Թաթոյանը՝ ժամկետն սպառած միակ պաշտպան․ ԱԺ-ն կընտրի նոր ՄԻՊ

«Ուզում եմ հույս հայտնել, իհարկե, մշուշոտ, որ Ձեր ընտրվելուց հետո ևս մի կայացած բաստիոն չի փլուզվի»,- Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը։
«Հույս ունեմ, որ Ձեր որոշումը քաղաքական չի լինի, թեև Դուք ունեք դրա բոլոր իրավունքները»,- պատասխանեց թեկնածուն։
Քրիստինե Գրիգորյանին ՄԻ պաշտպանի թեկնածու է առաջադրել խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Խորհրդարանական մյուս երկու՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները թեկնածու չեն առաջադրել, Քրիստինե Գրիգորյանը ՄԻ պաշտպանի միակ թեկնածուն է։
Ինչպե՞ս կպատասխանի Փաշինյանի զայրացած զանգերին
Հունվարի 12-ին ընդդիմադիր «Հայաստանի» պատգամավորները հանդիպում էին Քրիստինե Գրիգորյանի հետ։ Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դա լավ պրակտիկա համարեց․ «Կարծում եմ՝ ցանկացած պաշտոնյա, որն ԱԺ-ում ստանալու է վստահության քվե, պետք է այս ընթացակարգով անցնի»։
Իսկ թեկնածուին ուղղված հարցերը շատ էին ու բազմաբնույթ։ Մասնագիտությամբ իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանին հետաքրքրում էր, թե ապագա պաշտպանն ինչպես է գնահատում դատարանների բոլոր մուտքերն ու ելքերն արգելափակելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2019թ․ մայիսին հնչեցրած հայտնի կոչը։ «Բնականաբար, չեմ կարծում, որ դա լավ որոշում էր։ Դա լավ որոշում չէր»,- պատասխանեց Քրիստինե Գրիգորյանը։
Պատգամավոր Գեղամ Նազարյանը հիշեցրեց, որ իրենց գործընկերներ Արմեն Չարչյանը, Մխիթար Զաքարյանը, Արթուր Սարգսյանը «ապօրինի կալանավորված են եղել, քանի որ կա ՍԴ որոշումը պատգամավորի անձեռնմխելիության մասին»։ «Ես չեմ հիշում, որ Դուք հրապարակավ դատապարտած լինեիք այդ երևույթը։ Չե՞ք կարևորել, թե՞ այդ պահին Ձեր պաշտոնից ելնելով՝ չեք կարողացել բարձրաձայնել»: Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց, որ անձանց ընտրական իրավունքի երաշխավորման տեսակետից՝ ընտրված անձի նկատմամբ որևէ քրեական հետապնդում պետք է առնվազն ընտրողների համար հասկանալի ու հիմնավորված լինի: «Չեմ բարձրաձայնել, քանի որ պաշտոնի բերումով չեմ առնչվել հարցին»,- հավելեց նա:
«Ես Ձեզ չեմ ճանաչում, բայց շատ լավ եմ ճանաչում Նիկոլ Փաշինյանին, գիտեմ, որ նա Ձեզ հաճախ զանգելու է։ Կաշկանդված չե՞ք լինի իր զայրացած տոնային զանգերից, կարո՞ղ եք ասել՝ պարո՛ն Փաշինյան, ես Ձեզ լսեցի, բայց իրավունք չունեք այս հարցում միջամտելու»: Գրիգորյանը պատասխանեց. «Ես ունեմ բոլոր սահմանադրական երաշխիքները՝ բարձրաստիճան պաշտոնատար անձի կամ որևէ քաղաքական ուժի զանգերին սիրալիր արձագանքելու, նրանց լսելու, բայց անելու իմ գործը: Եվ եթե ես կողմնակալ լինեմ, որոշակի կաշկանդվածություն ունենամ, ունեք ինձ քննադատելու կամ գնահատելու բոլոր հնարավորությունները»:
Արեգնազ Մանուկյանին հետաքրքրում էր, թե Քրիստինե Գրիգորյանն ինչպես է Նիկոլ Փաշինյանի այն պահվածքը, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ նա «մուրճը ձեռքին պտտվում էր համայնք առ համայնք ու սպառնալիքներ ներկայացնում իր քաղաքական հակառակորդների նկատմամբ»։ ՄԻՊ թեկնածուն համաձայնեց, որ այդ ժամանակ կար ատելության խոսքի ծայրահեղ վտանգավոր մակարդակ։ «Դա նաև արձանագրված է ՍԴ որոշմամբ»,- հավելեց նա:
Կարևորը՝ Փաշինյանի նկարը չփակցնի պատին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը Քրիստինե Գրիգորյանի հետ կհանդիպի հաջորդ շաբաթ։ Խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասաց, թե նրան հարց կուղղվի իր քաղաքական պատկանելության մասին։ «Ինչպես նաև հարցեր կլինեն Արման Թաթոյանի վերաբերյալ՝ որոշ ինստիտուտների հնչեցրած քննադատական գնահատականների մասին։ Նաև իր ապագա աշխատաոճի, տեսլականի մասին․ արդյո՞ք ինքը պատրաստ է և ունակ է քննադատել կառավարության այս կամ այն սխալ որոշումը, որը չի բխում մարդու իրավունքների սկզբունքներից»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Նույն խմբակցությունից ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն էլ փոխանցեց, թե կանխակալ որևէ վատ վերաբերմունք չունի Քրիստինե Գրիգորյանի նկատմամբ: «Ուզում եմ հավատալ, որ նա կպահի ՄԻՊ ինստիտուտի բարձր նշաձողը, և մենք չենք կորցնի այդ անկախ կառույցը մեր երկրում։ Կարևոր է նաև, որ Նիկոլ Փաշինյանի լուսանկարը չփակցնի իր գլխավերևում՝ կաշկանդելով ինքն իրեն»,- ասաց նա։
Թագուհի Թովմասյանը նաև հավելեց, թե թեկնածուին շատ հարցեր ունի և կցանկանա լսել նրա «սկզբունքային դիրքորոշումը հենց այս օրերին մեր երկրում տիրող իրավիճակի, մարդու իրավունքների աղաղակող խախտումների վերաբերյալ»: «Քաղաքական հետապնդումներ՝ ընտրված քաղաքապետերի նկատմամբ, կալանքներ, ՀՀ քաղաքացու քվեի նկատմամբ անհաշտ վերաբերմունք և այլն»,- ընդգծեց պատգամավորը:
Հինգերորդը
Քրիստինե Գրիգորյանը, եթե ընտրվի, կլինի Հայաստանի Հանրապետության 5-րդ Մարդու իրավունքների պաշտպանը։ Առաջինը Լարիսա Ալավերդյանն էր, որը պաշտոնավարել է 2004-2006թթ․։ Նրան այդ պաշտոնին նշանակել և ազատել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդը Արմեն Հարությունյանն է, որը պաշտոնավարել է 2006-20011թթ․։ Արմեն Հարությունյանին ընտրել է արդեն ԱԺ–ն, և նա իր հրաժարականի դիմումը ներկայացրել է հենց ԱԺ-ին։ Երրորդ պաշտպանը Կարեն Անդրեասյանն է, որը պաշտոնավարել է 2011-2016թթ․ և նույնպես պաշտոնից հեռացել է ժամկետից շուտ։ Այս երեք պաշտպաններն էլ խնդիրներ են ունեցել իրենց պաշտոնավարման շրջանում գործող իշխանությունների հետ և հեռացել են այդ խնդիրների պատճառով։
Գործող օմբուդսմեն Արման Թաթոյանը՝ ՀՀ չորրորդ ՄԻ պաշտպանը, պաշտոնավարել է 2016 թվականից, և նա միակն է, որը ժամանակից շուտ հրաժարական չի տվել ու պաշտոնավարել է ամբողջական ժամկետով։