Երկու հարցուպատասխան՝ Ազգային ժողովում և Ֆրանսիայի հրապարակում

մայիսի 25, 2022

Ազգային ժողովի հարցուպատասխանը մայիսի 25-ին անցկացվեց երկու վայրում. խորհրդարանական մեծամասնություն կազմող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի նիստերի դահլիճում էր, իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները՝ Ֆրանսիայի հրապարակում: Եթե խորհրդարանի ներսում վարչապետն ու կառավարության մյուս անդամները պատասխանում էին իշխող խմբակցության հարցերին, ապա ընդդիմադիր խմբակցության պատգամավորները պատասխանում էին քաղաքացիների հարցերին:

Երկու դեպքում էլ հարցերը նույնաբովանդակ էին՝ ղարաբաղյան հիմնախնդրից մինչև սոցիալական խնդիրներ ու տնտեսական վիճակ:

ԱԺ շենքի ներսում

Խորհրդարանական մեծամասնությանն ավելի շատ հետաքրքրում էին Բրյուսելում մայիսի 22-ին կայացած Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների, դրան հայաստանյան արձագանքների, ինչպես նաև ընդդիմության անհնազանդության ակցիաների մասին վարչապետի դիրքորոշումը:

ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը նկատեց, որ Բրյուսելի եռակողմ հանդիպումից հետո ԵԽ նախագահի հրապարակած հայտարարության մեջ չեն հիշատակվում խաղաղության բանակցությունների համար Ադրբեջանի և Հայաստանի ներկայացրած առաջարկները: Մինչդեռ, նրա խոսքով, Ադրբեջանի նախագահը եռակողմ հանդիպումից հետո հայտարարել էր, թե խաղաղության պայմանագրի պատրաստման հարցում հիմնական դեր են խաղալու Ադրբեջանի առաջարկած 5 սկզբունքները: Պատգամավորը հետաքրքրվեց՝ սա նշանակո՞ւմ է, որ Հայաստանի առաջարկած 6 սկզբունքները դուրս են մղվելու ընդհանուր օրակարգից: Ի պատասխան՝ Փաշինյանը փորձեց անկեղծանալ. «Եթե շատ անկեղծ ասեմ, շահարկումների տեղիք տված որոշ ձևակերպումներ իրականում այն մասին են, որ Հայաստանի ու Ադրբեջանի առաջարկած սկզբունքները պետք է դառնան խաղաղության պայմանագրի ընդհանուր հենասյուները»:

Նա կարևորեց Արցախի դիրքորոշումն այն հարցում, թե Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգը պե՞տք է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից, թե՞ հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև ԼՂ-ի հիմնախնդիրը: Այս հարցով դիրքորոշում ձևավորելու համար, Փաշինյանի փոխանցմամբ, Հայաստանում քննարկումներ են ընթանում, իսկ այս պահին բանակցություններն ընթանում են միայն բանակցություններ սկսելու ձևաչափի, պարամետրերի մասին: 

«Իրականում, կա շատ կարևոր հայեցակարգային բանավեճ միջազգային հանրության շրջանում, և ես նկատում եմ, որ այդ բանավեճը հասել է նաև Հայաստանի Հանրապետություն, և քննարկում կա։ Օրինակ՝ կա հարցադրում՝ արդյո՞ք խաղաղության պայմանագրի կամ հարաբերությունների կարգավորման թեման պետք է լուծի նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը, թե՞, այնուամենայնիվ, ԼՂ հիմնախնդիրը պետք է տարանջատվի հարաբերությունների կարգավորման հիմնախնդրից և դիտվի որպես առանձին հարց։ Նաև այս հարցը ծագել է մեր արձագանքից, որովհետև Ադրբեջանն ասում է՝ իրար նկատմամբ տարածքային պահանջների բացակայություն։ Մենք ասում ենք՝ դա անընդունելի չէ, ընդունելի է, որովհետև մեզ համար Ղարաբաղի հարցը երբեք տարածքի խնդիր չի եղել, մենք ասում ենք՝ դա իրավունքի խնդիր է։ Եվ Եվրամիության խորհրդի նախագահի հայտարարության մեջ հղում է արված իրավունքին՝ ըստ ամենայնի, հենց այդ կոնտեքստն ընդգծելու համար», -ընդգծեց Ն Փաշինյանը։

Նրա խոսքով, ընդդիմության ներկայացուցիչները զարգացնում են այս օրակարգը՝ նշելով, որ հարաբերությունների կարգավորման օրակարգը պետք է տարանջատել ԼՂ հիմնախնդրի կարգավորման օրակարգից։

«Եվ ես պիտի ասեմ, որ սա լեգիտիմ և գոյության իրավունք ունեցող դիրքորոշում և տեսակետ է։ Այս ընթացքում մենք պետք է քննարկումներ ունենանք: Ընդդիմադիր մի շարք գործընկերներ հրաժարվում են այդ քննարկումներից, բայց նաև քաղաքական այլ շրջանակների հետ այդ քննարկումներն ունենում ենք։ Ընդ որում, նաև Արցախի իշխանությունների հետ ենք քննարկում, թե, այնուամենայնիվ, այս ճամփաբաժնի նոր մարտավարական մոտեցումն է ավելի լավը»,- ասաց վարչապետը։

Հայաստանի վարչապետը հարցուպատասխանի ժամանակ խոսեց նաև անկլավների շուրջ քննարկումների մասին և տեղեկացրեց, որ դրա վերաբերյալ հարց չի քննարկվել Բրյուսելում: Միաժամանակ ընդգծեց, որ Ադրբեջանն այդ հարցը ակնարկով կամ ուղիղ ձևով ամենատարբեր ձևաչափերում բարձրացնում է:

«Եվ մեր դիրքորոշումն էլ այդտեղ թափանցիկ է և հրապարակային: Մենք ասել ենք, որ այդ բոլոր պրոցեսներում պետք է խորամուխ լինենք իրավական հիմնավորումների մեջ: Եվ ասել ենք, որ մինչև այս պահը մեր ուսումնասիրություններով մենք չենք արձանագրել, որ դե յուրե ՀՀ տարածքում գոյություն ունեն ադրբեջանական անկլավներ, հակառակը՝ մենք արձանագրել ենք, որ Արծվաշենը դե յուրե Հայաստանի Հանրապետության տարածք է»,-ասաց նա:

Այդուհանդերձ, կառավարության ղեկավարը վստահեցրեց, որ որևէ մեկը չի կարող և չի պատրաստվում ժողովրդի թիկունքում, առավել ևս՝ Արցախի ժողովրդի թիկունքում որևէ բան անել: Եթե իշխանությունը կունենա կոնկրետ առաջարկ՝ կոնկրետ լուծումների մասին, ապա, վարչապետի խոսքով, հանրությունը դրա մասին տեղեկացված կլինի պատշաճ ձևով:

ՔՊ-ից մեկ այլ պատգամավոր փորձեց պարզել, թե  ինչպիսի՞ն են հայկական կողմի պատկերացումները խաղաղության վերաբերյալ, և ո՞ր պատկերացումներն են համընկնում Հայաստանի և Ադրբեջանի, նաև միջնորդների՝ Ռուսաստանի և Արևմուտքի միջև, և ո՞ր պատկերացումները չեն համընկնում, սակայն հնարավորություն կա բանակցելու և ընդհանուր եզրեր գտնելու, որի վերջնական արդյունքում հնարավոր կլինի հաստատել խաղաղություն։ Ի պատասխան՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ասաց, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն որոշակի առաջընթաց է գրանցվել, և կան ուղղություններ, որտեղ դիրքորոշումները կարող են կամ հնարավորություն ունեն համընկնելու։

«Հայաստան-Ադրբեջան բանակցային կամ ենթադրյալ բանակցային սեղանին դրվածը բավականին թափանցիկ և հրապարակային է, և կա մի քանի ուղղություն, որոնցով արդեն իսկ ունենք որոշակի առաջընթաց, և կան ուղղություններ, որտեղ դեռ փորձում ենք հասկանալ այն հնարավոր կետերը, որտեղ դիրքորոշումները կարող են կամ շանս ունեն համընկնելու։ Օրինակ՝ սահմանազատման և սահմանագծման, անվտանգային հարցերով արդեն որոշակի առաջընթաց կա», -ներկայացրեց Միրզոյանը՝ մատնանշելով մայիսի 24-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին երկու փոխվարչապետերի հանդիպման փաստը։

Մեկ այլ ուղղություն էլ, որի շուրջ պատկերացումների համընկնումներ կան, Միրզոյանի ներկայացմամբ, տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների բացումն է: «Այս մասին բազմիցս խոսել եմ և կարող եմ վերահաստատել, որ բոլոր վերաբացվելիք ճանապարհները պետք է լինեն այն երկրների սուվերենության ներքո և այն երկրների օրենսդրություններով, որոնցով անցնում են։ Կան էլի համընկնումներ, և այս առումով ես լավատես եմ»,- ընդգծեց Արարատ Միրզոյանը։

Փաշինյանն անդրադարձավ նաև Երևանում խորհրդարանական ընդդիմության ամենօրյա անհնազանդության ակցիաներին և նկատեց՝ ընդդիմության պատգամավորները անորսալի Ջոի կարգավիճակում են հայտնվել. «Մեր տնտեսական ցուցանիշները վկայում են, որ այն պրոցեսները, որոնք տեղի են ունենում, սկսել են այլևս ոչ մեկի չհետաքրքրել։ Իմ ընկալումն այն է, որ Երևանում խցանումներ առաջացնող խորհրդարանական գործընկերները ոնց որ թե Неуловимый Джо-ի կարգավիճակում են հայտնվումԺողովրդավարությունը ծնում է նաև անըմբռնելի և անորսալի Ջոերի։ Կարևորն այնտեղ բոլոր դերակատարները կան՝ «ցիգանը», Քսանկան և այլն»:

Վարչապետը նաև նկատեց՝ սովորաբար նման ակցիաների նպատակը հանրությանը պրոցեսի մեջ ներգրավելն ու քաղաքական պահանջ ձևավորելն է, սակայն ընդդիմությանը դա չի հաջողվել, և հիմա նրանց գործողությունները ոչ թե իշխանության դեմ են, այլ հանրության: «Հետևյալ տրամաբանությամբ են աշխատում` եթե մեզ չմիացաք, ուրեմն, ավելի շատ մնացեք խցանման մեջ։ Մենք նոր ռեկորդներ ունենք, երբ քաղաքական ուժի ներկայացուցիչները հայտարարում են, որ իրենց հագուստն ավելի թանկ է, քան ոստիկանը կամ քաղաքացին։ Կարծում եմ` պետք է նրանց առանձնապես չխանգարենք, որ «մինչև քոք մաշեն», ինչպես իրենք նախընտրական շրջանում ասում էին իշխանության մասին»,- նշեց վարչապետը։

Հիշեցնենք՝ այս արտահայտությունը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանինն է, որը խոստացել էր «մինչև քոքը մաշեցնել գործող իշխանության վարկանիշը»:

Ֆրանսիայի հրապարակի հարցուպատասխանը

Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն էլ իրենց հարցուպատասխանն էին կազմակերպել, բայց Ֆրանսիայի հրապարակում: Պատգամավորները, առանց փողկապի, երթևեկությունից ազատված հրապարակում նստել էին աթոռներին և պատասխանում էին իրենց դիմաց կանգնած սակավաթիվ քաղաքացիների հարցերին: Հարցուպատասխանը վարող երիտասարդը հայտարարեց, որ ընդդիմադիր խմբակցությունները չեն պատրաստվում մասնակցել «խորհրդարանում կազմակերպվող շոուներին, իրենց ժողովրդի կողքին են՝ պատասխանելու ժողովրդի հարցերին»:

«Արցախի հարցը ո՞նց պիտի լուծենք», -ընդդիմադիր պատգամավորներին ուղղված առաջին հարցն էր: Քաղաքացուն պատասխանեց Արմեն Ռուստամյանը։ Ասաց, որ Արցախի ժողովուրդը վաղուց իր կամքն իրացրել է, և ոչ մի իշխանություն չի կարող այն փոխել:

Նրա խոսքով, որևէ իշխանություն պետք է բացառի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, հակառակ դեպքում Արցախը կհայաթափվի: «Արցախի հայաթափումը բացառող մյուս կարևոր պայմանն անկլավային վիճակի բացառումն է: Եթե մայր Հայաստանի հետ ցամաքային կապ չունեցավ Արցախը, այնտեղ հայապահպանության խնդիր ենք ունենալու: Դրա օրինակը ունենք՝ Արծվաշենը»,– նշեց Արմեն Ռուստամյանը: Ընդդիմադիր պատգամավորը շեշտեց նաև Արցախի անվտանգության ապահովման կարևորությունը և ընդգծեց ռուս խաղաղապահ ուժերի անժամկետ ներկայությունն Արցախում: «Նրանք պետք է մնան այնտեղ այնքան ժամանակ, քանի չի երաշխավորվել Արցախի իրական անվտանգությունը», -նշեց Արմեն Ռուստամյանը:

Մի տարեց քաղաքացի ներողություն խնդրեց, որ իր հարցը մասնավոր է և փորձեց հասկանալ՝ ի՞նչն է պատճառը երեսուն տարի աշխատել է «Նաիրիտ» գործարանում ու թոշակի անցնելուց հետո հիմա ստանում է 51 հազար դրամ, մինչդեռ «ԱԺ պատգամավորը, երբ գնում է թոշակի, ստանում է 80 հազար դրամ»: «Էդ Ազգային ժողովը ի՞նչ ասոբի վրեդնի շենք ա, որ իրանք իրանց գրում են Բրեժնևի նման, մեդալը դոշին են խփում: Իմ ստացած թոշակը շատ չնչին է էդ գործարանում աշխատանքի դիմաց», -ասաց քաղաքացին:

Ի պատասխան՝պատգամավոր Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ կենսաթոշակային համակարգում բազմաթիվ խնդիրներ կան, որոնք նոր չեն: Նա ասաց, որ թոշակները չեն բարձրացել, սակայն պետությունը պետք է ինդեքսավորեր պետական թոշակները, նպաստները: «Մենք դրա առաջարկը ներկայացրել ենք, բայց մերժել են՝ հիմնավորելով, թե պատերազմ է, քովիդ, բյուջեն փող չունի և այլն: Բայց մեկ էլ տեսնում ես, որ պետական բյուջեն 3 մլրդ դրամ գումար ունի, ու ոստիկանին պարգևավճար է տալիս», -հավելեց Ավետիսյանը՝ հաստատելով, որ Ազգային ժողովը «այսօր ավելի վրեդնի ա, քան սովորական մի արտադրամասը»:

«Շնորհակալություն պատասխանի համար, բայց դա ինձ չգոհացրեց», -արձագանքեց քաղաքացին:

Մի կին էլ ասաց՝ 15 տարեկանից կատարել է Սեյրան Օհանյանի հրամանները ու պատրաստ է հիմա էլ կատարել ցանկացած հրաման, հենց Օհանյանին հարցրեց՝ մինչև ինչքա՞ն ենք պատրաստ երգել ու պարել, ե՞րբ ենք «ազատագրելու Երևանը, Սյունիքը և Արցախը»: «Որպես զենքի մարդ՝ ինձ ասեք՝ ի՞նչ ենք անելու», -հարցրեց կինը:

Գործնական քայլերի մասին պատասխանից Սեյրան Օհանյանը խուսափեց՝ նշելով, թե այդ մասով իրեն կլրացնի Իշխան Սաղաթելյանը՝ «որպես շարժման կազմակերպիչ»:

Մինչ Իշխան Սաղաթելյանը կխոսեր, Օհանյանն ասաց, որ ստեղծված իրավիճակը ծանր է, պատերազմում պարտությունը՝ ցավ: «Ցավ է նաև այն, որ այս իշխանությունները հետևություն չեն արել այդ պարտությունից, ամբողջ պարտության ընթացքը, նահանջը խրախուսել են: Հիմա էլ հայ ժողովրդին տանում են վերջնական ինքնիշխանության կորստի»։Օհանյանը հավելեց, որ հաջողության հասնելու համար հանրային ճնշում պետք է գործադրեն:

Սակայն հարցը տվող քաղաքացին պնդեց՝ ասելով, որ ինքը գործնական մարդ է, և իրեն գործնական քայլեր են հետաքրքրում: «Հարյուրավոր տղաներ ձեր հրամանին են սպասում», -դիմելով Օհանյանին՝ ասաց կինը:

Գործնական քայլերի մասին հարցին պատասխանեց Իշխան Սաղաթելյանը։ Բացատրեց, որ նման ճանապարհը իրենց համար ընդունելի չէ: «Հայաստանի ներսում նման մեթոդներով հարցեր չեն լուծվելու: Մենք խնդիրը ձևակերպել ենք շատ պարզ՝ համաժողովրդական լայն անհնազանդության ճանապարհով հասնել այս իշխանությունների հեռացմանը: Այն, ինչ արել ենք, մեծ ձեռքբերում էր: Վստահ եղեք, այն ինչ արել ենք, արած չլինեինք, հիմա ոչ միայն Տիգրանաշենն էր տվել, այլ նաև այն ամենը, ինչի մասին խոսում ենք: Պահենք տեմպը, ավելացնենք ճնշումը: Տեմպը պահելու համար պետք է չհոգնենք: Մենք ջունգլիներում չենք ապրում, պատերի տակ որևէ մեկին չենք գյուլլելու, բայց ովքեր գործել են դավաճանություն դատարանում, պատասխան են տալու», –վստահեցրեց Իշխան Սաղաթելյանը: