1000 կամ 10 000 հոգով չես պահանջի, որ քո թեկնածուն վարչապետ ընտրվի․Վ․Հովակիմյան

հունվարի 18, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ։

- Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նորից խոսեց դատաիրավական բարեփոխումների մասին: Չե՞ք կարծում, որ արդեն ուշացրել եք:

- Դատաիրավական բարեփոխումները սկսվել են 2018-ից. Մշակվել են ծրագրեր, օրենսդրական փաթեթներ: Հիմա հերթական փուլն է: Ստեղծվում է Հակակոռուպցիոն դատարան, նախագիծը խորհրդարանում է: Քննարկվում է նաև առանձին դատարանի ստեղծման հարցը՝ մինչդատաքննական փուլի համար: Այս բարեփոխումներն իրականություն դարձնելու համար անհրաժեշտ օրենսդրական նախագծերն արդեն կան:

- Բայց արդեն կա ձևավորված հասարակական կարծիք, որ հատկապես դատական համակարգի բարեփոխումները իշխանությունը ձախողել է:

- Ձախողել ձևակերպման հետ համաձայն չեմ, համաձայն եմ ձգձգել ձևակերպման հետ: Պարզապես ամեն ինչ ավելի արագ անելու և վստահություն ներշնչող դատական համակարգ ունենալու հանրային պահանջ կա: Բայց նախագծերը խորհրդարանում են, և հունվարից առաջընթացն ավելի տեսանելի կլինի:

- ԱԱԾ-ն բացահայտում է, որ երկրի ղեկավարի նկատմամբ մահափորձ է կազմակերպվել, մեղադրվողների մոտ հայտնաբերում են բազմաթիվ զենքեր, բայց դատարանը նրանց նկատմամբ կալանք չի սահմանում: Ինչպե՞ս եք սա բացատրում:

- Հարցի հասցեատերը մենք չենք, լավ կլիներ՝ հարցն ուղղեիք, օրինակ, ԲԴԽ նախագահին: Հարցնեիք՝ արդյո՞ք այդ վիճակը պայմանավորված է նոյեմբերի 15-ին դատավորներին ուղղված իր քաղաքական կոչ-հայտարարությամբ: Կամ՝ իրավաչա՞փ է ԱԺ նախագահի նկատմամբ մահափորձի մեջ մեղադրվողին ազատ արձակելը: ԲԴԽ անդամներն իրավունք չունեն քաղաքական հայտարարություններ անելու, և եթե ուզում են քաղաքական հայտարարություն անել, պետք է իրենց պաշտոնից հրաժարվեն ու քաղաքական գործիչ դառնան:

- Կարծիք կա, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանին առաջադրել եք ԲԴԽ անդամի թեկնածու, որպեսզի նա այդ կառույցում դառնա «իշխանությունների մարդը» կամ «ԲԴԽ-ն հավաքի իր ձեռքում»:

- Դա, հավանաբար, ԲԴԽ-ն իրենց ձեռքում հավաքածների կարծիքն է: Մենք ընդամենը Սահմանադրության ընձեռած լիազորությունն ենք իրացնում:

- Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում հիշեցումներին, թե տարիներ առաջ Գագիկ Ջհանգիրյանը Նիկոլ Փաշինյանի ներկայացրած նախագիծը «անգրագիտություն» է համարել, վերջինս էլ նրան նման մի պատասխան է տվել:

- Այդ նույն հաջողությամբ կարող են նաև իմ նյութերը հանել, որոնցում լրագրող եղած ժամանակ քննադատել եմ Գագիկ Ջհանգիրյանին: Միևնույն ժամանակ մենք ունեցել ենք լավ հարաբերություններ: Գագիկ Ջհանգիրյանն բարձրակարգ մասնագետ է, որի հետ կարող ես բանավիճել, բայց որևէ տարաձայնություն չունենալ երկրի առաջ ծառացած խնդիրները լուծելու հարցում:

- Ասում են՝ ԲԴԽ անդամի երկրորդ թեկնածու էլ Դավիթ Խաչատուրյանին եք առաջադրում, որովհետև նա ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի եղբայրն է:

-Ոչ: Ես Դավիթ Խաչատուրյանին ճանաչում եմ 2007-ից: Ավելի ուշ առնչվել ենք, երբ նա իրականացնում էր Մարտի 1-ի գործերի մոնիթորինգը, իսկ Սասուն Խաչատրյանին չեմ էլ ճանաչել: Նման հայտարարություններով փորձ է արվում ցեխ շպրտել գիտնական-իրավաբան թեկնածուների վրա:

- Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանդիպումները քաղաքական ուժերի հետ. ե՞րբ եք նախատեսում արտահերթ ընտրությունները:

- Արտահերթ ընտրությունների շուրջ քաղաքական կոնսուլտացիաներ են ընթանում: Այդ կոնսուլտացիաների արդյունքում պետք է որոշի՝ քաղաքական դաշտը, հանրությունը պահանջո՞ւմ են, միակարծի՞ք են, որ շուտափույթ արտահերթ ընտրություններ լինեն:

-Հնարավո՞ր են այնպիսի զարգացումներ, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա, իսկ դուք վարչապետ ընտրեք ընդդիմության թեկնածուներից Վազգեն Մանուկյանին կամ Էդմոն Մարուքյանին:

- Այսինքն, հեղաշրջո՞ւմ տեղի ունենա: Այն, ինչ պահանջում է «16+»-ը, հեղաշրջում է:

- 2018թ. հեղաշրջո՞ւմ էր, երբ ՀՀԿ-ի քվեարկությամբ Նիկոլ Փաշնյանը վարչապետ ընտրվեց:

- Տարբերությունն այնն է, որ Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը պահանջեց ժողովուրդը, իշխանության տերը: Այսօր ոչ թե ժողովուրդը, այլ իրենք են պարտադրում իրենց թեկնածուին ընտրել: Դա առանցքային տարբերություն է: 1000 հոգով կարող ես ճանապարհներ փակել, ակցիաներ անել, բայց 1000 կամ նույնիսկ 10.000 հոգով չես կարող պահանջել, որ քո թեկնածուն վարչապետ ընտրվի: Ուշադրություն դարձրեք նաև այն հանգամանքին, որ «16+»-ը դեմ է արտահերթ ընտրություններին:

- Ձեր խմբակցությունից հինգ պատգամավոր արդեն դուրս է եկել: Կարծիք կա, որ դուրս գալ ցանկացողներն ավելի շատ են: Սա ձեզ չի՞ մտահոգում:

- Քաղաքական կյանքը տեղում սառած չէ, և, այո, այս պահին մեր խմբակցությունն ունի 83 անդամ: Բայց ավելի ճիշտ կլիներ, որ խմբակցությունից դուրս գալու դեպքում մեր գործընկերները մանդատը վայր դնեին: Եթե ես համարեի, որ «Իմ քայլի» հետ այլևս ճանապարհ չունեմ անցնելու, հաստատ չէի պահի մանդատը: Դա ավելի ազնիվ կլիներ: