Մենք ամեն օր միլիոնավոր դոլարներ ենք կորցնում․ Մ․ Մելքումյան

դեկտեմբերի 22, 2020

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հետ

- Պարո՛ն Մելքումյան, 2021թ. տնտեսական ի՞նչ տարի ենք ունենալու։ Համաճարակի ու պատերազմի հետևանքները, հավանաբար, հաջորդ տարի ավելի ցայտուն կդրսևորվեն։

- Մենք գրեթե տնտեսական կոլապսի մեջ ենք: Պատճառը դավաճանական քաղաքականությունն է։ Ամեն օր մի քանի տասնյակ մլն դոլար ենք կորցնում, որովհետև բիզնեսն անորոշ վիճակ չի սիրում։ Եթե համաճարակի պայմաններում անորոշությունը մեկ ամսվա կտրվածքով էր, հիմա օրական է: Չգիտենք, թե վաղն ինչ է լինելու։ Եթե թշնամին կանգնած է մի քանի տասնյակ կիլոմետրի վրա, բիզնեսը սպասողական վիճակում է: Մենք լուրջ խնդիր ունենք պետական բյուջեի հարկային մուտքերն ապահովելու հարցում, որն արդեն բյուջեում փոփոխության արդյունքում մոտ 250 մլրդ դրամով նվազեցրել ենք։

- Բայց բյուջեի ճշգրտված մուտքերը կատարվում են։

- Տարադրամի փոխարժեքի բարձրացման արդյունքում է կատարվում, դրանից ի՞նչ օգուտ, միևնույնն է, մարդիկ աղքատանում են։ Դրամի արժեքը նվազում է: Մուտքերն ապահովվում են, բայց ստացած փողի գնողունակությունը նույնը չէ։ Տնտեսական անկումը մեծ է, բյուջեում այս տարվա համար նախապես 4,8 տոկոս աճ էր ամրագրված, բայց փոխեցին 7 տոկոս անկմամբ։ Դա էլ կարող է դառնալ 9 տոկոս։ Մարդկանց եկամուտներն են քչանում՝ մարդիկ կիսատ օրով կամ օրումեջ են աշխատում։ Արագ հանգուցալուծում է պետք: Բայց հիմա ես ավելի շատ մտածում եմ ապագայի մասին, որ այս օրերին նոր տարածքներ չկորցնենք։

- Կարծում եք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մինչև տարեվերջ հրաժարական կտա՞։

- Այդ հարցը արագ լուծում է պահանջում, կառավարությունը հիմա տեխնիկական լոքդաունի մեջ է։ Անիշխանությունն է, որևէ հրաման չի կատարվում, կառավարության որոշումները չեն կատարվում։ Դավաճան և պարտված իշխանությունը պիտի անմիջապես հեռանա։

- Ինչո՞ւ դավաճան. ի վերջո, Հայաստանի բանակը կռվել ոչ թե ադրբեջանական, այլև թուրքական հզոր օդուժի դեմ։

- Մենք նախապես պետք է դրա մասին իմանայինք։ Բա Անվտանգության խորհուրդն ու պետական համապատասխան մարմիններն ինչո՞ւ են փող ստացել, որ այդ ռիսկերը չեն ներկայացրել։ Իսկ մենք մենա՞կ էինք։ Ադրբեջանը, որ Թուրքիայի հետ էր, բա մենք ո՞ւմ հետ էինք ռազմավարական դաշնակից։ Այդ դաշնակցի հետ ի՞նչ որակի հարաբերություն պետք է ունենայինք։ Մենք հիմա էլ ենք դա խաթարում։ Մենք հիմա չենք կարողանում բանակցություն վարել։ Ո՞վ է եկել Երևան և գնացել Բաքու։

- Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովի՞ն նկատի ունեք։

- Այո։ Եվ դա նշանակում է, որ մենք մենակ չենք կարող հարց լուծել։ Եթե մեր հարաբերությունները ՌԴ-ի հետ լինեին բարձր մակարդակի, իսկապես ռազմավարական, և դու արժանապատիվ դիրքերից հանդես գայիր, նման խնդիրներ չէին լինի։ Այսօր էլ հակառուսական տրամադրություններ են գեներացվում։ Դա էլ հերթական դավաճանությունն է։

- Կարծիք կա, որ պատերազմի ու դրա ելքի շուրջ եղել է միջազգային կոնսենսուս: Գոնե Մինսկի խմբի համանախագահող երեք երկրների շրջանակում:

- 2011-ից բանակցում են Կազանյան փաստաթղթի շուրջ, մինչ այդ Մադրիդյանն էր, և դիվանագիտությունը ինչ-որ պահի չպետք է վերջանար, պիտի շարունակվեր։ Բայց երբ դու սադրում ես, թե Արցախը Հայաստան է, Շուշիում երդմնակալություն անում, քո քաշին ոչ հարիր բաներ ասում, ինչը կեղծիքի վրա է հիմնված, արդյունքը վատ է լինում։ Իսկապես, հեղափոխության ժամանակ եղել է ժողովրդի տված քվեն, բայց դա պետք չէր չարաշահել և մսխել։ Իսկ ի՞նչ վերադարձրիր ժողովրդին նրա վստահության դիմաց։

- Հայտարարություններ են հնչում, թե 16 կուսակցությունների վարչապետի իրական թեկնածուն ոչ թե Վազգեն Մանուկյանն է, այլ նրա միջոցով ճանապարհ է հարթվում նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի համար։

- Ես այդ ժանրի հայտարարություններին չեմ արձագանքում, ինչ ունենք, պարզ ու շիտակ է։

- Իսկ ինչո՞ւ չեք ուզում, որ Վազգեն Մանուկյանը վարչապետ դառնա արտահերթ ընտրությունների միջոցով, ինչո՞ւ եք պնդում, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, և ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ:

-Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման ամեն մի օրը վտանգում է այս երկիրը։ Ի՞նչ անենք, սպասե՞նք մի քանի ամիս, նոր փաստաթուղթ ստորագրվի, որից մենք էլի տեղյակ չե՞նք լինի։

- Բայց տեսակետ կա , որ 16 ուժերը իրենց վարկանիշով չեն կարող ընտրություններում հաջողության հասնել, դրա համար էլ պահանջում եք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, որ հետո էլ «Իմ քայլը» խմբակցությունը ընտրի Վազգեն Մանուկյանին:

- Ուզում եք, որ ես հե՞տ գնամ 2018թ.։ Հեղափոխությունից հետո, երբ ձևավորվեց նոր կառավարություն, խորհրդարան ծրագիր բերվեց, որի համաձայն արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեին հաջորդ տարի՝ մայիս-հունիս ամիսներին։ Ինչո՞ւ ավելի շուտ արեցին։ Շուտ արեցին, որովհետև տեսան, որ իրենց վարկանիշը գահավիժում է։ Անպատրաստ վիճակում, ատելության, սև-սպիտակի ֆոնին ընտրություն արեցին, ժողովրդի մեջ ստեղծեցին պաշտամունք։ Ժողովուրդն այդ պաշտամունքի ձեռքը կրակն է ընկել։ Հիմա ես դեմ եմ, որ հերթական անգամ պաշտամունք ձևավորվի: Պետք է լինի ժողովրդին ծառայող և իր աթոռին չկառչած ղեկավարություն։ Մենք ասում ենք՝ արտահերթ ընտրություններն անցկացնենք մեկ տարվա ընթացքում, որպեսզի 2018թ. արտահերթի էպոպեան նորից չառաջանա:

- Տարին ավարտվում է, իսկ ԱԺ այս տարվա աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում։

- Ինչպես երկրում է կաթվածահար վիճակ, այդպես էլ՝ այստեղ։ Ճիշտ է, ես իմ հանձնաժողովով աշխատում եմ, բայց հասկանում եք, թե ինչ հոգեվիճակում ենք։