Իշխանությունը «կարգավորում է» լրատվական դաշտը

սեպտեմբերի 6, 2021

8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը հանրային քննարկման առարկա դարձավ ոչ միայն պատգամավորների ծեծկռտուք-քաշքշոցով, այլև ԱԺ-ում հավատարմագրված լրագրողների գործունեության սահմանափակումներով։

Նախկին իշխանությունների ժամանակ էլ եղել են դեպքեր, երբ լրագրողների աշխատանքը խոչընդոտվել է, կամ սահմանափակումներ են կիրառվել։ Առաջին «հանգրվանային» փոփոխությունը, այս առումով, թերևս, նիստերին հետևող լրագրողներին ԱԺ նիստերի դահլիճից հանելն էր։

2010թ․, երբ կառուցվեց ԱԺ նիստերի նոր դահլիժը, ԱԺ ղեկավարությունը որոշեց, որ լրագրողներն այսուհետ նիստերին հետևելու են օթյակներից, նրանց համար նաև աշխատասենյակներ առանձնացվեցին։ Շենքի ներսում լրագրողների տեղաշարժի հետ կապված որևէ սահմանափակում այն ժամանակ չկիրառվեց։

8-րդ գումարման Ազգային ժողովի նոր ձևավորված խորհուրդը 2021թ․ օգոստոսի 18-ին լրագրողների տեղաշարժը խորհրդարանում սահմանափակելու մասին որոշում ընդունեց։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, նախկին լրագրող Սիսակ Գաբրիելյանի նախաձեռնությամբ փոփոխվեց «ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» որոշումը։ Համաձայն փոփոխության, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներն իրենց մասնագիտական գործունեությունը կարող են իրականացնել միայն ԱԺ նստավայրում առանձնացված հատուկ տեղերում՝ նիստերի դահլիճի դիմացի սրահում, օթյակում և ԱԺ այգում:

Պատգամավորների աշխատասենյակներում լրագրողները կարող են հարցազրույց անել միայն պատգամավորի համաձայնությամբ: Այս որոշմանը կողմ են քվեարկել ԱԺ խորհրդի միայն ՔՊ-ական անդամները։

Նախագծով նաև առաջարկվում էր ինտերնետային լրատվամիջոցների համար սահմանված՝ օրական մինչև 2 հազար այցելություն ունենալու պահանջը փոխարինել մինչև 5 հազարով: Այս առաջարկը, սակայն, քննարկման արդյունքում չընդունվեց:

Սահմանափակումները կիրառվում էին նախապես

Մինչև այս որոշման ընդունումն էլ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում ԱԺ շենքում լրագրողների ազատ տեղաշարժը սահմանափակվել էր։ Անգամ Panorama.am կայքի լուսանկարիչ Լիլիան Գալստյանի մուտքը խորհրդարան օգոստոսի 5-ից արգելվել էր, քանի որ նա այդ սահմանափակումը պատկերող ֆոտոռեպորտաժ էր ներկայացրել։ 10 օր անց ԼԳալստյանին թույլ տվեցին մտնել ԱԺ, բայց վերը նշված փոփոխություններով «օրինականացրեցին» լրագրողների տեղաշարժը սահմանափակող որոշումը։ Հեղինակները, սակայն, դա ոչ թե սահմանափակում, այլ կանոնակարգում են համարում։

Առաջին նստաշրջանում՝ արդեն կառավարության ծրագրի քննարկման օրերին, ԱԺ-ն լրագրողների աշխատանքը սահմանափակեց անգամ այս որոշմամբ թույլատրելի վայրում՝ անվտանգության աշխատողները լրագրողներին ուժով հանում էին օթյակից և արգելում էին նկարել դահլիճում տեղի ունեցող վիճաբանություն ու ծեծկռտուքը։ Օրեր առաջ էլ նման մի միջադեպի ժամանակ Ա․Սիմոնյանը կարգադրել էր անջատել նիստերի առցանց հեռարձակումը, ինչի իրավունքը չուներ օրենքով։

«ՀՀ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգը հաստատելու մասին» որոշումն ընդունվել էր հեղափոխությունից մի քանի ամիս առաջ՝ 2017թ․ դեկտեմբերի 27-ին, երբ ԱԺ նախագահը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչ Արա Բաբլոյանն էր։ Այդ ժամանակ ևս որոշումն արժանացավ լրագրողների և լրատվական կազմակերպությունների քննադատությանը, քանի որ որոշ նոր պահանջներ էր դնում, օրինակ, հավատարմագրման համար օրական մինչև 2 հազար այցելություն ունենալը։

Եվս մի քանի խստացում

Գործող իշխանությունը լրատվամիջոցների գործունեությունը «կարգավորող» ևս մի քանի սահմանափակում է կիրառել՝ ըստ անհրաժեշտության օրենսդրական փոփոխություններ կատարելով։

Այս տարվա սկզբին, դեռևս որպես 7-րդ գումարման ԱԺ փոխնախագահ, Ալեն Սիմոնյանը ներկայացրեց փոփոխությունների նախագիծ՝ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին։ Արդյունքում եռապատկվեցին վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքները՝ առաջին դեպքում 1 մլն դրամը դարձավ 3 մլն, երկրորդ դեպքում 2 մլն դրամը՝ 6 մլն։ Ընդ որում՝ Ալեն Սիմոնյանը նախապես առաջարկել էր հնգապատկել որպես փոխհատուցում սահմանվող գումարի չափը ու 5 և 6 մլն դրամ տուգանք սահմանել, բայց քննադատություններից հետո որոշեց փոքր-ինչ նվազեցնել տուգանքի չափը։

Գրեթե միաժամանակ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում կատարած փոփոխությամբ իշխանությունը լրատվամիջոցներին արգելեց տեղեկություն հրապարակելիս հղում տալ անանուն աղբյուրներին։ Ըստ այդ փոփոխության՝ անանուն աղբյուրը համացանցում գրանցված դոմեյնն է, հոսթինգ ունեցող կայքը, համացանցային կայքի կամ հավելվածի օգտահաշիվը, կամ ալիքը, որի տնօրինողի նույնականացման տվյալները թաքցված են ընթերցողից: Կարծիք կար, որ այդ փոփոխությունն էլ արվեց, որպեսզի լրատվամիջոցները չհրապարակեն տելեգրամյան` ոչ հայտնի օգտատերերի ալիքների հրապարակումները, որոնք վերաբերում են իշխանություններին:

Ի դեպ 2003թընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքում սա առաջին փոփոխությունն է։ Ընդունվելուց հետո՝ անցած 17 տարիներին «Զանգվածային լրատվության մասին» օրենքը երբեք չէր փոփոխվել։

Տարեսկզբին իշխանությունը հանդես եկան ավելի կտրուկ առաջարկով՝ Գլխավոր դատախազությունը մշակել և Արդարադատության նախարարության միջոցով հանրային քննարկման էր ներկայացրել վիրավորանքն ու զրպարտանքը քրեականացնելու մասին նախագիծ, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչներին՝ պետական ու տեղական մարմինների ծառայողներին, հանրային ծառայության մեջ գտնվող անձանց։ Եթե վիրավորանք-զրպարտանքը ԶԼՄ-ով կամ հրապարակավ չէ, խնդիրը պետք է լուծվեր տուգանքով՝ 100 հազարից 500 հազար դրամի չափով։ Եթե վիրավորանք-զրպարտանքը հասցվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ հրապարակային այլ եղանակով, առաջարկվում էր սահմանել 500 հազարից 3 միլիոն դրամ տուգանք կամ ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով։

Նախագիծը, սակայն, դեռ խորհրդարան չի եկել, բայց այն մինչև այժմ գտնվում է e-draft.am կայքում, որտեղ գերատեսչությունները հանրային քննարկման են ներկայացնում իրենց մշակած նախագծերը։

Հիշեցնենք, որ Հայաստանում զրպարտությունն ու վիրավորանքը ապաքրեականացվել են 2010թ կառավարությունը ընդառաջ էր գնացել ԵԽԽՎ կոչին՝ ուղղված անդամ երկրներին։