ԱԺ ընտրություններ լինեին, նույն համայնքներում կհաղթեինք․ Վահագն Հովակիմյան

հոկտեմբերի 22, 2021

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ

- Ձեր խմբակցության 4 պատգամավորներով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ եք ներկայացրել, որով առաջարկում եք պատասխանատվություն սահմանել ԶԼՄ-ների համար, եթե չնույնականացվող աղբյուրի միջոցով վիրավորանք ու զրպարտություն են տարածում։ Ըստ լրատվամիջոցների ու ընդդիմադիր գործիչների ՝ այդպես դուք ցանկանում եք լռեցնել ձեզ քննադատողներին և ճնշել ազատ խոսքը։

- Ոչ։ Մեր նախագիծը նպատակ ունի պաշտպանել լրատվամիջոցներին ստեր տարածող ֆաբրիկաներից, որոնք հանդես են գալիս լրատվամիջոցների անվան տակ։ Այսինքն, ուզում ենք իրական մամուլը պաշտպանել ապատեղեկատվություն տարածող, քարոզչական գործիքներով աշխատող ֆեյքերի ֆաբրիկաներից, որպեսզի նրանք չկարողանան նույնականացվել լրատվամիջոցների հետ։

- Նույն մեղադրանքն էլ ընդդիմություն է ձեզ ներկայացնում, ասում են՝ դուք ունեք ֆեյքերի ֆաբրիկա։

- Մենք ֆեյքեր ու ֆեյքերի ֆաբրիկաներ չունենք, բայց անկախ ընդդիմություն կամ իշխանություն լինելու հանգամանքից՝ ես, որպես օբյեկտիվ լրատվության սպառող, ուզում եմ, որ լրատվամիջոցները պաշտպանված լինեն։ Ես դա ուզում եմ որպես նախկին լրագրող։ Ուզում եմ, որ կեղծիք տարածող տեղեկատվական գործիքները չնույնացվեն իրական լրատվամիջոցների հետ, որ քաղաքացին իմանա՝ սա լրատվամիջոց է, իսկ սա՝ սուտ տարածող ժամանակակից գործիք։

- Պարոն Հովակիմյան, անցած կիրակի անցակցված ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կամ ձեր թեկնածուները պարտվեցին համայնքների մեծ մասում։ Դա չի՞ նշանակում, որ ձեր վարկանիշը նվազել է։

- Տեղի է ունեցել ընտրություն, որի ժամանակ ընտրողն իր կամքն արտահայտել է ազատորեն։ Եվ մենք, որպես քաղաքական մեծամասնություն, հերթական անգամ ապացուցեցինք, որ կարող ենք ապահովել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ։ Դա ամենակարևորն է։ Իսկ ընտրությունների արդյունքները տարբեր համայնքներում տարբեր են եղել։ Պետք է հասկանալ, որ ՏԻՄ ընտրությունները տարբերվում են խորհրդարանական ընտրություններից։ Խորհրդարանական ընտրությունները քաղաքական են, ՏԻՄ ընտրությունները դեռ շարունակում են լինել անձնական կապերով պայմանավորված ընտրություններ։ Բայց մեր նպատակն է, որ դա փոխվի, և ՏԻՄ-երում համամասնական ընտրակարգ է ներդրվել հենց այդ նպատակով։ Պետք է հանրային ընկալումը փոխվի, ու ՏԻՄ ընտրությունները ևս անցնեն գաղափարների, ծրագրերի մրցակցության արդյունքում։

- Այդ մի քանի համայնքների արդյունքները չե՞ն նշանակում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո՝ անցած 4 ամսում, իշխանության նկատմամբ հանրային վստահությունը նվազել է։

- Ոչ։ Կրկնում եմ, ՏԻՄ ընտրություններում անձնական գործոնը շատ մեծ է, կարելի է ասել՝ հիմնականն է։ Եվ ես համոզված եմ, որ եթե անցած կիրակի ոչ թե ՏԻՄ, այլ խորհրդարանական ընտրություններ լինեին, մենք այդ նույն համայնքներում, որտեղ պարտվել ենք, ավելի մեծ առավելությամբ կհաղթեինք, քան թե հունիսի 20-ի արդյունքներն են եղել։

- Այդ դեպքում ինչպե՞ս եք մեկնաբանում այն, որ ծանր հանցագործության մեջ մեղադրվող և բանտում գտնվող Առուշ Աուշանյանը հաղթում է ձեզ։

- Նույն այդ անձնավորված մոտեցումն է գործել։ Ինչ վերաբերում է Գորիսի ընտրություններին, ապա ինձ համար շատ ցավալի է, որ, ըստ իրավապահների հաղորդագրությունների, ինչ-որ մարդիկ, այնուամենայնիվ, փորձել են օրենքը խախտել։ Եվ ցանկացած ուժի ներկայացուցիչ, ցանկացած ոք, ով խախտում է օրենքը, պետք է պատասխան տա։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու են այդպես քվեարկել, գորիսեցիներին հարցրեք։ Ես չգիտեմ, գորիսեցիները խղճահարությա՞մբ են առաջնորդվել, որ ցանկացել են, իրենց համայնքը բանտից կառավարվի։

- Նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նույնպես բազմաթիվ համայնքներում ՏԻՄ ընտրություններ են լինելու։ Ձեր կուսակցությունն անցած ընտրությունների արդյունքներից ի՞նչ հետևություն է արել, կամ այս ընտրություններին ո՞րն էր ձեր բացթողումը, որ չպետք է կրկնեք։

- Իհարկե, բոլոր, այդ թվում խորհրդարանական ընտրություններից հետո մենք արդյունքները վերլուծում և հետևություններ ենք անում։ Այս դեպքում ես ձեռնպահ կմնամ և մեր սխալների ու բացթողումների մասին հրապարակավ չեմ խոսի, հետևությունը մենք մեր մարտավարությամբ կդրսևորենք։

- Կոնկրետ Գորիսում ձեր պարտության պատճառներից մեկը կարո՞ղ էր լինել այն, որ Սյունիքում սահմանային խնդիրները շատ են, և մարդիկ մտածում են, որ դուք չեք կարող դրանք լուծել։

- Այդ մեղադրանքներն ու փաստարկներն իրականության հետ աղրես չունեն։ Այդ նույն մարդիկ այդ նույն բանը պնդում էին հունիսի 20-ից առաջ, և ավելի շատ էին նման պնդումները։ Այն ժամանակ սահմանային վիճակն ավելի լարված էր։ Բայց Տեղ և Տաթև համայնքներն էլ Սյունիքում են, իսկ այնտեղ վերջին ՏԻՄ ընտրություններում այլ արդյունքներ գրանցվեցին։

- Եթե ՏԻՄ ընտրություններն անձնավորված են, ինչպես Դուք եք պնդում, կարո՞ղ ենք ասել, որ Գորիսում և Գյումրիում համայնքապետերի ձեր թեկնածուներ Վլադիմիր Աբունցը և Հովհաննես Հարությունյանը հեղինակություն չունեին, դրա համար էլ չհաղթեցիք։

- Դեռևս 2019թ մենք հայտարարել ենք, որ ՏԻՄ ընտրությունները պետք է լինեն քաղաքական, և մեր բոլոր գործողությունները միտված են եղել նրան, որ այդ ժամանակ նույնպես տեսլականների ու ծրագրերի մրցակցություն լինի։

- Եվ համայնքների մեծ մասում պարտվեցիք։

- Իսկ ո՞վ ասաց, որ քաղաքական մեծամասնությունը բոլոր համայնքներում պետք է հաղթի, և բոլոր համայնքների ղեկավարները պետք է լինեն իշխող կուսակցության անդամները։ Մենք ասել ենք՝ թույլ չենք տա, որ ընտրակեղծիք լինի, խեղաթյուրվի ընտրողի կամքը, և մենք մեր հանձնառության տերն ենք։ Մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրողին համոզենք՝ մեզ ընտրի, բայց եթե մեր օգտին չի քվեարկի, մենք նորից հարգելու ենք նրա որոշումը։