Իշխանության բերած, իշխանության տարած․ Քրիստինե Գրիգորյանը հրաժարվեց ՄԻՊ պաշտոնից

Պաշտոնը ստանձնելուց ուղիղ մեկ տարի անց` հունվարի 23-ին, մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել Ազգային ժողով։ Համաձայն օրենսդրության՝ մարտ ամսին նա պետք է խորհրդարանին ներկայացներ ՄԻՊ գրասենյակի գործունեությանը վերաբերող տարեկան զեկույցը։ Ք․ Գրիգորյանը այս խորհրդարանին ընդամենը մեկ տարեկան զեկույց է ներկայացրել․ այն վերաբերում էր գրասենյակի գործունեությանը՝ իր նախորդի՝ Արման Թաթոյանի պաշտոնավարման վերջին տարում։
Պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ նա հրաժարական է ներկայացրել այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ, բայց թե ինչ նոր պաշտոն է ստանալու, Գրիգորյանն ու նրան ընտրած իշխանություններն առայժմ չեն բացահայտում։ «Պատշաճ պահի Գրիգորյանը հանրությանը կտեղեկացնի այլ աշխատանքի մասին տեղեկությունը, իսկ մինչ այդ ձեռնպահ կմնա այս թեմայով որևէ մեկնաբանությունից»,- նշված է ՄԻՊ աշխատակազմի տարածած հայտարարության մեջ։
«Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի համաձայն՝ Պաշտպանի լիազորությունները դադարում են, եթե նա հրաժարականի դիմումը ներկայացնելուց ոչ ուշ, քան մեկ շաբաթվա ընթացքում կրկին հրաժարականի դիմում է ներկայացնում։ Քրիստինե Գրիգորյանը մեկ շաբաթ չի սպասել, երկրորդ հրաժարականը ներկայացրել է առաջինից ընդամնեը մեկ օր անց։ Հունվարի 24-ին ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ այն մասին, որ Ք․ Գրիգորյանի լիազորությունները ՄԻՊ–ի պաշտոնում վաղաժամկետ դադարեցված են համարվում։ Պաշտպանի ընտրությունն անցկացվելու է հրաժարականի երկրորդ հաղորդագրության հրապարակման օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում:
«Տրամադրված» աշխատեց հազիվ մեկ տարի
«Ես տրամադրված եմ ամենայն պատասխանատվությամբ իրականացնելու մարդու իրավունքների պաշտպանի կարևոր առաքելությունը, շարունակելու պաշտպանի հաստատության ինստիտուցիոնալ կայացումը»,–2022թ․ հունվարի 23-ին Ազգային ժողովում, որպես մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու, հայտարարել էր Քրիստինե Գրիգորյանը։
Նա Հայաստանի՝ մարդու իրավունքների 5-րդ պաշտպանն էր։ Նրան առաջադրել և ընտրել էր խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ ՄԻՊ–ի պաշտոնավարման ժամկետը, համաձայն Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի, 6 տարի է, և Քրիստինե Գրիգորյանը ՀՀ ՄԻ պաշտպաններից չորրորդն էր, որը հեռանում է մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը։ Նա սակայն, առաջինն է, որը պաշտոնավարել է այդքան կարճ՝ ընդամենը 1 տարի։ Նա նաև միակն է, որը իշխանությունների հետ որևէ խնդիր չի ունեցել և հեռանում է լիակատար համերաշխության պայմաններում՝ ստանձնելու նրանց կողմից առաջարկված նոր պաշտոնը։ Մամուլում տարբեր տեղեկություններ են շրջանառվում, թե ինչ առաջարկ է նա ստացել՝ ՀՀ ներկայացուցիչ միջազգային կառույցում, դեսպան՝ որևէ երկրում կամ ԲԴԽ անդամ։
Հյուսիսային պողոտայի խնդիրը եւ ՄԻՊ–ը
ՀՀ ՄԻ առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն այդ պաշտոնին նշանակվել է 2004թ․, նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Կարճ ժամանակ անց, սակայն, հակասություններ ունեցավ նրա հետ։ Պաշտպանը հայտարարում էր, որ խնդիրներն այնքան են խորացել, որ Քոչարյանը իրեն չի ընդունում։ 2006–ի հունվարին նախագահի հրամանագրով Լարիսա Ալավերդյանն ազատվեց պաշտոնից։ «Շատ լավ եմ հիշում այդ օրը, պատրաստվում էի եկեղեցի գնալ, ավագ ուրբաթ էր»,- Parliamentmonitoring.am-ի հետ զրույցում հիշել է տիկին Ալավերդյանը։
Օրենքով, սակայն, նրա պաշտոնավարման համար կոնկրետ ժամկետ սահմանված չէր․ նա պետք է աշխատեր մինչև նոր պաշտպանի ընտրվելը։ Նոր պաշտպանը պետք է ընտրվեր արդեն նախատեսված՝ 2005թ․ սահմանադրական փոփոխություններից հետո և նոր Սահմանադրության կարգավորումների շրջանակում։
Լարիսա Ալավերդյանը պաշտոնը թողեց՝ չհասցնելով ներկայացնել իր տարեկան զեկույցը։ Այն ներկայացրեց ՀՀ մարդու իրավունքների երկրորդ պաշտպանը։ Ռոբերտ Քոչարյանի և Լարիսա Ալավերդյանի տարաձայնությունների առարկան, ըստ այն ժամանակվա հրապարակումների, Հյուսիսային պողոտան կառուցելու հետևանքով բնակարաններից զրկված մարդկանց խնդիրն էր, որով զբաղվում էր ՄԻՊ–ը։ Պողոտայի կառուցումն ընթանում էր նախկին նախագահի հովանավորությամբ։
Մարտի 1-ի խնդիրը եւ ՄԻՊ–ը
Մարդու իրավունքների երկրորդ պաշտպանն Արմեն Հարությունյանն էր։ Նա, իսկապես, Քոչարյանի կադրն էր՝ 2001-2006թթ․ եղել է Սահմանադրության բարեփոխումների հարցով ՀՀ նախագահի ներկայացուցիչը: Նրան ընտրել է ԱԺ-ն 2006-ին՝ 6 տարի ժամկետով։ Մինչ 2008թ․ նախագահական ընտրությունները նա նախկին նախագահի հետ խնդիրներ չի ունեցել, իսկ հետընտրական զարգացումների ու հատկապես մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների վերաբերյալ նրա միջանկյալ զեկույցում հրապարակվել էին պետական կառույցների կողմից կատարված ապօրինի գործողությունների բազմաթիվ փաստեր ու կոշտ գնահատականներ։ Դա էր պատճառը, որ Ռոբերտ Քոչարյանը նրան անվանեց իր «ամենաանհաջող կադրը, որը չի տիրապետում իրավիճակին, չի հասկանում, թե ինչ է խոսում»։
Արմեն Հարությունյանը, սակայն, շարունակեց իր պաշտոնավարումը մինչև 20011թ․ փետրվարը և, պաշտոնավարման ավարտից ընդամենը մեկ տարի առաջ, հրաժարական տվեց։ Նրան առաջարկվել էր Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցչի պաշտոնը։ «Ես ոչ թե չեմ ուզում լինել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան, այլ ուզում եմ աշխատել այլ պաշտոնում։ Նման պաշտոնից հրաժարվելը կլիներ պաթոլոգիա, քանի որ այդպիսի պաշտոնի հնարավորություն հարյուր տարին մեկ է լինում»,- ասել էր նա։
Արդար դատարանների խնդիրը և ՄԻՊ–ը
Մարդու իրավունքների 3-րդ պաշտպանը Կարեն Անդրեասյանն էր։ Նա այդ պաշտոնում ընտրվեց 2011 թվականին, նրա թեկնածությունն առաջադրել էր կառավարող կոալիցիան՝ Հանրապետականի գլխավորությամբ։ Կարեն Անդրեասյանը նույնպես ժամկետից շուտ թողեց պաշտոնը՝ 2016թ․ հունվարին հեռացավ՝ պաշտոնավարելով ընդամենը 4 տարի։ Նա իր հրաժարականի մասին տեղեկացրել էր ֆեյսբուքյան գրառմամբ։ Հրաժարականին նախորդել էր Անդրեասյանի զեկույցը, որտեղ աղմկահարույց էր հատկապես դատական համակարգին վերաբերող հատվածը։ Նախկին պաշտպանը նկարագրել էր կոռուպցիոն սխեմաները՝ նշելով յուրաքանչյուր ատյանում կաշառքի գները։ Զեկույցն արժանացավ ՀՀԿ-ականների բուռն քննադատությանը։
«Եթե 2016-ին էլ ես մնայի օմբուդսմեն, ապա այս կարևորագույն ինստիտուտն այլևս չէր լինի այնքան արդյունավետ, որքան դարձել էր երկար տարիների չարչարանքի շնորհիվ»,- իր հրաժարականի տեքստում գրել էր նա։
Անդրեասյանը, սակայն, հրաժարականի պատճառների մասին հստակ բացատրություն չէր տվել։ Մամուլը գրում էր, որ նա հեռացել է ոչ թե իր զեկույցով առաջ բերած դժգոհությունների հետևանքով, այլ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի հետ ունեցած անձնական խնդիրների պատճառով։ Ավելի ուշ Կ․ Անդրեասյանն ասել էր, թե ինքը ՄԻՊ–ի պաշտոնից հեռացել է պետական կառույցների ճնշումներից հետո, որոնք հաջորդել էին դատական համակարգին վերաբերող զեկույցին։ Ոչ թե նախագահի կողմից նշանակված լինելու, այլ ԱԺ կողմից ընտրված լինելու փաստը նախկին իշխանություններին չէր կաշկանդել, որ ՄԻՊ–ին ստիպեն հրաժարական տալ։
Այդպիսով, այսպիսով ՀՀ առաջին երեք Պաշտպանները խնդիրներ են ունեցել իշխանությունների հետ և պաշտոնը թողել են այդ խնդիրների պատճառով։
Սահմանամերձ գյուղերի խնդիրը և ՄԻՊ–ը
Մարդու իրավունքների չորրորդ պաշտպանը թեպետ պաշտոնավարեց ողջ ժամկետով՝ 2016-2022թթ․, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո պարբերաբար շրջանառվում էր իշխող թիմից չլինելու պատճառով նրան պաշտոնից հեռացնելու հարցը։ ՔՊ–ի և Պաշտպանի միջև անթաքույց վեճի առարկա դարձան կառավարության առաջ քաշած «Զորքերը հայելային հետ քաշելու» մասին ձևակերպումը և սահմանամերձ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական անօրինական զինված տեղակայումների հարցում տեսակետների տարբերությունները։
ՔՊ–ականներն ասում էին, թե Ա․Թաթոյանի գործունեությունը քաղաքականացված է։ Խորհրդարանում Թաթոյանի զեկույցների քննարկումները շատ բուռն էին անցնում։ Թաթոյանն էլ դժգոհում էր, թե Հանրային հեռուստատեսությամբ իր գործունեությունը թերի է լուսաբանվում, բավարար չեն անվտանգությունն ու ֆինանսավորումը։