Ապրիլից ունենալու ենք շարունակական տնտեսական աճ․ Գ․ Պապոյան

փետրվարի 26, 2021

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի հետ

-Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարեց, թե քննարկվում է ծախսերի արդյունավետության հարցը։ Հնարավո՞ր է՝ արդյունքում գերատեսչություններին հատկացված ծախսերը կրճատվեն։

- Երբ խոսում ենք արդյունավետության մասին, նկատի ունենք երկու ուղղություն․առաջինն այս պահին ոչ կարևոր որոշ ծախսերի կրճատումն է, երկրորդը՝ որոշ ուղղությունների ծախսերի արդյունավետության բարձրացումը։ Օրինակ, Ազգային ժողովը ԱԺ նախագահի հանձնարարությամբ 2020թ․ 5,6 մլրդ դրամ բյուջեից 1,3 մլրդ դրամը խնայել և վերադարձրել էր պետբյուջե։ Դա 20 տոկոսից ավելին էր, ինչն արվել է ցանկության, արդյունավետ կառավարման և սրտացավության արդյունքում։ Այս խնայողությունից ԱԺ աշխատանքներն ու որակը չեն տուժել։ Ճիշտ է, որոշակի դժվարություններ եղել են, բայց դրանք հաղթահարվել են հավելյալ աշխատանքի, նվիրվածության միջոցով։ Այդ թվում՝ պատգամավորների։

- Սոֆյա Հովսեփյանը հարց էր բարձրացրել, թե արդյո՞ք գերատեսչություններին հանձնարարվել է 10 տոկոսով կրճատել ծախսերը։ Կա՞ նման հրահանգ կամ անհրաժեշտություն։

- Ես նման հրահանգի մասին տեղեկություն չունեմ։ Ինչ վերաբերում է անհրաժեշտությանը, բերեցի ԱԺ օրինակը, որը եղել է առանց հանձնարարականի։ Սա նշանակում է, որ եթե երկրի թիվ մեկ մանդատով օժտված մարմինը կարողացել է կրճատել բյուջեն ու իր աշխատանքն արդյունավետ կառավարել, պետական կառավարման մարմինները նույնպես կկարողանան իրենց առջև նման խնդիր դնել և լուծել։ Կարող են, օրինակ, թուղթը, գրիչը գնել սահմանափակ քանակով, գործուղման ծախսերը նվազեցնել, կարելի է յուրաքանչյուր գերատեսչության ծրագրերը վերցնել, ծախսերի վրայով գնալ և հասկանալ, թե որտեղ է հնարավոր կրճատում անել։ Պետք է այնպես անել, որ չխոչընդոտվի պետական կառավարման համակարգի աշխատանքը, և դրանք չպետք է լինեն այնպիսի ծախսեր, որոնք կազդեն տնտեսության կայուն զարգացման՝ կապիտալ ծախսերի կամ կապիտալ ներդրումների վրա։

- Այնուամենայնիվ, կառավարությունը կբերի՞ բյուջեի եկամուտների կրճատման նախագիծ, ինչպես արեց անցած տարի։

- Եկամուտները, որոնք պետք է գեներացվեին հարկերով, անցյալ տարի փոխարինվել են վարկային միջոցներով։ Այս տարի տեմպերն այնպիսին են, որ հազիվ թե նման խնդիր ունենանք։ Կարծում եմ՝ կհավաքագրենք բյուջեով պլանավորված եկամուտները, որովհետև գոնե այս պահին չկան հակառակի մասին վկայող գործոններ։ Ավելին, կան գործոններ, որոնք թույլ են տալիս պնդել, որ լինելու է պլանավորվածից ավելի բարձր տնտեսական աճ։ Հավաքագրված եկամուտներն էլ ավելի բարձր են լինելու։

- Դուք դա ասում եք՝ նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությո՞ւնը, որ տնտեսությունը վերականգնման նշաններ է ցույց տալիս։

- Ես ասում եմ՝ նաև հաշվի առնելով մակրոտնտեսական ցուցանիշները, որ տնտեսությունն արդեն վերականգնման փուլ է մտնում, և, վստահաբար, ապրիլից ունենալու ենք շարունակական աճ։ Ես հուսով եմ, որ մարտ ամսին էլ կունենանք։ Կառավարության մի շարք գործողություններ, ծրագրեր, որոնք միտված են տնտեսական ակտիվության ավելացմանը, ցույց են տալիս, որ կանխատեսվածից նվազագույնը 1 տոկոսով ավելի աճ ենք ունենալու։ Եթե խոսում ենք ծախսերի արդյունավետության մասին, ապա պատճառն այն չէ, որ ուզում ենք որոշ ծախսեր կրճատել։ Մեր առջև դրված են հավակնոտ ծրագրեր՝ սկսած ռազմարդյունաբերությունից, սահմանների կահավորումից մինչև սոցիալական խնդիրները, որոնց համար անհրաժեշտ է լրացուցիչ ֆինանսավորում։

Վերջին տվյալներով՝ Հայաստանի բյուջեի միջոցներով 60-63 մլրդ դրամ կամ 120-125 մլրդ դոլարի աջակցություն է տրամադրվելու Արցախի քաղաքացիներին՝ կոմունալ վճարների, միանվագ օգնության, տներ կառուցելու համար։ Սրանք նոր իրավիճակից առաջ եկած ծախսեր են, որոնք կատարվելու են նաև խնայողության կամ ծախսերի արդյունավետության բարձրացման միջոցով։ Պետությունը հսկայական ծախսեր է իրականացնում արցախցիների սոցիալական ապահովության բարձրացման համար, և դա ծախս է, որը ՀՀ պետական բյուջեի, հարկատուների ուսերին է։

- 2021թ․ բյուջեն մշակվել էր մինչև արցախյան պատերազմը և պատերազմի ազդեցությունը չէր կրում։ Երբ թվարկում եք պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական աջակցության ու անվտանգության ապահովման ծախսերը, հարց է առաջանում՝ այս տարվա բյուջեով հնարավո՞ր է դրանք իրականացնել , եթե աշխատավարձին, կենսաթոշակներին և զարգացման ծրագրերին ուղղված գումարները համարվում են անձեռնմխելի։

- Ճիշտ է, այդ ծախսերը շատ դեպքերում պետությունն օրենքներով ստանձնել է, բայց, այնուամենայնիվ, բյուջեն ընդունվել է պատերազմից հետո, և որոշ գործոններ հաշվի առնված են։ Այնուամենայնիվ, նոր իրողություններով պայմանավորված՝գուցե որոշ ընթացիկ ծրագրային փոփոխություններ արվեն։ Նույն եվրոպարտատոմսերի թողարկման արդյունքում իրականացնելու ենք մի շարք ծրագրեր, որոնք միտված են մեր երկրի սոցիալական, անվտանգության մակարդակի ավելացմանը։ Կարծում եմ՝ պետությունն ունի բավարար միջոցներ, և, ամենակարևորը, բավարար վստահություն միջազգային ֆինանսական կառույցների և միջազգային ներդրողների շրջանում, ինչն արտացոլվել է եվրոպարտատոմսերի վերջին թողարկման ժամանակ, երբ գրանցեցին պատմական նվազագույն տոկոսադրույքը ՀՀ կողմից թողարկված պարտատոմսերի համար։

- Ձեր իշխանությանը՝ կառավարությանը, ԱԺ-ին, դեռ մեղադրում են անփորձ լինելու, աշխատանքները ճիշտ չկազմակերպելու և ձախողումների մեջ։ Վերջին ապացույցը փետրվարի 21-ին Աբու Դաբիում բացված աշխարհի խոշորագույն ռազմական IDEX ցուցահանդեսում Հայաստանի դատարկ տաղավարն էր։ Չե՞ք կարծում, որ մեղադրանքը տեղին է։

- Բարձր տեխնոլոգիաների նախարարությունն այդ մասին պարզաբանում տվել է, դա տեխնիկական խնդիր է եղել, որը, որքան գիտեմ, լուծվել է։ Ինչ վերաբերում է փորձառությանը, նշեմ, որ պետական կառավարման համակարգի 95 և ավելի տոկոսը նույն մարդիկ են, որոնք եղել են։ Բարձրագույն օղակում աշխատողների կեսը նախկինում էլ եղել են նույն համակարգի փորձառու մասնագետներ, հետևաբար, կարելի է ասել, որ անփորձ մարդիկ չկան։ Դա անլուրջ քննադատություն է։

- Ընդդիմության քաղաքական ակցիաները, հանրահավաքներն ակտիվանում են․ մտահոգություն չունե՞ք, որ նրանք, ի վերջո, կհասնեն հաջողության։

- Մեր մտավախությունները սկսվում և ավարտվում են Հայաստանի սոցիալական, անվտանգային մարտահրավերներով։ Մենք մտահոգված ենք, թե ինչպես անենք, որ գնաճ չլինի, որ բարձրացնենք աշխատավարձերն ու կենսաթոշակները, որ ապահովագրության համակարգն ընդլայնենք, մարդկային կապիտալում, տնտեսության մեջ ավելացնենք ներդրումները, ՀՀ պաշտպանունակությունը բարձրացնենք։ Մյուս դեպքերում մտահոգվելու կարիք չկա, քանի որ լինելու է ժողովրդի ընտրությունն ու որոշումը։Հ կողմից թողարկված եվրոպարտատոմսերի դեպքում։