Թեկնածուի կարգավիճակը չօգնեց, մանդատը կօգնի՞․ «Հայաստան» դաշինքում չեն բացառում, որ վերցնեն մանդատները

հուլիսի 16, 2021

Թեկնածուի կարգավիճակը չօգնեց, մանդատը կօգնի՞«Հայաստան» դաշինքում չեն բացառում, որ վերցնեն մանդատները

4 քաղաքական ուժ հունիսի 20-ի ԱԺ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկում են Սահմանադրական դատարանում։ Ի՞նչ կորոշի ՍԴ-ն՝ պարզ կդառնա հուլիսի 17-ին։ Մինչ դա՝ «Հայաստան» դաշինքի լիդերները հանդես են գալիս ասուլիսով՝ չբացառելով, որ կարող են վերցնել ԱԺ մանդատներն ու գնալ խորհրդարան։ Նրանք ասում են թե մանդատները լրացուցիչ պայքարի միջոց կարող են լինել գործող իշխանությունների դեմ։

«Հայաստան» դաշինքը խորհրդարանում, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, ունենալու է 29 պատգամավորական մանդատ։ Առայժմ հայտնի չէ՝ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը վերցնելո՞ւ է մանդատը, թե՞ ոչ։ Նա հայտարարել էր, որ իրեն ավելի շատ հոգեհարազատ է գործադիրի աշխատանքը, և օրենսդիր մարմինն իրենը չէ։

Այս պահի դրությամբ «Հայաստան» դաշինքի ընտրացուցակում անցողիկ տեղեր զբաղեցնող պատգամավորության 5 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, այդ թվում՝ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի։

Թեկնածուներից երկուսը՝ «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանը և Մեղրի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը, արդեն կալանավորված են։ Մխիթար Զաքարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, պաշտոնական կեղծիք: Մինչև կալանավորվելը՝ նա հուլիսի 9-ին պաշտոնից հրաժարական էր ներկայացրել ու հայտարարել էր ԱԺ պատգամավորի մանդատը վերցնելու մասին։ Սա այն դեպքում, երբ թիմում դեռ չեն որոշել մանդատ վերցնել-չվերցնելու հարցը։

Իսկ Արմեն Չարչյանին մեղադրանքն առաջադրվել է այն բանի համար, որ նա իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին:

Կալանավորելու միջնորդություն է ներկայացվել նաև «Հայաստան» դաշինքի ցուցակի 28-րդ տեղը զբաղեցնող Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանի վերաբերյալ։

Ավելին, Գլխավոր դատախազությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն է ներկայացրել Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Արթուր Սարգսյանը կասկածվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

Քրեական հետապնդում է իրականացվում նաև Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի նկատամբ, սակայն վերջինը դաշինքի անցողիկ տեղերում չէ (32)։

Սյունիքի մարզի համայնքապետերը, որոնց նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում, նորաստեղծ «Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի անդամներ են։ Այս կուսակցության նախագահը Վահե Հակոբյանն է, որը «Հայաստան» դաշինքի ցուցակում 4-րդն է։

«Սյունիքի համայնքապետերի դեմ իրականացվողը քաղաքական հետապնդումներ են, քաղաքական ռեպրեսիաներ, քաղաքական տեռոր», -կատարվողը բնութագրել է Վահե Հակոբյանը։

«Հայաստան» դաշիքնում վստահ են, որ տարբեր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումները իրենց չեն ընկճելու և իրենք «բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու են»։ Այդպիսի պայքարի միջոց կարող է լինել նաև պատգամավորական մանդատը վերցնելը։ Արդեն ծրագրում են՝ եթե գնան խորհրդարան, օգտագործելու են օրենքով սահմանվածգործիքները՝ հարցապնդումներ անելու, ՍԴ դիմելու, քննիչ հանձնաժողով ձևավորելու, լսումներ կազմակերպելուհնարավորությունը։

«Մենք մանդատները վերցնելը դիտարկում ենք հետևյալ տեսանկյունից՝ այդ մանդատները վերցնելը նոր խթան հանդիսանալո՞ւ է, նպաստելո՞ւ է մեր պայքարի ընդլայնմանը։ Այդ տրամաբանությամբ ենք մենք որոշելու՝ մանդատները վերցնե՞լ, թե՞ ոչ։ Այդ մանդատները միայն ու միայն ծառայելու են մեր պայքարին նոր ուժ տալուն», -ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որը ցուցակում 2-րդ տեղում է։

Նա ասել է, որ ճիշտ է, իրենց գլխավոր նպատակը՝ «ազգադավ իշխանություններին» հեռացնելը, դեռ չի ստացվել, բայց չպետք է հուսահատվել, ընկճվել ու նահանջել։ Ճիշտ հակառակը՝ համարում է, որ պետք է կազմակերպվեն, սխալներից դասեր քաղելով գնան առաջ։

«Հասկանալի է, որ կա խորհրդարանական մեծամասնություն, և մենք իրավական առումով ընդունվող որոշումների վրա ազդեցություն չենք կարող ունենալ։ Բայց ո՛չ, մենք մինչև վերջին շունչ՝ պայքարելու ենք հայրենիքին սպառնացող որոշումների դեմ, որևէ մեկը թող չկասկածի։ Աստված չանի, գա էդ օրը, դուք կտեսնեք։ Այսինքն, այդ թվում՝ ծայրահեղ քայլի, այո, դիմելու ենք», -ասել է դաշնակցական Սաղաթելյանը։

Խորհրդարանում «Հայաստան» դաշինքը լինելու է արմատական ընդդիմություն։ Իշխանությունների հետ ցանկացած համագործակցություն, պայմանավորվածություն «Հայաստանի» ներկայացուցիչը բացառել է։