Հայկական կողմի առաջնահերթությունը Արցախի կարգավիճակի ֆիքսումն է․ Ռ․ Ռուբինյան

փետրվարի 15, 2021

Հարցազրույց ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հետ

- Պարոն Ռուբինյան, ասում են՝ Ադրբեջանը մեր ռազմագերիներին վերադարձնում է Հայաստանից կտոր-կտոր հող պոկելու, ուրիշ այլ զիջումների գնով: Եվ այն, ինչ տեղի է ունենում Սյունիքում, թվում է՝ դրա ապացույցն է: Ո՞րն է Ձեր արձագանքը:

- ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանից ոչ մի թիզ հող չի զիջվել և չի զիջվելու: Բայց, այո, ես նույնպես տպավորություն ունեմ, որ Ադրբեջանը փորձում է ձգձգել ռազմագերիների վերադարձը, որպեսզի Հայաստանում ներքաղաքական, ներհանրային տրամադրություններ ստեղծի և մեր ներքաղաքական կյանքի վրա ազդելու լծակ ստանա: Ցավոք, այդ հարցում Ադրբեջանին օգնում են նաև մեր որոշ ընդդիմադիր շրջանակներ՝ կամա թե ակամա:

- Իսկ մտավախություն չունե՞ք, որ ընդդիմությունն ի վերջո հաջողության կհասնի: Օրինակ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե արտահերթ ընտրություններ լինեն, ինքն իր համախոհներով կմասնակցի ու կհաղթի:

- Ոչ, որևէ մտահոգություն չունենք, քանի որ մեր ամենակարևոր առաքելություններից մեկը ժողովրդի համար 2018թ. ձեռք բերած՝ իշխանություն ունենալու լծակն ապահովելն է:

-Ինչո՞ւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերիների վերադարձի խնդրով չի դիմում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, Ֆրանսիային և փորձում է հարցը լուծել Մինսկի խմբի համանախագահող երկրներից միայն Ռուսաստանի միջոցով:

- Միայն ՌԴ միջոցով չէ: Նախ՝ կառավարությունն անում է ամեն ինչ, որ գերիների վերադարձը տեղի ունենա հնարավորինս արագ: Պետք է հաշվի առնել, որ գերիների վերադարձը միայն մեզանից կախված չէ: Երբ ես լսում եմ ընդդիմադիրների հայտարարությունները, տպավորությունն եմ ունենում, որ խնդրի լուծումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքում է. հենց որոշի, որ պիտի գան, կգան:

- Չե՞ք կարծում, որ ՌԴ-ն, որպես հրադադարի եռակողմ հայտարարության կողմ, կարող էր այդ հարցը շատ արագ լուծել, բայց չի անում:

- Միջազգային ճնշումն, այո, օգտակար կլինի հայ ռազմագերիների վերադարձի հարցում, և այդ ճնշումն արդեն երևում է: Ե՛վ ՌԴ-ի ճնշումն է նկատելի, և՛ ԵՄ-ի ճնշումը՝ հայտարարությունների տեսքով: Տարբեր երկրներ բանաձևեր են ընդունել, ու դա շարունակվելու է: Ես վստահ եմ, որ մենք վաղ թե ուշ հասնելու ենք ռազմագերիների և պահվող մյուս անձանց վերադարձին: Ադրբեջանը բավական ապակառուցողական է տրամադրված այս հարցով:

- Պատերազմի առաջին օրերին քննարկում էիք Արցախի անկախությունը ճանաչելու հարցը: Ինչո՞ւ չճանաչեցիք:

- Ճանաչման-չճանաչման հարցը պետք է ընդհանուր համատեքստում նայել: Այն ժամանակ եկանք եզրահանգման, որ ճիշտ պահը չէ, որ դա շոշափելի առավելություններ չի տալու:

- ՌԴ նախագահը, արտգործնախարարն ու բարձրաստիճան այլ պաշտոնյաներ հաճախ են շեշտում, որ ՀՀ-ն չի ճանաչել ԱՀ անկախությունը: Ի՞նչ կաներ ՌԴ-ն, եթե ՀՀ-ն նախկինում ճանաչեր Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

- ՌԴ պաշտոնյաները վկայակոչել են փաստը, որ Հայաստանը չի ճանաչել ԼՂՀ անկախությունը: ՀՀ-ն տարիներ շարունակ այդ քայլին չի դիմել առաջին հերթին կառուցողականության շրջանակում: Եղել է բանակցային գործընթաց, և եթե ՀՀ-ն ճանաչեր, կարող էր լինել ընկալում, որ Հայաստանը կառուցողական դիրքորոշում չի որդեգրում: Հիմա էլ քաղաքական ուժերի մեծ մասը կարծում է, որ եթե միայն Հայաստանը ճանաչի Արցախի անկախությունը, դա մեծ բան չի փոխի ԱՀ սուբյեկտայնության հարցում: Շատ կարևոր կլիներ, որ այլ երկրներ նույնպես ճանաչեին:

- Հայաստանը լինելո՞ւ է հետևողական Արցախի անկախության ճանաչման հարցում:

- Արցախի կարգավիճակի հարցը բաց է, և շատ կարևոր է, որ այդ իրողությունը ֆիքսել են նաև ՌԴ-ն և Ֆրանսիան՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներ: Այլ պետություններ ու կառույցներ՝ նույնպես: Դա նշանակում է, որ հարցը, ի վերջո, պետք է փակվի: Եվ այդ ուղղությամբ քայլեր են անհրաժեշտ: Այո, հայկական կողմերի առաջնահերթությունը ԱՀ կարգավիճակի ֆիքսումն է:

-Արցախի հարցը դուրս է եկել Մինսկի խմբի շրջանակից և հայտնվել Ռուսաստան-Թուրքիա համաձայնության տիրույթում: ԵԱՀԿ Մինսկի խումբը գործնականում դադարե՞լ է գոյություն ունենալ և հարցի լուծման վրա ազդեցություն գործել:

- Ոչ, ԵԱՀԿ Մինսկի խումբը կա: Իհարկե, կարծում եմ՝ այն պետք է ակտիվանա: Հունվարի 11-ին Մոսկվայում տրանսպորտային ու տնտեսական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հայտարարության ստորագրումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ԼՂՀ հարցում ՌԴ-ն առաջնորդվել է Մինսկի խմբի սկզբունքներով: Այնպես որ, դա է մնում ֆորմատը, որտեղ պիտի լուծվի Արցախի կարգավիճակի հարցը:

- Ռուսական աղբյուրները հրապարակում են, որ հունվարի 11-ի ստորագրված հայտարարության համաձայն Մեղրիով Ադրբեջանին և Նախիջևանին կապող նոր երկաթգիծ և ավտոճանապարհ է կառուցվելու, որից կօգտվի նաև Հայաստանը: Բայց փոխադրողները հայտարարում են, որ այդ ուղիները նույնպես կդառնան Հայաստանը շրջանցող ճանապարհներ: Եվ եթե ՌԴ-ն ու Ադրբեջանն անկեղծ են իրենց ցանկություններում, թող նախ Իջևանից Ղազախ գնացող երկաթգիծը գործարկեն, որն ավելի քիչ ռեսուրս և ժամանակ կպահանջի:

- Իսկ ո՞վ ասաց, որ չի քննարկվում, կամ ով ասաց, որ միայն Մեղրիի տարբերակն է քննարկվում: Կա երեք երկրների փոխվարչապետների համանախագահությամբ հանձնաժողով, որտեղ քննարկում են այդ հարցերը: Հանրայնորեն տեղեկատվություն չկա, թե որ ուղղու վրա է պայմանավորվածություն ձեռք բերվել, կամ որի դեպքում դեռ չի հաջողվել: Երբ որոշակի արդյունքներ լինեն, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այն կներկայացնի: