Պատգամավորների բացակայության հարցը կարող է հասնել ՍԴ

մայիսի 16, 2022

Խորհրդարանական ընդդիմությունը դեռևս մտադիր չէ փողոցից վերադառնլ Ազգային ժողով, անցնել օրենսդիր աշխատանքի: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանի ապագա ծրագրերում նման մտադրություն կա, բայց երկու ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ամբողջ կազմով ԱԺ վերադառնալու մասին հայտարարություն չեն արել:

«Խորհրդարան վերադառնալու եմ: Ես այս պահին իմ մասին եմ ասում, որովհետև դաշինքում ամբողջական որոշում չունենք: Առհասարակ մեր տրամադրությունը հետևյալն է՝ խորհրդարան վերադառնալու ենք բացառապես մեր օրակարգով: Մենք ժողովրդի կողմից ունենք մանդատ ժողովրդի օրակարգը սպասարկելու համար: Այսօր այդ օրակարգը փողոցում է, մենք փողոցում ենք: Եթե այդ օրակարգը կլինի խորհրդարանում, կլինենք խորհրդարանում», - մայիսի 14-ին Ֆրանսիայի հրապարակում ասուլիսում հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:

Այս ասուլիսից մեկ օր առաջ նույն Սաղաթելյանը կառավարական 3-րդ մասնաշենքը շրջապատելու ժամանակ հայտարարել էր, որ պատգամավորական մանդատն իր համար երկրորդական հարց է, քանզի ունեն ժողովրդի մանդատը: «Էդ մանդատը գիտե՞ք ինչքան երկրորդական հարց է: Ասենք՝ ես պատգամավոր կլինեմ, թե չեմ լինի, էդ գիտե՞ք՝ ինչքան երկրորդական է էս ամեն ինչի մեջ: Մենք գիտենք ինչի մեջ ենք մտել ու ինչի համար», - ասել էր Իշխան Սաղաթելյանը։

Խորհրդարան վերադառնալու վերջնական որոշում չունի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Այս խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Parliamentmonitoring.am-ին ասել էր, որ եթե իշխանափոխության համար պայքարը արդյունքներ չտվեց, կմտածեն՝ ինչպես վարվել:

«Այս փուլում ես պոպուլիզմ կհամարեմ մանդատները վայր դնելու մասին հայտարարություն անելը, որովհետև այս պայքարից հետո կարող է այնպես լինի, որ քաղաքական պրոցեսներից դուրս գանք, կարող է մանդատ դնենք, կարող է չդնենք: Պրոցեսը ցույց կտա», - ասել էր Վանեցյանը:

Մինչ ընդդիմադիր խմբակցությունները կորոշեն՝ ինչպես վարվել իրենց մանդատների հետ, Ազգային ժողովում արդեն կա պատգամավորների ցանկ, որոնց հետագա խորհրդարանական գործունեությունը ռիսկի տակ է:

Parliamentmonitoring.am-ին Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունից փոխանցել են Ազգային ժողովի 6-րդ գումարման 3-րդ նստաշրջանի նիստերի քվեարկություններին պատգամավորների մասնակցության ցանկը: Մայիսի 11-ի դրությամբ, ըստ աղբյուրի, տեղի է ունեցել 193 քվեարկություն և գրանցում:

Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության 9 պատգամավորներ և «Պատիվ ունեմ»-ից Արթուր Վանեցյանը ունեն 98-ից մինչև 153 բացակայություն, որոնց մեծ մասի միայն մեկ բացակայությունն է հարգելի: Օրինակ՝ Արմեն Չարչյանն ունի 153 բացակայություն, բայց նրա բացակայություններից 34-ը հարգելի են, Իշխան Սաղաթելյանն ունի 101 բացակայություն, որից միայն մեկն է հարգելի, Գեղամ Մանուկյանն ունի 129 բացակայություն, որից դարձյալ մեկն է հարգելի: Այս ցանկի մեջ մտնում են նաև Վահե Հակոբյանը՝ 98 բացակայություն (1 հարգելի), Լիլիթ Գալստյանը՝ 99 բացակայություն (1 հարգելի), Արմեն Ռուստամյանը՝ 102 բացակայություն (1 հարգելի), Արթուր Ղազինյանը՝ 99 բացակայություն (1 հարգելի), Անդրանիկ Թևանյանը՝ 105 բացակայություն, Ասպրամ Կրպեյանը՝ 103 բացակայություն (1 հարգելի) և Արթուր Վանեցյանը՝ 115 բացակայություն, որոնցից ոչ մեկը հարգելի չի եղել:

Ազգային ժողովի պատգամավորների բացակայության հետ կապված հարցերրը կարգավորում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 156-րդ հոդվածը, որի համաձայն, եթե յուրաքանչյուր օրացուցային կիսամյակի ընթացքում քվեարկությունների առնվազն կեսից պատգամավորն անհարգելի բացակայում է, ապա նրա լիազորությունները դադարեցնելու հարցով Ազգային ժողովի խորհուրդը դիմում է Սահմանադրական դատարան: ՍԴ կարող են դիմել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդը:

ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը սահմանում է նաև, թե որ դեպքերում է պատգամավորի բացակայությունը համարվում հարգելի։ Այդ կետերը 7-ն են ու բխում են պատգամավորական գործունեությունից, և քաղաքական ակցիաներին ու հանրահավաքներին մասնակցությունը այդ կետերի մեջ չի մտնում:

«Յուրաքանչյուր պատգամավորի բացակայությունը հաշվարկվում է նիստերի ու քվեարկությունների մասնակցության քանակով: Բացակայության դեպքում, եթե պատգամավորները լրացնում են բացակայությունը բացատրող փաստաթուղթ, այդ դեպքում ԱԺ նախագահը, ըստ օրենքի, դա համարում է հարգելի: Պատգամավորները մեկ անգամ բացակայելու իրավունք ունեն, որն արդեն սպառվել է, մնացած դեպքերում անհրաժեշտ է համապատասխան հարգելի պատճառների մասին գրություն ներկայացնել», - Parliamentmonitoring.am-ին ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը: Նրա ներկայացմամբ, պատգամավորների բացակայությունները անհարգելի չեն համարվում, պարզապես համարվում են բացակայություն այնքան ժամանակ, քանի դեռ չի հատվել սահմանված շեմը, և միայն այդ դեպքում կարող է պատգամավորին մանդատից զրկելու հարց առաջանալ: Այդ հարցը կարող է լուծվել միայն Սահմանադրական դատարանում։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում ասել էր, որ չի պատկերացնում՝ այսքանից հետո ինչպես է ընդդիմությունը վերադառնալու խորհրդարան: «Ես չեմ պատկերացնում, թե այս ամենից հետո նրանք ինչպե՞ս են գալու խորհրդարան, բայց անհամբեր սպասում եմ նրանց։ Երբ նրանք գնում են կիլոմետրերով հեռու, բարձրախոսով դիմում են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին, վերջին շանսեր են տալիս, մեր արձագանքը հետևյալն է՝ եկեք մոտիկ, գոնե 2-3 մետր հեռավորության վրա նայեք մեր աչքերին ու նոր արեք այդ հայտարարությունները», - ասել էր նա։ 

Փողոցում դիմադրության գործողություններ իրականացնող ընդդիմության համար, սակայն, մանդատից զրկելու մասին խորհրդարանի միջանցքներում ծավալվող խոսակցությունները լուրջ չեն: «Մանդատներից զրկելու մասին խոսակցություններին հումորով ենք վերաբերվում», -արձագանքելով այդ մասին տեղեկություններին ասել էր Իշխան Սաղաթելյանը: