8-րդ գումարման Աժ-ում կլինի 3 ուժ

հունիսի 21, 2021

Հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով 8-րդ գումարման Ազգային ժողով է անցել 3 քաղաքական ուժ՝ մեկ կուսակցություն՝ «Քաղաքացիական պայմանագիրը» և երկու դաշինք՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ»։ Բացարձակ առաջատարը նորից իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն, է որն այս անգամ ևս կունենա միանձնյա կառավարություն ձևավորելու իրավունք։ 7-րդ գումարման ԱԺ երկու ընդդիմադիր կուսակցությունները՝ «Բարգավաճ Հայաստան»-ն ու «Լուսավոր Հայաստան»-ն այս անգամ չկարողացան հաղթահարել անցողիկ շեմը։

Նախկին իշխանությունները՝ խորհրդարանական ընդդիմություն

Ընտրություններին մասնակցած 25 ուժերից անցողիկ շեմը հաղթահարել են միայն երկու ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը։ «Պատիվ ունեմ»-ը չի հաղթահարել դաշինքի համար պահանջվող 7 տոկոս շեմը, ստացել է ձայների ընդամենը 5,23 տոկոսը, բայց որպես ամենաշատ քվե ստացած երրորդ ուժ, կմտնի խորհրդարան:

Ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ն ստացել է 687.251 ձայն կամ ընտրողների ձայների 53,92 տոկոսը։ «Այսպիսով՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կունենա սահմանադրական մեծամասնություն և կձևավորի կառավարություն»,- հունիսի 21-ի առավոտյան իր ֆեյսբուքյան էջում շտապել էր գրել Նիկոլ Փաշինյանը։

Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը ստացել է ՔՊ-ից մոտ երեք անգամ պակաս՝ 268.165 ձայն կամ ձայների 21,04 տոկոսը։ Եվ Արթուր Վանեցյանի գլխավորած ՊՈւ-ն ստացել է ՔՊ-ից տասն անգամ, իսկ «Հայաստան» դաշինքից չորս անգամ պակաս՝ 66.633 ձայն կամ ձայների 5,23 տոկոսը

ԱԺ չանցած ԲՀԿ-ն ստացել է 50419 ձայն կամ ձայների 3,95 տոկոսը, ԼՀԿ-ն՝ ընդամենը 15571 ձայն կամ ձայների 1,22 տոկոսը։

ԿԸՀ նախնական տվյալների համաձայն՝ 8-րդ գումարման ԱԺ-ն կունենա 107 պատգամավոր․ ՔՊ-ն կունենա 71 մանդատ, «Հայաստան»ը՝ 29 և ՊՈւ-ն՝ 7։ Չորս ամենամեծ ազգային փոքրամասնությունների 4 մանդատներից երեքը բաժին է ընկնում ՔՊ-ին, 1-ը՝ «Հայաստան»-ին: «Հայաստան» դաշինքը ստանում է լրացուցիչ 2 մանդատ, որպեսզի խորհրդարանում ընդդիմության մանդատները 1/3-ից պակաս չլինեն:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ տարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Մանդատների բաշխման մասին պաշտոնական տվյալներ ԿԸՀ-ն կներկայացնի 7 օր անց։

Մանդատները վերցնե՞լ, թե՞ չվերցնել

Երկրորդ ամենաշատ ձայներ ստացած ուժը՝ «Հայաստան» դաշինքը, դեռ հունիսի 20-ին, կեսգիշերին, հայտարարություն տարածեց, թե «խորհրդարանական ընտրությունների հրապարակվող արդյունքները խիստ վիճահարույց են և վստահություն չեն ներշնչում»: Այդ ժամանակ արդեն տեղամասերից ներկայացվող տվյալներով ընտրողների ձայներով առաջատարը ՔՊ-ն էր։ «Քանի դեռ բոլոր խնդրահարույց հարցերը չեն ստացել սպառիչ բացատրություններ, և փարատված չեն կասկածները, «Հայաստան» դաշինքը չի ընդունելու ընտրությունների արդյունքները», - նշված է դաշինքի հայտարարության մեջ:

«Հայաստան» դաշինքի անդամ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը լրատվամիջոցներին ասել է, թե չեն ընդունում քվեարկության արդյունքները և դիմելու են Սահմանադրական դատարան։ Ավելի ուշ դաշինքը հայտարարություն տարածեց, թե վարչական լծակներն օգտագործելու, ընտրահաշվարկի ժամանակ բազմաթիվ տեղամասերում էլեկտրաէներգիայի անջատումների, բանակի անթաքույց ուղղորդված քվեարկության, իշխանության կողմից քողարկված ընտրակաշառքի դեպքերի ահազանգի պատճառով «սկսում է քաղաքական կոնսուլտացիաներ ընտրություններին մասնակցած այլ ուժերի հետ միասնական ՍԴ դիմելու հնարավորությունը քննարկելու համար»:

Բայց մինչ այդ դաշինքը ընտրական հանձնաժողովներին պետք է խախտումների վերաբերյալ դիմումներ ներկայացնի, իսկ ՍԴ կարող է դիմել միայն ԿԸՀ-ի կողմից ընտրությունների վերջնական արդյունքները հայտարարելուց հետո։ ՍԴ դիմելը, սակայն, չի կասեցնում մանդատների բաշխման և խորհրդարանի ձևավորման գործընթացը։

Ոչ թե հավաքած ձայների քանակով, այլ օրենքի ուժով խորհրդարան անցնող ՊՈՒ-ն հայտարարել է, որ ստացված արդյունքները չեն ճանաչում որպես Արցախյան վերջին պատերազմի տարածքային և մարդկային կորուստների լեգիտիմացում և շարունակելու են պայքարել։ ՀԴ-ն ևՊՈՒ-ն դեռ ոչինչ չեն ասել մանդատները վերցնլ-չվերցնելու մասին։

Ի՞նչ կլինի, եթե այս ուժերը որոշեն չվերցնել մանդատները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը, պատասխանելով այդ հարցին, ասել է, թե «մանդատների հրաժարման ինստիտուտը քաղաքական բնույթի ինստիտուտ է, ԿԸՀ-ն, հիմք ընդունելով նախնական տվյալները, իրականացնելու է մանդատների բաշխումը»:

Անդրադառնալով հարցին, թե եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները, դա չի՞ հանգեցնի նոր արտահերթ ընտրությունների, ԿԸՀ նախագահն ասել է, որ չի կարող հստակ պատասխան տալ, քանի որ հարցը քաղաքական է։ Վայր դրած մանդատները կտրվեն միայն անցողիկ շեմը հաղթահարած ուժերին։ Այսինքն, եթե այդ երկու դաշինքները վայր դնեն իրենց մանդատները, դրանք բաժին կհասնեն ՔՊ-ին։ Իսկ դրա արդյունքում կլինե՞ն արտահերթ նոր ընտրություններ, թե ոչ՝արդեն քաղաքական որոշման հարց է։

Քոչարյանն առաջատար է Երևանում, Փաշինյանը՝ Տավուշում

Այս խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժը 2018թ արտահերթ խորհրդարանական ընտրությունների համեմատ 197 հազար ձայն պակաս է ստացել։ Նախորդ անգամ ստացել էր ավելի քան 884 հազար ձայն։ Ու թեև ՔՊ-ն ստացել է 53,92 տոկոս, բայց ստացել է ՀՀ-ում ընտրելու իրավունք ունեցողների ձայների 26,5 տոկոսը: 2018-ին այդ ցուցանիշը 34,1 տոկոս էր:

ՔՊ-ն ամենաբարձր՝ 67,9 տոկոս ձայներն ստացել է Տավուշի մարզում, ամենացածրը՝ Երևանում 42,31 տոկոս: Գեղարքունիքի մարզում ստացել է 66,26 տոկոս, Շիրակում՝ 65,11 տոկոս, Արմավիրում 63,35 տոկոս, Արագածոտնի մարզում՝ 62,97 տոկոս, Լոռու մարզում 60,5 տոկոս, Արարատի մարզում՝ 59,97 տոկոս, Սյունիքում՝ 53,66 տոկոս և Կոտայքի մարզում՝ 52,6 տոկոս։

Փոխարենը «Հայաստան» դաշինքն ամենաշատ ձայները ստացել է Սյունիքում՝ 27,2 տոկոս։ Հաջորդը Երևանն  է՝ 27,15 տոկոս, հետո Կոտայքի մարզն է՝ 20,11 տոկոս։ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքն ամենաքիչ ձայները ստացել է Գեղարքունիքում՝ 14,27 տոկոս և Արարատում՝ 14,84 տոկոս:

Իսկ ՊՈւ-ն ամենաբարձր ցուցանիշը գրանցել է Արարատի մարզում՝ 9,66 տոկոս: Երևանում ստացել է 5,66 տոկոս, իսկ ամենացածրը ստացել է Շիրակի մարզում՝ 2,91 տոկոս։