Սահմանադրական կարգը տապալելուց մինչև նախագահի ինքնաթիռը խոցելու մտադրություն․ թեկնածուների «մեղքերը»

հունիսի 16, 2021

2021թ. հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններն առանձնանում են ոչ միայն մասնակից ուժերի ռեկորդային թվով, այլև հանցագործությունների մեջ մեղադրվող թեկնածուների մեծ թվով: Առնվազն 6 ընտրական ցուցակների առաջին հորիզոնականը զբաղեցնող գործիչների վերաբերյալ քրեական գործեր են քննվում իրավապահ համակարգում` քննչական մարմիններում ու դատարաններում: Իսկ մեղադրվող թեկնածուները բազմաթիվ են:

Առաջինը Նիկոլ Փաշինյանն է

Ամենաբարձր պաշտոնյան և քաղաքական ուժի ղեկավարը, որն այս պահին ներգրավված է մի քանի գործերում, վարչապետի պաշտոնակատար և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին անուն Նիկոլ Փաշինյանն է: Ընդամենը մեկ ամիս առաջ դատարանը վարույթ է ընդունել Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, կաշառք ստանալու մեղադրանքով անազատության մեջ գտնվող Վահագն Վերմիշյանի հայցն ընդդեմ Ն.Փաշինյանի։ Վերմիշյանը պահանջում է հերքել իր պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, հրապարակայնորեն ներողություն խնդրել ու փոխհատուցում վճարել։ Դատական նիստը դեռ չի կայացել:

Ն.Փաշինյանին դատի է տվել նաև ՍԴ նախկին նախագահ Հրայր Թովմասյանը: Փաշինյանն անցած տարի Կապանում հրավիրած ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե Հ.Թովմասյանն իր ծառայություններն է առաջարկել գործող իշխանություններին: Հ.Թովմասյանը հակադարձել էր, որ եթե վարչապետն արժանահավատ փաստ չներկայացնի, ինքը զրպարտության վերաբերյալ հայցով դիմելու է դատարան: Փաշինյանը որպես փաստ հրապարակել էր հայտնի գրիչը, որը նրան էր նվիրել Հ.Թովմասյանը: Եվ վերջինս դատի տվեց Փաշինյանին ու պահանջեց ներողություն խնդրել վիրավորելու համար, հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։ Դատական նիստը դեռ չեն ավարտվել:

Ն.Փաշինյանին դատի է տվել նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը նրանից պահանջում է հաստատել իր արդար դատաքննության իրավունքի խախտումը, հատուցել խախտման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը, հրապարակայնորեն հերքել իր վերաբերյալ հնչեցված արտահայտությունները։ Փաշինյանը մի քանի անգամ Քոչարյանին մեղադրել էր բանակից փողեր գողանալու մեջ:

Բայց միայն այս երեք գործերը չեն, որոնցով մեղադրվում է Ն.Փաշինյանը։ Նրան դատի են տվել նաև Քոչարյանի փաստաբանները, այլ քաղաքական գործիչներ․ գործերի մի մասը փակվել են, մի մասը քննության ընթացքում են:

«Հայաստան»-ում մեղադրվողները շատ են

Ավելի քան երկու տարի՝ քննչական ու դատական մարմիններում քննվում էին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական գործերը: Նախկին նախագահը մեղադրվում էր ՔՕ 300.1 հոդվածով` 2008թ. Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունները կազմակերպելու և այդպիսով սահմանադրական կարգը տապալելու, ինչպես նաև խոշոր չափի կաշառք ստանալու մեղադրանքով: Գործը մոտ 2 տարի քննվեց ընդհանուր իրավասության դատարանում, բայց կարճվեց այս տարի, երբ ՍԴ-ն մարտի 26-ին Սահմանադրությանը հակասող ճանաչեց 300.1 հոդվածը: Քոչարյանը դեռ մեղադրվում է կաշառք վերցնելու մեղադրանքով:

Կարճված գործը ՀՔԾ վարույթում գտնվող` Մարտի 1-ի իրադարձություններին վերաբերող հիմնական գործից անջատված մասն էր: Մայր գործը դեռ ՀՔԾ-ում է և դատարան չի ուղարկվել: Չի բացառվում, որ այս գործով ևս Քոչարյանին մեղադրանք կառաջադրվի:

Կարճված գործով մեղադրվում էին «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի ևս երկու թեկնածու` 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Արմեն Գևորգյանը, որը Ռ.Քոչարյանի նախագահության ժամանակ նրա աշխատակազմի ղեկավարն էր և 8-րդ հորիզոնականը զբաղեցնող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Առաջինը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Առաջին դեպքում գործը կարճված է, մյուս մեղադրանքներով քննությունը շարունակվում է:

Ս.Օհանյանը նույնպես մեղադրվում էր 300.1-րդ հոդվածով, և հիմա չի մեղադրվում նույն պատճառով, ինչ Ռ.Քոչարյանը: «Հայաստան» դաշինքի անդամը, սակայն, մեղադրվում է նաև իր պաշտոնավարման ժամանակ ՊՆ հաշվեկշռում գտնվող  «ՁորաՀԷԿ»-ի օտարման գործարքում առանձնապես խոշոր չափի վատնում կատարելու մեղադրանքով:  Ըստ քրեական գործի՝ ՀԷԿ-ը շուկայականից մոտ 3 միլիոն դոլար պակաս գնով օտարվել է ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի մտերիմներին։ ՀՔԾ-ն այս գործով քննությունն ավարտել է երկու ամիս առաջ:

Ապրիլի 22-ից քրեական գործ է հարուցված «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակ մեկ այլ անդամի`Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի նկատմամբ: Նա մեղադրվում է ՔՕ միանգամից երկու` 258-րդ խուլիգանության և 316-րդ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածներով: Այդ գործը հարուցվել է նույն ամսին՝ Մեղրի այցի ժամանակ Ն.Փաշինյանի դեմ բողոքի ակցիա կազմակերպելու կասկածանքով:

Քրեական գործեր կան նաև այս դաշինքի ցուցակի այլ անդամների՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, ՀՀԿ-ական նախկն պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդու` Դավիթ Սեդրակյանի և այլոց նկատմամբ:

«Բարգավաճ Հայաստանում» մեղադրվում են աներն ու փեսան

Ընտրություններին մասնակցող հաջորդ կուսակցությունը, որի ղեկավարը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, «Բարգավաճ Հայաստանն» է: Ընդ որում, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՔՕ 154.2-րդ հոդվածով` 2017թ. խորհրդարանական ընտրություններում մոտ 17 հազար ընտրողի կաշառք բաժանելը կազմակերպելու մեղադրանքով: Գործը հարուցվել է անցած տարի, այն դեռ նախաքննական փուլում է:

Մոտ մեկ տարի առաջ քրեական գործ է հարուցվել նաև Գ.Ծառուկյանի փեսայի, ԲՀԿ նախընտրական ցուցակի 5-րդ հորիզոնականը զբաղեցնող Կարապետ Գուլոյանի դեմ: Նա մեղադրվում է դիտավորյալ գործողությունների հետևանքով առանց համապատասխան ընթացակարգերի ապօրինի կերպով Աբովյան համայնքին պատկանող` 295.470.000 ՀՀ դրամ արժողությամբ 10,05 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելու, այն ձևական աճուրդի միջոցով օտարելու, ընդամենը 712.400ՀՀ դրամով վաճառելու և պետությանը խոշոր չափի վնաս պատճառելու մեղադրանքով: Գուլոյանը վճարել էր պետության պատճառած վնասը, բայց գործի քննությունը չի ավարտվել:

«Պատիվ ունեմ»` պաշտոնական կեղծիք և լիազորությունների չարաշահում

Քրեական մեղադրանքներից զերծ չէ նաև «Պատիվ ունեմ» դաշինքը, որի նախընտրական ցուցակի երկու անդամ մեղադրվում են ՔՕ 308-րդ հոդվածով`պաշտոնական լիազորությունները չարաշահելու մեջ: Այս տարի փետրվարին Քննչական կոմիտեն նույն քրեական գործով մեղադրանք առաջադրեց ՀՀԿ անդամ, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Պետական գույքի կառավարման նախկին պետ Արման Սահակյանի նկատմամբ: Առաջինը դաշինքի նախընտրական ցուցակի 2-րդ համարն է, Ա.Սահակյանը` 10-րդը:

ՔԿ-ի ներկայացմամբ՝ նախկին քաղաքապետը նախաձեռնել է Երևանի մի քանի դպրոցների զբաղեցրած հողամասերի սահմանները վերաճշտելու գործընթաց, որպեսզի այնտեղից իր մերձավորների համար տարածք առանձնացնի: Նույն քրեական գործով բացահայտված նույնաբնույթ դեպքով մեղադրվում է նաև Ա.Սահակյանին:

ՔՕ 3 8-300-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորություններին տիրանալուն օժանդակելու և պաշտոնական կեղծիք կատարելու մեջ է մեղադրվում նաև այս դաշինքի մաս կազմող «Հայրենիք» կուսակցության անդամ, նախընտրական ցուցակի պատգամավորի թեկնածու, ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը: Ըստ ՔԿ-ի՝ վերջինս այդ կեղծիքները կատարել է Հրայր Թովմասյանի` ՍԴ նախագահի պաշտոնում ընտրվելու ժամանակ:

ՊՊԾ գնդից մինչև «Բանդայի» գործ

Ընտրություններին մասնակցող հաջորդ կուսակցությունը, որի ղեկավարի` Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական գործ կա, «Ինքնիշխան Հայաստանն» է: Նորաստեղծ այս կուսակցության ղեկավարը մեղադրվում է ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով՝ Պետական վերահսկողական ծառայության պետ եղած ժամանակ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար` հայտնի դիալեզի գործով: Ըստ մեղադրանքի՝ Սանասարյանը նպաստել էր իր աշխատակիցների կողմից փաստացի կառավարվող ընկերության ձեռնարկատիրական գործունեությանը` որ պետական գնումներով հենց այդ ընկերությունից ձեռք բերվեն դիալեզի պարագաներ:

Համահայկական ազգային պետականություն կուսակցության` ՀԱՊԿ-ի ղեկավարը հանրությանը հայտնի է աղմկահարույց «Բանդայի» գործից: Նա 2015թ. «վնասազերծված» զինված խմբավորման ղեկավար Արթուր Վարդանյանն է: Ինը հոգանոց այդ խումբը մեղադրվում էր ապօրինի զենք-զինամթերք պահելու, բռնությամբ իշխանությունը զավթել ծրագրելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ խումբը նախատեսել է հարձակումներ գործել պետական շենքերի վրա, խոցել ՀՀ նախագահի օդանավը։ Ա.Վարդանյանն ազատության մեջ է 2019 թվականից՝ 1 մլն դրամ գրավի դիմաց։ Գործը գտնվում է դատաքննության փուլում:

«Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցության նախընտրական ցուցակի անդամներ Վարուժան Ավետիսյանը, Գագիկ Եղիազարյանը ու Արեգ Կյուրեղյանն էլ հայտնի են 2016թ. «Սասնա ծռեր» խմբից՝ Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման գործից: Նրանք երեքն էլ մեղադրվում են այդ գործով, երեքն էլ առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 7 տարվա ազատազրկման և բողոքարկել են այդ վճիռները:

Ռոբերտ Քոչարյանն իրեն «զրպարտելու, պատիվն ու արժանապատվությունը վիրավորելու» համար անցած տարի դատի է տվել նաև Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, նույն կուսակցության նախընտրական ցուցակի 11-րդ հորիզոնականը զբաղեցնող Արամ Մանուկյանին: Վերջնս իր հարցազրույցներից մեկում Ռ.Քոչարյանի նկատմամբ հնչեցրել էր կոշտ գնահատականներ, ինչպես նաև հայտարարել, որ նա ԼՂՀ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից: Ի դեպ, նման հայտարարություն բազմիցս է հնչել, և ոչ միայն Ա.Մանուկյանի կողմից: Եվ Քոչարյանը որոշել է ՀԱԿ փոխնախագահից պահանջել հրապարակային ներողություն խնդրել: Գործը դատաքննության փուլում է:

Սրանք ընտրություններին մասնակցող պատգամավորության թեկնածուների նկատմամբ հարուցված քրեական գործերի մի մասն է միայն՝ առավել հնչեղները, որոնցով անցնում են ընտրացուցակների առաջին դեմքերը: