ԱԺ նախագահը Փաշինյանի հրահանգով ինձ հետ կկանչի ԵԽԽՎ–ից․ Ն․ Զոհրաբյան

Հարցազրույց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ
–ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հայկական պատվիրակությանը չհաջողվեց հայ գերիների հարցը դարձնել օրակարգային: Ինչո՞ւ. չկարողացա՞ն մեր պատվիրակները պատշաճորեն ներկայացնել խնդիրը:
–Ես չեմ ցանկանում հիմա գնահատել խորհրդարանական որևէ պատվիրակության աշխատանք առանձին, որովհետև ունենք տապալված արտաքին քաղաքականություն և խորհրդարանական դիվանագիտություն: Ակնկալել, որ պարտված պետության խորհրդարանական դիվանագիտությունը, որևէ պատվիրակություն կարող է առանձին հաջողության հասնել, ազնիվ չէ: Ես չեմ ցանկանա ողջ մեղավորությունը տեսնել պատվիրակության վատ կամ ոչ այնքան վատ աշխատանքի մեջ:
Հայաստանը հեղափոխությունից հետո չունի հստակ ձևավորված արտաքին քաղաքական գերակայություններ, որոնք պետք է պաշտպանենք միջազգային կառույցներում, չունենք պրոֆեսիոնալ դիվանագետներ, պատգամավորներ: Չունենք իշխանություն, և գոյություն չունեցող իշխանությունը չի կարող ունենալ դիվանագիտություն:
Վերջին տարիներին եվրոպական կառույցները արժեքային ձևախեղումներ են ապրում, ինչը ևս էական գործոն է: Այդ կառույցների համար շատ ավելի կարևոր է, օրինակ, Նավալնու հարցը, որովհետև հակառուսականությունը աշխարհում ակտուալ թրենդ է համարվում, քան, ցավոք, հայ ռազմագերիների հարցը:
ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում հանձնաժողովներում, քաղաքական խմբերում և լիագումար նիստում մենք բարձրացրել ենք ռազմագերիների հարցը, որովհետև հումանիտար, այդ թվում՝ ռազմագերիների խնդիրները ԵԽ ուղղակի մանդատի ներքո են: ԵԽ գլխավոր քարտուարը, ԵԽԽՎ նախագահը մի քանի անգամ նշել են, որ ռազմագերիները անհապաղ պետք է վերադարձվեն: Ցավոք, ադրբեջանցի պատվիրակները հենց Եվրոպայի խորհրդում, նաև Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների քաղաքական խմբում, որի անդամ եմ ես, քանիցս հայտարարեցին, որ նրանք ոչ թե ռազմագերի են, այլ դիվերսանտներ և պետք է դատվեն:
–Նավալնու վերաբերյալ Ձեր և Միքայել Մելքումյանի ելույթները ԵԽԽՎ-ում Հայաստանում որակվեցին անընդունելի՝ հիմնավորմամբ, թե այդ հարթակը կարելի էր ավելի արդյունավետ օգտագործել: Հրատա՞պ էր այդ հարցի բարձրաձայնումը ձեր կողմից:
–Կարծում եմ՝ հրատապ էր, որովհետև ես չեմ ուզում, որ ԵԽ-ն վերածվի քաղաքական շահերի սպասարկման հարթակի: ԵԽԽՎ-ում ինձ համար թիրախային են եղել հայ ռազմագերիները, պատերազմում թուրք-ադրբեջանական տանդեմի կիրառած արգելված զենքերը: Խոսել եմ նաև սորոսական մետաստազների մասին, որոք ներթափանցելով Հայաստանի իշխանություն՝ թուլացրին երկրի իմունիտետը: Նույնը փորձ է արվում իրականացնել Ռուսաստանում՝ Նավալնու միջոցով: Խորհուրդ կտամ իմ քաղաքագետ գործընկերներին հետևել իմ ելույթներին:
–Խոսում եք 2018-ին սորոսականների դերակատարումից, բայց չէ՞ որ դուք աջակցեցիք 2018-ին այս կառավարությանը: ԲՀԿ-ն նույնիսկ հուշագիր կնքեց Փաշինյանի հետ:
–Համաձայն եմ Ձեզ հետ և իմ ելույթներում ներողություն եմ խնդրում ժողովրդից, որ իմանալով՝ ով է Նիկոլ Փաշինյանը, 2018-ին լռեցի: Գուցե վախեցա հանրության ցասումից, վախեցա, որ նիկոլականները կբերեն իմ ու երեխայիս տան դիմաց դագաղ կդնեն: Մտածեցի, որ տևականորեն ընտրություններ կեղծելուց հետո մեկ անգամ պետք է թույլ տալ, որ ժողովուրդն իր ընտրությունը կատարի, եթե նույնիսկ սխալվում է, տալ ժողովրդին այդ սխալվելու իրավունքը: Ես ամենավատ երազում անգամ չէի պատկերացնի, որ Նիկոլի իշխանության գինը լինելու են Արցախի կորուստը, հազարավոր զոհերը, տեղահանվածները, մեր արժեհամակարգի ոչնչացումը:
«Բարգավաճ Հայաստանը» կանգնեց ժողովրդի թեկնածուի կողքին, բայց այսօր մեր բոլորի ընտրությունը վերածվեց արհավիրքի:
–Ասում եք՝ Նիկոլ Փաշինյանը ուզում է Ձեզ հեռացնել ԵԽԽՎ պատվիրակությունից: Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից Ձեզ հեռացնելու վատ նախադեպը ունենալո՞վ եք այդպես կարծում, թե՞ այլ պատճառ էլ կա:
–Ինձ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելը Նիկոլ Փաշինյանի և խորհրդարանի սորոսական տանդեմի միասնական նախաձեռնությունն էր: Մենք «Լուսավոր Հայաստանի» հետ միասին դիմել ենք ՍԴ, և վստահ եմ, որ ՍԴ-ն իր պարտականությունների և պրոֆեսիոնալիզմի տիրույթում գործելու դեպքում հակասահմանադրական կճանաչի խորհրդարանի այդ ինքնիրավչությունը: Ինչ վերաբերում է պատվիրակության կազմից հետ կանչելուն, այո, վստահ եմ՝ Էթիկայի հանձնաժողովը, որ հիմա ստեղծվում է, ԱԺ նախագահին թույլ է տալու միանձնյա որոշմամբ ցանկացած պատվիրակությունից հետ կանչել իրենց անհաճո պատգամավորին:
ԵԽԽՎ վերջին նիստը ցույց տվեց, որ ԵԽ հովանու ներքո կարծես նախաձեռնվում է հայ և ադրբեջանական պատվիրակությունների երկխոսություն, և այդ գաղափարը չթաքցրեց նաև ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը: Հենց մեր քաղաքական խմբի քննարկման ժամանակ նա ասաց, որ իրենք լուծել են իրենց խնդիրը, վերադրաձրել են տարածքները, և այսօր Եվրոպայի խորհուրդը պետք է օգնի Հայաստանի ու Ադրբեջանի պատվիրակություններին խաղաղ, միասին աշխատել, ինչին ես շատ կտրուկ եմ արտահայտվել: Ասել եմ, որ որևէ երկխոսություն չի կարող լինել մի երկրի հետ, որը շարունակում է պատանդի կարգավիճակում պահել ռազմագերիներին:
Այսինքն, ես խանգարում եմ Նիկոլ Փաշինյանին իրականացնել իրենց ծրագրի հաջորդ քայլը՝ հաստատելու երկխոսություն և բարիդրացիական հարաբերություններ Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Մեկ րոպե անգամ չեմ կասկածում, որ ստեղծելով Էթիկայի հանձնաժողով՝ իրենք կառչելու են իմ բառերից, հարցը ներկայացնելու են հանձնաժողովին, իսկ ԱԺ նախագահն էլ Նիկոլ Փաշինյանի ուղղակի պրեսինգով ինձ հետ է կանչելու ԵԽԽՎ պատվիրակության կազմից: Ես այսօր շատ կայուն կապեր ունեմ ԵՄ և ԵԽ բարձրաստիճան դեմքերի, Վենետիկի հանձնաժողովի նախագահի հետ, ու իմ կշիռն ու խոսքի ազդեցությունը եվրոպական այս կամ այն կառույցում չի կարող այս իշխանության ցանկությամբ որոշվել: Թող անեն՝ ինչ ուզում են:
–Տիկին Զոհրաբյան, ընդդիմությունը չկարողացավ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, և նա մտադիր է գնալ խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ո՞րն է լինելու ընդդիմության անելիքը:
–Ես չեմ մասնակցում 15 կուսակցությունների խորհրդի նիստերին և տեղեկություն չունեմ առաջիկա անելիքների մասին, բայց վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանը չի լինելու պատմական այն բացառությունը, որ նման խայտառակ կապիտուլյացիոն համաձայնագրից հետո շարունակի պաշտոնավարել: Նա հեռանալու է: Երկրորդ այլ ճանապարհի ԲՀԿ-ն կատեգորիկ դեմ է, պետք է, որ դեմ լինեն նաև մյուս ուժերը:
Փաշինյանը դեռ ունի քաղաքական ճանապարհով հեռանալու, դատարանի առաջ կանգնելու հնարավորություն: Դրա այլընտրանքը հաշվեհարդարն է, քաղաքացիական բախումը, ինչն անթույլատրելի է: Մեր երկրում վենդետաներ, քաղաքացիական բախումներ չպետք է լինեն:
–Այսինքն, արտահերթ ընտրությունների չե՞ք մասնակցի:
–Այս փուլում արտահերթ ընտրությունները բարոյապես ճիշտ չեմ համարում: Յուրաքանչյուր գյուղում, թաղամասում զոհված տղաներ ունենք, ինչպե՞ս եք մտնելու բակեր ու քարոզարշավ անեք: Եթե, այդուհանդերձ, Նիկոլ Փաշինյանը առանց հրաժարական տալու գնա մեծն սահմանադրագետ Վահագն Հովակիմյանի առաջարկած ճանապարհով, այն է՝ արտահերթ ընտրություններ՝ ԱԺ-ն լուծարելու միջոցով, չեմ կարծում, որ նրան պետք է իր գրպանային կուսակցությունների հետ թողնել միայնակ: Նա վարչական ռեսուրս օգտագործելով կապահովի իր վերարտադրությունը: Սա իմ տեսակետն է, և այս պահին չեմ կարող ասել՝ կա՞ 15 ուժերի ներսում միասնական դիրքորոշում այդ հարցի վերաբերյալ, թե՞ ոչ:
–Այսուհանդերձ, ինչո՞ւ անգամ պատերազմում պարտվելու դեպքում ընդդիմությանը չհաջողվեց հասնել Փաշինյանի հրաժարականին:
–Կդժվարանամ պատասխանել: Ազգային ժողովում ես նրան հարց տվեցի՝ ընդունենք, որ ընդդիմությունը վատն է, վատթարագույնն է, չե՞ք կարծում, որ նոյեմբերի 10-ից հետո քաղաքական ու բարոյական առումով Դուք պարտավոր էիք հրաժարական տալ: Պատասխանեց՝ ոչ: Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին գործել է քաղաքական ինքնասպանություն: Ինչո՞ւ չհաջողվեց ընդդիմությանը. գուցե ինքս ընդդիմության շատ քայլերի հետ համաձայն չեմ, բայց այս պահին մի կողմ ենք թողնում ընդդիմության քայլերը:
Ընդդիմությունը ոչինչ էլ չպետք է աներ: Չկա աշխարհում իշխանություն, որը կապիտուլյացիայից, հայրենիք հանձնելուց հետո շարունակի պաշտոնավարել: Այս մարդը ու իր քաղաքական թիմը չեն գիտակցում, որ հայրենիք հանձնողը պետք է հեռանա: Սա է ողբերգությունը, և հարցադրումը, թե ինչո՞ւ չկարողացավ ընդդիմությունը հասնել հրաժարականի, սխալ է: Ոչ ոք ոչինչ չպետք է աներ այս իրավիճակում: Նա պետք է ծնկաչոք ներողություն խնդրեր ու հեռանար:
–Իր հարցազրույցներից մեկում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էլ էր հայտարարել, թե ընտրություններում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը ժողովրդի հետ մենակ թողնելը ճիշտ չի լինի, և ինքը մասնակցելու է այդ ընտրություններին: Հնարավո՞ր է՝ Ռոբերտ Քոչարյանը ընդգրկվի ԲՀԿ-ի ցուցակում:
–Անկեղծ ասած՝ հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ձեզ մոտ նման հարց առաջացել: Ինչպե՞ս կարող էր Ձեզ մոտ նման հարց առաջանալ: