Ընդդիմությունը Հայաստանը ծաղկուն երկիր դարձնելու համար 30 տարի է ունեցել. Բաբկեն Թունյան

Հարցազրույց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանի հետ։
-Ընդդիմությունը քննադատում է, որ Ռուսաստանի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցների բացասական ազդեցությունը Հայաստանի վրա մեղմելու համար իշխանությունը հակաճգնաժամային ծրագիր չի ներկայացնում։ Չունե՞ք նման ծրագիր։
-Նորմալ է, որ ընդդիմությունը մեզ քննադատում է, բայց ուզում եմ հասկանալ, թե հակաճգնաժամային ծրագիրն իրենց ինչ էր տալու։ Իրենք ո՛չ կառավարությանը, ո՛չ էլ որևէ ծրագրի ուշադրություն չեն դարձնում։ Եթե հակաճգնաժամային ծրագիր ներկայացվի, դա մեր ընդդիմության համար ընդամենը քննադատելու հերթական առիթը կդառնա։ Բայց եթե որևէ փաթեթ կամ ծրագիր չի ներկայացվում, դա չի նշանակում, որ կառավարությունը քայլեր չի ձեռնարկում, իսկ թե դրանց որ մասը կհանրայնացվի, որը՝ ոչ, դա այլ հարց է։ Այսօր մենք չենք կարող ասել, թե ճգնաժամի մեջ ենք։ Մենք ունենք տնտեսական ռիսկեր ու դժվարություններ, և այդ ռիսկերը կառավարելու խնդիրունենք։
- Բացառո՞ւմ եք, որ այս տարի տնտեսական ճգնաժամ կունենանք։
-Հույս ունեմ, որ չի լինի։ Բացասական ազդեցություն կլինի, բայց կլինեն նաև որոշակի հնարավորություններ։ Վերջում պարզ կդառնա, թե մենք որքանով էինք ունակ վտանգներին դիմակայելու, նոր հնարավորություններ ստեղծելու կամ ստեղծված հնարավորություններն օգտագործելու համար։ Իսկ նման հայտարարությունները կարող են բացասական սպասումներ առաջացնել, ինչը բացասական ազդեցություն կունենա տնտեսության վրա։
-Ի՞նչ նոր հնարավորությունների մասին է խոսքը՝ չհաշված ՌԴ-ից ՏՏ ոլորտի մասնագետների ներհոսքը։
- Ընդհանրապես, ՀՀ-ն կարող է տարբեր հոսքերի համար միջանկյալ օղակդառնալ։ՌԴ-ում, Ուկրաինայում կամ պատերազմին ինչ-որ կերպ առնչվող որևէ երկրում կան ընկերություններ, որոնք այս պահին որոշակի դժվարություններ ունեն և տեղափոխվում են Հայաստան: Կոնկրետ ինձ՝ նման հարցով արդեն մի քանի ընկերություն է դիմել, և հետաքրքրվում են, թե այստեղ ինչ հարկային օրենսդրություն է գործում։ Երբ Ազգային վիճակագրական կոմիտեն հրապարակի ամենամսյա զեկույցը, որտեղ նշվում է, թե քանի նոր ընկերություն, քանի ԱՁ է ստեղծվել, որոշակի տեղաշարժ կտեսնենք։ Պարզապես մենք պետք է փորձենք մեզ մոտ ֆինանասական, մակրոտնտեսական կայունություն ապահովել և ներկայացնել մեր առավելությունները։
- Պետական կառույցներից միայն Կենտրոնական բանկն է թարմացրել իր կանխատեսումը՝ 2022թ. համար տնտեսական աճը նվազեցնելով 1,6 տոկոսի:Կառավարությունը զգուշանո՞ւմ է այս տարվա տնտեսական զարգացումները վերագնահատելուց։ Եվ չե՞ք կարծում, որ այս տարի կարող է անկում լինել։
- Կանխատեսումները միշտ էլ վերանայվում են։ Օրինակ, 2020թ.-ի համար պլանավորված էր 7 տոկոս աճ, բայց 7 տոկոս անկում ունեցանք։ 2021թ. համար իսկզբանե 3-4 տոկոս աճ էր գնահատվել, բայց վերանայվեց մինչև 6 տոկոս: Այս տարվա համար բյուջեով 7 տոկոս աճ է հաստատվել, բայց ԿԲ-ն դրա հետ համաձայն չէր և ավելի զգուշավոր էր։ Իսկ կառավարությունը, ըստ անհրաժեշտության, նույնպես պետք է վերանայիիր գնահատականը, որովհետև առաջնային օղակն է և դրա հիման վրա պետք է քայլեր կատարի։ Այսինքն, պետք է գնահատի, թե որքան աճ կունենա, որքան՝ ՀՆԱ, որքան հարկեր կհավաքի և ըստ այդմ էլ՝ պլանավորի ծախսերը։
- Հնարավո՞ր է՝ կառավարությունն այս տարի կրճատի բյուջեի ծախսերը։
- Չեմ կարծում։ Բյուջեի ծախսերը կարելի է 2 մասի բաժանել՝ սոցիալական բնույթի ծախսերը նվազման ենթակա չեն։ Դու չես կարող թոշակ չտալ կամ ավելի քիչ տալ։ Դա ֆիքսված գումար է։ Չես կարող պետական հատվածի աշխատավարձերը չտալ։ Կարող է՝ որոշ ուղղություններով տնտեսումների կարիք լինի, ինչը մեծ ազդեցություն չի ունենա։ Նվազման տեղը կապիտալ ծախսերն են, բայց դա ամենևին ցանկալի չէ։ Կապիտալ ծախս անելը շռայլություն չէ, դա անում ես, որ քո տնտեսական աճի պոտենցյալը բարձրացնես։ Եվ մեր նպատակն այնն է, որ մենք մեր կապիտալ ծախսերը կարողանանք ողջ ծավալով կատարել։ Անցած տարի հաստատված բյուջեի 100 տոկոսն է կատարվել, ճշգրտված բյուջեի՝ 93 տոկոսը։ Հույս ունեմ, որ այս տարի էլ կհաջողվի կատարել, և իրավիճակը մեզ չի ստիպի կրճատում անել։
-Ռուս-ուկրաինական պատերազմի առաջին օրերին ՀՀ կառավարությունը վարչապետի մակարդակով գյուղացիներին ու ֆերմերներին հորդորեց մշակել հողերը, քանի որ կարող է պարենային խնդիր առաջանալ։ Բայց հայտնի է, որ Հայաստանում մշակովի հողերի մոտ 50 տոկոսը չի մշակվում, դրանցից շատերի սեփականատերերը Հայաստանում չեն։ Այդ հողերը մշակելու ի՞նչ ծրագրեր կան։
- Այսօր գյուղատնտեսության զարգացման ամենամեծ խոչընդոտը խոշոր հողերի մասնատվածությունն է։ Երբ դիտարկում ենք դա, տեսնում ենք, որ մեր երկիրն ամենավատ հորիզոնականներում է։ Իսկ գյուղոլորտում լուրջ ներդրում կամ արդյունավետ ֆերմերային տնտեսություններ զարգացնելու համար խոշոր հողակտորներ են պետք։ Հողերի խոշորացումը մեր այսօրվա ամենակարևոր հրամայականներից մեկն է։ Այդ ուղղությամբ արվել է անուղղակի քայլ՝ բարձրացվել է գույքահարկը, ինչը մարդկանց ստիպում է ավելի շահագրգիռ լինել մշակելու համար։ Հաջորդ քայլը կարող է լինել տարբերակված մոտեցումը՝ չմշակվող հողերի համար ավելի բարձր գույքահարկի սահմանումը։ Հաջորդ քայլով կարող է ավելի կոշտ միջոց կիրառվել՝ որպեսզի հողերը անմշակ չմնան, պարզապես մարդկանց այն վերցնելու և մշակելու հնարավորություն տրվի։
- Իսկ հնարավո՞ր է, Հայաստանն էլ հայտնվի Արևմուտքի պատժամիջոցների տակ։
- Չեմ կարծում, որ պատժամիջոցները տարածվեն նաև Հայաստանի վրա։ Թեև արդեն իսկ որոշ առումով ազդեցություն կա՝ Թեղուտի դեպքում մենք ակնհայտ խնդիր ունենք: Բայց որ վերցնեն ու հայելային կերպով տարծեն նաև մեզ վրա, այդպես չի լինի։ Անգամ ՌԴ-ի դեպքում այդ մոտեցումն ընտրանքային է, նույն SWIFT-ի անջատումը ոչ բոլոր բանկերի վրա էտարածվում։ Կարծում եմ՝ մեր արևմտյան գործընկերները տեսնում են, որ ՀՀ-ն ակտիվ չէ պատժամիջոցները շրջանցելու գործում, և մեզ վրա չեն տարածի։ Նաև վստահ եմ, որ արևմտյան երկրները հստակ պատկերացնում են, որ Հայաստանըֆինանսական, տնտեսական, աշխարհագրական բարդագույն իրավիճակի մեջ գտնվող երկիր է, և որոշ դեպքերում ամեն ինչին խոշորացույցով նայելու խստությամբ առաջնորդվելը տեղին չէ: Մենք ունենք չորս հարևան երկիր, որոնցից երկուսի հետ հարաբերություններ չունենք, երրորդ երկիրը՝ Իրանն ինքն է պատժամիջոցների տակ, մեզ մնացել է միայն Վրաստանը:
- Ընդդիմությունը հայտարարում է, որ դիմադրության շարժմանն առաջիկայում նոր թափ է տալու: Մտավախություն չունե՞ք, որ սոցիալ-տնտեսական խնդիրներն ու սահմանային լարվածության սրումը ձեր դեմ դժգոհության ալիք կբարձրացնեն:
- Այդ նույն հարցը մեզ տալիս էին 2020թ. քովիդից հետո, պատերազմի ընթացքում ու պատերազմից հետո, 2021թ. ընտրություններից առաջ: Չեմ ուզում կանխատեսում անել, բայց դա բարդ է պատկերացնելը, քանի որ ընդամենը ամիսներ առաջ է հասարակությունն իր խոսքը ասել: Եվ պետք է ոչ միայն ապացուցել, որ խնդիր կա, իսկ որ խնդիր կա, դա բոլորն են տեսնում, պետք է ապացուցել, որ դու կարող ես այդ խնդիրն ավելի լավ լուծել: Իսկ ընդդիմությունըՀայաստանը ծաղկուն երկիր դարձնելու համար 30 տարի է ունեցել: Մարդիկ այդ տարիները չեն մոռանում: