Իշխանության հետքայլը․ ՔՊ–ն մտադիր է հրաժարվել«չնույնականացված աղբյուր» հասկացությունից

հոկտեմբերի 22, 2021

Իշխող ուժի պատգամավոր դարձած մի խումբ նախկին լրագրողների օրենսդրական հերթական նախաձեռնությունը, որն առնչվում է լրատվամիջոցների գործունեությանը, նոր փոթորիկ է առաջացրել լրագրողական հանրության շրջանում:

Նախկին լրագրող, այժմ՝ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամներ դեռևս փետրվարին շրջանառած նախագիծը թարմացրել են և լրատվամիջոցների համար առաջարկում են նոր սահմանափակումներ:

Ի դեպ, այս խմբակցության կողմից սա լրատվամիջոցների սահմանափակումների հերթական փորձն է. նախորդ գումարման խորհրդարանում իշխող խմբակցությունը հասցրել էր նստաշրջանի ավարտից առաջ ընդունել  Ալեն Սիմոնյանի նախագիծը, որով քրեականացվեց վիրավորանքն ու հայհոյանքը, և դրանց համար սահմանվեց խիստ պատիժ՝ ընդհուպ մինչև կալանավորում: Լրատվամիջոցներին առնչվող այս, ինչպես նաև մյուս նախագծերը արժանացան մասնագիտական հանրության քննադատությանը:

Եթե փետրվարին պատգամավորների խումբն առաջարկում էր 2003թ․ ընդունված «Զանգվածային լրատվության մասին» օրենքով սահմանել նոր հասկացություն՝ անանուն աղբյուր, ապա այժմ կանգ են առել՝ «չնույնականացված աղբյուր» եզրույթի վրա:

ԱԺ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման ժամանակ նախագծի հեղինակներից Արթուր Հովհաննիսյանը փաստաթուղթը ներկայացնելիս բացատրել էր, որ չնույնականացվող աղբյուր է համարվում համացանցում գրանցված դոմեյն, հոսթինգ ունեցող կայքը կամ  համացանցային հավելվածի օգտահաշիվը, ալիքը կամ էջը,  որի տնօրինողի նույնականացման տվյալները բացակայում են, կեղծ են և թերի:

Իսկ նույնականացման տվյալ կարող են համարվել աղբյուրը տնօրինող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության կամ հաշվառման վայրը: Եթե վերջինը  լրատվական գործունեությունն իրականացնում է որպես անհատ ձեռնարկատեր, ապա նույնականացման տվյալ է նաև պետական հաշվառման համարը: Եթե աղբյուրը տնօրինվում է իրավաբանական անձի կողմից՝ իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գրանցման համարը:

Այս կարգավորումները, օրենքի նախագծով, տարածվելու են նաև համացանցում գործունեություն իրականացնող լրատվամիջոցների վրա:

Նախագծով առաջարկվում է պատասխանատվություն սահմանել կեղծ կամ չնույնականացված աղբյուրներից տեղեկատվություն տարածող լրատվամիջոցի նկատմամբ: Իշխանական պատգամավորների նպատակն է այդպիսով արգելել լրատվամիջոցներին վերահրապարակել տելեգրամ ալիքներում տարածվող տեղեկությունները, որոնք, նրանց պատճառաբանությամբ, հատկապես պատերազմի օրերին լի էին ստահոդ լուրերով: Այդ արգելքը և լրատվամիջոցներին պատասխանատվության ենթարկելը նախագծի հեղինակները համարում են «լրատվական դաշտի առողջացում», ինչը հանրությանը զերծ կպահի վիրավորանք, զրպարտություն պարունակող տեղեկություն կամ  ապատեղեկատվություն ստանալուց:

Բացի այդ, հեղինակները առաջարկվող փոփոխություններով փորձել են լուծել նաև հավատարմագրման խնդիրները։ Մասնավորապես՝ նշվում է, որ եթե այս օրենքի պահանջները լրատվամիջոցը չկատարի, ապա կմերժվի նրա հավատարմագրման հայտը:

Ի դեպ, նախագծի վերաբերյալ գլխադասային հանձնաժողովի նիստում դրական դիրքորոշում է հայտնել Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առաջարկվող փոփոխությունները ամենևին էլ դեմ չեն ժողովրդավարական արժեքներին:

Թեպետ հանձնաժողովի ընդդիմադիր հատվածը դեմ էր նախագծին, այդուհանդերձ, հանձնաժողովը ընդունել է այն ու ընդգրկել ԱԺ լիագումար նիստերի օրակարգ:

Քննարկում, երբ «բանը բանից անցել է»

Չնայած լրատվական դաշտը կարգավորող օրենքում փոփոխություններ առաջարկող պատգամավորները պնդում են, թե նախագիծը քննարկվել է լրագրողական հանրույթի հետ, բայց նույն հանրույթից տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև լրագրողներ, հայտարարում են՝ իրենց դիրքորոշումը հարցնող չի եղել:

Լրատվամիջոցների ու լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ ուշացած քննարկում կազմակերպել էին «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանը և Էլինար Վարդանյանը, որոնք գլխադասային հանձնաժողովի անդամներ են և դեմ էին ներկայացված նախագծին: Քննարկմանը չէին մասնակցում իշխանական խմբակցության պատգամավորները, նաև փոփոխությունների հեղինակները:

«Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնություն է, որը էապես խոչընդոտում է ինֆորմացիայի արդարացի հասանելիությանը», -քննարկման ընթացքում կարծիք հայտնեց Լիլիթ Գալստյանը:

Էլինար Վարդանյանի համար տարօրինակ է հատկապես այն, որ խնդրահարույց նախագիծը մշակելիս հաշվի չեն առնվել շահառուները՝ հենց լրագրողները. «Ասում են՝ մենք կընդունենք օրենք, դուք էլ գնացեք խելոք կատարեք դրա պահանջները»:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի կարծիքով՝ լրատվամիջոցների առաջ դրվող նման սահմանափակումները լուրջ խնդիր են առաջացնելու, քանի որ «հսկայական կոնֆլիկտի մեջ են գտնվելու» ՀՀ Սահմանադրությամբ նախանշված սկզբունքների ու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումների հետ:

«Այս իշխանությունները ուզում են պայքարել ֆեյքերի դեմ, բայց ոչ թե հենց ֆեյքերի դեմ պայքարելով, այլ հենց լրատվամիջոցի դեմ պայքարելով, այսինքն, ոչ թե ասում են՝ անանուն դոմեյն ունենալն է խնդիր, այլ ասում են՝ անանուն դոմեյնին հղում տալն է խնդիր: ԶԼՄ-ն պետք է իր գործունեության մեջ ունենա ազատություն», -ընդգծեց նա:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը հիշեց, որ դեռևս հունվարին նախագծի հեղինակներից մեկը հանդիպել է իրենց հետ, քննարկել փաստաթուղթը, և հնչած «սուր քննադատություններից» նոր հանդիպման փորձեր չեն եղել:

Մելիքյանը հստակեցրեց, որ «անանուն աղբյուրը», ինչպես ձևակերպված էր նախագծի նախնական տարբերակում, լրագրության կարևորագույն մասնիկներից մեկն է, և չի կարելի արգելել նման հղումները: Ճիշտ է՝ նախագծի նոր տարբերակում նույն հասկացությունը փոխվել է՝ դառնալով «չնույնականացված աղբյուր», միևնույն է, ըստ Մելիքյանի, դա իրավիճակ չի փոխում, քանի որ դրանց էությունը գրեթե նույնն է:

«Մենք ասում ենք՝ առհասարակ, որևէ աղբյուրը արգելված չպետք է լինի լրագրողի համար, լրատվամիջոցի համար: Մենք ասում ենք՝ եթե դուք ուզում եք նպաստավոր դաշտ ստեղծել լրատվամիջոցների գործունեության համար, ապա արգելքներ չպետք է լինեն», -ընդգծեց նա:

Այդուհանդերձ, փորձագետը փոխանցեց իրեն հասած տեղեկությունը, թե նախագծի հեղինակները պատրաստ են դարձյալ փոփոխել գլխադասային հանձնաժողովի ընդունած նախագիծ և հրաժարվել «չնույնականացված աղբյուր» հասկացությունից: Այդ քայլին, ըստ փորձագետի, նախագծի հեղինակները գնացել են ԵՄ փորձագետների ճնշման տակ, քանի որ մինչ այդ ԵՄ ուղարկված նախագծին փորձագետները բացասական եզրակացություն են տվել:

Քննարկմանը օրինագծի հեղինակներից որևէ մեկը ներկա չէր, ուստի հնարավոր չեղավ հասկանալ՝ արդյո՞ք, իսկապես նման մտադրություն ունեն նրանք:

Սակայն մինչ այդ, քննարկմանը ներկա լրագրողները ընդդիմադիր պատգամավորներից փորձեցին հասկանալ՝ ի՞նչ է հաջորդելու այս քննարկմանը, արդյ՞ոք պատգամավորները լրատվամիջոցներին հուզող այս հարցն առաջ են տանելու, և հնարավո՞ր է՝ դիմեն Սահմանադրական դատարան, ինչին Լիլիթ Գալստյանն արձագանքեց.

«Մեր դիրքորոշումների հիմքում պետք է դնենք լրատվական դաշտին աջակցելու հանգամանքը: Իսկ հետագայում խորհրդարանում քննարկման ժամանակ մեր քաղաքական գնահատականները կտանք, և եթե մեր փորձագիտական խումբը նպատակահարմար գտնի վիճարկումը Սահմանադրական դատարանում, ապա անշուշտ, կօգտվենք նաև այդ գործիքակազմից»: