Արագ տեմպերով և մեծ քանակությամբ՝ քառօրյան մեկուկես օրում

մայիսի 25, 2022

Մինչ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները Երևանի Ֆրանսիայի հրապարակում ու փողոցներում պահանջում են իշխանության, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիրը» խմբակցությունը հերթական նիստերի օրակարգը սպառում է մեկուկես օրում։

Մայիսի 25-ին՝ նիստերի 2-րդ օրը ՔՊ-ականները, մինչև կառավարության հետ հարցուպատասխանի ժամը, հասցրին ոչ միայն սովորական, այլ հրատապ՝ 2-րդ ընթերցումը առաջին ընթերցումից հետո 24 ժամվա ռեժիմով նիստեր անցկ՝ացնել ու ընդունել մի շարք նախագծեր։

Բուն քննարկումը տևեց ընդամենը 1,5 ժամ՝ մինչև առաջին ընդմիջումը՝ 11։30-ը։ Նիստը շարունակվեց մոտ 4 ժամ հետո, և 5 հարցերի քննարկումը տևեց ընդամենը 25 րոպե։

Քննիչ հանձնաժողվներին՝ հավելյալ 6 ամիս ժամկետ

Նիստի առաջին հատվածում առավել երկար քննարկված հարցը ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հեղինակած՝ ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն էր։ Այդ օրինագծով պատգամավորն առաջարկում էր ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը 6 ամսվա փոխարեն դարձնել 1 տարի և նույնը թողնել ևս 6 ամսով երկարացնելու հնարավորությունը։ Պատգամավորի ներկայացմամբ՝ նախորդ խորհրդարանի գործունեության ընթացքում ստեղծված քննիչ հանձնաժողովների աշխատանքը ցույց տվեց, որ սահմանված ժամկետները բավարար չէին, և իր առաջարկը միտված է այդ կառույցներիգործունեության արդյունավետության բարձրացմանը։ Ընդ որում, այդ առաջարկները չեն վերաբերում արդեն գործող քննիչ հանձնաժողներին, դրանք կաշխատեն 6 ամիս+6 ամիս ռեժիմով։

«Երկարաձգման բազմաթիվ օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներ կան։ Օրինակ, նախկին պաշտոնյաները, որոնք գլխավորել են ուսումնասիրման ենթակա տվյալ ոլորտը, փորձում են խուսափել հանձնաժողովների նիստերից։ Չմասնակցելով՝ ժամանակը ձգձգում են, մինչև սպառվի քննիչ հանձնաժողովի ժամկետը, ու դրանով իսկ փորձում են խուսափել պատասխանատվությունից»,- հավելեց Սերգեյ Բագրատյանը։

Լիլիթ Ստեփանյանն առաջարկեց սահմանել ընդամենը մեկ ժամկետ՝ «մինչև 18 ամիս» ձևակերպմամբ, որպեսզի հետո երկարեցնելու անհրաժեշտություն չառաջանա։ Նրա այս առաջարկը պաշտպանեցին Գուրգեն Արսենյանն ու Հովիկ Աղազարյանը։ Ընդդիմացավ կառավարության ներկայացուցիչը՝ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, թե քննիչ հանձնաժողովներում սովորաբար ուսումնասիրվում են հանրային բարձր հնչեղություն ունեցող հարցերը, որոնք հրատապություն են պահանջում։ «Հանրությունը ոչ թե շատ արագ, այլ որակյալ պատասխան է ակնկալում։ Պետք է դադարել ֆեյսբուքյան հանրության պահանջները բավարարելուց»,- հակադարձեց Գուրգեն Արսենյանը։ «Եթե դնենք այդպես, հայերի բնավորությունն է, գործը ձգել մինչև վերջին ամիսը»,- արձագանքեց փոխնախարարը։

Արուսյակ Ջուլհակյանն էլ նկատեց, որ քննիչ հանձնաժողովների խնդիրը ոչ թե ժամկետն է, այլ փորձագիտական աջակցության բացակայությունը կամ եղած աջակցության ոչ բավարար որակը։ Ս․Բագրատյանը համաձայն էր, բաց ասաց, որ հանձնաժողովները չունեն ֆինանսական ռեսուրսներ, որպեսզի վճարեն փորձագետներին ու ստանան բավարար մասնագիտական աջակցություն։ Մինչդեռ ունեն հանձնաժողովներին անվճար ռեսուրս՝ ժամանակ տալու հնարավորություն։ «Ժամանակային ռեսուրսով մենք բացը չենք լրացնի, և հնարավորություն կտանք, որ աշխատանքը վերածվի ջուր ծեծոցիի։ Ես առաջարկում եմ մինչև 2-րդ ընթերցումը հասկանալ, թե ինչ կարող ենք անել, որ քննիչ հանձնաժողովների արդյունավետությունն իսկապես բարձրանա»,- չնահանջեց Ջուլհակյանը։ «Ժամկետի երկարեցումը ամենևին չի նշանակում, որ մարդիկ պետք է ջուր ծեծեն։ Նիստերը հրապարակային են, և ով ջուր ծեծեց, կարժանանա հանրային պարսավանքի»,- հակադարձեց ՍԲագրատյանը։

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էլ ասաց, թե երբ տեղեկացել է նախագծի մասին, մտածել է, որ այն վերաբերում է հենց իր ղեկավարած հանձնաժողովին, որն օրենքի ուժով կատարում է նաև44–օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի պարտականությունները։ Նա առաջարկում էր նախագծի անցումային դրույթներում այնպիսի կետ ավելացնել, որ այդ փոփոխությունները վերաբերեն նաև իր հանձնաժողովին։ «6+6 ամիս ժամկետում մենք ինչ-որ կերպ հասցրել ենք ուսումնասիրել ապրիլյան քառօրյա պատերազմի հանգամանքնեը։ 44–օրյա պատերազի դեպքում նյութերն աննկարագրելի մեծ ծավալի են, և 6 ամիս հետո 1 տարին խիստ անհրաժեշտ է լինելու մեր հանձնաժողովի համար»,- ասաց նա։

Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը դեմ չէր, որ ԱԺ-ն ավելի ճկուն մոտեցում ցուցաբերի Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած հանձնաժողովի դեպքում, բայց նկատեց, որ շատ հարցերի պարագայում անգամ 6 ամիս ժամկետն է մեծ«Օրինակ, ԱԺ փոխխոսնակը կարո՞ղ է 6 ամիս բացակայել, կամ ընդդիմադիր պատգամավորի վարքագիծը ներառո՞ւմ է ոստիկանության ավտոմեքենայի վրա կանգնելը։ Այս կարգի հարցերի համար 6 ամիսը շատ է»։

Վիգեն Խաչատրյանն էլ նկատեց, որ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետը եթե մի անգամ երկարեցնեն, հետո դա կարող է ԱԺ-ում սովորություն դառնալ։

ՔՊ-ականները չմոռացաննաևընդդիմությանըևհիշեցրին, որնրանքստեղծելևգլխավորումեն«Հայաստան» համահայկականհիմնադրամիկողմիցհավաքագրված և ՀՀ պետականբյուջեփոխանցվածմիջոցներիօգտագործումնուսումնասիրողքննիչհանձնաժողովը։ «Բայց 6 ամիս աշխատեցին և 6 լումայի չարաշահման դեպք չարձանագրեցին, հակառակ դեպքում այդ մասին կասեին։ Մենք համաձայնել ենք այդ հանձնաժողովի աշխատանքը 6 ամսով երկարաձգելու նրանց առաջարկի հետ, բայց չեկան: Թողել են այդ կարևոր գործը և ընկել են մանր-մունր խուլիգանության հետևից։ Միակ բանը, որ արել են, հիմնադրամն անվանարկել են սփյուռքի ու հայաստանցիների առաջ»,- հավելեց պատգամավորը։

Հեղինակն ու ելույթ ունեցող պատգամավորները կողմ քվեարկեցին և ընդունեցին այս նախագիծն ու պայմանավորվեցին մինչև երկրորդ ընթերցում քննարկել հնչեցված դիտարկումները։

Ամուլսարն աշխատեցնելու, լրագրողին զսպելու հնարավորություններ

Գրեթե առանց քննարկման և երկրորդ ընթերցմամբ ընդունվեց «Ընդերքի մասին» օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որտեղ հիշարժան էր հատկապես հոդվածը, որը սահմանում է անհաղթահարելի ուժի հիմքով օգտակար հանածոյի արդյունահանման իրավունքի ժամկետի երկարաձգում: Ըստ այդմ՝ «անհաղթահարելի ուժ են համարվում հրդեհները, ջրհեղեղները, երկրաշարժերը, փոթորիկները կամ այլ բնական աղետները, ինչպես նաև պայթյունները, պատերազմը, ահաբեկչությունը, քաղաքացիական պատերազմը, քաղաքացիական զանգվածային անհնազանդությունը, որոնք ընդերքօգտագործողը չէր կարող կանխատեսել, կանխարգելել և որոնց հետևանքով ընդերքօգտագործողը չի կատարել կամ անպատշաճ է կատարել սույն օրենսգրքով և ընդերքօգտագործման իրավունքով սահմանված պարտավորությունները»:

Որոշ մասնագետներ ու քաղհասարակության ներկայացուցիչներ պնդում են, որ այս նախագծով կառավարությունը հող է նախապատրաստում Ամուլսարի ոսկու հանքը շահագործելու համար: Ապրիլին մոտ 4 տասնյակ կազմակերպություններ հայտարարություն էին տարածել՝ պահանջելով հետ կանչել օրինագիծը, բայց մայիսի 25-ին ԱԺ-ն այն ընդունեց։

Երկրորդ ընթերցմամբ ընդունվեց նաև «Զանգվածային լրատվութան մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՔՊ-ականների հեղինակած օրինագիծը, որով պետական մարմինները լրագրողին կարող են զրկել հավատարմագրումից, եթե նա խախտել է սահմանված կանոնները։

Ընդհանուր հաշվով և արագ տեմպերով ԱԺ-ն մայիսի 24-25-ին մեկուկես օր տևած հերթական նիստի ժամանակ քննարկել և ընդունել է 32 հարց։