Ապրիլյան պատերազմի «փազլը» քննիչ հանձնաժողովը չի ամբողջացրել

մայիսի 5, 2021

Ստեղծման պահից ուղիղ երկու տարի անց 2016 թվականի ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը մայիսի 5-ին վերջապես ներկայացվեց խորհրդարանի դատին: ՊՆ-ի, ԱԳՆ-ի և ԱԱԾ-ի առաջարկով և պատգամավորների միջնորդութամբ զեկույցի քննարկումը կազմակերպեց դռնփակ, քանի որ դրանում կան պետական գաղտնիք պարունակող բազմաթիվ փաստեր, տեղեկություններ:

Փաստաթուղթը խորհրդարանականներին ներկայացրել է ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: Քննարկումից հետո նա լրագրողներին հայտնեց, որ մեկ ժամ ծավալուն ելույթ է ունեցել ու պատասխանել պատգամավորների հարցերին: Քննարկումը դռնփակ էր, բայց, Քոչարյանի խոսքով, այն ձայնագրվել է և կարող է որոշ ժամանակ անց ուսումնասիրվել և արժանանալ իրավապահ մարմինների քրեաիրավական գնահատականին:

«Այսպիսի քննիչ հանձնաժողով, այսպիսի կարևորության և այսպիսի ծավալի աշխատանք երևի ոչ մի անգամ չի իրականացվել։ Մի անգամ հոկտեմբերի 27-ից հետո ստեղծվեց հանձնաժողով, բայց այդպես էլ կիսատ մնաց։ Զեկույցը գտնվում է Ազգային ժողովի հատուկ՝ առաջին բաժնում, գաղտնիության ռեժիմից օգտվելու իրավասություն ունեցող ցանկացածը կարող է ծանոթանալ զեկույցին և դրա հիմքում դրված բոլոր նյութերին, ձայնագրություններին, ներառյալ այն ժամանակվա քաղաքական ղեկավարների՝ նախագահ, վարչապետ, Արցախի ՊԲ, ՀՀ ՊՆ և այլն։ Երբ եկավ եզրակացություն, որ մենք խնդիր ունենք գաղտնիության հետ, բնականաբար այստեղ արդեն իմ ցանկությունները մղվում են հետին պլան»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։

Զեկույցին հանրությունն էլ կարող է ծանոթանալ, բայց մինչ այդ, Քոչարյանի ներկայացմամբ, պետք է ծաղկաքաղ արվի. «Ինչ-որ տարբերակներ կգտնենք, որ բոլորն էլ տեղեկանան զեկույցի դրվագներին: Երկու-երեք օրվա ընթացքում, եթե գտնենք կտորներ, հանրությունից չպետք է պահվի, քանի որ ապրիլյան պատերազմի հետաքրքրությունը շարունակում է մնալ»։

Ի՞նչ պարզեց քննիչ հանձնաժողովը

Թե ի՞նչն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը, ովքե՞ր են մեղավորները, հարցին Անդրանիկ Քոչարյանը հստակ պատասխան չի տալիս, բայց կարծում է, որ 44-օրյա պատերազմը շարունակությունն էր ապրիլյան քառօրյայի:

Շատ հարցերի պատասխաններ, ըստ Քոչարյանի, գտել են, արձանագրել ու փաստագրել: «Արժեքը հենց այդ ամենը փաստագրելու մեջ է: Հանրապետության նախագահին, վարչապետներին կանչել, հարցեր տալ։ Ոչ ոք չի մերժել բացի մեկ մարդուց, այդ մարդու մերժելը միակ հարցի պատասխանը, որ հանձնաժողովն իմպերատիվ չի կարող ասել՝ այդ հարցի պատասխանը կտա, թե ոչ, հենց այդտեղ է թաքնված, որտեղ արդեն մյուս մարմինները պետք է պարոն Խաչատուրովին կանչեն հարցաքննության», -նշեց պատգամավորը:

Ասաց, որ Խաչատուրովին ուղղվելիք մեկ հարցի պատասխանից կարող էր շատ բան փոխվել. «Մենք նրան պետք է հարցնեինք՝ ի՞նչ է խոսել Մոսկվայում: Յուրի Գրիգորիչից մենք պետք է լսեինք այդ հարցի պատասխանը՝ փազլը ամբողջացնելու համար»։ Այդ հարցին նույնիսկ 2016-ին նախագահ Սերժ Սարգսյանը չի կարողացել պատասխանել՝ նշելով, որ տեղյակ չէ:

Շատերին հետաքրքրող հարցին՝ ի վերջո, ապրիլյան պատերազմում հայկական կողմը հաղթե՞լ է, թե՞ պարտվել, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանն ասում է՝ հաղթել եմ Իլհամ Ալիևին, բայց հաղթանակի արդյունքում ադրբեջանական կողմն ունի 1994 թվականի զինադադարի պայմանագրի խախտում, դեմարկացիոն գծի խախտում, և դա ի օգուտ Ադրբեջանի։ Այն դիրքերը, որոնց ուղղությամբ ինքը կատարել է գործողություններ, այդ դիրքերի առավելությունները պահել է. 20 դիրք»։

Հարցին՝ պարզե՞լ են` հայկական կողմը ե՞րբ է իմացել, որ Ադրբեջանը լայնածավալ գործողություններ է սկսել ապրիլյան պատերազմի ժամանակ` մեծամասնության ներկայացուցիչը դրական պատասխան տվեց՝ ժամերով, րոպեներով հայկական կողմն իմացել է ադրբեջանական կողմի հարձակման մասին: Սակայն այդ մասին հայտարարել դեռ չեն կարող, քանի պարզ չէ` զեկույցի ո՞ր մասն է համարվում գաղտնի, որը՝ ոչ.

«Մեկ տարուց ավելի մենք փորձել ենք հասկանալ մեր պարտության, կամ 2016-ին մեր ձախողումների խորքային պատճառները, կառավարման մեջ մեր անշրջելի բացթողումները հետևանքներ ունեցե՞լ են, թե ոչ», -հայտարարեց Քոչարյանը՝ ընդգծելով, որ այս ամենի պատասխաններն իրենք պարզել են ու վավերագրել հանձնաժողովի զեկույցում:

Անդրադառնալով 44-օրյա պատերազմի հանգամանքները պարզելուն, այդ նպատակով նոր հանձնաժողով ստեղծելուն՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց.

«Եթե անհրաժեշտություն լինի, իշխանությունները կուսումնասիրեն նաեւ 44-օրյա պատերազմը։ Ցանկացած իշխանություն դատապարտված է ուսումնասիրել ցանկացած պատերազմ»։ 

Մարուքյանը գոհ չէ, իսկ ԲՀԿ-ն բացահայտումներ չի նկատել

ԱԺ փակ նիստից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ գոհ չէ զեկույցից, իսկ «Բարգավաճ Հայաստան»-ից Միքայել Մելքումյանը բացահայտումներ չէր նկատել հանձնաժողովի զեկույցում:

«Բացահայտում, որպես այդպիսին, չի եղել: Երբ կհրապարակվեն առանձին դրվագներ, հնարավոր է՝ մենք գնահատական ներկայացնենք», -ասաց նա:

«Հանձնաժողովը բավական աշխատանք է կատարել: Ես չեմ կարող ասել, որ զեկույցից գոհ եմ, զեկույցն ունի որոշակի թերություններ: Դրա մասին ես խոսեցի փակ ռեժիմով: Մի օրինակ կարող եմ բերել. եթե այսօրվա ԶՈւ գլխավոր շտաբի պետը այդ մեղավորներից է, իսկ ըստ զեկույցի ինքը այդ մեղավորներից է, նա չպետք է հիմա լիներ ԳՇ պետ: Սա ինձ համար կարևոր  սիգնալ է, ինդիկատոր է, որ եթե այդպես է, մենք չունենք անկողմնակալ քննություն այս իմաստով: Ով դեռ պետք է չմեղադրվի նման բաների մեջ, որ քո պատճառով էս եղավ, էն եղավ, իսկ ով հակառակ ճամբարներում է, նա կմեղադրվի»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Նրա խոսքով՝ զեկույցն ունի թերություններ, բայց ամբողջական գնահատական կարող են տալ, երբ դրա առանձին հատվածներ հրապարակվեն: Մարուքյանն անդրադարձավ նաև 44-օրյա պատերազմին: Ասաց, որ 44-օրյա պատերազմից հետո ապրիլյանի թերությունները գաղտնի պահելն իմաստ չունի:

«Մենք գնում ենք այն ուղիով, որ զեկույցը գաղտնազերծվի, հանրությունն իմանա՝ ինչ է եղել, և ովքեր են մեղավոր: Նաև տեսնի, թե արդյոք այդ մեղավորները պատժվել են, թե ոչ»,-հույս հայտնեց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավարը: