Օրինագծերի քննարկման բացառիկ արագություն ԱԺ–ում. 19 հարց` 1 օրում

հունիսի 14, 2022

Ազգային ժողովը կամ, ավելի ճիշտ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հունիսի 14-ի նիստն ավարտեց մինչև ժամը 15։00-ն՝ 30 րոպե շուտ։ Նախագծերը քննարկվեցին աննախադեպ մեծ արագությամբ, նախագծերի մեծ մասի դեպքում ընդհանրապես քննարկում չեղավ՝ ընդամենը մի քանի նախադասությամբ ներկայացվում էին հարցերը։ Ժամանակն անցնում էր հերթական նախագծի անունը կարդալու և զեկուցողի՝ ամբիոնին մոտենալու վրա։

Նախագծերի գերակշիռ մասի դեպքում հարցեր և ելույթներ չհնչեցին։ Եվ հունիսի 14-ին այդպես ներկայացվեց օրակարգում ընդգրկված 22 հարցերից 19-ը։ Անգամ նկատելի էր, որ նիստը նախագահող փոխնախագահները բավականին արագ էին կարդում նախագծերի անունները, նույն արագությամբ էլ պատգամավորները կամ կառավարության ներկայացուցիչներն էին արտասանում այն մի քանի նախադասությունները, որոնցով ցանկանում էին ներկայացնել քննարկվող հարցի բովանդակությունը։

Այս հապճեպության պատճառը, հավանաբար, այն էր, որ սա գարնանային նստաշրջանի վերջին քառօրյանն էր, որը կավարտվի 2 օրում։

Ընդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դարձյալ նիստերին չէին մասնակցեում։ Նրանք պատրաստվում էին երեկոյան ներկայացնել շարժման նոր մարտավարությունը առաջիկայի համար։ Նրանց ներկայացրած «Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական հարաբերությունների կապակցությամբ» որոշման նախագիծն էլ օրակարգ չընդգրկվեց։ Ընդդիմադիր խմբակցությունները բոյկոտում են ԱԺ աշխատանքները ապրիլի 12-ից և այդ ընթացքում չեն մասնակցել 4 հերթական ու 2 արտահերթ նիստերի։

Մարտի 1-ի գործով սխալ վճիռներ կայացրած դատավորները կպատժվեն

Համեմատաբար քննարկված հարցերից էր Դատական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը սխալ վճիռ կայացրած դատավորներին լիազորությունից զրկելու հնարավորություն է տալու։ Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի ներկայացմամբ՝ նախագծի նախնական տարբերակով առաջարկվում էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ակտով բացահայտված խախտումները դիտարկել որպես դատավորի պաշտոնի անհամատեղելիության հիմք ընդհանրապես։ Բայց հաշվի առնելով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը՝ կառավարությունը լրացուցիչ կարգավորում է ներառել․ եթե ՄԻԵԴ-ի վճռից 15 տարի է անցել, այդ պատասխանատվությունը չի կարող գործել։

Փոխնախարարը նշեց, որ 2008-2018թթ․ՄԻԵԴ-ում մի շարք գործեր են քննվել և դեռ քննվում են։ Դրանցով արձանագրվել են մի շարք կոնվենցիաների խախտումներ, և խախտվել են սեփականության, կյանքի, հավաքների և ազատության ու այլ իրավունքները։

Արուսյակ Ջուլհակյանին հետաքրքրում էր՝ մեր եռաստիճան դատական համակարգի հատկապես ո՞ր ատյանի դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի, և ո՞ր մարմինը պետք է հարուցի տվյալ կարգապահական վարույթը։ Փոխնախարար Գրիգոր Մինասյանը պատասխանեց, որ խոսքը վերաբերում է ՄԻԵԴ-ի այն վճիռներին, որտեղ ամրագրված կլինի, թե որ դատավորի դիտավորության կամ կոպիտ անփութության հետևանքով է տեղի ունեցել մարդու իրավունքների խախտումը, և հենց նրա նկատմամբ էլ վարույթ կհարուցվի։ Իսկ վարույթ կարող են հարուցել դրա իրավունքը ունեցող բոլոր մարմինները։

Պատգամավորին նաև հետաքրքրում էր, թե այդ պատասխանատվությունը կարո՞ղ է կիրառվել նաև 2008թ․ Մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների արդյունքում քննված գործերի նկատմամբ։ «Այո, փոփոխությունը հնարավորություն է ընձեռում հետ գնալ և ուսումնասիրել ՄԻԵԴ-ի 15 տարվա վճիռները։ Եթե դրանցում արձանագրված են կոնկրետ դատավորի կողմից կատարված խախտումներ, ապա կարող են միջնորդություն ներկայացնել ԲԴԽ ու պատասխանատվության ենթարկել նրան»,- պատասխանեց փոխնախարարը։

Ծանուցել մեկ անգամ, նվազեցնել տուգանքն ու ռոյալթին

Մեկ այլ՝ Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով հեղինակներ Գևորգ Պապոյանն ու Միքայել Թումասյանն առաջարկում էին ծանուցման մասին հրապարակումից 5 օր հետո քաղաքացուն համարել ծանուցված։ Պապոյանն այդ փոփոխությունը բացատրեց այն հանգամանքով, թե երկրից բացակայելու կամ այլ պատճառներով քաղաքացիները, սովորաբար, խուսափում են իրենց կատարած խախտումների համար պետական մարմինների ծանուցումներից։ «Բայց առանց քաղաքացու ներկայության վարչական վարույթը չի կարող իրականացվել։ Եվ քաղաքացիները, գիտակցելով իրենց խախտումը, այնպես են անում, որ ծանուցված չլինեն ու չվերացնեն խախտումը կամ չվճարեն տուգանքը։ Առաջարկում ենք՝ այն դեպքերում, երբ քաղաքացին չի ստանում ծանուցումը, երբ հնարավոր չի լինում ծանուցել, ծանուցումների հրապարակային պաշտոնական էջում տեղադրելուց 5 օր հետո նրան համարել ծանուցված»,- հավելեց Պապոյանը։

Արմեն Խաչատրյանն արձագանքեց, թե նույնականացման քարտ ստանալիս քաղաքացին պետությունից ստանում է էլեկտրոնային հասցե, և ճիշտ կլինի, որ այդ ծանուցումներն իրականացվեն էլեկտրոնային եղանակով։ «Քաղաքացին ցանկացած վայրում կստանա իր վարչական ակտը, որից հետո նրան համարում ենք ծանուցված։ Գերատեսչություններին կոչ եմ անում համապատասխան նախագիծ ներկայացնել։ Նաև ասեմ, որ Հայաստանում Վարչական դատարանը, Հարկադիր կատարման ծառայությունը և Ճանապարհային ոստիկանությունը տարեկան ավելի քան 3 մլն դոլար են փոխանցում «Հայփոստ»–ին միայն ծանուցումների համար, բայց ծանուցումների որակը 30-40 տոկոսից չի բարձրանում»,- ասաց պատգամավորը։

Արդեն իր հեղինակած՝ «Վարչական իրավախախտումներկի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրինագծով Ա․Խաչատրյանն առաջարկում էր նվազեցնել ԱՊՊԱ չունենալու համար ավտոմեքենայի սեփականատիրոջ տուգանքը՝ 100 հազար դրամից դարձնելով 50 հազար դրամ, և պարտադրել 24 ժամվա ընթացքում վերացնել այդ խախտումը․ «Գտնում ենք, որ այդ գումարը խիստ անհամաչափ է կատարված խախտման համար, դա ծանր բեռ է»։

Զարուհի Բաթոյանն էլ ներկայացրած երկու նախագծերով առաջարկում էր հաշմանդամություն ունեցող անձանց համար ընդլայնել ավտոտրանսպորտային միջոցներից օգտվելու, ուսումնական հաստատություններում և աշխատանքային վայրերում շարժվելու հնարավորությունների համապատասխանեցման օրենսդրական պարտավորությունները։

Իսկ Հարկային օրենսգրքում և Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերով կառավարությունն առաջարկում էր վերանայել 2021թ․մետաղական հանքավայրերի համար սահմանված ռոյալթիների համակարգն ու այդ վճարը գանձել ոչ թե հանքավայրը շահագործող ընկերությունների 10 տոկոս և ավելի, այլ 15 տոկոս և ավելի շահութաբերություն ունենալու դեպքում։ Կառավարությունն անցած տարի բարձրացրել էր ռոյալթիների վճարը, բայց մեկ տարվա ընթացքում հասկացել էր, որ ոչ բոլոր հանքատերերն ունեն բարձր շահութաբերություն։ Մյուս փոփոխությամբ առաջարկում էր 2023թ․հունվարի 1-ից դադարեցնել արտահանման խտանյութի պետտուրքը։ Առաջարկություններից մեկն էլ այն էր, որ խտանյութի բաղադրության մեջ մետաղի պարունակությունը պետք է որոշվի ոչ թե ցանկացած, այլ կառավարության սահմանած ցանկում գտնվող որևէ լաբորատորիայում։

«Մեր նպատակը ոչ թե տվյալ ոլորտից ավելի շատ հարկ հավաքելն է, այլ ավելի արդարացի հարկման համակարգ ունենալը։ Քանի որ ընդերքը պատկանում է պետությանը, արդարացի կլինի, որ այդ շահույթը արդար բաշխվի տնտեսվարողների և պետության միջև»,- ասաց Բաբկեն Թունյանը։

Ատոմ Ջանջուղազյանի անձը վնաս չէ

ՔՊ-ն լսեց նաև Հաշվեքննիչ պալատի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը։ Պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը տեղեկացրեց, որ 2021թ. իրականացրել է 94 հաշվեքննություն: Իսկ 2020թ. բյուջեի կատարողականին եզրակացություն տալու համար 17 գերատեսչությունում իրականացրել է բյուջեի 91 տոկոսի ծածկույթ ունեցող 65 հաշվեքննություն: Եվ առերևույթ հանցագործության կասկածներով պայմանավորված՝ 6 հաշվեքննության նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն։

Զ․Բաթոյանը հիշեցրեց, որ դադարել է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծված՝ Հայաստան համահայկական հիմնադրամի հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի գործունեությունը, քանի որ նրանք ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջարկ չեն արել։ Եվ հանձնաժողովի գործունեության կարճ ժամանակում այդ գումարների օգտագործման խախտումներ չեն արձանագրվել։ Պատգամավորին հետաքրքրում էր՝ գուցե Հաշվեքննիչ պալա՞տն է ինչ-որ խախտումներ նկատել։ Ատոմ Ջանջուղազյանը պատասխանեց, որ իրենք ուսումնասիրում են այդ հարցը, բայց դեռ չեն ավարտել։ «Դուք այդ գումարի փոխանցման ժամանակ եղել եք ֆինանսների նախարարը։ Արդյո՞ք շահերի բախում չի լինի, որ հիմա ուսումնասիրում եք դրանց օգտագործման մանրամասները»,- հարցրեց Բաթոյանը։ «Իմ անձն ավելի ուշ է միացել պալատին, քան հաշվեքննությունը ընթանում էր։ Ամեն դեպքում, ես բացասական ազդեցություն չեմ կարող ունենալ»,- պատասխանեց Ջանջուղազյանը։