Հասունացել էր պահը․ պարզապես բիզնեսով չէի կարող զբաղվել․ Հռիփսիմե Ստամբուլյան

հոկտեմբերի 25, 2021

Հարցազրույց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանի հետ։

–Տիկին Ստամբուլյան, Դուք մինչև պատգամավոր դառնալը բավական հաջող գործարար էիք, Ձեր ներկայացրած հայտարարագրի համաձայն, խորհրդարանի ամենահարուստ կինն եք, ինչո՞ւ որոշեցիք մտնել քաղաքականություն:

–Մենք պատերազմից հետո գտնվում ենք այնպիսի վիճակում, որ ցանկացած գիտակից մարդ պետք է ներդնի իր բոլոր հնարավորություններն ու գործիքները մեր պետականության պահպանման համար։Տարիներ շարունակ ես ջանք ու եռանդ չեմ խնայել երկրիս տնտետեսության զարգացման,աշխատատեղերի ստեղծման հարցում,բայց հասունացել էր այն պահը,որ պարզապես բիզնեսով չէի կարող զբաղվել` կարծես ոչինչ չէր եղել,և ես պարտավոր էի իմ երկրի պետականաշինության մի մասը կազմել։

Ես որոշել եմ իմ գիտելիքն ու փորձն ի նպաստ դնել պետության զարգացման գործին ու դա անել քաղաքականության միջոցով: Հասել ենք հանգուցային կետի, որտեղ սխալվելու շռայլություն մեզ չենք կարող թույլ տալ։ Այսպիսի իրողության պայմաններում՝ վաղուց ժամանակն է, որպեսզի քաղաքական դաշտում լինեն մարդիկ, որոնք ունեն սրտացավություն մեր երկրի ներկայի ու ապագայի հանդեպ։

–Արդեն մի քանի ամիս է՝ քաղաքականության մեջ եք, ընդդիմադիր խմբակցության անդամ, ի՞նչ տպավորություններ ունեք, այն, ինչով զբաղվում եք, Ձեր պատկերացրա՞ծն է։

–Այն, ինչով ուզում եմ զբաղվել, պետության զարգացման գործն է։ Իմ պատգամավորական գործունեության շատ կարճ ընթացքում ես փորձել եմ իմ հնարավորությունները գերակա չափով ծառայեցնել այդ նպատակին, իսկ այդ հնարավորությունները միայն լիագումար նիստերով չեն սահմանափակվում։ Կան մի շարք գործիքակազմեր, որոնք իրացնում ենք տեսախցիկներից այն կողմ։

–Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Դուք էլ եք հնարավորություն ունեցել կառավարությանը կամ վարչապետին հարց ուղղելու: Ինչո՞ւ այդ հարցը չի եղել Ձեր, այսինքն՝ ընդդիմության օրակարգի թիվ մեկ հարցը, որը բազմաթիվ Ձեր գործընկերների պնդմամբ՝ վարչապետի հրաժարականի հարցն է:

–Կարծում եմ՝ բավական անլուրջ է հրաժարականի հարցը նեղացնել և դարձնել բացառապես կառավարություն-ԱԺ պատգամավոր հարցուպատասխանի ֆորմատ, քանզի բոլորդ էլ Նիկոլ Փաշինյանին շատ լավ ճանաչում եք, և դժվար չէ կռահել, թե ինչ պատասխան պետք է տա:

Այլ հարց է, որ այդ նույն մեղադրողները Նիկոլ Փաշինյանի հրաժարականին հասնելուն ուղղված մեր ամբողջական քայլերն ու ընդդիմադիր պայքարը կարծես չտեսնելու են տալիս:

–Խորհրդարանից դուրս ընդդիմադիր տարբեր շրջանակներ մեղադրում են Ձեր խմբակցությանը հենց նրա համար, որ չեք նայում վարչապետի աչքերի մեջ և չեք պահանջում նրա հրաժարականը: Ի՞նչ կասեք այս առնչությամբ:

–Ես, իհարկե, չգիտեմ՝Ձեր մատնանշած մեղադրողներն ինչ նկատի ունեն աչքերի մեջ ուղիղ նայել ասելով, և մանավանդ, որքանով են վստահ, որ Նիկոլ Փաշինյանի աչքերի մեջ ուղիղ նայելը նրան մղելու է հրաժարական ներկայացնելուն, բայց վստահ եմ՝ այդ նույն մեղադրողները քաջատեղյակ ենիմ գործունեությանը և վերաբերմունքին առ Նիկոլ Փաշինյանի աղետաբեր կառավարումն ու վարչապետությունը:

–«Հայաստան» խմբակցությունից հնչում են հայտարարություններ փողոց վերադառնալու և այնտեղ պայքար սկսելու մասին, բայց մինչև հիմա դա գործնական տեսք չի ստացել: Ինչո՞ւ է հապաղում արմատական ընդդիմությունը:

–Փողոցային պայքարի ձևաչափի և գործողությունների պլանի մասին առաջիկայում հանդես կգանք հայտարարությամբ։

–Ձեր կուսակցության ներկայացուցիչը կամ նրա ղեկավարած դաշինքը՝ «Առուշ Առուշանյան», ընտրվել է Գորիսի ավագանու ընտրություններում: Գո՞հ եք արդյունքներից:

–Արդյունքներից միանշանակ գոհ եմ։ Առուշ Առուշանյանը կալանավայրում պայքարում էր մի ողջ սիստեմի դեմ, և դա փաստ է: Ընտրության արդյունքներն ուղղակի ևս մեկ անգամ արձանագրեցին, որ Առուշանյանը սիրված քաղաքապետ է, և որ նրա տարիների իսկապես հսկայածավալ աշխատանքը Գորիսի բնակչությունըգնահատել է։

Ռոբերտ Քոչարյանի մասնակցությամբ խորհրդարանական ընտրություններում «Հայաստան» դաշինքը Սյունիքում պարտվեց: Հնարավո՞ր է Առուշանյանի հաղթանակը պայմանավորված էր նրանով, որ քարոզարշավի ժամանակ նրանց ուղիղ չաջակցեց Ռոբերտ Քոչարյանը, նկատի ունեմ՝ անձամբ քարոզարշավին ներկա չեղավ:

–Ընտրության արդյունքները կայացած փաստ են՝գորիսեցիների կամքի արտահայտությունը, ամեն բան շատ ակնհայտ է, հետևաբար, եթե-ներով ինչ-որ ենթադրություններ անելու որևէ նպատակահարմարություն չեմ տեսնում այս դեպքում:

Դուք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամն եք, հավանաբար, արդեն ծանոթացել եք 2022-ի բյուջեի նախագծին: Կառավարությունում հույս ունեն՝ այդ բյուջեով նվազեցնել ՀՀ պետական պարտքը, ավելացնել հարկային եկամուտները: Դուք ի՞նչ կարծիքի եք ֆինանսական գլխավոր փաստաթղթի մասին:

–2022թ-ի պետական բյուջեի ծախսային մասը 2021թ-ի պետբյուջեի հաստատված մակարդակի համեմատ ավելացել է 338 մլրդ դրամով: Ծախսերի 85%-ը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին:

Դեֆիցիտը կկազմի 243 մլրդ դրամ, որի սպասարկման բեռը նախատեսվում է ներքին աղբյուրներից, ինչն էապես կվնասի բանկային համակարգին, մասնավորապես ավանդներին, քանի որ պետական պարտատոմսերը չեն հարկվում, ուստի, բանկային ավանդի տոկոսադրույքը ստացվում է ոչ շահեկան: