ԲԴԽ նախագահի դիմումի հասցեատերը ԱԺ նախագահը չէ

մարտի 10, 2021

ԲԴԽ նախագահի դիմումի հասցեատերը ԱԺ նախագահը չէ

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը մարտի 9-ին արեց այն, ինչի մասին հայտարարել էր մարտի 4-ին՝ Ազգային ժողովի ամբիոնից: ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցով նա դիմում գրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

«Պարոն Վարդազարյան, Դուք ուղղակի չգիտեք՝ ինչ ղալաթ եք բերել Ձեր գլխին նոյեմբերի 15-ի հայտարարությամբ, ու հիմա եկել սատանի մայլեն քյանդրբազություն եք անում, ու Ձեր բոլոր պաշտպանողական հայտարարությունները կոպեկի արժեք չունեն», -դիմելով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանին՝ ասել էր Արման Բաբաջանյանը, երբ ԲԴԽ նախագահը եկել էր Ազգային ժողով՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:

Բաբաջանյանը մեղադրել էր «Իմ քայլի» պատգամավորներին՝ հայտարարելով. «Էս արհավիրքը (ձեռքով ցույց տալով ամբիոնի մոտ կանգնած Վարդազարյանին-հեղ.) դուք եք բերել Բարձրագույն դատական խորհուրդ, և Ձեր իշխանության օրոք է նշանակվել, Վանեցյանի միջնորդությամբ: Այսինքն՝ էս մարդու ոչ թե վաստակն է գործել դատական համակարգում, այլ ինքը Սերժ Սարգսյանի, Քոչարյանի ժամանակ վնգստացող դատավոր է եղել ու, չգիտես ինչ պատճառով, Վանեցյանի առաջադրմամբ բերել, էս պատուհասը դատական համակարգի գլխին եք դրել»:

Հիշեցնելով խորհրդարանում Արման Բաբաջանյանի ելույթը և դրանում հնչած արտահայտությունները, Ռուբեն Վարդազարյանը ԱԺ նախագահին ուղղված դիմումի մեջ նշում է, որ պատգամավորի կողմից թույլ են տրվել պատգամավորական էթիկայի կանոնների խախտումներ:

Մասնավորապես, ըստ Վարդազարյանի՝ Բաբաջանյանը խորհրդարանում քննարկման ժամանակ «հնչեցված արտահայտություններով դրսևորել է անհարգալից վերաբերմունք և պատգամավորին ոչ վայել վարքագիծ»:

ԲԴԽ նախագահը, վկայակոչելով ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասը, նկատում է՝ պատգամավորական էթիկային առնչվող հարցերի քննարկման և դրանց վերաբերյալ ԱԺ եզրակացություններ ներկայացնելու համար կարող է ստեղծվել ժամանակավոր հանձնաժողով:

«Այսպիսով, իշխանության առանձին ճյուղերի տարբեր մարմինների միջև համագործակցության, փոխադարձ հարգանքի, Ազգային ժողովի՝ որպես օրենսդիր իշխանության մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորման հարցում յուրաքանչյուր պատգամավորի դերի, դատական իշխանության և այն կրողների նկատմամբ հարգանքի ձևավորմանը նպաստող մթնոլորտի ու դրանում իշխանության մյուս ճյուղերի ներկայացուցիչների դերի լույսի ներքո գնահատելով վերոգրյալ փաստական և իրավական հիմնավորումները, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի արարքում պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման առկայությունը՝ դիմում եմ ԱԺ-ին՝ պատգամավոր Արման Բաբաջանյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով», -ԱԺ նախագահին ուղղված դիմումի մեջ նշել է Վարդազարյանը:

Արման Բաբաջանյանը առայժմ չի մեկնաբանում ԱԺ նախագահին ուղղված ԲԴԽ նախագահի դիմումը:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը, որը վերջին շրջանում ակտիվորեն աշխատում էր խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու օրենսդրության վրա, Parliamentmonitoring.am-ին ասում է, որ խորհրդարանում Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու համար պետք է դիմել Ազգային ժողովի խմբակցություններին, մինչդեռ ԲԴԽ նախագահը դիմել է ԱԺ նախագահին:

Խմբակցությունը դիմումն ստանալուց հետո, ըստ Կարապետյանի, խորհրդարանում կարող է շրջանառության մեջ դնել այս կամ այն դեպքի առիթով ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծ, որն էլ կարող է ընդունվել կամ չընդունվել պատգամավորների քվեարկությամբ:

Թե ինչ լուծում կարող է ունենալ ԲԴԽ նախագահի դիմումի ճակատագիրը, Մարիա Կարապետյանը դժվարանում է ասել: Նրա ներկայացմամբ, ԱԺ նախագահը դիմումը կարող է ուղարկել խմբակցություններին, որոնք էլ հավանաբար, կկայացնեն որոշում: Հարցին, թե կարելի՞ է եզրակացնել, որ «Իմ քայլը» հակված չէ այդ հարցով Էթիկայի հանձնաժողով ստեղծել, Մարիա Կարապետյանը պատասխանեց. «Այդ հարցը պետք է մտնի «Իմ քայլը» խմբակցության օրակարգ, քննարկենք և հետո միայն որոշում կայացվի: Դա խմբակցության որոշելիքն է»:

Ընդհանուր առմամբ, խորհրդարանում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար գործող ընթացակարգերը, ըստ պատգամավորի, քաղաքական շահարկումների տեղիք են տալիս: Եվ այդ պատճառով էր, որ երկար ժամանակ խորհրդարանում մտածում էին էթիկայի հանձնաժողով ստեղծելու գործող ընթացակարգերը փոխելու մասին: «Խմբակցության կողմից քաղաքական որոշման արդյունքում Էթիկայի հանձնաժողով ստեղծելը լուծում չէ, առհասարակ՝ խորհրդարանական բարեվարքության համատեքստում: Պետք է շարունակենք աշխատել, որ էթիկայի մշտական հանձնաժողով ստեղծվի: Իսկ դա մտածում ենք անել Սահմանադրական փոփոխությունների ճանապարհով, քանի որ, ըստ որոշ սահմանադրագետների, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը փոխելու ճանապարհը խնդիրներ ունի», -նշում է պատգամավորը: