Հավակնո՞տ, թե՞ իրատեսական․ ԱԺ–ն քննարկում է 2022թ․ բյուջեի նախագիծը

հոկտեմբերի 25, 2021

«2022թ մենք նախատեսում ենք 7 տոկոս տնտեսական աճ: Չնայած ընթացիկ տարվա մեծ մասը նշանավորվեց քաղաքական և անվտանգային անկայուն միջավայրով՝ մեր տնտեսությունն այսօր գերազանցում է աճի համար 2021թ արված բոլոր կանխատեսումները»,-հոկտեմբերի 25–ին խորհրդարանում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովում սկսվել են 2022թ բյուջեի նախագծի քննարկումները։ Կառավարությունն այդ բյուջեով իր առաջ դրել է 3 առաջնահերթություն՝ անվտանգության համակարգի բարեփոխում և բարելավում, ենթակառուցվածքների զարգացում, կրթության և գիտության արդիականացում:

ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի

Երկրի անվտանգության համակարգերի բարեփոխումներին անդրադառնալով՝ վարչապետն ասաց, որ հեռանկարում սահմանները միայն սահմանապահ զորքերով պահպանելու տեսլականն է: Նա հույս հայտնեց, որ ՀՀ տարածքից՝ մասնավորապես, Սոթք-Խոզնավար հատվածից ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների դուրսբերման, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանների դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացի մեկնարկն այդ խնդրի լուծման համար կստեղծեն բարենպաստ պայմաններ:

«Ինչ վերաբերում է մեր երկրի պաշտպանական ռազմավարությանը, կառավարության ծրագրում մենք արդեն ընդգծել ենք, որ ՀՀ-ն, ինչպես ցանկացած խաղաղասեր պետություն, զինված ուժերը զարգացնելու և վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ ՀՀ-ն տարածքներ նվաճելու մտադրություն չունի»,- ընդգծեց նա։

2022թ բյուջեն կլուծի կարևոր, բայց ոչ բոլոր խնդիրները

Բյուջեն ներկայացնելիս վարչապետը նախ անդրադարձավ այս տարվա տնտեսական ցուցանիշներին և նշեց, որ սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է վճարվող աշխատատեղերի թվի բացարձակ ռեկորդ՝ 651141: Նախորդ առավելագույնը գրանցվել է 2020թ սեպտեմբերին՝ 631966 աշխատատեղ: Եվ այս տարվա 6.4 տոկոս գնաճի ֆոնին կարևորեց, որ մեկ տարվա ընթացքում համախառն աշխատավարձի ֆոնդն աճել է 15.3 տոկոսով կամ 19 մլրդ 308 մլն դրամով, մեկ աշխատողի աշխատավարձը՝ 11.9 տոկոսով կամ 23 782 դրամով: 20 տոկոսով աճել է նաև արտահանումը, 7 տոկոսով՝ շինարարությունը, 5 տոկոսով՝ ծառայությունները։

Արդեն 2022թ բյուջեի նախագծին անդրադառնալով՝ Ն․Փաշինյանն ասաց, որ եկամուտները կազմում են 1 տրլն 946 մլրդ դրամ, որը 2021-ի նկատմամբ ավել է 17 տոկոսով: Ծախսերը կազմում են 2 տրլն 190 մլրդ դրամ, ինչը 2021-ի նկատմամբ ավել է մոտ 10 տոկոսով: Հաջորդ տարի ներքին ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ ծախսվելու է 278 մլրդ դրամ։ Նախատեսված է վերականգնել և նորոգել 500 կմ ճանապարհ, նախագծել և կառուցել տարբեր մեծության ջրամբարներ։ Մեկնարկելու են Հյուսիս-հարավ մայրուղու Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների մրցույթները՝ նպատակ ունենալով միանգամից սկսել շինարարական աշխատանքները։ 2022թ կապիտալ ծախսերը կկազմեն 347 մլրդ դրամ, ինչը 2021-ի նկատմամբ ավել է 55 տոկոսով:

ՆՓաշինյանն ընդգծեց, որ 2022թ ԿԳՄՍ-ին հատկացվող գումարն աճելու է 27 տոկոսով, միայն գիտության ֆինանսավորումն ավելանալու է 83 տոկոսով։ Նախագծվելու են բազմաթիվ նոր ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ մոդուլային, որոնք 5 տարում ապահովելու են 300 դպրոցների և 500 նախադպրոցական հաստատությունների կառուցում։ 76 դպրոց և 51 մանկապարտեզ արդեն իսկ գտնվում են կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման փուլում։ «Մեր նպատակն է անձի կրթությունը և շարունակական զարգացումը դարձնել կենսակերպ: Սա է ժամանակակից աշխարհում մրցունակ ազգ լինելու միակ ճանապարհը»,- ասաց նա։

Վարչապետը հիշեցրեց իր նախընտրական խոստումը, թե 2022թ հունվարի 1-ին և դրանից հետո ծնված յուրաքանչյուր երրորդ և հաջորդ երեխայի համար 6 տարի շարունակ ամեն ամիս կվճարվի 50000 դրամ։ Եվ հավելեց, որ 2022թ բյուջեն լուծելու է բազմաթիվ կարևորագույն խնդիրներ: «Սակայն հեռու ենք այն մտքից, թե 2022թ բյուջեն կլուծի մեր առաջ ծառացած բոլոր խնդիրները: Ըստ այդմ՝ բազմաթիվ, այդ թվում սոցիալական խնդիրներ մնալու են դեռևս չլուծված: Աղքատության և սոցիալական պաշտպանության խնդիրներն արմատապես լուծելու համար մեզ պետք են ամուր տնտեսական և անվտանգային հիմքեր, և այդ հիմքերը ստեղծելու ենք առաջիկա մի քանի տարիներին»,- խոստացավ ՆՓաշինյանը։

Ինչի՞ց է բխում կառավարության լավատեսությունը

2022թ. ՀՀ պետական պարտքը կհասնի 4 տրլն 740 մլրդ դրամի։ Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի ներկայացմամբ դա ՀՆԱ-ի մոտ 70 տոկոսն է, բայց հույս ունի, որ առաջիկա հինգ տարիներին այդ ցուցանիշը 60 տոկոսից ցածր կլինի։ Նրա ներկայացմամբ դրամով և արտարժույթով պարտքի կառուցվածքում զգալի փոփոխություն կա. եթե անցած տարի պարտքի 76 տոկոսն արտարժութային էր, ապա հաջորդ տարվա ավարտին կլինի հակառակ հարաբերակցությունը։ Նախարարը նաև հավելեց, որ արտաքին պարտքի խոշոր մարումները կլինեն 2025, 2029 և 2030 թվականներին` պայմանավորված արտարժույթով թողարկված պարտատոմսերի մարմամբ։ Իսկ 2022թ պարտքի մարման ու սպասարկման համար կպահանջվի 517 մլրդ դրամ, որից 303 մլրդը մայր գումարն է, 214 մլրդը՝ տոկոսավճարները։ 

ՏԽաչատրյանը նաև հույս հայտնեց, որ առաջիկա հինգ տարիներին հարկերի բաժինը ՀՆԱ-ում կհասնի 25 տոկոսի։ Այս տարի սպասվում է 22,5 տոկոսի մակարդակում։ «Հետևաբար, առաջիկա 5 տարում այն պետք է տարեկան բարձրացնել առնվազն 0,5 տոկոսով։ Մետաղական խտանյութերի և ձուլվածքի արտահանման պետական տուրքը դրան կօժանդակի 0,4 տոկոսային կետով»,- ընդգծեց ֆինանսների նախարարը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը փոքրիկ անհամապատասխանություն էր գտել կառավարության կայքում ներկայացված և ԱԺ ուղարկված նախագծերի միջև։ Օրինակ, ինչո՞ւ էր նախապես Արցախին հատկացվող գումարը 144,5 մլրդ դրամ, ԱԺ ներկայացված տարբերակում՝ 144 մլրդ դրամ։ Դեֆիցիտը ներքին աղբյուրներով համալրելու թիվը՝ 290 մլրդ, հետո արդեն՝ 285,5 մլրդ։ Պատգամավորը նաև տպավորություն է ստացել, որ 2022թ համար 7 տոկոս տնտեսական աճ են պլանավորել, քանի որ կառավարության ծրագրում է այդքան ամրագրված, մինչդեռ անգամ բյուջեի նախագծով դրա ապահովման հավանականությունը ցածր է։ ԱԽաչատրյանը նաև մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը չի կարողանա ծախսել կապիտալ ծախսերի համար հատկացված 347 մլրդ դրամը, քանի որ նախորդ տարիների չի կարողացել ամբողջությամբ իրացնել այդ ոլորտին տրված ավելի քիչ գումարը։ «Ի՞նչ պիտի փոխվի հունվարի 1-ից հետո, որ կատարողականը լավանա, և ուզում եմ հասկանալ, թե 7 տոկոս ՀՆԱ-ի աճի ձեր լավատեսությունն ինչի՞ց է բխում»,- Տիգրան Խաչատրյանին հարցրեց նա։

Առաջին հարցին պատասխանելու իրավունքն իրեն վերապահեց Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն ու ասաց, որ, եթե նախորդ տարիներին Արցախին տալիս էին 40-60 մլրդ դրամ, հիմա տալիս են 144 մլրդ՝ ավելացել է 84 մլրդով «Եվ կես մլրդի մասին խոսելն այնքան էլ ճիշտ չէ այն դեպքում, երբ տարեկան ճշգրտումների մեջ մենք ավելի շատ կարող են ավելացնել»։

ՏԽաչատրյանն էլ վստահեցրեց, որ տնտեսական աճին կնպաստեն ենթակառուցվածքներում նախատեսված՝ ՀՆԱ-ի 6-7 տոկոսի չափով ծախսերն ու այլ ծրագրերը։ Ինչ վերաբերում է կապիտալ ծախսերին, ապա նախարարի ներկայացմամբ այդ ուղղությամբ նման գումարի ծրագրերը ոչ թե անիրագործելի են և բարձր թիրախ, այլ պետք է լինեն առօրյա գործունեություն։ «Եվ մենք 2022թ ունենալու ենք լավ կատարողական»,- վստահեցրեց նա։

Իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Հովիկ Աղազարյանին հետաքրքրում էր, թե ինչ է անում կառավարությունը առողջապահության ոլորտում ապահովագրության համակարգ ներդնելու համար։ Նախարարը պատասխանեց, որ քննարկում են պարտադիր առողջապահական ապահովագրություն ներդնելու հարցը։

Հավակնոտ է և ռիսկային

«Հայաստանում 7 տոկոս տնտեսական աճի հնարավոր է հասնել միայն կապիտալ շինարարության պետական խոշոր ծրագրերի իրականացման միջոցով»,- իր հերթին հայտարարեց Կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը։

ԿԲ-ն 2022թ բյուջեի նախագիծը գնահատում է բավականին հավակնոտ և ռիսկային։ ԿԲ փոխնախագահը նկատեց, որ բյուջեով կարևորվում է կապիտալ ծախսերի ավելացման միջոցով երկարաժամկետ տնտեսական աճի և մասնավոր ներդրումների խթանման համար կայուն հիմքերի ձևավորումը: «Ուստի նման ռազմավարության ներքո կապիտալ ներդրումների ծրագրի լիարժեք իրականացման, դրանց արդյունավետության և մասնավոր ներդրումների խթանման գործողություններին վերաբերող խնդիրների դեպքում կարող են էական ռիսկեր առաջանալ՝ միջնաժամկետ հատվածում տնտեսական աճի, պարտքի և հարկաբյուջետային կայունության տեսանկյունից»,-ասաց ՆԵրիցյանը:

ԱԺ մշտական հանձնաժողովներում բյուջեի նախագծի քննարկումը կշարունակվի նոյեմբերի 1-ին։