Մեր թիմի անդամները բավականին փորձ են ձեռք բերել․Վահագն Հովակիմյան

հուլիսի 27, 2021

Մեր թիմի անդամները բավականին փորձ են ձեռք բերելՎահագն Հովակիմյան

Հարցազրույց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

- ՔՊ-ն որոշել է նոր խորհրդարանում 44- օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել: «Հայաստան» դաշինքից նույնպես հայտարարում են, որ «կգա քննիչ հանձնաժողով ստեղծելու իրենց առաջարկի օրը»: Փաստորեն, ընդդիմությունը «կոնտր-նախագիծ» է ներկայացնելու։ Փոխհամաձայնությա՞ն եք գալու այդ հարցում:

- Ոչ, նրանք պարզապես կարող են կողմ քվեարկել մեր նախագծին։

- ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ արտախորհրդարանական ընդդիմությունը նույնպես ընդգրկվելվելու այդ հանձնաժողովում: Այսինքն, դուք ներկայացնելու եք «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկության նման մի նախագիծ, որը ժամանակին մերժեցիք։

- Չեմ կարող ասել, թե ինչպիսին կլինի ֆորմատը, բայց հստակ ասվել է, որ ստեղծվելու է քննիչ հանձնաժողով, և քննարկվելու է արտախորհրդարանական ուժերի ներգրավվածության հարցը։ Թե դա ինչ տեսք կունենա, ընթացքում պարզ կդառնա։

- «Հայաստան» դաշինքից ասում են՝ թող ստեղծվի քննիչ հանձնաժողովը, և ամեն ինչի վրա լույս սփռվի։ Ոչ ցանկալի բացահայտումների համար չունե՞ք մտահոգություն։

- Այս դեպքում մտահոգություն կարող է ունենալ այն մարդը, որը հանցագործություն է կատարել։ Ես համոզված եմ, որ մենք որևէ հանցագործություն չենք արել։ Դրա համար էլ ասում ենք, եկեք հանձնաժողով ստեղծենք ու բաց քննարկենք։ Իսկ թե ով է քննիչ հանձնաժողովից սարսափում, կյանքը ցույց կտա։

- Մյուս կողմից՝ ԱԺ-ն չհրապարակեց Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը, և հանրությունը չտեղեկացավ, թե ինչ է կատարվել։ Նույնն էլ ա՞յս հանձնաժողովի դեպքում է լինելու։

- Այդ զեկույցը չհրապարակվեց, քանի որ դրա մեծ մասը գաղտնիք էր պարունակում, բայց այդ զեկույցին ծանոթանալու հնարավորություն ունեն նույն ընդդիմադիր պատգամավորները։ Ի վերջո, քննիչ հանձնաժողովի ստեղծման իմաստը զեկույցն է։ Եթե պարզվում է, որ այն գաղտնիք է պարունակում, փաստաթուղթը գաղտնագրվում է։ Քննիչ հանձնաժողովի իմաստը ոչ թե հրապարակային շոու սարքելն է, այլև ճշմարտությունը պարզելը։ Եթե այդ ճշմարտության ինչ-որ մաս պետական գաղտնիք է պարունակում, այն չի կարող հրապարակվել։

- Մեկ շաբաթ հետո` նոր խորհրդարանի առաջին նիստի ժամանակ պետք է ձևավորվեն մշտական հանձնաժողովները, ընտրվեն նախագահներ և փոխնախագահներ: Ո՞ր հանձնաժողովները չեք զիջի «Հայաստան» դաշինքին:

- Այս պարագայում ես զերծ կմնամ կոնկրետ հանձնաժողովի անուն տալուց, որովհետև դա կվնասի քաղաքական բանակցություններին: Քաղաքական մեծամասնության համար միշտ էլ առաջնահերթություններ կան, միևնույն ժամանակ, ընդդիմության հետ միշտ քաղաքական համաձայնության առնվազն փորձ՝ արվում է: Մինչև հիմա ընդդիմությունը որոշ հարցերում եկել է քաղաքական համաձայնության: Այս դեպքում էլ բանակցություններ կլինեն, իսկ թե ինչ համաձայնություններ կլինեն, ժամանակը ցույց կտա:

- Իսկ այդ և նման այլ հարցերի շուրջ բանակցություններն արդեն սկսե՞լ եք:

- Այս դեպքում պիտի խնդրեմ, որ խոսեք խմբակցության ղեկավարի հետ:

- Դուք եղել եք ԱԺ սահմանադրական փոփոխությունների նախագիծ ներկայացրած առաջին պատգամավորը։ Այն ընդունվեց, քանի որ ունեիք բավարար թվով պատգամավորներ: Այս անգամ նման նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ է 72 կողմ, մինչդեռ ձեր խմբակցությունն ունի 71 անդամ: Եթե նոր փոփոխությունների անհրաժեշտություն առաջանա, չպիտի՞ ներկայացնեք` մտածելով, որ չի ընդունվի։

- Ո՞վ ասաց, որ չենք ներկայացնի։ Մեր խմբակցությանն ընդամենը մեկ պատգամավոր է պակասում, և ո՞վ է ասում, որ ընդդիմադիր պատգամավորներից հնարավոր չի լինի համոզել, որ միանան մեր նախաձեռնությանը։ Իմ ներկայացրած նախագծի նպատակը Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի լուծումն էր, իսկ ընդդիմության դիրքավորումը այդ լուծումը թույլ չտալն էր, որպեսզի դա շարունակվի ու վնասի քաղաքական մեծամասնությանը։ Իսկ հիմա պատկերացրեք մի իրավիճակ, որ կա սահմանադրական փոփոխությունների նախագիծ, և հանրությունը գիտակցում է, որ այն անհրաժեշտ է, իսկ ընդդիմությունը չի ընդունում: Դա էլ է քաղաքական վերաբերմունք, և հաջորդ ընտրություններին արդեն ՀՀ քաղաքացին նրանց նկատմամբ իր վերաբերմունքն ըստ այդմ կարտահայտի։ Ծայրահեղ դեպքում ուղղակի այդ մեկ ձայնը չի լինի, այդ նախաձեռնությունն էլ կյանքի չի կոչվի այն պատճառով, որ ընդդիմությունը չի ցանկացել, որ լավ փաստաթուղթն ընդունվի։

- Իսկ ե՞ րբ եք նախաձեռնելու սահմանադրական փոփոխությունները, դրա համար հանձնաժողով էլ էր ստեղծվել:

- Այն, որ ՀՀ-ն նոր Սահմանադրության կարիք ունի, դա բազմիցս հայտարարվել է, դրա հեղինակներից են նաև արտախորհրդարանական ուժերն ու քաղհասարակությունը: Կա նաև դրա հանրային պահանջը: Բայց հաջո՞ րդ ամսին, թե՞ մի քանի ամիս անց կգնանք դրան, չեմ կարող ասել:

- Ի՞ նչը չեք անի նոր խորհրդարանում, որ արել եք 7-րդ գումարման Ազգային ժողովում, և ի՞նչն ավելի շատ կկարևորեք:

- Ես զերծ կմնամ այդ հարցին պատասխանելուց, որովհետև, կարող է, ինչ-որ բաներ ասեմ, որոնք նոր իրողության հետ կապ չունենան: Ամեն խորհրդարան իր առանձնահատկությունն ունի, և նոր խորհրդարանը համեմատելի չէ 7-րդ գումարման խորհրդարանի հետ: Կկարևորենք արդյունավետ աշխատանքը, կշարունակենք բարելավել օրենսդրությունը, որպեսզի մեր երկիրը հնարավորինս արագ զարգացման տեմպ ստանա:

- Չե՞ք դժվարանա այս ընդդիմության հետ աշխատելու ժամանակ․ երկու խմբակցություններում էլ կան պետական կառավարման համակարգում և այլ ոլորտներում փորձ ունեցող անդամներ, մինչդեռ ձեզ մինչև հիմա անփորձ են համարում:

- Եթե նրանք իրենց փորձը չեն օգտագործի ընդդեմ Հայաստանի, ինչո՞ւ պիտի մտահոգվենք: Եթե իրենց փորձը պիտի օգտագործեն մեր երկրի դեմ, դա ոչ միայն մեզ, այլև մեր բոլոր քաղաքացիներին պիտի մտահոգի: Ինչ վերաբերում է մեզ, ապա վերջին երկուսուկես տարին բավականին բուռն էր, և դրա արդյունքում մեր քաղաքական թիմի բոլոր անդամները բավականին փորձառություն են ձեռք բերել: Այնպես որ, այդ խնդիրը կարող եք հաղթահարված համարել: