Ինձ համար միշտ օրինակ է Նիկոլ Փաշինյանը․ Արուսյակ Ջուլհակյան

հունիսի 21, 2022

Հարցազրույց՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հետ։ 

-«Քաղաքացիական պայմանագրի»՝ օրերս անցկացված փակ նիստում ի՞նչ որոշում է կայացվել ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ։

–Ցավոք, ես փակ նիստի միայն սկզբին եմ մասնակցել, և այդ ընթացքում Ձեր նշած հարցի վերաբերյալ քննարկում չի եղել։ Ու քանի որ ամբողջ նիստին ներկա չէի, չգիտեմ, թե ինչ է քննարկվել փակ նիստում: Ինչ վերաբերում է իմ դիրքորոշմանը, ասեմ, որ ԱԺ-ն չէ, որ պատգամավորներին զրկում է մանդատներից: ԱԺ խորհուրդը կամ պատգամավորների 1/5-ը կարող են այդ հարցով դիմել ՍԴ, եթե կոնկրետ պատգամավորը անհարգելի բացակայել է նստաշրջանի քվեարկությունների կեսից ավելիից: Մեր ընդդիմադիր գործընկերների բացակայությունները կեսից շատ ավելին են, դեռ իրենց անհասկանալի փողոցային պայքարից առաջ նրանցից շատերն ունեին բացակայություններ քվեարկություններից, իսկ շարժման ընթացքում «բարելավեցին» իրենց դիրքերը: Պետք է քննարկել և հասկանալ, թե ինչպես է վարվում ԱԺ-ն այս դեպքում: Այստեղ լուրջ ծանրութեթև անելու անհրաժեշտություն կա, որովհետև ՍԴ դիմելով, նաև չդիմելով՝ նախադեպ է ստեղծվում: Պետք է հասկանալ, թե այդ նախադեպերից որը պակաս վնաս կհասցնի ԱԺ-ի իմիջին, գործունեությանը և ԱԺ պատգամավորի ստատուսին: 

–Ձեզ քննադատում են, ասում են՝ 2018-ին, երբ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցները չէին գնում խորհրդարան, ոչ մեկի մտքով չանցավ նրանց զրկել մանդատից: 

–Ամենայն հավանականությամբ, պատճառն այն էր, որ չկար բացակայությունների այնպիսի թիվ, որը թույլ կտար նրանց նման գործընթաց սկսել: Եթե այդ բացակայությունները լինեին, նրանք չէին վարանի: 2018-ի շարժումը տևել է շատ կարճ և հաջողել է, որովհետև հեղափոխությունը Հայաստանում հասունացել էր: Հիմա պետք է քննարկել ու հասկանալ ՍԴ դիմել-չդիմելու հարցը, բայց անկախ մանդատներից, քննարկման պետք է արժանանա կոնկրետ գործընկերների պաշտոններ զբաղեցնելու հարցը, և պետք է որոշենք, թե կոնկրետ պաշտոնյաներ որքանով են իրենց հռետորաբանությամբ, վարքագծով, էթիկայի կանոնների պահպանմամբ կամ չպահպանմամբ համապատասխանում իրենց զբաղեցրած պաշտոններին: 

–Նկատի ունեք ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանի՞ն:

–Այո, նաև իրեն:

–Զարուհի Բաթոյանը օրերս տեսահոլովակ էր տարածել՝ ներկայացնելով, թե Ազգային ժողովում որքան ուրախ մթնոլորտ է։ Հոլովակը բուռն քննարկման առիթ էր դարձել: Իսկապե՞ս ԱԺ-ում այդքան ուրախ է: 

–Ես պատահական եմ ծանոթացել տիկին Բաթոյանի տարածած տեսանյութին, բայց որ այն քննարկման է արժանացել, Ձեզնից եմ լսում: Արդյո՞ք ուրախ է ԱԺ-ում ասեմ, որ տխուր չէ: Աշխատանքային մթնոլորտ է, բայց կարող են լինել դրվագներ, երբ պատգամավորները ընդմիջման ժամին իրար հետ կատակեն: Դա շատ մարդկային ու նորմալ է: 

–Նկատի ունեմ՝ երկրում տիրող իրավիճակը նույնքա՞ն ուրախ է, որքան Ազգային ժողովում՝ ՔՊ-ի համար:

–Երկրում տիրող իրավիճակը ողբերգական չէ, բավականին հույս ներշնչող է: Անկախ իրավիճակից՝ միշտ պետք է հասկանանք, որ եթե մեզ թույլ ենք տալիս ընկճախտի մեջ ընկնելու ճոխությունը, առաջ չենք կարողանա շարժվել: Ես չեմ կարծում, որ ինչ-որ մեկը պետք է խառնվի իմ էմոցիաներին, որոշի՝ ես ժպտա՞մ, թե՞ չժպտամ, մանավանդ, եթե նրանք մեր խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներն են: Իրենց գործը չէ, թե ես ինչպես եմ հաղթահարում իմ և երկրի ողբերգությունները, ինչպես եմ հաղթահարել մեր մեծագույն ողբերգությունը հետպատերազմյան շրջանում: Դրանք իմ ներքին խնդիրներն են, որոնք ես շատ արդյունավետ, առանց իրենց օգնության լուծում եմ: Իրենք պետք է նախ իրենց էմոցիաների մասին մտածեն, որովհետև հաճախ գալիս-ասում են՝ երկիրը կործանվում է, իսկ դուք՝ ինչով եք զբաղված, հետո տեսնում ենք, որ հրապարակում հավաքված շուրջպար են բռնում: Այսինքն, երբ իրենք են ուրախանում, երկիրը չի կործանվում, իսկ երբ մենք մեզ թույլ ենք տալիս ժպտալ, պարզվում է, որ երկիրն այդ պահին կործանվում է, և մենք, փաստորեն, հերթական դավաճանությունն ենք գործում երկրի հանդեպ՝ այդպես անամոթաբար ժպտալով: Հերթական անգամ հորդորում եմ յուրաքանչյուրին սահմանափակվել սեփական էմոցիաներով, քիթը չմտցնել այլոց կյանք: Ես դա թույլ չեմ տալիս: 

-Նոյեմբերի 9-ից հետո Ձեր մտքով անցե՞լ է դուրս գալ Նիկոլ Փաշինյանի թիմից՝ հաշվի առնելով հանրային վստահության անկումը նրա նկատմամբ։ 

-Ոչ, հեռանալու մասին չեմ մտածել։ Ես թիմին միացել եմ, երբ թիմը միայն ծափահարությունների էր արժանանում։ Չեմ կարծում, որ ազնիվ է սոսկ ծափողջյուններից օգտվելը, իսկ երբ քննադատում են, ասես՝ դե, լավ, ծափերը պակասել են, ես գնացի: Վստահության կորուստ եղել է, թե ոչ՝ կարծում եմ՝ ցույց են տվել ընտրությունները: 

-Կա տեսակետ, որ իրական այլընտրանքի բացակայությունն է եղել ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի պատճառը, մինչդեռ ՔՊ-ի վարկանիշը սրընթաց անկում է ապրել: 

-Շատ երկար կարող ենք քննարկել, թե ընտրությունների արդյունքների պատճառը որն է եղել: Մեկը կասի՝ այլընտրանքի բացակայությունը, մյուսը՝ կար վստահություն, մեկ ուրիշը՝ կասի, որ կար թե՛ վստահությունը, թե՛ մարդկանց մի հատված, որ գուցե մեզ չընտրեին, բայց այլ ավելի համապատասխան թեկնածու չկար սրանք բոլորը ժողովրդավարության կանոններով են: Փաստ է, որ մեր քաղաքական ուժին տրվել է վստահության քվե, տրվել է 50 տոկոսից ավելին: Ժողովրդավարության կանոնների համաձայն, մեր քաղաքական ուժն է շարունակում երկրում լինել քաղաքական մեծամասնություն: Ինչ վերաբերում է մեզ անընդհատ մեղադրելուն, թե չենք ստեղծում քաղաքական այլընտրանք, ես դա անհեթեթ եմ համարում, որովհետև իշխանությունը չէ, որ պետք է իրենց այլընտրանք ստեղծի: Իշխանության պարտականությունն է ստեղծել մեխանիզմներ, որոնք թույլ կտան քաղաքական դաշտը առողջացնել, ստեղծել մեխանիզմներ, որ քաղաքացիները, որոնք ցանկանում են զբաղվել քաղաքական գործունեությամբ, ունենան այդ հնարավորությունը, եթե իհարկե, ունեն քաղաքական միտք ու գաղափարներ, որոնք ցանկանում են կիսել հանրության այլ հատվածների հետ: Քաղաքական մեծամասնության պարտականությունն է ստեղծել այդ միջավայրը: Մնացածն արդեն մեր ակտիվ քաղաքացիների տիրույթում է, և յուրաքանչյուրն ինքն է որոշում, թե ինչպես օգտվել այդ հնարավորությունից: Մեկը համարում է, որ ֆեյսբուքում ստատուս գրելը բավարար է՝ որպես այլընտրանք ներկայանալու համար։ Մեկ ուրիշն էլ գուցե հասկանա, որ դա բավարար չէ, պետք է ավելի ակտիվ լինել, անմիջական շփման գնալ հանրության լայն շերտերի հետ, խոսել մարդկանց հետ, փորձել համախոհներ գտնել և նրանց հետ ստեղծել քաղաքական ուժ: Ինչ վերաբերում է միջավայրին, ապա մարդը, որը ցանկանում է զբաղվել քաղաքականությամբ, կարող է ցանկացած միջավայրում հարթել իր ճանապարհը: Ինձ համար միշտ օրինակ է Նիկոլ Փաշինյանը: Մենք միշտ ասում ենք՝ այո, պետք է հնարավորություն տանք, որ մարդիկ կարողանան իրենց դրսևորել, և մենք դա, համենայնդեպս, օրենսդրական փոփոխությունների միջոցով, դա անում ենք։ Բայց ես միշտ հիշում եմ, որ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի և լրագրող Նիկոլ Փաշինյանի համար ոչ ոք հատուկ միջավայր չի ստեղծել, որ նա զբաղվի քաղաքական գործունեությամբ։ Բացառապես իր էնտուզիազմի ու ավյունի շնորհիվ նախ կարողացել է դառնալ պատգամավոր, ապա նաև երկրի ղեկավար: Հետևաբար, ես բոլորին խրախուսում եմ նվնվալու և անընդհատ իշխանություններին մեղադրելու փոխարեն՝ դառնան այդ այլընտրանքը քաղաքական մեծամասնությանը։ Դրա համար բոլոր մեխանիզմները կան, «Կուսակցությունների մասին» օրենքը վաղուց փոխվել է, լայն գործունեության դաշտ կա: Գործող մեդիաներն էլ, սոցցանցերն էլ, կարծում եմ՝ թույլ են տալիս ինքնադրսևորվելու: 

-Ընդդիմությունը հավաքեց վրանները Ֆրանսիայի հրապարակից, ՔՊ խմբակցության ղեկավարն էլ հայտարարեց, որ դա ժողովրդավարության հաղթանակն է: Բայց կա տեսակետ, որ, ըստ էության, ընդդիմության այդ հատվածը պարտվեց ոչ թե իշխանությանը, այլ ժողովրդին, և սա ժողովրդավարության հաղթանակ չի կարելի համարել։

-Ես այդ երկու տեսակետների միջև հակասություն չեմ տեսնում, ժողովրդին պարտվելը հենց ժողովրդավարության հաղթանակ է: Իսկ ընդդիմությունն իր պայքարը չհասցրեց հաղթնակի, որովհետև ի սկզբանե պայքարի նպատակներն ազնիվ չէին, և չկարողացան լայն կոնսոլիդացիա ապահովել իրենց նպատակների շուրջ: Տեղի ունեցավ այն, ինչ հենց սկզբից էլ սպասելի էր: Ի սկզբանե անհասկանալի էին նրանց մոտիվները։ Ես վստահ չեմ, որ փողոց դուրս գալն իրենց որոշումն է եղել, և իրենք պետք է հասկանան, թե ինչու իրենց հետ այդպես ստացվեց: Այդ պայքարի վերջն ավելի անփառունակ եղավ, քան սկիզբը: Ես ամբողջ ընթացքում նկատել եմ, որ փորձում էին ամեն բան անել, որ գոնե կարողանան իրենց քաղաքական դեմքը փրկել, փորձում էին ինչ-որ սադրանքների դիմել, որ իշխանությունն էլ այդ սադրանքներին հակազդեր, և իրենք ունենային հնարավորություն՝ իրենց սակավաթիվ հետևորդներին ասելու՝ տեսեք, մենք ամեն ամեն ինչ արեցինք, բայց մեզ քշեցին, թույլ չտվեցին և այլն: Բայց բոլորի աչքի առաջ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Մեր ընդդիմությունն ի սկզբանե համախմբված չլինելով ազնիվ ու անկեղծ նպատակների շուրջ, չկարողացավ իր շուրջը հավաքել ազնիվ ու անկեղծ նպատակներ ունեցող մարդկանց, և ստիպված կանգնեց կոտրած տաշտակի առջև: 

-Նրանք մտադիր են օգոստոսի 2-ին վարչապետի իմպիչմենթի գործընթաց նախաձեռնել խորհրդարանում: Նաև նշում են, որ հնարավոր է՝ ընդդիմությունն ունենա վարչապետի իր թեկնածուն:

 -Ուրախ եմ, որ իրենք վերջապես կարդացել են Հայաստանի Սահմանադրությունը և 44 օր հետո հասկացել են, որ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց կարող են սկսել միայն օգոստոսի 2-ից հետո: Կունենան թեկնածու, թե չեն ունենա՝ իրենց որոշելիքն է: Ի սկզբանե ձախողված այս գործընթացը պետք է դաս լիներ, և նոր գործընթացների նախաձեռնությամբ հանդես չգային, բայց իրենց որոշելիքն է: Տպավորություն է ստեղծվում, որ մեր ընդդիմությունն առաջնորդվում է «Մի՛ հանձնվիր, խայտառակվի՛ր միչև վերջ» սկզբունքով, բայց չեն գիտակցում, որ վերջն արդեն եկել է, պետք չէ շարունակել խայտառակվել: Կրկնում եմ՝ իրենց որոշելիքն է, յուրաքանչյուրն ինքն է որոշում՝ ինչ մեթոդներով կոնսոլիդացիա ապահովել, նույնիսկ եթե այդ մեթոդներն ի սկզբանե ձախողված են: