Կավելանան բյուջեի մուտքերն ու պատգամավորների լրավճարները

հուլիսի 16, 2021

Պատգամավորներին տրվող լրավճարների հնգապատկում, պղնձի և մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքի բարձրացում։ Այս փոփոխությունները պարունակող նախագծերը ընդգրկված էին 7-րդ գումարման Ազգային ժողովի՝ հուլիսի 15-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի օրակարգում։ Նախաձեռնությունը կառավարությանն էր։ Նախագծերը քննարկվեցին հրատապ ռեժիմով՝ երկրորդ ընթերցումը՝ 24 ժամվա ընթացքում: Երկու ընթերցումներն անցկացվեցին նույն օրը: Նիստին մասնակցում էր միայն «Իմ քայլը» խմբակցությունը։

Գերշահույթի հարկում

«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծով կառավարությունն առաջարկում էր շուկայական արժեքի 15 տոկոսի չափով արտահանման տուրք սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող, բայց սեփականատերերին գերշահույթ ապահովող՝ պղնձի, մոլիբդենի ու հարակից որոշ ապրանքների արտահանման վրա։ Այդպիսով պղնձի խտանյութի արտահանման տուրքը կկազմի մեկ տոննան՝ 160 հազար դրամ, իսկ մոլիբդենային խտանյութինը՝ 800 հազար դրամ։

Հիմնական զեկուցող էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի ներկայացմամբ այդ մետաղների գներն առաջիկա տարիներին ոչ միայն չեն նվազելու, այլև կտրուկ ավելանալու են։ «Պղնձի գներն անցած տարվա 1 մետրիկ տոննայի դիմաց՝ 6500 դոլարի փոխարեն այժմ 9200-9300 դոլարի սահմաններում են, իսկ մոլիբդենի գները անցած տարվա 24 հազար դոլարի փոխարեն մոտ 41 հազար դոլար են», - ասաց Վահան Քերոբյանը:
Նախարարը նաև ընդգծեց, որ հանքարդյունաբերության ոլորտում գործող ռոյալթիները՝ բնապահպանական վճարները, բավարար չափով չեն ապահովում ընդերքից ստացված եկամուտների հավասարաչափ բաշխումը քաղաքացիների և տնտեսվարողների միջև։ Իսկ վերջին տարիներին հանքարդյունաբերության ոլորտից գանձվող պետական վճարներն ավելացրել են մի շարք երկրներ, այդ թվում՝ Ռուսաստանը, Չիլին։ «Անկախ ամեն ինչից՝ պետք է ռոյալթիների կտրուկ վերանայում լինի, որ Հայաստանի համար ընդերքի պաշտպանությունը ճիշտ կազմակերպվի, եկամուտները հավասար բաշխվեն, և կարողանանք դիմագրավել երկրի առաջ կանգնած մարտահրավերիներին»,- հավելեց Վահան Քերոբյանը։

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հետաքրքրվեց՝ եթե առաջիկայում մետաղների գները կտրուկ ընկնեն, հանքարդյունաբերողները չե՞ն կանգնի խնդիրների առաջ։ Նախարարը պատասխանեց, որ «տնտեսվարողները բավականին երկար վայելել են գործող գները», և նրանց գերշահույթն այնքան շատ է եղել, որ 6 ամսում չեն հասցնի տուժել։ 6 ամիս անց կարող են նոր որոշում կայացնել։ Իսկ միջազգային կազմակերպությունների վերլուծությունների համաձայն՝ ոչ միայն գների նվազում չի լինի, այլև պահանջարկի ավելացման պատճառով այդ մետաղներն ավելի կբարձրանան։ Եվ մետաղների արտահանման վրա 15 տոկոս պետտուրքի կիրառման արդյունքում 6 ամսում բյուջե կմուտքագրվի 35 մլրդ դրամ։

Նախարարը նաև նշեց, որ անցած 30 տարիներին ընդերքը «կեղեքվել է, և ազգային հարստությունից ժողովրդին բաժին հանելու անհրաժեշտություն է առաջացել»․ «Որոշ երկրներ ունեն նավթ, մենք ունենք պղինձ, մոլիբդեն, ոսկի, քար, և անհրաժեշտություն կա, որ այդ հարստությունը ճիշտ բաշխվի ժողովրդի և արդյունահանողների միջև»։

Նախագիծն առնչություն ունի «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» հետ, քանի որ Հայաստանում պղնձի ու մոլիբդենի արտադրությունն ու արտահանումը հիմնականում այդ ընկերությունն է իրականացնում: Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հավելեց, որ եթե 2020թ․ արտահանել ենք 511 հազար տոնա պղինձ, ուրեմն, ունենք 2,5 մլրդ դոլարի արտահանում։ «Դա շատ մոտ է մեր բյուջեին։ Այսինքն, պղնձի խտանյութը կարող է մեր տնտեսությանն այնքան օգուտ բերել, որ մենք դա չթողենք մեկ ընկերության շահագործմանը, այլ ստեղծենք մրցակցային հնարավորություն՝ գոնե վերամշակման մասով։ Եվ եթե մենք պետական բաժնեմասով վերամշակող գործարան կառուցենք, այն 5000 դոլարի փոխարեն կարտահանենք 9200 դոլարով։ Եթե թոշակը կրկնապատկելու համար մեզ 600 մլն դոլար է պետք, ճիշտ քաղաքականություն վարելու դեպքում կարող ենք հանգիստ ներգրավել՝ հենց միայն պղնձամոլիբդենային գործարանի աշխատանքն արդյունավետ կազմակերպելով»,- ասաց պատգամավորը։

Սիսակ Գաբրիելյանն էլ հավելեց, որ պետտուրքի բարձրացման նախագիծը հանքարդյունաբերումն ազգայնացնելուց ավելի լավ տարբերակ է և օտարերկրյա ներդրողներին չի մտահոգի: «Բացի այդ, բյուջեն լրացուցիչ 100-150 մլն դոլարի եկամուտ կստանա: Իսկ դա տարեկան լրացուցիչ 70 նոր դպրոց է, 100 նոր մանկապարտեզ կամ 100-150 կմ նոր ճանապարհ»:

Նախագիծն ընդունվեց 71 կողմ ձայներով:

«Անբարոյակա՞ն», թե՞ անհրաժեշտ փոփոխություն

Հաջորդ նախագծով իրենց լիազորություններն ավարտող և 8-րդ գումարման ԱԺ-ում չընդգրկված Վիկտոր Ենգիբարյանն ու Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկում էին հնգապատկել արդեն հաջորդ գումարման խորհրդարանների պատգամավորներին լրացուցիչ ծախսերի համար հատկացվող գումարը:

Պատգամավորները նյութատեխնիկական ծախսերի համար ստանում են ամսական 50 հազար դրամ դրամ՝ դեռևս 2013թվականից։ «Իմ քայլը» խմբակցության անդամները հեռացող խորհրդարանին առաջարկում էին փոփոխություն կատարել «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում և այդ գումարը դարձնել 250 հազար դրամ։ Օրենքը ուժի մեջ կմտնի ԱԺ հաջորդ գումարման երկրորդ նստաշրջանի բացման օրվանից:

Նախագիծը ներկայացնելով՝ համահեղինակ Վ․Ենգիբարյանն ասաց, որ 2,5 տարվա իրենց խորհրդարանական փորձը ցույց է տվել, որ նյութատեխնիկական ապահովման տարբեր՝ հիմնականում վառելիքի ծախսերից օգտվելու համար 50․000 դրամը բավարար չէ։ «Ես կարծում եմ, որ հատկապես այն պատգամավորները, որոնք մարզերից են և իրենց առօրյա գործունեության շրջանակում հաճախ պետք է ճամփորդեն ու հանդիպեն ընտրողների հետ՝ սա կլինի մեծ աջակցություն։ Իսկ այն պատգամավորները, որոնք ներգրավված են, օրինակ, խորհրդարանական դիվանագիտության կամ օրենսդիր գործունեության մեջ, կարող են այս միջոցներն օգտագործել տարբեր ծառայությունների գնման համար»,- ասաց նա:

Վ.Ենգիբարյանը նաև հավելեց, թե դա ԱԺ-ի վրա մեծ ծախս չի լինի, քանի որ հաջորդ խորհրդարանը 25 պատգամավոր պակաս կունենա:

Թեև նիստին չէին մասնակցում, բայց ԱԺ միջանցքներում նախագիծը քննադատեցին ընդդիմադիր պատգամավորները: Նախագիծն այս փուլում «անբարոյական» է համարում «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս եկած և հունիսի 20-ի ընտրություններին չմասնակցած Նաիրա Զոհրաբյանը: «Համեմատություն կատարել այլ երկրների պատգամավորների աշխատավարձի հետ ու ասել, որ մեր աշխատավարձը բարձր է, դա, իհարկե, այդպես չէ:  Ես գտնում եմ, որ այո, պատգամավորները, և նրանք, ում վրա դրված է պետության կառավարման դերը, պիտի ստանան արժանապատիվ աշխատավարձ, բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա այդ փուլը չէ, հիմա մենք շատ ավելի կենսական խնդիրներ ունենք»,- ասաց նա:

«Ասում են՝ 50 հազար դրամով հնարավոր չէ այս կամ այն  ծախսն անել․ իսկ թոշակառուն կարողանո՞ւմ է ապրել 30 հազար դրամով, ուսուցիչները կարողանո՞ւմ են իրենց ամենօրյա կյանքն ապահովել այն աշխատավարձով, որը դուք եք նրանց տալիս։ Իհարկե, չեն կարողանում։ Այն պարագայում, երբ ունենք չկահավորված սահմաններ, բազմաթիվ չլուծված խնդիրներ, ի՞նչ է նշանակում մտածել, որ կարելի է ևս 250 հազար դրամով ավելացնել պատգամավորների ծախսերը»,- հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած և «Հայաստան» դաշինքով պատգամավոր դարձած Աննա Գրիգորյանը:

«Հիմա հասարակությունը կկարծի, թե պատգամավորների կոշիկների կրունկները մաշվել է մարզերի ճանապարհին:  Իհարկե, բարոյական պարտք է գնալ մարզեր, միշտ գնալ, ոչ թե այս գումարն ավելացնելուց հետո պետք է գնան»,- հայտարարեց «Իմ քայլից» դուրս եկած մեկայլ պատգամավոր՝ Սոֆիա Հովսեփյանը:

Վերջինիս հակադարձեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով, թե արտահերթ ընտրությունները ցույց տվեցին՝ «ում կոշիկների կրունկներն են մաշվում մարզերում»:

Ի դեպ հենց այս նախագծի պատճառով նիստին չէր մասնակցում պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նիստից առաջ նա հայտարարել էր, թե ճիշտ չէ, որ այս խորհրդարանը հաջորդ խորհրդարանի պատգամավորների ամսական ծախսերի վերաբերյալ որոշում կայացնի։

Այս նախագիծը նույնպես ընդունվեց 71 ձայնով:

Խորհրդարանը քննարկեց և ընդունեց ևս երկու նախագիծ՝ ««ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ «Հայաստան-Վրաստան սահմանային տարածաշրջանային ճանապարհի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի փոփոխությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:  Առաջինն ընդունվեց 74, երկրորդը՝ 72 կողմ ձայներով: