Ընդդիմությունը դրսում, իշխանությունը՝ ԱԺ դահլիճում. ի՞նչ կլինի եթե փոքրամասնությունը ԱԺ չգա

Ազգային ժողովի հերթական լիագումար նիստն սկսվեց առանց երկու ընդդիմադիր խմբակցությունների՝ «Հայաստան»–ի և «Պատիվ ունեմ»–ի պատգամավորների: Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները շատ սահուն ընդունեցին խորհրդարանի հերթական նիստերի օրակարգը և անցան օրակարգային հարցերի քննարկմանը: Նիստի այդ հատվածում ընդդիմադիր գործընկերներին ոչ ոք չհիշեց:
ԱԺ նիստին զուգահեռ՝ընդդիմադիր պատգամավորները իրենց համախոհների հետ փակել էին Երևանի մի շարք կենտրոնական փողոցներ, որոնք ոստիկանության ծառայողները կարճ ժամանակում կարողանում էին բացել:
Խորհրդարանական ընդդիմությունն արդեն երկրորդ նիստն է, որ բոյկոտում է. ապրիլի 12-ին նույն խմբակցությունները չէին ներկայացել ԱԺ նիստին և մեկնել էին Արցախ։ Ռուս խաղաղապահները, սակայն, նրանց թույլ չէին տվել առաջ գնալ։
Բացի լիագումար նիստերից` ընդդիմության պատգամավորներն անցած շաբաթների ընթացքում չէին մասնակցել նաև խորհրդարանական մշտական հանձնաժողովների նիստերին:
Ընդդիմադիր գործընկերների բացակայությունը մեծամասնության շրջանում արդեն իսկ հարցեր է առաջացրել։ Նրանք սկսել են հաշվել, թե չներկայանալով աշխատանքի՝ ընդդիմադիրները պետբյուջեից որքան աշխատավարձ են ստացել:
«Ընդդիմությունըունի 36 ներկայացուցիչ Ազգային ժողովում, որոնցից յուրաքանչյուրն ամեն ամիս հարկատուների հարկերի հաշվին ստանում է 470 հազար դրամ աշխատավարձ։ Այս գումարը ստանում են նաև Ազգային ժողովը փողոցով փոխարինած ընդդիմադիր պատգամավորները, որոնք մեկ ամսվա մեջ գեթ մեկ օր չեն աշխատել։ Տվյալ ամիս հարկատուները նրանց վճարել են 16 միլիոն 920 հազար դրամ», -հաշվել էր ՔՊ–ական պատգամավորի հետ առնչություններ ունեցող լրատվամիջոցը:
Ի՞նչ է ուզում ընդդիմությունը
Մինչև մայիսի 1-ը հայտնի չէր՝ ինչպես է մարզային քայլերթից հետո ընդդիմությունը շարունակելու պայքարը: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը դեռևս 15 օր առաջ հայտարարել էր անժամկետ նստացույց Ազատության հրապարակում, իսկ «Հայաստան» խմբակցության պատգամավորները նախորդ շաբաթ Հայաստանի 4 մարզերից քայլերթ սկսելով՝ մայիսի 1-ին միացան Երևանում սպասող իրենց համախոհներին։ Արդյունքում Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցությամբ Ֆրանսիայի հրապարակում հանրահավաք անցկացվեց: Հանրահավաքի ժամանակ հայտարարվեց, որ Երևանում սկսելու են անհնազանդության ակցիաներ, իսկ հանրահավաքից հետո նույն հրապարակում տեղադրվեցին վրաններ, եփվեցին տարբեր ճաշատեսակներ՝ մասնակիցների համար:
Մայիսի 2-ին, 3-ին դիմադրության շարժման շրջանակում ակտիվիստները աղբամաններով ու մեքենաներով փակում են կենտրոնական փողոցները, սակայն ոստիկանության ծառայողների ակտիվ ջանքերով, տեղ-տեղ բռնության գործադրմամբ, բացվում են փողոցները: Օրական 200-ից ավելի քաղաքացի է բերման ենթարկվում՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելու հիմնավորմամբ: Առավոտյան մի քանի ժամ փողոցները փակելուց հետո, ընդդիմադիրները հավաքվում են Ֆրանսիայի հրապարակում, ելույթներ ունենում, քայլերթ կազմկերպում, հետո վերադառնում են դարձյալ Ֆրանսիայի հրապարակի իրենց վրաններ:
Շարժման առաջնորդները, այդուհանդերձ, հստակ չեն ասում, թե որքան կշարունակվեն այդ ակցիաները: Բայց պահանջը մեկն է՝ գործող իշխանությունները և հատկապես վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանան:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության դաշնակցական ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը մինչև վերջ չի բացահայտում՝ բացի փողոցները փակելուց, էլ ինչ է նախատեսվում անհնազանդության ակցիայի շրջանակում, և նշելէ, որ «հետաքրքիր, բազմաթիվ սիրուն ու գեղեցիկ, նաև՝ կրեատիվ ակցիաներ» են տեղի ունենալու: «Ամեն ինչ, իրոք շատ լավ է: Դուք տեսնում եք՝ երիտասարդ աղջիկների նկատմամբ ինչ ուժ է կիրառվում: Մեր հայրենակիցները գիտեն՝ ինչի համար են պայքարում: Ես «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը դիմելով հայտարարել եմ՝ դուք պատմական շանս ունեք ինքնամաքրվելու, որովհետև այդ խմբակցությունում շատերը կապ չունեն այն ամենի հետ, ինչ արել է Նիկոլը: Դրանք ի՞նչ դուխով են, մենակ էս ժողովրդին են խաբել, ասել դուխով են», -նշել է Սաղաթելյանը:
Լրագրողները Սաղաթելյանից նաև հետաքրքրվել էին՝ Ազգային ժողովի ամբիոնը հնարավո՞ր է օգտագործվի, ինչին նա պատասխանել էր. «Ինչ ասես, հնարավո րէ, մենք գեղեցիկ դրվագներ ունենալու ենք»: Հարցին, թե մտավախություն չունի՞ որ թույլ չեն տա մտնել խորհրդարան, Սաղաթելյանը պատասխանել էր. «Ո՞վ չթողնի, էդ հո իրանց հոր խորհրդարանը չի՞, դա պետության բարձրագույն օրենսդիր մարմինն է, որտեղ ընդդիմությունը շուրջ 30 մանդատ ունի: Ի՞նչ է նշանակում ԱԺ շենք չթողնելուն, ավելին՝ մյուս շենքեր էլ ենք մտնելու: Մեր դեմ արգելք չկա, պարզապես պայքարը պետք է ճիշտ, հետևողական առաջ տանենք՝ շնորհիվ մեր քաղաքացիների: Պետք է թիվը առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում ավելացնենք, որ ամեն ինչ լինի արագ, անցնցում»:
Դիմադրության շարժումը մեկ միասնական առաջնորդ չունի: Ճիշտ է՝ մայիսմեկյան հանրահավաքին ներկա էին ՀՀ նախկին նախագահները, բայց նրանք ամեն օր չեն մասնակցում ակցիաներին, չեն առաջնորդում դրանք, իսկ քայլերթերը առաջնորդում են պատգամավորները:
ԱԺ «Պատվի ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն ասում է՝ առաջնորդն ինքն իրեն կծնվի: «Սա ապակենտրոն և ցանցային պայքար է: Մենք ասել ենք, որ այս պայքարում չկան կուսակցական դրոշներ, քաղաքական առաջնորդներ: Որպես սովորական քաղաքացի՝ փողոցում ենք, փակում ենք փողոցներ: Առաջնային հարցը սրանց քշելն է, երկրորդ հարցը ձևավորել այն իշխանությունը, որը ի զորու է Հայաստանի ու Արցախի առաջ ծառացած խնդիրը լուծել: Ով է լինելու առաջնորդը, հավատացեք, ընդհանրապես էական չէ: Առաջնորդը ինքն իրան կծնվի», -հայտարարել է Վանեցյանը:
Չնայած փողոցային ակցիաներին, բազմամարդ հավաքներինԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Հայաստանում քաղաքական ճգնաժամ չկա: «Քաղաքական ճգնաժամ ես չեմ տեսնում: Այն ուժերը, որոնք 2021-ի ընտրություների ժամանակ պարտվեցին, հիմա նույն դերակատարներով, նույն ասելիքով, նույն ագրեսիայով, չունենալով կոնկրետ առաջարկներ ՀՀ քաղաքացուն, փորձում են բողոքի ալիք բարձրացնել: Ներքաղաքական լարում չեմ տեսնում», -ասել է ԱԺ նախագահը: Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմության հետ հնարավոր համագործակցությանը, նա նշել է, որ համագործակցության վերաբերյալ արված առաջարկը ուժի մեջ է, հիշեցրել է վարչապետի հետ հանդիպելու մասին ընդդիմությանն արված առաջարկը և մտավախություն հայտնել, որ դա նրանց համար մերժելի կլինի: «Վախենամ՝ դա կմերժեն, որովհետև դա իրենց համար փակուղային կլինի, քանի որ ասելիք ու առաջրկ չունեն», -ընդգծել է Սիմոնյանը:
Մի քանի ժամ անց կայացած ասուլիսում Իշխան Սաղաթելյանի արձագանքը Սիմոնյանին կտրուկ էր. «Երկխոսելու, բանակցելու մեկ օրակարգ կա, դա կոնկրետ Նիկոլին հեռացնելու օրակարգն է: Ուրիշ բան չկա խոսելու»:
Ի՞նչ է սպասվում, եթե ընդդիմությունը այդպես էլ չգա խորհրդարան
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասում է՝ խորհրդարանը չի լուծարվի, թե ԱԺ երկու ընդդիմադիր խմբակցությունները վայր դնեն իրենց մանդատները
«Չի կարող որևիցե պատգամավորի կամ խորհրդարանական փոքրամասնության վարքագծի պատճառով խորհրդարանի բնականոն գործունեությունը խաթարվել։ Դա լավագույն լուծումը չէ: Դա քայլ է, որը որոշակի առումով համահունչ չէ ժողովրդավարական զարգացումներին, և դրան ոչինչ չպետք է հետևի», - ասում է Վարդանյանը՝ ընդգծելով, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջը ընդդիմության կողմից մտացածին օրակարգ է։
Նա փորձեց պատկերավոր մի իրավիճակ ներկայացնել, երբ փոքրաթիվ խմբակցությունը դադարեցնում է խորհրդարանում իր գործունեությունը, ինչի արդյունքում լուծարվում է խորհրդարանը։ Եզրակացրեց. «Սա նշանակում է, որ անընդհատ կարող ենք ունենալ պերմանենտ ճգնաժամեր, որոնք որևիցե եղանակով չեն համապատասխանում խորհրդարանական կառավարման մոդելի առանձնահատկություններին»:
Վարդանյանի պնդմամբ, խորհրդարանական կառավարմամբ երկրում պատասխանատուն մեկը չէ, և ընդդիմությունը իշխանության հետ միասին կիսում է երկրի կառավարման պատասխանատվությունը:
ԱԺ հայտարարությունները՝ ընդդիմությանը քննադատելու միջոց
Ազգային ժողովի հայտարարությունների ժամը խորհրդարանական մեծամասնությունը օգտագործեց քննադատելու համար ընդդիմության փողոցային պայքարը: ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասում է՝ պատերազմից հետո, երբ Հայաստանը բուժում է վերքերը, «իրեն վերջնականապես սպառած ռևանշիստների խումբը, դիմում է իրեն բնորոշ ստին ու կեղծիքին՝ հանրության մի հատվածին հանելով միմյանց դեմ»:
«Ինձ շատ են զանգահարում քաղաքացիները և մտահոգություն են հայտնում այդ կապակցությամբ, և ես նրանց ասում եմ՝ մենք հանգիստ ենք, որովհետև ճիշտ ենք, մենք հանգիստ ենք, որովհետև չենք ստում, մեր հիմնական հենարանը մեր ժողովուրդն է»,-հայտարարել է Վիգեն Խաչատրյանը:
Հռիփսիմե Գրիգորյանը հիշեցրեց՝ ընդդիմությունը փողոցում առավոտից երեկո բացականչում է՝ փրկենք Արցախը: Բայց, նրա խոսքով, այդ կոչին հավատացողներ քիչ կան: «Արցախի հարցի կարգավորման հարցում չունեք տեսլական, ունեք բաժակաճառ: Մարդիկ, որոնք ապրում են Հայաստանում և ճաշակել են ձեր կառավարման «բարիքները», կազմում են մեծամասնություն: Հենց այդ մարդիկ են ձեզ ասել՝ հեռացեք: Ավելին, մեզ էլ ասել են՝ եկեք կառավարեք»-նշել է Հռիփսիմե Գրիգորյանը՝ նկատելով, որ իրենց քաղաքական թիմը ժողովրդին խոստացել է առաջնորդել դեպի խաղաղություն և զարգացում:
Պատգամավորներից Արուսյան Ջուլհակյանը հստակեցրեց ընդդիմության իրական նպատակները. «Շահարկելով Արցախի հարցը՝ ցանկանում են վերազավթել իշխանությունը, Արցախը փրկելու փոխարեն, փրկել տարիներ շարունակ թալանածը»: Նա պնդեց՝ ընդդիմադիրների «խմբակը» չի կարող փրկել Արցախը, քանզի միակ բանը, որ «նրանք կարող ենՀայաստանի համար, երկրորդ ճակատ բացելն է»:
«Նրանք, օգտագործելով ժողովրդավարական գործիքներ, փորձում են պայքարել ժողովրդավարության դեմ՝ նորից հայ ժողովրդին հակաժողովրդավարություն բերելու նպատակով: Նրանք որևէ աղերս չունեն ժողովրդավարության հետ: Մենք թույլ չենք տա կրկին զավթել ժողովրդավարությունը», -հայտարարել է Ջուլհակյանը։ Նա ոստիկանությանը հորդորել է ապահովել խաղաղ հավաքների իրականացումը և անհանդուրժող լինել սադրանքների, բռնության և բռնության կոչերի նկատմամբ: