Գագիկ Ծառուկյանի մանդատի հարցը կորոշի ՍԴ–ն

նոյեմբերի 30, 2020

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը կարող է դառնալ Սահմանադրական դատարանի որոշմամբ մանդատից զրկված առաջին պատգամավորը: Մեծությամբ երկրորդ խմբակցության՝ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը մանդատից զրկվելու եզրին է։

Հայաստանի ամենահարուստ «սեփականատեր» և ընդդիմադիր գործիչ Գագիկ Ծառուկյանը հայտնվեց իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում 2020թ. ամռանից։ Հունիսի 16-ին Ազգային ժողովը բավարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի միջնորդությունը՝ զրկելով նրան պատգամավորական անձեռնմխելիությունից և թույլ տալով քրեական հետապնդում սկսել նրա նկատմամբ։

Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու պատճառը 2017-ի ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում կազմակերպված ընտրակաշառք բաժանելն էր: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնելով գործի մանրամասները՝ տեղեկացրել էր, որ ընտրությունների ժամանակ Ծառուկյանի ցուցումով Գեղարքունիքի մարզում կազմակերպված խմբի միջոցով 171 մլ 940 հազար դրամ ընտրակաշառք է բաժանվել ԲՀԿ-ի թեկնածուի օգտին: Նա ստացել է 17.194 ձայն՝ յուրաքանչյուր ընտրողի տալով 10.000-ական դրամ։

«Գագիկ Ծառուկյանին վերագրվում է մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքների ու ազատությունների դեմ ուղղված կազմակերպված հանցագործության կատարում, որի համար արարքի կատարման պահին գործող Քրեական օրենսգրքով որպես պատիժ նախատեսված է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում»,- որպես միջնորդության հիմք՝ ներկայացրել էր գլխավոր դատախազը: Նրա խոսքով՝ սա լուրջ հիմնավորում էր, քանի որ ազատության մեջ մնալով նա կարող էր օգտագործել անձնական կապերը, ֆինանսական ռեսուրսները և ազդել գործով վկաների վրա։ «Նաև մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալու դեպքում կարող է խոչընդոտել գործի քննությանը՝ գործի համար նշանակություն ունեցող նյութեր թաքցնելու կամ կեղծելու միջոցով», -ասել էր դատախազը։

«Լուսավոր Հայաստանը» չէր մասնակցել քվեարկությանը, և «Իմ քայլի» պատգամավորների կողմ քվեարկությամբ Ծառուկյանը զրկվել էր անձռնմխելիությունից, ինչը նշանակում էր, որ իրավապահ մարմինները հետևողական են լինելու նրան կալանավորելու հարցում։

ԲՀԿ-ի պատգամավորները գլխավոր դատախազի միջնորդությունը և հետագայում Ծառուկյանի դեմ իրավապահների գործողությունները որակել են քաղաքական ճնշում, քանի որ Ծառուկյանը կուսակիցների հետ հանդիպմանը քննադատել էր վարչապետին ու նրա ղեկավարած կառավարությանը։ Ավելին, Ծառուկյանը պահանջել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։

Ծառուկյանի դատական ոդիսականը

Ազգային ժողովի քվեարկությամբ անձեռնմխելիությունից զրկվելուց անմիջապես հետո՝ հունիսի 16-ին Ազգային անվտանգության ծառայությունը Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել դատարան։ Գագիկ Ծառուկյանը չէր ընդունում ԱԱԾ-ի առաջադրած մեղադրանքը՝ պնդելով, թե ենթարկվում է քաղաքական հետապնդման։

Մի քանի օր քննելուց հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը հունիսի 21-ին մերժել է ԲՀԿ նախագահին կալանավորելու ԱԱԾ-ի միջնորդությունը։ Դատավորը թեև եզրակացրել էր, թե կան հիմնավոր կասկածներ, որ Ծառուկյանն առնչություն ունի մեղադրանքին, բայց նաև ընդգծել էր՝ դա չի խանգարում, որ նա գտնվի ազատության մեջ։

Այս որոշումից հետո մեկնարկել է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը բողոքարկելու փուլը. բողոքներ են ներկայացրել և՛ Ծառուկյանի փաստաբանները, և՛ գլխավոր դատախազությունը։ Մասնավորապես, Վերաքննիչ բողոքում Դատախազությունը պնդում էր, որ մեծ ազդեցության լծակներ ունեցող մարդը չի կարող ազատության մեջ գտնվել և չազդել գործով անցնող անձանց վրա։ Գագիկ Ծառուկյանի փաստաբաններն էլ չէին ընդունում առաջին ատյանի դատարանի այն գնահատականը, թե կա հիմնավոր կասկած, որ նա 2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ կազմակերպել է ընտրակաշառքի բաժանում։

Հուլիսի 8-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ընդդիմադիր գործչի խափանման միջոցի մասին առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն ուղարկել նոր քննության. մասնավորապես, փաստաբանների դիմումները մերժել էր, իսկ դատախազությանը բավարարել մասնակի։ Սակայն կողմերին չի բավարարել Վերաքննիչի որոշումը, և նրանք դիմել են Վճռաբեկ դատարան։

Ծառուկյանի քաղաքական ակտիվությունը

Մինչ դատական վեճերը շարունակվում էին, ԲՀԿ նախագահը քաղաքական բուռն գործունեություն էր ծավալում՝ քաղաքական կոնսուլտացիաներ սկսելով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած նորաստեղծ «Հայրենիք»-ի և ՀՅԴ-ի հետ։ Նրանց միավորում էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը և իշխանափոխության օրակարգը։

«Հերթական ընտրություններին սպասելու ժամանակ չկա։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններով պետք է ձևավորվի նոր որակի իշխանություն»,- քաղաքական կոնսուլտացիաների շրջանակներում հայտարարել էր ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Ժողովուրդ ջան, եթե Ծառուկյանին ձերբակալելով է, որ պետք է ժողովրդի աշխատավարձը բարձրանա, աշխատատեղեր լինեն, Ղարաբաղի հարցը լուծվի, թոշակները բարձրանան, թող էլի կալանավորեն, ձերբակալեն, բայց Ծառուկյանին կալանավորելով` ոչ մի խնդիր չեն լուծելու», -հայտարարել էր Գագիկ Ծառուկյանը մարզային հանդիպումներից մեկի ժամանակ։

«Թեժ աշուն է սպասվում։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության մեկ օր ավել մնալը իշխանության ղեկին կործանարար է Հայաստանի համար: Այդ օրակարգի շուրջ մենք պատրաստ ենք համագործակցել գրեթե բոլոր ուժերի հետ», -հայտարարել էր Վանեցյանը։

Եռյակը նույնիսկ պատրաստվում էր արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջով հոկտեմբերի 8-ին «մեծ հանրահավաք կազմակերպել», սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը խախտեց ընդդիմադիրների ծրագրերը՝ նրանց խոստացած թեժ աշունը հետաձգելով անորոշ ժամկետով։

Մինչև պատերազմը, սեպտեմբերի 25-ին, առաջին ատյանի դատարանի որոշմամբ Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց՝ մեկուսացվելով քաղաքական կյանքից։ Պատերազմի թեժ օրերին՝ հոկտեմբերի 22-ին, 100 մլն դրամ գրավի դիմաց դատարանը որոշեց ազատ արձակել Ծառուկյանին։

Ծառուկյանը՝ ԿԿՀ թիրախում

Քրեական գործերին զուգահեռ՝ Գագիկ Ծառուկյանը հայտնվեց նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (ԿԿՀ) թիրախում՝ կանգնելով մանդատից զրկվելու վտանգի առաջ։ ԿԿՀ-ում Ծառուկյանի դեմ վարույթը հարուցվել էր Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության պետի կողմից հանձնաժողով ներկայացրած դիմումի հիման վրա, որին կցված է եղել հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը՝ Գագիկ Ծառուկյանի ստորագրությամբ։

ՀՀ Սահմանադրության 95-րդ հոդվածի համաձայն, պատգամավորը իրավունք չունի զբաղվել ձեռնարկատիրությամբ։ Փաստաթղթով որոշվել է դադարեցնել ընկերության` կալանքի տակ գտնվող տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները և տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին։ Արդարադատության նախարարությունից հանձնաժողով ուղարկած փաստաթղթի համաձայն, պատգամավոր Ծառուկյանն անձամբ է մասնակցել իրեն պատկանող բիզնեսների կառավարմանը, քանի որ նա առաջարկել է ընկերության տնօրենի թեկնածու, մասնակցել է տնօրենի ազատման և նոր տնօրենի նշանակման որոշման կայացման գործընթացին, ինչպես նաև տնօրենին հանձնարարականներ տալուն:

Հիշեցնենք՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ՀՀ օրենսդրությամբ կազմված է հինգ անդամից, բայց ներկայումս գործում է 4 անդամով՝ երկուսը ընդդիմադիր ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի քվոտայով ընտրված ներկայացուցիչներ են, երկուսը` ԲԴԽ-ի և կառավարության քվոտայով ընտրվածները։ Եթե քվեարկության արդյունքում ձայները հավասար են բաշխվում, որոշիչ ձայնը հանձնաժողովի նախագահինն է. նախագահը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» քվոտայով ընտրված Հայկուհի Հարությունյանն է։

Հուլիսի 6-ին ԿԿՀ օրակարգ մտած վարույթի վերաբերյալ որոշումը կայացվել է հոկտեմբերի 26-ին, ըստ որի, ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենսդրությունը. լինելով պատգամավոր` միաժամանակ զբաղվել է նաև իր բիզնես կայսրության կառավարմամբ։ Հանձնաժողովի որոշման հիման վրա նոյեմբերի 16-ին Ազգային Ժողովի խորհուրդը Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշման նախագիծ էր հրապարակել։ Բայց հարցի քննարկումը մեկ շաբաթով հետաձգվեց, քանի որ Ծառուկյանը ներկա չէր խորհրդի նիստին։ Հաջորդ շաբաթ արդեն ԱԺ խորհրդի նիստը տեղի ունեցավ առանց նրա ներկայության(օրենքը թույլ տալիս է), և արդյունքում ԱԺ խորհուրդը նոյեմբերի 24-ին որոշեց Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

ԱԺ խորհուրդում «Իմ քայլի» 10 պատգամավորները քվեարկել են կողմ, ԲՀԿ-ի 4 պատգամավորները՝ դեմ: «Լուսավոր Հայաստանը» նիստին չի մասնակցել: «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանական մեծամասնության այս քայլը որակել էր քաղաքական հետապնդում։

«Հանձնաժողովի կողմից տնօրեն ազատելու, տնօրեն նշանակելու վարքագիծը պատգամավորի գործունեությանը անհամատեղելի է դիտարկվել, որովհետև պատգամավորի մանդատը անձին մեծ անձեռնմխելիությամբ է օժտել, որ ուրիշ այլ գործունեությամբ չզբաղվի և իրականացնի բացառապես հանրության շահի պաշտպանությունը: Մինչդեռ նման գործողությունները վկայում են, որ անձի ներգրավումը առևտրային գործունեության մեջ զբաղեցրել է նրան ու տարել նրա ժամանակի առավելագույն մասը», -եզրակացությունը ներկայացնելիս՝ ասել էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը:

Ի՞նչ կորոշի ՍԴ-ն

Նոյեմբերի 26-ին Սահմանադրական դատարանը հայտարարեց, որ ստացել է Գագիկ Ծառուկյանի պատգամավորական լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ խորհրդի դիմումը։ Ներկայումս, ըստ ՍԴ հաղորդագրության, ստուգվում է դիմումի և կից փաստաթղթերի համապատասխանությունը «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 24-րդ և 25-րդ հոդվածներով նախատեսված պահանջներին։

Սահմանադրական դատարանի մասին օրենքի 78-րդ հոդվածի համաձայն, այն պատգամավորը, որի լիազորությունները դադարեցնելու հարցի վերաբերյալ գործ է քննվելու, դատավարությանը ներգրավվում է որպես պատասխանող։ Նման գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Սահմանադրական դատարանում այս գործով ապացուցման բեռը, ըստ օրենքի, կրում է դիմող կողմը՝ այսինքն՝ Ազգային ժողովը: Այս գործերով Սահմանադրական դատարանի որոշումը պետք է ընդունվի ոչ ուշ, քան դիմումի մուտքագրման օրվանից 30 օր հետո:Սահմանադրական դատարանը կարող է որոշել կամ դադարեցնել պատգամավորի լիազորությունները, կամ մերժել ներկայացված դիմումը։