Նախկին լրագրող պատգամավորները լրատվադաշտի նոր կանոններ են սահմանում

փետրվարի 4, 2021

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության 6 պատգամավոր, որոնցից 5-ը՝ նախկին լրագրող, շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ՝ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին:

2003թ. ընդունված մայր օրենքում նրանք առաջարկում են սահմանել նոր հասկացություն՝ անանուն աղբյուր:

Ըստ այդմ, անանուն աղբյուրը համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ համացանցային կայքի օգտահաշիվը կամ համացանցային կայքի ալիքն է, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Այսինքն, հայտնի չէ այն ստեղծողը կամ տնօրինողը:

«Խոսքի ազատության սահմանափակման համատեքստում հարկ է արձանագրել, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր: Եվ ելնելով մերօրյա իրողություններից և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման տեմպերից ու վերահսկողական մեխանիզմների ներդրման անհնարինությունից՝ առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ զանգվածային լրատվությանմիջոցների ազատ գործունեության խոչընդոտ, հակառակը, փոփոխություններն առաջին հերթին նպատակ են հետապնդում պաշտպանել զանգվածային լրատվամիջոցներին, լրատվական գործունեություն իրականացնողներին և խոսքի ազատությունը», -նշվում է նախագծի հիմնավորման մեջ:

Նախագծի հեղինակ, նախկին լրագրող Արթուր Հովհաննիսյանն ասում է, որ «Զանգվածային լրատվության մասին» օրենքը հին է, ժամանակները փոխվել են, և առաջացել են անհայտ ծագման տեղեկատվական նոր հարթակներ, որոնք տարածում են ազգային անվտանգությանը սպառնացող և վտանգ պարունակող տեղեկություններ, դրանք էլ իրենց հերթին տարածում են իրական լրատվական գործունեություն իրականացնող լրատվամիջոցները: Հետևաբար, ըստ նրա, պետք է արգելել դրանց տարածումը:

Առաջարկվող փոփոխություններով թողարկման տվյալները ներկայացնելու պահանջ է դրվում նաև ինտերնետային ԶԼՄ-ի առջև: Նրանք պարտադիր պետք է հրապարակեն լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպաիրավական ձևը, հասցեն, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անուն-ազգանունը, հասցեն: Եթե անհատ ձեռնարկատեր է, նաև պետական գրանցման վկայականի համարը և տրման օրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային հասցեն:

Նախագծով ավելանում է ԶԼՄ-ի կառավարման նոր մասնակից՝ կառավարման վրա ազդեցություն ունեցող ֆիզիկական կամ իրավաբանական անձ կամ անձինք:

Նա կամ նրանք «առանձին տիրապետում են իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի առնվազն 10 տոկոսին, իրավասու են նշանակելու կամ ազատելու իրավաբանական անձի կառավարման մարմիններում ընդգրկված անձանց»։

Ավելանում է նաև հովանավորություն հասկացությունը՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից զանգվածային լրատվության միջոցին դրամական միջոցների, գույքի, աշխատանքների, ծառայությունների, և գույքային այլ իրավունքների տրամադրում, որը կապված չէ զանգվածային լրատվության միջոցի կողմից դրա դիմաց ապրանքների, ծառայությունների, գաղափարների կամ նախաձեռնությունների մասին տեղեկատվության տարածման հետ:

 

«Ես ձեր աջակցության կարիքն ունեմ»

Լրագրող-խմբագիր նախագիծը քննադատում են, բայց հեղինակները պնդում են՝ այն պահանջված է:

«Նախագիծը տարանջատելու է բարեխիղճ լրատվական գործունեություն իրականացնող լրատվամիջոցներին տարբեր աղբյուրներից, անհայտ ծագումնաբանություն ունեցող ռեսուրսներից: Ոչ լրագրողական կազմակերպություններից լրատվական դաշտը մաքրելու գործում ես ձեր աջակցության կարիքն ունեմ, - լրագրողների հետ զրույցում ասել էր Արթուր Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ հեղինակներն ուզում են, որ իրական լրատվամիջոցները հղում չկատարեն անհայտ ծագման տեղեկատվական միջոցներին ու չգովազդեն դրանք, բայց չեն արգելում վերարտադրել դրանց տարածած տեղեկությունը:

«Մենք ասում ենք՝ եկեք չգովազդենք անհայտ ծագման աղբյուրները: Պատերազմի օրերին բազմաթիվ էին աղբյուները, որոնք ղեկավարողները Հայաստանից դուրս էին: Համառ պայքար եմ մղելու, որ անանուն աղբյուրներին հղում չտալու մասին կետն օրենքի ուժ ստանա», -պնդում է Հովհաննիսյանը:

Ֆինանսական թափանցիկություն կամ կես մլն տուգանք

Նախագիծը ԶԼՄ-ների առաջ նաև ֆինանսական թափանցիկության պահանջ է դնում:

Լրատվական գործունեություն իրականացնողը մինչև ընթացիկ տարվա մարտի 31-ը ներառյալ, պարտավոր է հրապարակել նախորդ տարվա ֆինանսական հաշվետվությունը, տեղեկատվություն տարեկան եկամուտների մասին՝ ըստ աղբյուրների, ինչպես նաև տեղեկություններ հինգ առավել խոշոր գովազդատուների և հովանավորության մասին:

Օրենքը խախտելու դեպքում սահմանվում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկի չափով(500 հազար դրամ), նույն խախտումը կրկնելու դեպքում՝ նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով(մեկմիլիոնդրամ):

Գործող օրենսդրությամբ ֆինանսական հաշվետվությունը չհրապարակելու համար սահմանված տուգանքը նվազագույն աշխատավարձի 10-ապատիկն է կամ 10 հազար դրամ:

«Ցանկացած լրատվամիջոց 10 հազար դրամը կարող է բերել վճարել ու չհրապարկել իր մի քանի միլիոն դոլարի հասնող դրամաշրջանառությունը: Այսինքն, մենք փորձել ենք բերել իրականության դաշտ այն ամենը, ինչ կատարվում է մեր շուրջ», -ասում է Հովհաննիսյանը:

Օրինագիծը շրջանառության մեջ կմնա մեկ ամիս: Հեղինակները հույս ունեն, որ լրատվադաշտի ներկայացուցիչները այդ ընթացքում առաջարկություններ կներկայացնեն, քննարկումներ կունենան: