Երբ ճիշտ պահը լինի, որևէ մեկը հետ չի կանգնի մանդատը վայր դնելու որոշումից․ Էլինար Վարդանյան

մարտի 4, 2022

Հարցազրույց՝ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանի հետ։ 

-8-րդ գումարման Ազգային ժողովը գործում է արդեն 7-8 ամիս, և ակնհայտ է, որ ընդդիմության և իշխանության համագործակցությունը չի ստացվում նախագծերը, չնչին բացառություններով, չեն ընդունվում, ամեն նիստին հայհոյանք ու վիրավորանք է հնչում։ Այս պատկերն արձանագրելուց հետո որո՞նք են լինելու ընդդիմության անելիքները: 

-Ընդդիմությունը, այնուամենայնիվ, շարունակելու է կիրառել այն գործիքակազմը, որը տալիս է ԱԺ կանոնակարգ օրենքը, և դրանք բազմազան են՝ օրենքների նախագծեր, հարցապնդումներ, հարցեր: Այսինքն՝ անկախ նրանից, թե իշխանությունը որքան հետևողականորեն կմերժի մեր նախագծերը, դրանք ներկայացվելու են, որովհետև հանրությունը սպասում է այդպիսի փոփոխությունների, մենք չենք կարող հրաժարվել փորձելու հնարավորությունից: Բայց սա միայն մեկ գործիքակազմն է: Մեր մյուս գործիքակազմը դրսում հանրության հետ աշխատանքն է, և ընդդիմությունը պետք է ակտիվ աշխատանք տանի դրսում՝ անկեղծ խոսելով հանրության ու հասարակության հետ, ներկայացնելով ռիսկերը, որոնք այսօր կան Հայաստանում։ 

-44-օրյա պատերազմից հետո դուք փորձել եք փողոցում հանրության հետ խոսել, բայց չի ստացվել: Հիմա ինչպե՞ս պետք է կարողանաք քաղաքացուն ձեր ասելիքը տեղ հասցնել և, արդյո՞ք, քաղաքացին ընդդիմությունից սպասում է հենց այնպիսի օրենսդրական փոփոխություններ, ինչպիսիք ներկայացնում եք դուք:

-Հանրությունն իր բարեկեցության հետ կապված ակնալիքներ ունի, որովհետև, բացի անվտանգության խնդիրներից, սոցիալական հարցումները ցույց են տալիս, որ հանրությանը հետաքրքրում են նաև սոցիալական խնդիրները, առավել ևս, որ այս տարի ջրի, էլեկտրաէներգիայի ու գազի թանկացում եղավ։ Այս ամենը չի կարող չազդել հանրության վրա, հետևաբար, մարդիկ ակնկալում են նաև իրենց բարեկեցությանը վերաբերող հարցերի լուծում: Ինչ վերաբերում է անվտանգային հարցերին և ընդհանրապես շարժում գեներացնելուն, ընտրությունները, որոնք հանրային դժգոհության հետևանք էին, ցույց տվեցին, որ հանրության մեջ կան մարդիկ, որոնք իներտ են, և աշխատանքը հենց այդ մարդկանց հետ պետք է տարվի, որ հասկանան՝ չի կարելի չեզոք լինել այն ամենի նկատմամբ, ինչ կատարվում է Հայաստանում: 

-Տարված աշխատանքը բավարար չի՞ եղել, որ Ձեր նշած իներտ հատվածն ակտիվություն չի ցուցաբերում, գուցե առաջնորդների, օրակարգի խնդիր է։ Փորձե՞լ եք պատճառները վերլուծել:

-Պատճառները տարբեր են: Հունիսի 20-ին, երբ ընտրություններ էին, ժողովրդի մի հսկայական զանգված՝ 270 հազար ընտրող, իր վստահության քվեն տվել է այն ընդդիմադիր կուսակցություններին, որոնք մասնակցել են ընտրություններին: Բայց ընտրություններին չի մասնակցել գրեթե 800 հազար քաղաքացի, այսինքն, այդքան մարդ կողմ չի եղել այսօրվա իշխանությանն ու ընդդիմությանը: Մենք իրենց հետ խոսելու, երկխոսելու կարիք ունենք, ինքներս պետք է հասկանանք, թե ինչու 800 հազար մարդ կողմ չէր ո՛չ իշխանությանը, ո՛չ ընդդիմությանը: Այստեղ հսկայակական աշխատանք ունենք անելու, և այս պահին էլ մենք, որպես գործիքակազմ, օգտագործում ենք նաև դա: 

-Այսօր ընդդիմության՝ խորհրդարանում մնալը որքանո՞վ է արդարացված․ համագործակցությունը չի ստացվում, նախագծեր մերժվում են։ 

-Եթե այս պահին խորհրդարանական ընդդիմությունը որոշի, որ այլևս չի մասնակցում ԱԺ աշխատանքներին, դա նշանակում է, որ դրան պետք է հետևի որոշակի պրոցես: Ես գիտեմ, որ շատ հաճախ են բարձրացնում մանդատները չվերցնելու կամ վայր դնելու հարցը: Մանդատների բաշխման ժամանակ մանդատները չվերցնելը ենթադրում էր, որ հավաքած ձայների քանակով հաջորդ երկու ուժերն էին խորհրդարանում հայտնվելու, իսկ ԱԺ-ում գտնվելու ժամանակ մանդատները վայր դնելը որևէ իրավական հիմք, իրավական պահանջ չի ներկայացնում ԱԺ-ն արձակելու համար: Եթե ընդդիմությունը հրաժարվի մանդատներից, դա հիմք չէ ԱԺ-ն ցրելու համար: Այսօրվա իշխանությանը ոչինչ չի կաշկանդելու նույն բնականոն ճանապարհով շարունակել իրենց աշխատանքը խորհրդարանում: Բայց երբ ճիշտ պահը լինի, վստահեցնում եմ՝ չի լինի մեկը, որը հետ կկանգնի մանդատները վայր դնելու որոշումից:

-44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին չեք մասնակցում, սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներին դարձյալ չեք մասնակցում: Ընդդիմությունն ինքնամեկուսնո՞ւմ է։ 

-Քննիչ հանձնաժողովի նպատակը ընդդիմությանը վերահսկողություն իրականացնելու հնարավորություն տալն է: Ստացվում է մի վիճակ, երբ պատերազմի համար պատասխանատուները և մեղավորները ստեղծում են քննիչ հանձնաժողով՝ քննելու, թե որքանո՞վ են իրենք մեղավոր և պատասխանատու պատերազմի համար: Ի՞նչ ակնկալել այդպիսի հանձնաժողովից:

-Գնայիք և այդ հարցերը հնչեցնեիք: 

-Եթե մասնակցեինք այս հանձնաժողովի աշխատանքներին, որը ղեկավարում է իշխող խմբակցությունը, մի հանձնաժողով, որի լծակները իշխող խմբակցության ձեռքում են, ստեղծվելու էր մի իրավիճակ, որ լեգիտիմացնելու էինք այն պրոցեսը, որը տանելու էր նոր մեղավորներ փնտրելուն և նշանակելուն: Այսօրվա իշխանությունը որևէ կերպ կաշկանդված չէ բոլորին, իրենից բացի, մեղավոր ու պատասխանատու կարգելու հարցում։ 44-օրյա պատերազմը Հայաստան և Արցախ բերելու և զոհերի ու տարածքային կորուստների պատասխանատուն այսօրվա իշխանությունն է: 

-Իսկ ընդդիմությունը, որ նախկինում իշխանություն է եղել, պատասխանատու չէ եղած ԶՈւ–ի, զենք-զինամթերքի հարցում: 

-Այսօրվա իշխանությունը մինչև սեպտեմբերի 27-ի պատերազմը արդեն երեք տարի իշխանություն էր, այդ նույն իշխանությունը 2020-ի ամռանը հայտարարում էր, որ ՀՀ բանակը տարածաշրջանի ամենամարտունակ բանակն է: Ինչպե՞ս կարող է իշխանությունը, որը պատասխանատու է երկրի և բանակի համար, ամռանը չարձանագրի, որ բանակը պատերազմի ժամանակ լրջագույն խնդիր է ունենալու: 

-Սահմանադրական բարեփոխումների խորհրդի աշխատանքներից էլ ընդդիմությունն իրեն դուրս դրեց: Սահմանադրական փոփոխություններ կարծում եք, պե՞տք չեն:

-Ես չեմ պատկերացնում իշխանության օրակարգը սահմանադրական փոփոխությունների հետ կապված: Այ, ինչի՞ են գնում սահմանադրական փոփոխությունների: Եթե անկեղծ լինեին և ասեին, որ սահմանադրական փոփոխությունները կառավարման նախկին համակարգին վերադառնալու համար են, այլ բան, բայց սահմանադրական փոփոխություններ կատարելու հետ կապված հարցերին տրվում են իրարամերժ պատասխաններ: Մի օր ասում են՝ կառավարման համակարգն է պետք փոխել, մյուս օրն ասում են՝ կառավարման համակարգը չի փոփոխվելու և այլն: Այսինքն, իրենք իրենց օրակարգում ազնիվ չեն և քանի դեռ ազնիվ չեն ու չի երևում, թե ինչի համար են կատարում սահմանադրական փոփոխությունները, նշանակում է՝ էլի մասնակից դառնալ հերթական ֆարսին: 

–Իսկ դուք կառավարման ո՞ր մոդելի կողմնակից եք:

–Ես նախկինում էլ, 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների ժամանակ էլ, ասում էի, որ խորհրդարանական համակարգն իսկապես զարգացած պետությունների համար գործող համակարգ է, բայց այն իրավիճակը, որում գտնվում է Հայաստանը, դեռևս չի ստեղծել նախադրյալներ՝ անցնելու այդ համակարգին: Միաժամանակ, ես դեմ եմ երկիրը անընդհատ սահմանադրական ցնցումների տանելուն։ Չի կարող երկրի կառավարման համակարգը օրումեջ փոփոխվել, դա թուլացնում է երկիրը: Եթե 2015-ի սահմանադրական փոփոխություններին ես դեմ էի երկրի վիճակից ելնելով, ապա այս պահին դեմ եմ՝ ելնելով հանգամանքից, որ երկիրը շատ փխրուն վիճակում է, և զարգացումներն արտաքին աշխարհում մեզ համար լուրջ մարտահրավերներ են առաջ բերելու։ Կարծում եմ՝ այս պահին համակարգը տանել ևս մեկ ցնցման, տեղին չէ։