ձևակերպել է մի քանի հարցուպատասխանով. «Ուզու՞մենք մենք գումար տալ բանակին և զինվորին, այո։ Չե՞նք ուզում այդ գումարը ձեր միջոցով տալ, կառավարության հիմնադրամի, ԿԲ-ի ներկայացուցիչների, չենք ուզում։ Ինչու՞ չենք ուզում, չենք վստահում։ Ինչու՞ չենք վստահում, հիմա ես կասեմ»։
Նաիրա Զոհրաբյանը խոսել է «Մարտիկ» հիմնադրամում կուտակված գումարի մասին, որը, ըստ նրա, չի պարզաբանվել, թե ինչպես է ծախսվել: Անդրադարձել է ապրիլյան քառօրյայից հետո ԱԺ աշխատակազմից և պատգամավորների մեծամասնության աշխատավարձից գանձված նվազագույնը 1%-ին: «Դուք գիտե՞ք, այդ գումարները, որ գանձվում են, ի՞նչ նպատակների համար են ծախսվել։ Ես չգիտեմ, անկեղծ ասած»,-ասել է պատգամավորը: Այսուհանդերձ, ԲՀԿ-ն նախագծին կողմ է քվեարկել։
ՀԱԿ-ից Լևոն Զուրաբյանը հիմնադրամի ստեղծումը համարել է մարդկանց կեղեքելու փորձ։ «Առաջին հայացքից առաջարկվում է փառահեղ մի բան, ո՞վ կարող է դեմ լինել նման առաջարկին։ Որևէ պետության համար կա՞ ավելի սրբազան պարտականություն, քան ռազմաճակատում կյանքը կամ առողջությունը կորցրած հայրենիքի պաշտպանների ու նրանց ընտանիքների օժանդակությունը։ Իհարկե՝ ոչ։ Առաջարկվող ճանապարհը աղքատության մեջ ապրող ժողովրդին կեղեքելու հնարք է։ 500 հազար հոգուց ամսական 1000 դրամ կորզելու ճանապարհը գրպանահատություն է, փող քերելու միջոց»։ ՀԱԿ պատգամավորն ասել է, թե իրենք մերժում են նախագիծը, ինչպես ամբողջ ժողովուրդը, սակայն նիստը նախագահող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը նրան ուղղել ՝ խորհուրդ տալով ամբողջ ժողովրդի անունից չխոսել։
7 հոգանոց ՀԱԿ խմբակցությունից նախագծին դեմ են քվեարկել 3-ը՝ Արամ Մանուկյան, Լևոն Զուրաբյան, Գագիկ Ջհանգիրյան:
Նիկոլ Փաշինյանը, որը ՀԱԿ-ից էր, բայց գործում էր խմբակցությունից անկախ, կողմ է եղել. «Միանգամից ասեմ, որ ես կողմ եմ քվեարկելու նախագծին։ Ինչո՞ւ, որովհետև սա հայոց բանակի մարտունակությունը բարձրացնող օրենքի նախագիծ է, որովհետև այն զինվորը, որի միտքը ազատ է մտահոգությունից, թե ի՞նչ է լինելու իմ ընտանիքի հետ, թե՞ արդյոք երեխաներս և ծնողներս սոված կմնան, եթե ինձ ինչ-որ բան պատահի, այսպիսի զինվորի մարտունակությունը շատ ավելի բարձր է, նա ավելի է կենտրոնացած իր մարտական գործողությունների վրա, նրա գործողությունները շատ ավելի պրոֆեսիոնալ են և մարտի ելքի նրա համար անվտանգ հանգուցալուծումը շատ ավելի հավանական»։
Օրինագծի ընդդիմախոսներին սաստելու համար ԱԺ ամբիոնին է մոտեցել նույնիսկ Սեյրան Սարոյանը. «Հենց փորձեցինք ժողովրդի օգտին մի բան անել՝ էլ գող կատու, էլ քաչալ շուն, էլ ով ինչ գողացավ բանակից, ամեն ինչի մասին խոսեցինք, բացի օրենքից։ Հիշեցինք, թե ով ոնց տները սարքեց, ով ինչ գողցավ, ով տուշոնկա գողցավ։ Բանակից ով ինչ գողցավ, կերավ, մեկ ա քթերից դուրս ա գալու, իրենց քթերից էլ չգա, իրենց էրեխեքի քթերից ա դուրս գալու։ Հըլա ես չեմ տեսել, որ բանակի զինվորից հաց գողցողները հանկարծ կրակի մեջ չընկնեն՝ կա՛մ էրեխեքը նարկաման են դառնում, կա՛մ ղումարբազ, կա՛մ կազինոներում էդ փողերը քամուն են տալիս։ Ընենց որ, էտի թողեք Աստծո հույսին, ավելի լավ ա Աստված պատժի, քան թե դատախազը»։ Սարոյանին զարմացրել էր՝ ինչո՞ւ ընդդիմությունը վստահություն չունի բանակի նկատմամբ. «Սարգսյան Վիգենն այս փողերն իրենց տուն չի տանելու, հարուր հատ Սարգսյան Վիգեններ կգան, կգնան, բայց այդ հիմնադրամը կմնա։ Լավ, այսքան անվստահություն, գոնե բանակի նկատմամբ։ Ասում ենք՝ ունենք ուժեղ բանակ, հզոր բանակ, ճիշտ բանակ, բայց ինչ ցեխ ասես չշպրտեցինք, ինչ-որ մի քանի հատ անբարոյական մարդիկ կան այս բանակում։ Կան, հանել, շպրտել են դուրս։ Պետք ա, թող դատախազությունը կանչի մարդկանց, ճշտի, ես իմ ընկերների հետ համաձայն եմ։ Բա զինվորից գողցածը ո՞նց կարան, տանեն ուտեն։ Իհարկե՛, պիտի պատասխան տան։ Բայց օբշի բանակի վրա, օբշի գեներալների կամ օֆիցերների վրա ցե՞խ շպրտենք, սաղին սարքենք գող-ավազակ, դա մեզ չի սազում, էլի՛, տեմ բոլե այս ամբիոնից, որը ժողովրդի ձայնն ա»։
Օրենքը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է 2016թ. դեկտեմբերին, 84 կողմ, 4 դեմ, 1 ձեռնպահ ձայնով: Միակ ձեռնպահը եղել է Էդմոն Մարուքյանը:
Նոր ժամանակներ և նոր պահանջներ
Գործունեության 4 տրիների ընթացքում հիմնադրամը հավաքագրել է 32 մլրդ 41 մլն 239,692 դրամ, որից 27,6 մլրդ դրամը պարտադիր վճարումներն են և միայն 4,3 մլրդ դրամն է կազմում նվիրատվությունները։
Սեպտեմբերի 27-ից սկսված արցախյան պատերազմը ստիպեց մտածել գումարների հոսքը մեծացնելու մասին։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասում է, որ ընկերությունների հետ բանակցությունների մեջ է, որպեսզի կամավոր հիմունքներով «Մեկը դարձնենք երկու» նախաձեռնության շրջանակներում կրկնապատկեն ամեն ամիս հիմնադրամին պարտադիր վճարվող 1000 դրամները։
Հիմնադրամի տնօրենը չի բացառում, որ մի օր էլ օրենքով ամրագրվի 1000 դրամների կրկնապատկումը կամ բազմապատկումը, քանի որ շահառուների թիվն աճում է։ «Օրենքով պարտադիր 1000 դրամ սահմանելը օդից վերցրած թիվ չէ, այստեղ կիրառվել են ակտուարական հաշվարկներ, որոնք կատարվել են ժամանակին օրենքը մշակելիս։ Այդ հաշվարկները կատարելիս նախատեսվել էր հիմնադրամի կայունություն առաջիկա 80 տարիների համար։
Հիմա որևէ թվի փոփոխություն չի կարող լինել բացառապես զգացական կամ քաղաքական ֆոնի վրա, այլ պետք է լինի հաշվարկների արդյունք։ Մշտապես հաշվարկները կատարվում են, տարբեր սցենարներ են նախագծվում, համագործակցում ենք տարբեր իրավասու պետական մարմինների հետ թվերի ճշգրտման դեպքերի տեսակի, քանակի առումով, որպեսզի հասկանանք, թե արդյոք անհրաժե՞շտ է բարձրացնել 1000 դրամը, թե՞ ոչ, ինչպե՞ս բարձրացնել և այլն», -ասում է Ավետիքյանը։
Պարտադիր վճարվող 1000 դրամի շեմն ավելացնելու առաջարկի մասին վերջերս հայտարարել էր ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։ Նա ասել էր, որ պատրաստվում է օրենսդրական փոփոխություններով առաջարկել հետևյալ համամասնությունը՝
մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 1000 դրամ
151000-300000 դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 3000 դրամ
301000-500000 դրամ աշխատավարձ ստացողների համար՝ 5000 դրամ
501000 դրամ և ավելի աշխատավարձ ստացողների համար՝10,000 դրամ
«Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանը Parliamentmonitoring.am-ին ասաց, որ հարցը խմբակցությունում չեն քննարկել, ընդհանուր դիրքորոշում չի կարող ներկայացնել։ Բայց նաև նկատում է՝ 1000 դրամների աճը պետք է պրոգրեսիվ լինի, քանի որ անարդար է՝ 70 հազար դրամ և 500 հազար դրամ աշխատավարձ ստացողները վճարեն նույն գումարը։ «Օրինակ՝ պետք է լինի այսպես՝ այն աշխատողը, որը կես միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, պետք է պարտադիր վճարի 5000 դրամ, իսկ 100 հազար դրամ ստացողը շարունակի վճարել 1000 դրամ։ Պետք է սահմանվեն շեմեր։ Կարծում եմ՝ պետք է այսպես մոտենալ հարցին», -նախնական դիրքորոշումը հայտնեց Մարուքյանը։
«Բարգավաճ Հայաստան»-ում ևս հարցի շուրջ քննարկում չի եղել։ Նաիրա Զոհրաբյանը Parliamentmonitoring.am-ին ասաց՝ վերջին օրերին եղել են Մոսկվայում և չեն հասցրել ծանոթանալ հնչած առաջարկներին։ Նշում է՝ կքննարկեն, դիրքորոշում կհայտնեն։
«Իմ քայլը» խմբակցությունում նույնպես տրամադրված են պարտադիր շեմի վերանայումներ կատարել, և արդեն քննարկումներ են ընթանում։ «Պետք է շեմ սահմանվի, և, ըստ աշխատավարձի չափի, սահմանվեն տրամադրվելիք գումարի չափեր՝ 1000 դրամ, 2000 դրամ, և այդպես շարունակ։ Ցածր աշխատավարձ ստացողը չպետք է շատ վճարի, իսկ բարձր աշխատավարձ ստացողն էլ չպետք է այնքան հանգանակի, որքան ցածր աշխատավարձ ստացողը։ Չգիտեմ՝ հաշվապահական առումով որքան ընդունելի է նման մոտեցումը, բայց կարծում եմ, որ եղածը պետք է փոխվի»,- ասաց իմքայլական Սոֆյա Հովսեփյանը։
Մինչ խորհրդարանում հարցը քննարկվում է, պաշտպանության նախարարությունն առաջարկում է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին վճարվող դրոշմանիշային վճարները ամսական 1000 դրամից դարձնել 3000 դրամ։ Գործող օրենքով դրոշմանիշային վճարի չափը կազմում է ֆիզիկական անձանց համար՝ ամսական 1000 ՀՀ դրամ, իսկ անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար՝ տարեկան 12000 ՀՀ դրամ։ Այս դեպքում անհատների համար ամսական դառնում է 3000 դրամ, իսկ ԱՁ-ների և նոտարների համար՝ 36 հազար դրամ տարեկան, քանի որ նրանք տարեկան են վճարումը կատարում։