Հարկային եկամուտները նվազել են, պարգևավճարները՝ պահպանվել․ ԱԺ-ն քննարկում է 2020թ․բյուջեի կատարողականը

7,6 տոկոս տնտեսական անկում, 7 մլրդ 968 մլն դոլար կամ ՀՆԱ-ի նկատմամբ 63.5 տոկոս պետական պարտք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելացել է 13,5 տոկոսով: Հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 561 մլրդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 895 մլրդ դրամ: Արձանագրվել է մոտ 5 տոկոս կամ 334 մլրդ դրամի պակասուրդ:
7-րդ գումարման Ազգային ժողովը մշտական հանձնաժողովներում քննարկում է իր վերջին` 2020թ. բյուջեի կատարման հաշվետվությունը: Բյուջե, որը կատարվեց կորոնավիրուսի համաճարակի և Արցախյան 44- օրյա պատերազմի ճգնաժամի պայմաններում:
«2020թ. ամբողջ ընթացքը բացահայտել է, որ չնայած համաշխարհային և տարածաշրջանային խորքային ցնցումներին` մեր երկրում ձևավորված պետական ինստիտուտների կայացած լինելը, բոլոր թերություններով հանդերձ, հնարավորություն է ընձեռել իրականացնել շրջահայաց մակրոտնտեսական քաղաքականություն և համարժեք ճգնաժամային միջոցառումներ` պահպանելով դրամավարկային և հարկաբյուջետային կայուն միջավայր»,- հաշվետվությունը պատգամավորներին ներկայացնելիս` հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:
«Մեզ հաջողվել է ինստիտուցիոնալ առումով պահպանել բյուջետային գործընթացի տրամաբանությունը, և մենք գործնականում չենք ունեցել որևէ չիրականացրած աշխատանք»,- հավելեց ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը:
Բյուջեի կատարողականի քննարկումներն անցան կիսադատարկ դահլիճում, երբեմն ընդամենը մեկ-երկու պատգամավորի ներկայությամբ: Հետևաբար, բյուջեի կատարմամբ հետաքրքրվող կամ այդ մասին հարց բարձրացնող պատգամավորները խիստ սակավաթիվ էին: Պատճառը, հավանաբար, այն էր, որ խորհրդարանը մայիսի 11-ից լուծարված է, բայց օրենքի ուժով կատարում է իր պարտականությունները, մինչև հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվի նոր Ազգային ժողով:
Մտահոգ են, բայց աջակցում են
2020թ. բյուջեի կատարման ցուցանիշները, սակայն, մտահոգիչ համարեցին Կենտրոնական բանկն ու Հաշվեքննիչ պալատը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն ընդգծեց, որ թեև նախորդ տարվա համեմատ 2020թ. հարկային մուտքերը նվազել են, բայց 16,3 տոկոսով ավելացել են ծախսերը: Հավելեց, որ 2020թ. համաճարակի և պատերազմի պատճառով պետական բյուջեում ավելացել են առողջապահական ու ռազմական ծախսերը, բայց չնշեց, թե որքան: Պարզապես հայտնի է, որ սոցիալ-տնտեսական հակաճգնաժամային միջոցառումների շրջանակում ծախսվել է մոտ 200 մլրդ դրամ կամ մոտ 400 մլն դոլար։
ԿԲ նախագահը նկատեց, որ պետական ծախսերում բավական քիչ են կապիտալ ծախսերը: «Կապիտալ ծախսերի ծավալների արդյունավետության բարձրացումը շարունակել է խնդրահարույց լինել տնտեսական ներուժի պահպանման, ընդլայնմանն ուղղված երկարաժամկետ նպատակների իրագործման տեսանկյունից»,- հավելեց Մարտին Գալստյանը։
Իսկ Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի դիտարկմամբ Հայաստանն անցած տարվա զարգացումների պատճառով մի շարք մակրոտնտեսական ցուցանիշերով հետընթաց է ունեցել և նվազ պարտքի բեռ ունեցող երկրների խմբից տեղափոխվել է միջին պարտքի բեռ ունեցող երկրների խումբ։ Լևոն Յոլյանը կարևորեց օրենքի պահանջի պահպանումը` ՀՆԱ-ի նկատմամբ պետական պարտքի 60 տոկոս շեմը: Եվ կառավարությանն առաջարկեց առաջիկա 5 տարիների համար պարտքի ցուցանիշը 63.5 տոկոսից նորից մինչև 60 տոկոս նվազեցնելու ծրագիր մշակել: ՀՊ նախագահը նաև կարևորեց պարտքի կառավարման արդյունավետության բարձրացումը:
Բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ Լ.Յոլյանը ներկայացրեց ևս մեկ խնդիր` ՀՊ-ն ստուգումների արդյունքում պարզել է, որ պետական մարմինների գրեթե կեսում ներքին աուդիտ չի իրականացվել։ Իսկ ծրագրային միջոցառումներից 17,7 տոկոսի դեպքում ոչ մի արդյունքային ցուցանիշ սահմանված չէ: Եվ այդ պատճառով հնարավոր չի եղել գնահատել այդ միջոցառումների արդյունավետությունը:
ՀՊ-ն նաև պարզել է, որ 2020թ. բյուջեով սահմանված`67,3 միլիարդ դրամ ծավալով 109 միջոցառում չի կատարվել։ Դրանց համար վճարումներ չեն արվել:
Լ.Յոլյանը առանձնացրեց ևս մեկ խնդիր, որը նկատել է պետական գնումների համակարգում` 2020թ. պետական մարմինների կնքած պայմանագրերի շուրջ 40 տոկոսն իրականացվել է մեկ անձի գնման միջոցով, ինչը 4,4 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը: «Գնումների ոլորտում մրցակցությունը չի փոխվել: Որոշակի հետընթաց է արձանագրվել պետական գնումների տնտեսման սկզբունքի առնչությամբ»,- նշեց ՀՊ նախագահը:
Նշված խնդիրներով հանդերձ ՀՊ-ն դրական եզրակացություն տվեց 2020թ. բյուջեի կատարողականին:
Ստացել են նաև պարգևավճար
2020թ. պետական աշխատողներին հատկացվել է շուրջ 22 մլրդ դրամի պարգևավճար: Ա.Ջանջուղազյանը նշեց, որ պետական պաշտոնյաներին պարգևավճարներ են հատկացվում, որպեսզի կրճատեն մասնավոր համակարգի վարձատրության հետ եղած տարբերությունը: Նրա ներկայացմամբ՝ տվյալ պահին պետական ոլորտում մեկ պաշտոնյայի միջին ամսական եկամուտը, հաշվի առնելով նաև պարգևավճարները, կազմում է ամսական 360 հազար դրամ: Ընդ որում, հանրապետությունում միջին աշխատավարձը կազմում է 200 հազար դրամից քիչ:
Ատոմ Ջանջուղազյանը հայտնեց, որ 2020թ. պետական ոլորտում ծրագրվում էր ներգրավել 19.709 աշխատակից: Աշխատավարձերի և պարգևավճարների վճարման համար ծրագրվում էր հատկացնել 87,4 մլրդ դրամ:
Պետական համակարգում պարգևավճարները կազմել են 15 մլրդ 477 մլն դրամ: Դատական, պետական և քաղաքացիական ծառայության աշխատակիցներին վճարվել է 3 մլրդ 928 մլն դրամ, հարկային և մաքսային ծառայության աշխատակիցներին՝ 2 մլրդ 548 մլն դրամ: Այդպիսով, 2020թ. պաշտոնյաներին վճարվել է շուրջ 22 մլրդ դրամ պարգևավճար:
ԱԺ աշխատակազմը պարգևավճար ստացել է, պատգամավորները`ոչ: «Ներեք անգրագիտությունս, բայց ԱԺ աշխատակազմը համարվո՞ւմ է պետական կառավարման համակարգի աշխատողներ, թե՞ ոչ: Քանի որ վերջին տարում իրենք պարգևավճարներ ստացել են, իսկ պատգամավորները չեն ստացել վերջին տարում»,- հարցրեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը։
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ պատգամավորները նույնպես պետական համակարգի աշխատողներ են, իսկ թե ինչու պարգևավճար չեն ստացել, պետք է հարցնել ԱԺ ղեկավարությանը:
Պաշտպանական ծախսերն ավելացել են
2020թ. 26 տոկոսով ավելացրել են պաշտպանական ծախսերը: Բյուջեի կազմման կանոնների համաձայն՝ դրանք պետք է լինեն հաջորդ տարի կանխատեսվող ՀՆԱ-ի 4 տոկոսը: Եվ նախատեսված էր 307 մլրդ դրամ կամ մոտ 590 մլն դոլար: Բայց Արցախյան պատերազմի պատճառով կազմել են մոտ 387,5 մլրդ դրամ կամ մոտ 745 մլն դոլար:
ԱԺ մշտական հանձնաժողովներում գերատեսչությունները ներկայացնում են անցած տարվա իրեն կատարած ծախսերն ու աշխատանքները, քննարկվում հետագա ծրագրերը: Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերի քննարկման ժամանակ Պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը կարևորեց հետպատերազմյան ռիսկերի ներառումը ապագա բոլոր ծրագրերում: «Խոսվեց ապաստարանների մասին, պարզվում է՝ դա ՏԻՄ տնօրինման տիրույթում է: Բայց ես համոզվածեմ, որ դա առաջին հերթին պետք է ԱԻՆ-ի վերահսկողության ներքո լինի: Էլ չեմ խոսում այն մասին, որ սեյսմիկ գնահատման խնդիր ունենք: Նաև մեր փողոցները բերել ենք այնպիսի վիճակի, որ մարդկանց տարհանելու խնդիրը չենք կարողանալու էֆեկտիվորեն լուծել, որովհետև թույլտվություններ են տվել՝ ինչքան ուզեն, որտեղ ուզեն շենքեր կառուցել: 2021թ. ապագային միտված մեր ծրագրերը մշակելիս պետք է այս ամենը հաշվի առնել»,- շեշտեց նա:
Նավթն ու բենզինն առաջիկա 4 տարիներին չեն էժանանա, բայց Հայաստանում ինչ-որ ձևով էժան բենզին է հայտնվել։ Այս մասին պատգամավորները տեղեկացեն ՏՄՊՊՀ հաշվետվության քննարկման ժամանակ: Հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ասաց, որ բենզինի շուկայում տեղի են ունեցել բավական լուրջ փոփոխություններ` այնպիսի փոփոխություններ, որ ինքը մոռացել ու չի էլ հիշում, թե ով է մտնում կամ դուրս գալիս այդ շուկայից:
Խոսելով բարձր կենտրոնացում ունեցող ապրանքային այլ շուկաների մասին` Գևորգյանը նշեց, որ շաքարավազի շուկան կայունացել է, բայց գինը չի նվազել։ Իսկ կարագի շուկայում 2 ամիս հետո նոր թանկացում է կանխատեսվում։ «Այսօր արդեն Նոր Զելանդիայում ձեռք բերման գինը 4000-ից դարձել է 6000 դոլար, սակայն միջազգային շուկայի կանխատեսումներով` նոյեմբերին կարագի գները դարձյալ նվազելու են»,- ասաց նա։
2020թ. բյուջեի կատարման հաշվետվությունը մշտական հանձնաժողովներում կքննարկվի մինչև հունիսի 8-ը, իսկ հունիսի 15-ին կընդգրկվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում: