Սահմանային վիճակի քննարկումը խորհրդարանում և խորհրդարանից դուրս

մայիսի 27, 2021

Մայիսի 27-ի առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում տեղի ունեցածը խորհրդարանում քննարկվեց փակ դռների հետևում:

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը առավոտյան հաղորդագրություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։

Ավելի ուշ հրապարակվեցին գերեվարված զինծառայողների անունները՝ Ա. Ն. Աբգարյան, Ի. Ա. Սարգսյան, Վ. Վ. Սարգսյան, Բ. Ս. Օհանյան, Ա. Գ. Բուդոյան, Վ. Օ. Ռաֆայելյան։

Կառավարության նիստում արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը որոշ մանրամասներ ներկայացրեց կատարվածից՝ հայ զինծառայողների հետ տեղի ունեցածը որակելով առևանգում.

«ՀՀ ԶՈՒ 6 զինծառայողներ ՀՀ ինքնիշխան տարածքում իրականացնելիս են եղել սահմանի կահավորման աշխատանքներ։ Իրականացվել են ականապատման աշխատանքներ, ընդ որում, ուզում եմ հատուկ ընդգծել, որ այդ աշխատանքները իրականացվել են՝ զուգորդվելով զգուշացնող նշանների տեղադրմամբ, այսինքն՝ դրանք ոչ թե արվել են դիվերսիոն նպատակներով, այլ ականապատում է իրականացվել, զուգահեռաբար տեղադրվել են զգուշացնող նշաններ՝ տարածքի ականապատված լինելու վերաբերյալ։ Այս գործողությունները իրականացվել են մեր սահմանի պաշտպանության մակարդակը բարձրացնելու նպատակով։ Գերեվարման հանգամանքները դեռ պետք է պարզվեն, բայց մի բան հստակ է. դա, ըստ էության, գերեվարում չէ, տեղի է ունեցել մեր զինծառայողների առևանգում Հայաստանի Հանրապետության տարածքից»։

Կառավարության նիստից հետո Փաշինյանը այցելել է Գեղարքունիքի մարզ, Կութի գյուղ, հանդիպել, խոսել է բնակչության հետ: Այնուհետև ՀՀ զինված ուժերի 2-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է սահմանին ստեղծված իրավիճակի ու ՀՀ ԶՈւ գործողությունների մասին:

Այս քննարկումներից հետո Փաշինյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց. «Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարված է և պայթյունավտանգ, հայ և ադրբեջանցի զինծառայողները որոշ վայրերում միմյանց են հյուսվել, դեմ-դիմաց կանգնած են»:

Որոշ ժամանակ անց վարչապետի պաշտոնակատարը գրառում էլ արեց. «Շատ շուտով սահմանային իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնեմ: Վստահ եմ՝ առաջարկը փոխշահավետ է և իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ»։

Խորհրդարանն ու սահմանային իրավիճակը

Կատարվածը մինչև կառավարության նիստը ԱԺ լիագումար նիստի մեկնարկին առևանգում էր որակել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Ասել էր.

«Այսօր լուր տարածվեց, որ ՀՀ սահմանից պաշտոնական մեկնաբանությամբ գերեվարվել են հայ զինվորներ։ Սակայն ՀՀ սահմանի դեպքում չենք կարող անվանել գերեվարում, դա առևանգում է, և դա տեղի է ունենում այն պարագայում, երբ այսօր մեր միջազգային գործընկերները, մեր բոլոր գործընկերները պատշաճ գնահատական չեն տալիս, իրերն իրենց անունով չեն կոչում։ Կոչ եմ անում մեր բոլոր գործընկերներին անպայման և պարտադիր կերպով հստակ գնահատական և հստակ դիրքորոշում հայտնել Ադրբեջանի անթույլատրելի գործողությունների նկատմամբ», -հայտարարեց Լիլիթ Մակունցը:

Կառավարող խմբակցության ղեկավարը նաև նկատել էր, թե միգուցե ՀԱՊԿ արձագանքի հապաղումն է, որ նման էսկալացիաներ են տեղի ունենում:

Վկայակոչելով ՊՆ հաղորդագրությունը՝ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը անընդունելի համարեց, որ ՊՆ զորամասի պահպանության տարածք ադրբեջանցիները մտնում և գերի են վերցնում հայ զինծառայողներին:

«Սա այլևս աղետ է, սա այլևս անթույլատրելի է: Ադրբեջանցիները մայիսի 12-ից հատել են ՀՀ պետական սահմանը, սպանում են զինվոր, ամեն օր սահմանային տուրուդմփոցներ, հիմա էլ մտել են պահպանության տարածք, գերեվարել են: Այս իշխանությունը եկավ դագաղներով, այս իշխանությունը հանձնեց Արցախը, հիմա այս իշխանության ներկան մեր երկրի սուվերեն տարածքի վտանգն է: Հետո էլ ասում են՝ կա ապագա: Ես սարսափում եմ մտածել ձեզ հետ ապագայի մասին», -հայտարարեց Զոհրաբյանը:

ԱԺ հանձնաժողովների նիստը՝ դռնափակ, Անվտանգության խորհրդինը՝ բաց

ԱԺ նիստից հետո ֆեյսբուքյան գրառմամբ հանդես եկավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Իշխանությունից պահանջեց անհապաղ հրավիրել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ՝ Աժ բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։ Նրա պահանջը բավարարվեց, Անվտանգության խորհրդի նիստը կայացավ, բայց մինչ դա դռնփակ նիստ հրավիրեցին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի ու արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովները՝ քննարկելու սահմանին ստեղծված վիճակը:

Ավարտին նիստից լրագրողներին մանրամասներ հայտնեց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը: Նա հորդորեց ադրբեջանական լրատվամիջոցների սուտ տեղեկությունները չտարածել և համախմբվել պետության ու բանակի շուրջ: «Եթե մենք բոլորս ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, պետք է մեկ նպատակ ունենանք՝ չթուլացնել բանակը», -հայտարարեց նա:

Փոխնախարարի խոսքով՝ մեր բանակն ամեն ինչ անում է, որ չտրվի սադրանքների: Վստահեցրեց՝ «Մեր գերիների մասին մտածում են բոլորը, մի՛ կասկածեք»: Փոխնախարարն ասաց նաև, որ պաշտպանության նախարարությունն ու Զինված ուժերը տիրապետում են իրավիճակին, հորդորեց կասկածներ չունենալ և պնդեց, որ ամեն ինչ արվում է գերի ընկած հայ զինծառայողներին վերադարձնելու համար:

Նիկոլ Փաշինյանը իրավիճակի կարգավորման պլան ունի

Անվտանգության խորհրդի նիստը ուղիղ հեռարձակվեց հեռուստատեսությամբ: Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, 3 խմբակցությունների ներկայացուցիչներ, ԱԺ պաշտպանության-անվտանգության հարցերի և արտաքին հարաբերությունների նախագահները: Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հատուկ առաջարկ ունի: Դրա էությունը հետևյալն էր. կողմերը պայմանավորվում են, որ Հայաստանի ու Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են սահմանից մշտական տեղակայման վայրեր, սահմանագծի երկայնքով  տեղակայվում են միջազգային դիտորդներ՝ Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող:

Դիտորդները, ըստ Նիկոլ Փաշինյանի, հետևելու են պայմանավորվածության կատարմանը: Խոսքը Սոթք-Խոզնավար հատվածի մասին էորտեղ էլ առկա է ահմանային լարվածությունը: Հետո միջազգային հովանու ներքո տեղի է ունենում սահմանակետերի ճշգրտման աշխատանք:

Վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ սա պաշտոնական առաջարկ է՝ ուղղված Ռուսաստանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին, Ադրբեջանին: Նա հույս հայտնեց, որ առաջարկը կընդունվի: Ասաց, որ այս ճանապարհով չգնալու դեպքում իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից: Առաջարկից բացի Նիկոլ Փաշինյանը նախատեսում է ակտիվ խորհրդակցություններ ունենալ միջազգային գործընկերների հետ: Տեղեկացրեց նաև, որ այս թեմայով խոսել է ԱԳ նախարարի հետ և հույս ունի, որ հնարավոր կլինի արագ անցնել առաջարկի իրագործմանը:        

Անվտանգության խորհրդի նիստից հետո հայտնի դարձավ, որ ԱԳ նախարար Արա Այվազյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: