Վարչապետ կնշանակվի Նիկոլ Փաշինյանը, բայց նշանակումը կարող է հետաձգվել

հունիսի 28, 2021

Հայաստանի 8-րդ գումարման Ազգային ժողովը, որը ձևավորվել է հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, ունենալու է երեք խմբակցություն և ընդհանուր՝ 107 պատգամավոր։ Հիշեցնենք՝ 7-րդ գումարման Ազգային ժողովում թեպետ նույնպես կար երեք խմբակցություն, սակայն պատգամավորների թիվը 132 էր։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 27-ին հրապարակել է խորհրդարանական արտահերթ ընտրությունների վերջնական արդյունքները, որի համաձայն, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 688 761 կամ 53.91 տոկոս, «Հայաստան» դաշինքը՝ 269 481 կամ 21.09 տոկոս և «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 650 կամ 5.22 տոկոս: Նկատենք, որ «Պատիվ ունեմ» դաշինքը, թեև չի հաղթահարել օրենսդրությամբ սահմանված 7 տոկոսի շեմը, սակայն անցնում է խորհրդարան՝ որպես առավելագույն թվով ձայներ ստացած երրորդ ուժ:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր նիստում հաշվարկել է նաև, թե խորհրդարան անցած 3 քաղաքական ուժերից յուրաքանչյուրը քանի մանդատ կստանա նորաստեղծ խորհրդարանում: Այսպես, ըստ ԿԸՀ որոշման, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կստանա` 68, «Հայաստան» դաշինքը` 26, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 7 մանդատ։Ընտրական օրենսգրքի պահանջներին համապատասխան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 68 մանդատներից բացի կստանա նաև 3 տեղ ազգային փոքրամասնությունների՝ եզդի, ռուս, քուրդ պատգամավորների համար, «Հայաստան» դաշինքն էլ 26 մանդատներից բացի, կստանա ևս մեկ լրացուցիչ մանդատ` ասորի պատգամավորի համար, և ևս երկու լրացուցիչ մանդատ՝ որպեսզի խորհրդարանում ընդդիմությունը ունենա պատգամավորների 1/3-ը։

Այսպես, Ազգային ժողովի երեք խմբակցությունները լինելու են՝ «Քաղաքացիական պայմանագիրը», որը կկազմի խորհրդարանական մեծամասնություն, այնուհետև՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Վերջին երկու դաշինքները, որոնք հիմնականում կազմված են նախկին իշխանությունների ներայացուցիչներից, ըստ ամենայնի, կգործեն ընդդիմադիր դաշտում։

ՀՀ Ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում խորհրդարանը առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը ժամը 10:00-ին։ Այդ մասին, ըստ նույն օրենքի, հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:

Սակայն ԱԺ առաջին նստաշրջանի մասին ԿԸՀ նախագահի հայտարարությունը կհետաձգվի, քանի որ խորհրդարանական ընտրությունների մասնակից և խորհրդարան անցած «Հայաստան» դաշինքը պատրաստվում է ընտրությունների արդյունքները վիճարկելու հարցով դիմել Սահմանադրական դատարան։

Մինչ այդ հունիսի 25-ին դաշինքի ներկայացուցիչները դիմել են ԿԸՀ՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և վերաքվեարկություն նշանակելու պահանջով։ Բացի այդ, «Հայաստան» դաշինքը պատրաստվում է նաև ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումը Սահմանադրական դատարան ներկայացնել։ Մեծությամբ երկրորդ ընդդիմադիր խորհրդարանական ուժը վստահ է, որ կան մամուլում չբարձրաձայնված սկանդալային խախտումներ, որոնք էական ազդեցություն կունենան ընտրությունների արդյունքների վրա։

Ինչպե՞ս է կազմակերպվում նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը

Եթե ամեն ինչ հարթ ընթանար, և «Հայաստան» դաշինքը չդիմեր Սահմանադրական դատարան, նոր խորհրդարանի առաջին նիստը կկայանար հուլիսի 5-ին՝ նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը, ինչպես սահմանում է ՀՀ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը։ Սակայն երբ երկրում վիճարկվում են ընտրությունների արդյունքները, ապա ԱԺ անդրանիկ նիստը անորոշ ժամանակով հետաձգվում է։

Նոր խորհրդարանի առաջին նստաշրջանն անցկացվում է հետևյալ կերպ՝ այն բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Ինչպես երեք տարի առաջ՝ 2018-ին, այնպես էլ այս անգամ այդ գործողությունը հնարավոր է կատարի «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակով քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։

Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի խոսք կասեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։ Իսկ երդման տեքստը հետևյալն է՝ «Հանուն համազգային նպատակների իրականացման և հայրենիքի հզորացման ու բարգավաճման՝ երդվում եմ բարեխղճորեն կատարել ժողովրդի առջև ունեցած պարտավորություններս, պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը և օրենքները, նպաստել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և շահերի պահպանմանը, անել ամեն ինչ քաղաքացիական համերաշխության, ազգային ու համամարդկային արժեքների պահպանման համար»:

Հանդիսավոր երդումից հետո նիստը նախագահողը անուն առ անուն կարդալով ներկայացնելու է 8-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավորներին, որից հետո պատգամավորները գրանցվում են:

Առաջին նստաշրջանի օրակարգը ևս սահմանում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը և այն անփոփոխ է՝ պետք է ստեղծել հաշվիչ հանձնախումբ, ընտրել ԱԺ նախագահ, ԱԺ նախագահի երեք տեղակալներ, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներ ու հավանություն տալ կառավարության ծրագրին։ Այս փաստաթուղթը Ազգային ժողով ներկայացվելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում, Ազգային ժողովի նախագահը հայտարարում է հարցի քննարկմանը նվիրված նիստի օրը և ժամը:

Հայաստանի Սահմանադրության համաձայն, Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և երեք տեղակալներ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներից։

Նկատենք՝ ըստ մամուլում հրապարակված տարբեր տեղեկությունների, այս անգամ ԱԺ նախագահի պաշտոնում իշխող խմբակցությունն առաջադրելու է Ալեն Սիմոնյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցության թեկնածուն լինելու է «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանը։

Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:

Ազգային ժողովը, հիշեցնենք, ունի 11 մշտական հանձնաժողովներ, որոնցից մի քանիսի ղեկավարումը, ըստ Դոնթի բանաձևի, վերապահված է ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին։

Իսկ Ազգային ժողովի խորհուրդը հաստատում է հերթական նստաշրջանների և նիստերի օրակարգերի նախագծերը, ինչպես նաև իրականացնում է Ազգային ժողովի կանոնակարգով նախատեսված այլ լիազորություններ:

Առաջին նստաշրջանն ավարտվում է Ազգային ժողովի նախագահի եզրափակիչ ելույթով և հերթական նստաշրջանի գումարման օրվա մասին հայտարարությամբ:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի նշանակմանը, ապա նոր ընտրված խորհրդարանում վարչապետի ընտրություն ուղիղ իմաստով չի կայանում։ Սահմանադրության համաձայն, Հանրապետության նախագահը նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվելուց հետո անհապաղ վարչապետ է նշանակում սահմանված կարգով ձևավորված խորհրդարանական մեծամասնության ներկայացրած թեկնածուին: Իսկ մեծամասնության թեկնածուն, ինչպես 2018-ին, այնպես էլ այժմ Նիկոլ Փաշինյանն է։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի նշանակմանը, ապա խորհրդարանում վարչապետի ընտրություն ուղիղ իմաստով չի կայանում։ Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի նշանակմանը, ապա խորհրդարանում վարչապետի ընտրություն ուղիղ իմաստով չի կայանում։ Վարչապետի նշանակումը ընդդիմության՝ ՍԴ դիմելու դեպքում նույնպես կարող է անորոշ ժամանակով հետաձգվել։