Եթե մեկի մտքով անցնի ճնշել զինվորականներին, տուժածներին կամ վկաներին, փոշմանելու են․ Հայկ Մամիջանյան

Հարցազրույց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ։
–ՊՆ զորամասի կացարանում տեղի ունեցած ողբերգական դեպքից հետո պե՞տք է հրաժարականներ լինեին:
–Այդ զինված ուժերում բարձիթողի վիճակի, կառավարման համակարգի վերացման, հանցավոր անտարբերության ու անգործության հետևանք է: Երկրի ռազմաքաղաքական իշխանությունը դրա համար պետք է կրի պատասխանատվություն ամենաբարձր մակարդակով: Ես 100 պատճառ կարող եմ բերել, թե ինչու պետք է հրաժարական տա վարչապետի աթոռը զբաղեցնող անձը: Մի այդքան պատճառ էլ կարող եմ նշել Պապիկյանի հրաժարականի համար։ Այս ողբերգական դեպքի հետ կապված իշխանության միակ խնդիրը, ցավոք, ոչ թե մեր եղբայրների մահն է, ոչ թե բանակի վիճակն է, այլ այն, որ այս դեպքում իրենք ոչ մեկի վրա մեղքը բարդել չեն կարող՝ ո՛չ նախկինների, ո՛չ դաշնակից երկրների: Մեղքն ուրիշի վրա բարդելու հնարավորություն չկա, 100 տոկոսով իրենք են պատասխանատու: Այն բոլոր թեզերը, որոնք իրենք բերում են, թե լավ կահավորված տուն էր, մոդուլային զորամասերը ճանապարհին են և այլն, սրանք բոլորը անընդունելիության աստիճանի փնթի արդարացումներ են: Այս իշխանություններն ունակ չեն պատասխանատվություն կրել իրենց սխալների համար, ինչը զարմանալի չէ: Այդ սխալները, բացթողումները այնքան ճակատագրական ու մեծ են, որ դրանց համար բարդ է պատասխանատվություն կրելը:
–Ընդդիմությունը պետք է բավարարվեր միայն հայտարարություններո՞վ:
–Ոչ։ Դեպքի առիթով ՀՀԿ–ի տարածած հայտարարության մեջ ասվում է, և մենք մեր խոսքի տերն ենք, որ հետամուտ ենք լինելու գործընթացին։ Արդար քննություն պետք է տեղի ունենա, իսկ եթե որևէ մեկի մտքով անցնի ճնշում գործադրել զինվորականների, տուժածների կամ հարցաքննվող վկաների, ապա շատ խիստ փոշմանելու են դրա համար: Կոչ եմ անում մեր բոլոր համաքաղաքացիներին, որոնք այս կամ այն կերպ առնչվում են այս գործին և որևէ կարգավիճակով հարցաքննվել են, եթե նկատեն իրենց նկատմամբ իշխանության կողմից ճնշումների նշույլ անգամ, հրատապ դիմեն մեզ: Մենք բոլոր օղակներում իրենց պաշտպանությունը կարող ենք ապահովել:
–Հույս կա՞, որ գործը կբացահայտվի․այս պահին շատ հակասական հայտարարություններ են արվում:
–Եկեք ես հույս ունենալ-չունենալու տիրույթում չպատասխանեմ հարցին, միայն եկեք փաստենք, որ մինչև այս պահը այս հարցի շուրջ խոսել է 5-6 պաշտոնյա, և 6-ն էլ իրար հակասել են: Ես սա որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ չեմ ասում, սա փաստ է, որը շատ հեշտ կարելի է ստուգել․ Պաշտպանության նախարարի ելույթը, վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ելույթը, քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, Էդմոն Մարուքյանի խոսացածը, Ալեն Սիմոնյանի, Անդրանիկ Քոչարյանի ասածները:
–Ձեր վերլուծությամբ՝ ի՞նչ է տեղի ունեցել: Երկու տարի խոսում էին բանակի բարեփոխումներից, լուրջագույն փոփոխություններից, ուրեմն, ինչո՞ւ այս ողբերգական դեպքը եղավ։
–Հայաստանում առաջին անգամ ընդդիմադիրներն ավելի պետականամետ են, քան իշխանությունները: Ես և իմ գործընկերները շատ զուսպ և զգույշ ենք խոսում բանակի վիճակի մասին, որովհետև մեզ համար բանակի մարտունակությունը շատ ավելի կարևոր է, քան քաղաքական դիվիդենտները: Լինում են դեպքեր, երբ դա շատ բարդ է անել, շատ բարդ է զուսպ խոսել, երբ մեր հայրենիքը պաշտպանող զինվորները, մեր եղբայրները նման պայմաններում են անցկացնում իրենց ծառայությունը: Բայց ես կարող եմ նշել մոտավորապես մի 150 ծախս, որոնք ավելի ցածր առաջնահերթություն ունեին, քան զորանոցների հարցը: Պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հրապարակել էր, որ թերակատարվել է բանակի բյուջեն: Սա դասական վատ կառավարման արդյունք է, նույնիսկ «ֆինանսներ չկա» տարբերակը չի անցնում: Ես հստակ գնահատականներ չեմ տա ռեֆորմներին երկու պատճառով. առաջինը, որովհետև չեմ սիրում բանակի մասին խոսել հրապարակային, երկրորդը, դա իմ նեղ մասնագիտացումը չէ: Դրա մասին հրապարակավ և 10 անգամ ավելի շատ ոչ հրապարակավ խոսում է իմ գործընկեր Տիգրան Աբրահամյանը: Այս ողբերգությամբ, ցավոք, բավական թանկ գնով, երևացին այս իշխանության առաջնահերթությունները:
–Հայտնի է, որ ԵՄ-ն երկու տարով դիտորդական առաքելություն կուղարկի Հայաստան: Ի՞նչ կտա այդ առաքելությունը։
–Ես դեռ չեմ կարող ասել՝ ինչ կտա այդ առաքելությունը Հայաստանին, ես կարող եմ մի քանի բան ընդգծել: Ո՛չ հրապարակային, ո՛չ խորհրդարանական ներքին խողովակներով, ո՛չ կուսակցության դիվանագիտական խողովակներով, ո՛չ բրյուսելյան մեր կապերի միջոցով չեմ տեսել նախորդ առաքելության արդյունքը՝ զեկույցի տեսքով, հայտարարության տեսքով, ներքին շրջանառվող տեղեկանքի կամ որևէ այլ տեսքով: Ուստի, առաջին հարցը, որ ինձ տանջում է, այն, թե ի՞նչ արդյունք է եղել, որովհետև այդ առաքելության աշխատանքի ընթացքում, ավելի քան 15 հրադադարի ռեժիմի խախտում է եղել: Մի՞թե դրանցից մեկը չի ֆիքսվել: Մինչև այս հարցի պատասխանը չստանամ, ես չեմ կարող ասել, թե ինչ արդյունավետություն կունենա այդ առաքելությունը հաջորդ երկու տարիներին: Իհարկե, ուշադրությունը խնդրին, տարածաշրջանին, դրական է, բայց դա ուշադրության կամ հանրայնացման շատ ցածր մակարդակ է: Մեզ հետաքրքրում է ոչ միայն առաքելություն ուղարկելու փաստը, այլ դրա վերջնարդյունքը: Ադրբեջանի հայտարարությունը՝ կապված այդ առաքելության հետ, այնքան էլ ընկալելի չէր, ուստի, դեռ շատ հարցեր կան դրան վերաբերող:
–Ինչպե՞ս եք գնահատում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը և ռուս խաղաղապահների դերակատարությունն այնտեղ:
–Եկեք հարցը երկու մակարդակի կիսենք: Առաջինը, Լաչինի միջանցքի շրջափակումը հանգեցրել է արդեն ոչ թե հումանիտար ճգնաժամի, այլ հումանիտար աղետի: Բայց ես ընդգծում եմ հարցի ռազմաքաղաքական կարևորությունը: Խոսքը նոյեմբերի 9-ի փաստաթղթի հստակ դրույթի խախտման մասին: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա եկեք տարանջատենք կոնկրետ Արցախում գտնվող ռուս խաղաղապահներին և Ռուսաստանը՝ որպես իստեբլիշմենտ։ Որևէ բան, քան 18-20 տարեկան խաղաղապահ տղերքին շնորհակալություն հայտնելն է, լինել չի կարող։ Նրանք իրենց տներից հազարավոր կիլոմետրեր հեռու պաշտպանում են մեր արցախցի եղբայրների ու քույրերի ֆիզիկական գոյությունը: Իստեբլիշմենտի պարագայում, իհարկե, ցանկալի է տեսնել ավելի կոշտ հայտարարություններ, ավելի կոշտ գործողություններ Ռուսաստանի Դաշնությունից: Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը նշեց, որ մոտ ժամանակներում խնդիրը կլուծվի: Հուսանք, որ դա իրականություն կդառնա:
–Իշխանությունն անընդհատ հիշատակում է, որ ընդդիմությունը վերադարձել է խորհրդարան, նույնիսկ ասում են, որ եթե նոր ընտրություններ լինեն, այս ընդդիմությունը չի լինի խորհրդարանում, որովհետև հանրությունը հիասթափվել է: Ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունները:
–2018 թվականի էյֆորիայի պայմաններում ունեցած վարկանիշը մսխած, երկիրը պարտության տարած, Արցախի և Հայաստանի համար ցավոտ տարածքային ու մարդկային կորուստներ գրանցած քաղաքական ուժը հանդգնում է բերանը բացել: Սա քաղաքական նոնսենս չէ, սա նույնիսկ աբսուրդ չէ, սա սովորական լկտիություն է: Երկրորդ, «Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանից չի հեռացել, փողոցային ակցիաների ամենածանր, ամենաթեժ ժամանակներում անգամ, խորհրդարանական դիվանագիտության և վերահսկողական մի շարք գործիքներ, գործընթացներ իրականացվել են «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների միջոցով: Եթե հարցը ֆիզիկապես դահլիճում գտնվելն է, այո, ֆիզիկապես վերադարձել ենք դահլիճ: Դա տեղի է ունեցել վաղուց, ես չեմ հասկանում, թե ինչու է իշխանությունն արդեն կես տարի դրանից խոսում: Ինչ վերաբերում է վարկանիշին, մեր քաղաքական տեխնոլոգների հաստիքը զբաղված է, և նման անտաղանդ քաղտեխնոլոգներ չենք վարձում: Այնպես որ, իշխանություններն առանձնապես թող չհավակնեն էդ գործին: Եթե այդքան շատ են ուզում դառնալ մեր քաղտեխնոլոգները, կարող են իրենց CV-ները, իսկ դրանք, սովորաբար, փոքր դեղին թղթերի վրա են տեղավորվում, ուղարկել մեզ, թեպետ միևնույն է՝ մերժելու ենք: Սա կեսկատակ, իսկ եթե լուրջ՝ մեր նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, և մենք այդ նպատակին չենք հասել: Ինչքանով ենք արդյունավետ եղել պայքարի ընթացքում, ինչքանով ենք արել հնարավորն ու անհնարը, պետք է գնահատեն մեր հայրենակիցները: Ինչ վերաբերում է ընտրություններին, դեռ 2021-ի ընտրություններից առաջ մեր ուժը հայտարարում էր, որ այդ ընտրությունները սխալ են, դրանց մասնակցելը սխալ է, և դա չէ այն լուծումը, որ պետք էր այդ պահին: Եթե խորհրդարանական ընդդիմությունն իրապես լավը չլիներ, այսինքն, վատ աշխատեր, սուր հարցադրումներ չաներ, դա իշխանություններին միայն կերջանկացներ, և իրենք դրա մասին երբեք չէին խոսի: Իսկ եթե իրենք դրանից դժգոհում են, ուրեմն, առնվազն ճիշտ տեղին ենք ցավացնում:
–Իսկ ձեր նպատակին՝ Նիկոլ Փաշինյանի հեռացմանը հասնելու տարբերակ այս պահին տեսնո՞ւմ եք:
–Նիկոլ Փաշինյանի հեռացումը կարելի է վերաձևակերպել, ընդդիմության նպատակը հիմնական բանակցողի փոփոխությունն է, որը հնարավորություն կտա Հայաստանին և Արցախին մի քիչ շունչ քաշել: Ընդդիմության նպատակն է մաքրել խարանը մեր երկրի ճակատից, ապա աշխարհին ապացուցել, որ մենք չենք համակերպվել, չենք ընդունել որպես նոր մոդուս վիվենդի, նոր իրողություններ, որը մեր վզին փաթաթում են 2020 թվականից: Այնպես որ, չարժե խնդիրը ձևակերպել որպես պարզապես Փաշինյանի հեռացում: Ինչ վերաբերում է նրան, թե տեսնո՞ւմ եմ դրա հավանականությունը, ասեմ, որ ոչ միայն այդ հավանականությունը տեսնում եմ, այլ վստահ եմ, որ դա տեղի է ունենալու: Դժվար է ասել՝ երբ․ կարող է մեկ ժամից, կարող է հինգ օրից, տասը օրից, կարող է՝ մեկ ամսից: Մեկ բան հաստատ գիտեմ, ինչքան շուտ դա տեղի ունենա, այնքան Հայաստանն ու Արցախը ավելի շատ ժամանակ ու շանսեր կունենան վեր հառնելու: Այն բոլոր ողբերգությունները, որոնք մեր երկու պետությունների գլխին եկան, ամբողջությամբ իր մեղքն է: Մեր ժողովուրդը պետք է որոշի, թե երբ է ուզում նորմալ, արժանապատիվ ապրել: Մենք, որպես, ընդդիմություն, պարտավոր ենք բացատրել մեր եղբայրներին ու քույրերին, ներկայացնել իրականությունը փաստերով: Վերջնական ժոսքը պետք է ասի ժողովուրդը, և ես վստահ եմ, որ դրան քիչ է մնացել: