8-րդ գումարման ԱԺ-ն սկսեց աշխատանքը․ ԱԺ նախագահն Ալեն Սիմոնյանն է

օգոստոսի 2, 2021

Օգոստոսի 2-ին, անվտանգության աննախադեպ միջոցառումներով և լարված մթնոլորտում անցկացվեց 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստը։ Իշխանությունը խստացրել էր անվտանգությունը շենքի ներսում և շենքից դուրս՝ ԱԺ շենքը շրջափակել էին կարմիր բերետավորները, նիստերի դահլիճի դռների մոտ, իսկ միջանցքներում մետաղորսիչ սարքավորումներ էին։ ՔՊ-ի պատգամավորները շեշտում էին, թե ԱԺ շենքը Հոկտեմբերի 27 է տեսել, և այսօր խորհրդարան են եկել այն ժամանակ իշխանության գլխին կանգնած մարդկանց ղեկավարած դաշինքները, և պետք է զգույշ լինել։

Լարվածությունը նիստի դահլիճում ապահովել էին ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները՝ պահանջելով ազատ արձակել Սյունիքի չորս քաղաքապետերին՝ մասնավորապես, պատգամավոր ընտրված Մխիթար Զաքարյանին և Արթուր Սարգսյանին։ Վերջիններս «Հայաստան» դաշինքից են, և նույնանուն խմբակցության անդամները ԱԺ էին եկել 4 համայնքապետերի նկարները պատկերող սպիտակ շապիկներով։

Հաղթահարել պառակտվածությունը և սեր սերմանել

Նիստը վարում էր ամենատարեց պատգամավորը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովը։ Նա վարել է վերջին 3 գումարումների առաջին նիստերը և միշտ եղել է խորհրդարանական մեծամասնությանանդամ՝ առաջին անգամ՝ՀՀԿ-ի, վերջին 2 անգամը տարբեր անուններ ունեցող, բայց միևնույն ուժը հանդիսացող «Իմ քայլը» և ՔՊ խմբակցությունների կազմում։ Ու թեև այդ հարցում նա փորձառու էր, բայց դժվարությամբ էր նիստը վարում և համակարգում հատկապես ընդդիմության գործողությունները։Այսքանով հանդերձ, մեծամասնությունը, դատելով Ռուբեն Ռուբինյանի՝ չիմացությամբ միացված բարձրախոսի մոտ ասված խոսքից, Հասանովից դժգոհ չէր։ «Սաղ լավա, մալադեց, մենակ մեկ-մեկ էս կողմ նայի, իշմար ենք տալիս»,-տարեց պատգամավորին խրախուսել էր ՔՊ-ականը։

ԱԺ առաջին նիստին մասնակցում էին նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու Գարեգին երկրորդ կաթողիկոսը։ Նիստի սկզբում նրանք ելույթ ունեցան։ Նախագահըկարևորեց խորհրդարանի ոչ թե օրենսդրական արդյունավետ աշխատանքը, այլև անհրաժեշտ համարեցհանուն պետականության պահպանման առկա պառակտման հաղթահարումը։ Եվ հավելեց«Ժամանակն է ունենալ պետություն, որը պատասխանատվությամբ կկատարի իր հիմնական գործառույթները՝ բնակչության եւ սահմանների անվտանգության ապահովում, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության պաշտպանություն, Ղարաբաղի հարցի արդարացի լուծում, տնտեսության, մշակույթի եւ գիտության զարգացում, բարեկեցության արժանապատիվ մակարդակի ապահովում»:

Իր ուղերձում միասնականությունը կարևորեց նաև Գարեգին Բ-ն։ Նա շեշտեց, որ իշխանությունները պետք է սեր սերմանեն «Մեր երկրում տիրող ներկայիս ծանր իրավիճակում և տարածաշրջանում առկա բարդ ու դժվարին հանգամանքներում մենք կենսականորեն պետք ունենք միասնության, հանդարտության, հուզումների ու լարվածության թոթափման՝ ատելության, վրեժխնդրության ու պառակտումների փոխարեն։ Մենք ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային և հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Առաջնահերթորեն և այս խորհրդարանից, կառավարական համակարգից պիտի սերմանվի սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը հասարակությունում»։

Ի դեպ, կաթողիկոսը, ի տարբերություն նախագահի, դահլիճից դուրս գալիս չնկատեց և չսեղմեց Կնյազ Հասանովի՝ իրեն պարզած ձեռքը։

«Հայաստան»-ն ակտիվ էր, «Պատիվ ունեմ»-ը հետևում էր

Նիստի հենց սկզբում իրավիճակը փորձեց իր ձեռքը վերցնել «Հայաստան» խմբակցությունը, բայց նրանց ընդամենը հաջողվեց մի փոքր աղմուկ բարձրացնել։ Խմբակցության պատգամավորները նախ հոտնկայս ծափահարեցին, երբ Հասանովը կարդաց կալանավորված Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի անունները։ Այնուհետև նրանցից յուրաքանչյուրը նիստը վարողից «վարման կարգով» արտահայտվելու հնարավորություն էր պահանջում, և երբ Կնյազ Հասանովը փորձում էր մերժել կամ սահմանափակել այդ ելույթները, նրանք կանգնած և ձեռքերը թափահարելով՝ բղավում էին, հարվածումսեղաններին։ Առանձին ուժգնությամբ հարվածում էր Գեղամ Նազարյանը, վարման կարգով կամ առանց թույլտվության ելույթներ էին ունենում Գեղամ Մանուկյանը, Արծվիկ Մինասյանը, Արամ Վարդևանյանը։ Գործընկերների այդ ոգևորությունը երբեմն Արմեն Գևորգյանի ծիծաղն էր առաջացնում, և նա դա չէր զսպում։

«Հայաստան» խմբակցության անդամներն այդպես պահանջում էին ազատ արձակել ՄԶաքարյանին ու ԱՍարգսյանին՝ նրանց համարելով քաղբանտարկյալ։ Պահանջում էին նաևխորհրդարան հրավիրել գլխավոր դատախազին՝ հիմնավորելու նրանց կալանքի տակ մնալու և ԱԺ-ի նիստից բացակայելու հարցը։ Այդ ընթացքում ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտնվել էր դիտորդի դերում։

 «Չի եղել այսպիսի գումարում, որ մենք սկսենք, և երկու պատգամավոր-գործընկերներ գտնվեն կալանքի տակ։ Ազատությունից զրկված, իրենց կամքին հակառակ չեն կարողանում մասնակցել ԱԺ նիստերին, լիարժեք իրականացնել իրենց լիազորությունները, և եթե մենք համարում ենք՝ ոչինչ չի եղել, այսպես կարելի է հանգիստ սկսել, անցնել օրակարգի ու անտեսել այս ամեն ինչը, այս սկզբով մենք լավ տեղ չենք հասնի»,- ասաց Արմեն Ռուստամյանը։

 «Այո, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց տվյալ պարագայում մենք գործ ունենք իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչև մանդատը ստանալը, և, որպես թեկնածու, նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է ԿԸՀ համապատասխան որոշումներով»,- ընդդիմությանը հակադարձեց ՔՊ անդամ Վլադիմիր Վարդանյանը։

«Հայաստան» խմբակցությանը 20 րոպեանոց ընդմիջում վերցրեց, այնուհետև խորհրդարանն անցավ նիստի օրակարգային հարցերի քննարկմանը։

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահ՝ երկրորդ փուլից

Առաջին օրը ԱԺ-ին հաջողվեց ընտրել միայն հաշվիչ հանձնաժողովի անդամներին և ԱԺ նախագահի պաշտոնում՝ ՔՊ ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանին։Ընդդիմադիրների գործողությունների արդյունքում չհաջողվեց գոնե առաջադրել և ընտրել անգամ ԱԺ փոխնախագահներին։

Իսկ ԱՍիմոնյանն ԱԺ նախագահի պաշտոնում միակ թեկնածուն չէր «Հայաստան» դաշինքը առաջադրել էր ՄԶաքարյանի թեկնածությունը, կալանավորված մյուս պատգամավոր ԱՍարգսյանի թեկնածության առաջադրումը ստանձնել էր «Պատիվ ունեմ»-ը։ Ընդդիմությունն անարդար համարեց, որ իրենց թեկնածուները զրկված են ԱԺ-ում ելույթ ունենալու ու հարցերին պատասխանելու իրավունքից և հայտարարեց, որ թեև ԱԺ նախագահի թեկնածուներ է առաջադրել, բայց ընտրություններին չի մասնակցի, քանի դեռ նրանք ազատության մեջ չեն։

Իսկ ԱՍիմոնյանն իր ելույթում խոստացավ մոռանալ տարաձայնությունները և բոլորի հետ քննարկել ցանկացած հարց։ «Վստահեցնում եմ, որ իմ՝ ՔՊ հիմնադիր անդամ, ինչպես նաև կուսակցության վարչության անդամ լինելը չի խոչընդոտելու արմատական տարբեր մոտեցումների առկայության պարագայում կազմակերպել ներխորհրդարանական աշխատանքներն ու համագործակցությունը մեր ընդդիմադիր խմբակցությունների հետ, քանի որ ՀՀ-ի, հայ ժողովրդի համընդհանուր շահի գիտակցումը գերակա է, և մեծ է նոր սկիզբ դնելու գիտակցումը: ԱԺ համատեղ աշխատանքի կազմակերպման գործում ես ունեմ ձեզնից յուրաքանչյուրի աջակցության եւ խորհրդի կարիքը»,- հայտարարեց նա։

ԱՍիմոնյանին չհաջողվեց առաջին փուլով ընտրվել, ընտրությունը կեսից կասեցվեց, քանի որ քվեաթերթիկներում ընդդիմադիր թեկնածուներից մեկի անվան մեջ տառասխալ կար։ Ի վերջո,ԱՍիմոնյանն ընտրվեց 71 կողմ ձայնով, նրան ընտրեց միայն ՔՊ-ն, ընդդիմությունն ընդհանրապես ընտրություններին չմասնակցեց։

Իսկ նոր խորհրդարանն առաջիկա օրերին պետք է ընտրի ԱԺ 3 փոխնախագահներ, ստեղծի մշտական հանձնաժողովներ, ընտրի դրանց նախագահներ, պետք է քննարկի նաև նոր կառավարության կառուցվածքի փոփոխության նախագիծն ու ծրագիրը։

Իսկ ԱԺ նիստի մեկնարկին զուգահեռ՝ նախագահ Արմեն Սարգսյանը վարչապետի պաշտոնում վերանշանակեց Նիկոլ Փաշինյանին, նրա առաջարկով՝ նաև որոշ նախարարների։